Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընտրությունների երկուշաբթին

Ընտրությունների երկուշաբթին
14.12.2018 | 00:40

Ընտրություններից հետո սկսվում է բուն քաղաքական կյանքը` խորհրդարանի ու կառավարության կազմավորումը: Դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն կասի, թե ովքեր են մանդատ ստանալու: Լրագրողները հաշվել են, որ ՔՊ-ն կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ն` 18: Վարչապետի հարց չկա, կա նախարարների հարց` փաստացի նախարարներն ուզում են պատգամավոր դառնալ: Կես տարվա աշխատանքից շատերը հասկացել են, որ մի կողմից ուժից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է վտանգը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը և կկորցնեն պորտֆելը։ ԱԺ պատգամավորի կարգավիճակը ընտրագույն է` ուշադրության կենտրոնում են, անընդհատ գնում են գործուղումների, ստանում են բարձր աշխատավարձ և ունեն 0 պատասխանատվություն: Փորձագետները տագնապի ազդանշան են բարձրացնում, որ «Իմ քայլը» խորհրդարանում կոճակ սեղմելու գործառույթին է ընծայվելու ու այլ անելիք չունի: Իրոք, ՀՀԿ-ն չկա, ՀՅԴ-ն չկա, ու՞մ հետ լեզվակռվի մեջ մտնեն, ու՞մ դեմ ամբիոնից գունավոր «սալյուտ» տան: ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա, երբ կառավարությունը Գագիկ Ծառուկյանի բիզնեսների դեմ օրինագիծ ուղարկի, ԼՀԿ-ն կլինի 7-րդ գումարման ԱԺ-ի ՕԵԿ-ը` խոսելը կխոսի, քվեարկելիս «ճիշտ» կքվեարկի: Ձանձրույթ ու տաղտուկ` առանց սենսացիաների: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ էր ասել, որ սահմանադրական փոփոխությունների հարցում շտապել պետք չէ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար էլ կսպասեն 2022-ին` միշտ ընտրություններից մեկ տարի առաջ են այդ հարցը լուծում:


Սկիզբը խոստանում է հետաքրքիր լինել. երբ մանդատները ստանան, սկսվելու է խորհրդարանում պաշտոնների բաշխումը` նախագահի ու փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրությունները, միջազգային կառույցներում Աժ պատվիրակությունների ու բարեկամության խմբերի կազմավորումը, խմբակցությունների ղեկավարների ընտրությունը: Դրսից հետաքրքիր են միայն նախագահ+փոխնախագահներ + հանձնաժողովների նախագահների ընտրությունները, ներսում այս գործընթացները մինի սկանդալներ ու մինի պատերազմներ են հարուցելու կուսակցությունների ներսում ու շուրջբոլորը:
Արդեն հայտնի է, որ Աժ նախագահի հիմնական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, փոխնախագահներինը` Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, ընդդիմության փոխնախագահինը` Նաիրա Զոհրաբյանը կամ Վահե Էնֆիաջյանը, թեպետ Գագիկ Ծառուկյանը չի ասում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Խոստանում է ընդդիմադիր լինել ԼՀԿ-ն, բայց ինչի՞ն է ընդդիմանալու, երբ ամբողջ քարոզարշավում փառաբանում էր Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:


ԲՀԿ նախագահը խոստանում է ժողովրդի ձայնը լինել`«հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը»: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել էր «Իմ քայլին» ու ԼՀԿ-ին: Էդմոն Մարուքյանը դժգոհ է, որ «անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք»: Նա վստահ է. «Եթե կառավարության այն հիմնադրույթը, որը կապված էր բիզնեսի և քաղաքականության տարանջատման հետ, իրացվեր այս 6 ամիսներին, ԼՀԿ-ն միանշանակորեն կլիներ երկրորդ քաղաքական միավորը»: Այդ տրամաբանությամբ պիտի շարունակեր` եթե ՔՊ-ն չլիներ, ԼՀԿ-ն առաջինը կլիներ, բայց Էդմոն Մարուքյանին դեռ արտոնված չէ Նիկոլ Փաշինյանի դեմ գնալ: Էդմոն Մարուքյանը նույնիսկ առաջարկել է համեմատել ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի ծախսած գումարները քարոզարշավի ընթացքում. «Ահավոր մեծ ռեսուրս է դրվել, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվել մեր դեմ և, բնականաբար, դա իր ազդեցությունն ունեցել է: Որքան էլ մենք ասենք, որ ժողովուրդը ուշադրություն չի դարձնում, բայց դա նստվածք է տալիս: Չէ՞ որ մեկին մի բան ես ասում, թեկուզ սուտ, այդ հարցն էլ որ հնչեցնես՝ դա նստվածք է տալիս մարդկանց մոտ: Եվ այդ հակաքարոզչությունն էլ իր ազդեցությունն ունեցել է»` տրտնջում էր ԼՀԿ նախագահը, թեպետ «սարսափելի հակաքարոզչությանը» 12 օր հակադրում էր «սարսափելի քարոզչություն»` երբ Երևանի ու մարզերի առանց բացառության բոլոր քաղաքներում ու գյուղերում ԼՀԿ-ի քարոզչանյութերը 1/10 հարաբերակցությունն ունեին 10 մասնակիցների հետ` նրանց մեկի դեմ ԼՀԿ-ի 10 սկզբունքով, իսկ դա փող արժի:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է. «Եթե խոսում են բիզնեսի և քաղաքականության սերտաճման մասին, ես իմ քարոզարշավը անցկացրել եմ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որտեղ բավականին թանկ, ծանրակշիռ քարոզարշավը իրականացրել է հենց ԼՀԿ-ն: Եթե դա ինձ հետաքրքրեր, ես հարց կուղղեի ԼՀԿ-ին, թե որտեղից իրենց՝ աշխատավարձով ապրող, շարքային պատգամավորներին նման հսկայական ֆինանսական միջոցներ»: Բայց Նաիրա Զոհրաբյանին դա չի հետաքրքրում, Էդմոն Մարուքյանն էլ չի պատասխանել: Կամ էլ` պատասխան չունի:


Կառավարության մասին` կոալիցիա չի լինի: ՔՊ-ն ունի մեծամասնություն Ազգային ժողովում և որևէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի տեսնում: Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ լինելու են ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային փոփոխություններ: Առայժմ ապագա կառավարությունից հայտնի են 2 նախարարների անունները. ՊՆ նախարար` Դավիթ Տոնոյան, ԱԳ նախարար` Զոհրաբ Մնացականյան: Մյուսները անհայտ են, ինչպես նախարարությունների թիվն ու անվանումները: Թեպետ ստեղծված պայմաններում դա պայմանականություն է, միևնույն է, բոլոր դերերում լինելու է Նիկոլ Փաշինյանը ու բոլոր պահանջները ներկայացվելու են նրան` թե խորհրդարանում, թե կառավարությունում: Նույնիսկ Չարենցավանի 3-րդ դպրոցում:


Ի՞նչ է կատարվում արտախորհրդարանական դարձած կուսակցություններում: Փորձագետների կարծիքով` ՀՀԿ-ին մնում է արտախորհրդարանական ընդդիմություն դառնալը, բայց նվազագույնը կես տարի ՀՀԿ-ն չի կարող համախմբել իշխանությունից դժգոհ քաղաքական ուժերին` գործում է հետհեղափոխական էյֆորիան, որը կարգելի ՀՀԿ-ի հետ համագործակցել: Իսկ հետո կյանքը կդառնա ՀՀԿ-ի կողմնակից` թանկացումները, թերացումները, ու այլևս ՔՊ-ն չի կարողանա ասել, որ մեղավորը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ սկսել է «Մերժել Նիկոլին» պայքարը։ «Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին, որովհետև պետության ղեկավարը, ռեժիմը ամեն ինչ արեց հասարակության մի մասին սև անվանելու, ասֆալտին փռելու, ատելության և վախի մթնոլորտ տարածելու համար»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է Էդուարդ Շարմազանովը ու ազդարարել. «Մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը: ՀՀԿ-ն պայքարի կուսակցություն է: Ես և իմ ընկերներն իրավունք չունենք չպայքարելու: Կոչ եմ անում համախմբման, միասնության: ՀՀԿ-ն նոր պայքար է սկսում 60 հազար համախոհների հետ»: Ի՞նչ կանի իր 60000 համախոհների հետ ՀՀԿ-ն ընդդեմ ՔՊ-ի 884456 համախոհների: Ինչու՞ ՀՀԿ-ն չվիճարկեց ընտրությունների արդյունքները, այլ հայտարարեց, որ «ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց. «Քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է» և «ՀՀԿ-ն մնալու է քաղաքական Օլիմպոսում»: ՀՀԿ-ն Օլիմպոսու՞մ կմնա, թե՞ Տարտարոսում, ուր իջել է իր կամքով, կերևա հունվարից, երբ պարզ կդառնա` մնու՞մ է Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ, թե՞ հեռանում է: Եթե հեռանում է, ո՞վ է նրան հաջորդում` բուն ՀՀԿ-ականների՞ց, թե՞ երիտՀՀԿ-ականներից: Այդ հարցն է հիմա ՀՀԿ-ում գլխավորը, որից հետո միայն կարող է անդրադառնալ քաղաքական կյանքում իր դերին` ըստ իր ներքին իրավիճակի:


Նույն վիճակում է ՀՅԴ-ն, որ հայտարարեց. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն ներկայացված չի լինի 7-րդ գումարման Աժ-ում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»: ՀՅԴ-ն պարտության պատճառ համարեց ընտրողին. «Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճանի անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման: ՀՅԴ-ի մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից: Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում: Ձևավորվում է Աժ առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»: ՀՅԴ-ն ստացավ 48822 ձայն: Եթե ՀՅԴ-ում հիշում են այսօրը, պիտի հիշեն և երեկը` իրենց համագործակցությունը իշխանության հետ ու իշխանության ընծայած քվոտաները տնտեսության մեջ: Պիտի ընդունեն, որ թե Երևանի ավագանու, թե Աժ արտահերթ ընտրություններում քարոզարշավը թույլ էր ու անհամոզիչ: ՀՅԴ-ն պետք է նոյեմբերին ընդհանուր ժողովներ ու նոր Բյուրո ընտրեր, բայց հետաձգեց հունվարի 15։ Չի բացառվում, որ ժողովի ընթացքում Բյուրոյի կազմը փոխվի ու Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հրաժեշտ տա 2000-ից անփոփոխ Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ ներսում բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ ղեկավարներին փոխելու արդարացի պահանջով։ Կստացվի՞, թե՞ ոչ` դա էլ կորոշի ՀՅԴ հայաստանյան կառույցի ճակատագիրը ու նրա դերը քաղաքական դաշտում:


Այնուամենայնիվ, հարց է` 7-րդ գումարման Աժ-ն զու՞րկ է գաղափարական ու ազգային դիմագծից: Պատրա՞ստ է ազգային ու պետական աշխատանքի: Ամեն ինչ կախված է ՔՊ-ից` ԲՀԿ-ն եղել ու մնում է բարեգործության կուսակցություն, ԼՀԿ-ն ըստ պահանջարկի է առաջարկ ձևավորում և վայրկենական դիմափոխվում է: ՔՊ-ի ուսերին է մնալու Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, ազգային անվտանգության ապահովումը, տնտեսական հեղափոխությունը ու պարզապես երկիրը պահելը: Այդ հարցերը չեն լուծվում «խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ» հայտարարություններով: Պոպուլիզմն ընտրություններից հետո գործելու է ՔՊ-ի դեմ, որ բախվելու է էյֆորիայի հակառակ կողմին պահանջների տեսքով` բումերանգը իրենք են նետել, իրենց էլ վերադառնալու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Դեկտեմբերի 10-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանում էր շնորհավորանքներ. առաջինը Վրաստանն էր` նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, երկրորդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, նույն օրը` պետդեպարտամենտն ու ԵՄ-ն, Իրանը, անգամ Մեծ Բրիտանիան, որ խառն է բրեկզիտով: Նույնիսկ Ժիրինովսկին Պետդումայում հիշեց «ուսապարկով տղային», որ քայլում էր ու քայլում` մինչև հասավ հնաբնակներին վտարելուն, իսկ Պուտինը, Մեդվեդևը, ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ որևէ երկիր չի շնորհավորել: Դա եվրասիական տարածքի համախտանիշ է, որ վկայում է Հայաստանում կատարվող իրադարձությունների նկատմամբ խորթությունն ու իշխանափոխության սպասումը, երբ կվերադառնան «յուրայիններն» ու իրենց նմանները: ՌԴ նախագահը միշտ առաջինն էր շնորհավորում: 2017-ի ապրիլի 3-ին` ընտրության հաջորդ օրը, Պուտինը արդեն հեռագրել էր Սերժ Սարգսյանին ու փոխանցել. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Աժ ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում»: Հիմա նա տեքստում մեկ ուղղում ունի` ՀՀԿ-ի փոխարեն ՔՊ: Նիկոլ Փաշինյանին չհեռագրելն ու չզանգահարելը, համենայն դեպս մինչև ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը, պատասխանն է դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՌԴ-ին ու Բելառուսին չտալու ու դեկտեմբերի 9-ի ընտրության: Սա` հիշեցում ԱԺ-ում դիրքավորված իշխանական, ոչ իշխանական ու ընդդիմադիր 3 ուժերին, որ գործում են ռուսական դաշտում: Իսկ այլընտրանքը խորհրդարանից դուրս է և այլևս արտախորհրդարանական քաղաքական ուժերին է մնում ներքին ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման պահանջը դնելը:

Դիտվել է՝ 2571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ