Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ կթելադրի ընդդիմադիր օրակարգը

Ո՞վ կթելադրի ընդդիմադիր օրակարգը
11.12.2018 | 00:20

Իշխանությունը լիարժեք անցավ մեկ ուժի, ավելի ստույգ մեկ մարդու տիրապետության տակ։ Այսուհետ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու Հայաստանում կատարվող ու չկատարվող բոլոր քայլերի համար։ Նրա «Իմ քայլը» խորհրդարանում ճնշող մեծամասնություն է կազմելու, նա կարող է առանց որևէ կոալիցիայի ցանկացած օրենք անցկացնել, ցանկացած որոշում կյանքի կոչել, բոլոր ոլորտները հիմնովին բարեփոխել և ի վերջո, մարդկանց կյանքի որակը կտրուկ բարելավել։ Այլ խոսքով, նրանից է կախված երկրում ամեն ինչ։ Սա ենթադրում է չափազանց մեծ պարտականություններ, պարտավորություններ ու պատասխանատվություն։ ՈՒշագրավ է, որ այս ամենը տրվում է մեկ ուժի, որի միայն ղեկավարի բարձր վարկանիշի շնորհիվ հնարավոր եղավ ստանալ այսքան մեծ վստահության քվե, ասել է՝ Փաշինյանը անձնական պատասխանատվություն է կրում։ Մարդիկ ոչ թե նրա թիմին, այլ հենց նրան են վստահել իրենց ապագան։


Սակայն իր 70 տոկոսով, այդուհանդերձ, Փաշինյանը կանգնած է շատ անհարմար իրավիճակի առաջ. սեփական քաղաքական թիմում չկա երկրորդ Նիկոլ Փաշինյանը, իսկ միայնակ այսքան մեծ բեռ տանելը, համաձայնեք, չափազանց բարդ է ու նաև անիրատեսական։ Այլևս Հայաստանը հեղափոխական տրամադրությունների մեջ չէ, փակվեց այդ էջը հիմնովին, անգամ ՀՀԿ-ն 5 տոկոս չհավաքեց, որ այս կամ այն հարցում խանգարի նրանց, այսինքն «քավության նոխազ» էլ չկա։ Ցանկացած տապալման պատասխանատուն և՛ Փաշինյանն է, և՛ ոչ։ Ոչ, որովհետև անհնար է այդքան մեծ իշխանություն ունենալ ու ամեն ոլորտով ինքնուրույն զբաղվել։ Ստացվում է՝ այս պարագայում կադրերը շատ բան են որոշում։ Եթե խորհրդարանում պոպուլիզմով կարելի է «յոլա» գնալ, կառավարության կազմը պետք է հնարավորինս արհեստավարժ լինի։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխություն է անելու, ինչը ենթադրում է բարդ ու հավասարակշիռ քայլերի համադրություն։ Ի՞նչ կստացվի, կերևա արդեն ոչ թե ամիսներ հետո, այլ առաջին իսկ քայլերից, որովհետև ամեն օրն ի վնաս Փաշինյանի վարկանիշի է աշխատելու, եթե նա «ձեռքերը քշտած» չսկսի իրական աշխատանքներ անել երկրում։


ՀՀԿ-ՀՅԴ երկյակը խորհրդարանում չի լինի, սակայն հավանաբար սա առաջին դեպքն է, երբ ներուժ ու թիմ ունեցող քաղաքական ուժերը դառնում են արտախորհրդարանական ընդդիմություն։ Սա չափազանց լավ է նաև այն առումով, որ այս հարթակը ևս բաց չի մնում։ Իսկ մեզանում արդեն վաղուց սովորական էր դարձել արտախորհրդարանական ուժ չունենալը, որը կարող էր այս կամ այն հարցում հստակ դիրքորոշումներ հայտնել ու քաղաքական օրակարգին որևէ բան թելադրել։ ՈՒշագրավն այն է, որ այս ուժերը որպես արտախորհրդարանական ուժեր հնարավոր է իշխանություններին ավելի շատ «ճնշեն», քան խորհրդարանում հայտնված ու մինչ այսօր դեռ իշխանությանը մի թթու, կծու խոսք չասած ընդդիմադիրները։ Այն, որ խորհրդարանում հայտնված ուժերը «գրպանային» ընդդիմություն են, ակնհայտ է։ Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է «չափավոր» ընդդիմություն, այս ուժը միշտ էլ իշխանությանը լինելու է «այլընտրանք», բայց ոչ ընդդիմություն։ «Լուսավոր Հայաստանն» էլ դեռ պետք է ապացուցի, որ ընդդիմադիր է, որովհետև մինչ այս պահը չկա՛ դրա վկայությունը։ Շատ մեծ է հնարավորությունը, որ «Իմ քայլի» խմբակցությունում ավելի շուտ ընդդիմադիրներ ծնվեն, քան ԲՀԿ-ում ու ԼՀԿ-ում։
Միով բանիվ, ունենք անընդդիմադիր խորհրդարան և արմատական արտախորհրդարանական ուժեր։ Եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չմտնեն սեփական պատյանի մեջ, չհեռանան ասպարեզից, քաղաքական օրակարգն ավելի թեժ է լինելու ոչ թե խորհրդարանում, այլ դրանից դուրս։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ