Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սևքարն իր պատմությունն ունի

Սևքարն իր պատմությունն ունի
11.01.2019 | 03:49

Առհասարակ տեղանքի անունը, լինի այն քաղաքի կամ գյուղի, միայն անուն չէ, նաև պատմական տեղեկություն է: Այդ առումով հետաքրքիր է Տավուշի մարզի Իջևանի շրջանի գյուղերից մեկի՝ Սևաքարի (Շյով-քար) պատմությունը: Այն որպես բնակավայր հիշատակվում է դարերի խորքից: Դեռևս Արշակունիների իշխանության անկումից հետո, երբ 387 թ. Հայաստանը բաժանվում է Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, Իջևանի շրջանի տարածքը կազմում էր Գուգարք նահանգի Կողբափոր գավառի մի մասը: Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ: Սևքարն իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է` 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721 թ.` Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով:
1831 թվականին Իջևանի շրջանի ամենամեծ գյուղը համարվել է Սևքարը, որն ունեցել է 1019 բնակիչ: Մեր օրերում Սևքարում մշտական բնակչության թվաքանակը 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ եղել է 2068:
Սևաքարեցիների համոզմամբ` գյուղի պատմության փառահեղ էջերից է 1882-ին հիմնադրված ծխական դպրոցը, որի հիմնադիրն է եղել սևքարեցի Պետրոս Վարշամյանը: Դպրոցն ունեցել է 2 սենյակ, 13 կտոր գիրք, 11 նստարան, 2 գրատախտակ, 1 լամպ, 1 թիթեղյա վառարան և 51 աշակերտ: Այն մի քանի անգամ փակվել-վերաբացվել է` 1886 և 1890 թվականներին: 1903 թ., Կովկասի փոխարքա Գոլիցինի հայահալած քաղաքականության պատճառով դպրոցը նորից փակվել է, իսկ 1906 թ. սևքարեցիների համառ պայքարի գնով նորից վերաբացվել: 1982 թ. Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը բոլորեց իր գոյության 100-ամյակը, որի առթիվ որպես նվեր ստացավ 640 աշակերտների համար նախատեսված ժամանակակից հարմարություններով նոր շենք:
Սևքարը զբաղեցնում է 4790 հա վարչական տարածք (բնակավայր` 89,6 հա), որից 1534 հա արոտներ են,1023 հա վարելահողեր, 330,1 հա անտառ: Գյուղը սահմանակից է Ադրբեջանին, ուստի 200 հա-ից ավելի հողատարածքներ չեն օգտագործվում հակառակորդի հսկողության տակ գտնվելու պատճառով:
2015 թ. հունվարի 1-ից կառավարության որոշմամբ հաստատվել է սահմանամերձ այն գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունը կազատվի հարկերից: Ցանկում ներառված է նաև Սևքար համայնքը:

ՍԵՎՔԱՐՆ ԷԼ ԻՐ ՀՈԳՍՆ ՈՒՆԻ


Սևքարը, հայկական բոլոր գյուղերի նման, ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանցից մեկը գյուղամիջյան ճանապարհներն են: Թեև գյուղի կենտրոնական ճանապարհները համեմատաբար բարվոք վիճակում են, քանի որ վերջին տարիներին մայթերի կողքով կառուցել են ջրահեռացման գծեր, որոնց միջով հոսում են հորդառատ անձրևների ջրերը, այնուհանդերձ, թեք ճանապարհներով, որտեղ չկան ջրահեռացման գծեր, հորդառատ անձրևների ջրերը քշում-տանում են ճանապարհներին փռած ավազն ու խճապատ ծածկույթը: Պակասը լրացնում են ծանր բեռնատար մեքենաները: Դժվար է հատկապես ձմռան ամիսներին, ճանապարհներն ամբողջովին պատվում են մերկասառույցով, ինչն էլ անհնար է դարձնում մարդկանց ու մեքենաների տեղաշարժը:


Բնակիչների կարծիքով` համայնքի խնդիրները պայմանավորված են սահմանամերձ լինելու հանգամանքով, ինչն էլ արտագաղթի հիմնական պատճառն է: Գյուղում գործում են մշակույթի տուն, դպրոց, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, փոստային բաժանմունք, ամբուլատորիա. վերջինս կառուցվել է Համաշխարհային բանկի միջոցներով: Գյուղում բացված «Դարպաս» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվում, որտեղ արտադրվում են դեղձի, թզի, դդմի, սերկևիլի մուրաբա և ջեմ, աշխատում է 12 կին: Սևքարի հիմնախնդիրներից է ջրի սակավությունը:

«ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ԷԼԻ՛, ՈՐ ԴԺԳՈՀԵՑԻ, Ո՞Վ ԻՐ ԼԱՎԸ ԿԲԵՐԻ ԿՏԱ ԻՆՁ»


Սևքար գյուղը վերջին տարիներին բավականին բարեկարգվել է, վկան՝ գյուղամիջյան ընդարձակ պուրակը, որտեղ սովորաբար հավաքվում են բնակիչները, հիմնականում տարեցները, զրուցում, քննարկում են երկրի ու աշխարհի իրադարձությունները, հաշվում, թե գյուղից հեռացած ընտանիքներից քանիսը կվերադառնան, ում տան ծուխը շարունակվեց նորածնի ծնունդով, ինչպես գլորեն ձմեռը և էլի հազար ու մի հարց:
Պուրակի մի անկյունում տեղակայված փոքրիկ կրպակի մոտ նստած 64-ամյա սևքարեցի կնոջ խոսքով` Սևքարը փոքր գյուղ չէ. «Համա մեծ էլ չի, դժվար է ապրելը, հող ունենք, մշակելու խնդիր կա, ջահելներ ունենք, բայց թողնում գնում են: 64 տարեկան եմ, ուզում եմ աշխատել, բայց դե գործ չկա, իսկի ջահելների համար չկա, ոռոգման ջուր չկա, աչքս երկնքին ա, կարտոշկա, լոբի, կանաչեղեն եմ մշակում, բայց արևը տալիս չորացնում ա: Օդը մաքուր ա, բայց հիվանդությունը շատ ա, երիտասարդները խոպան են գնում: Հրեն, տանը չորս աղջիկ ունեմ, բոլորն էլ չեն աշխատում, չկա աշխատանք, հողն էլ չլինի, ո՞նց ենք ապրելու: Աղջիկները տանն են մնում, բախտի բան ա: Սովորելն էլ պետք չի, որ չկա աշխատանք, սովորելն ու՞մ ա պետք»:


Իր կրպակի մոտ նստած տիկին Ազգուշը պատմեց, որ առևտրից բացի ձեռքի հետ անտառից ուրց, տարբեր դեղաբույսեր ու հատապտուղ է հավաքում, բերում վաճառում է: «Ապրելը ինչքան քաղցր, էնքան էլ դժվար ա, բայց տրտնջալով բան դուրս չի գա: Մենակ էս կրպակի առևտրով ապրել չի լինի, կով եմ պահում, տնական կաթը, մածունն ու պանիրն ունենք, անտառից հատապտուղ, միրգ հավաքում - բերում եմ: Մեծ ընտանիք ենք, երկու տղաներս աշխատում են Իջևանում, մեկը «Գազել» ա քշում, մյուսը փայտի գործ ա անում, բայց մեզ համար անտառի թափուկները հավաքում բերում ա: Ապրում ենք, էլի՛, որ դժգոհեցի, ո՞վ իր լավը կբերի կտա ինձ»:


82-ամյա Մանյակ տատի համոզմամբ` կյանքը դժվարացել է: «Թիվը խառն ա, ցամաք հացի կարոտ ենք, խանութից նիսյայով ուտելիք ենք վերցնում, թոշակին տալիս ենք: Շիթիլն ի՞նչ ա, էն էլ եմ նիսյայով վերցնում, ճտերի կերն էլ: Սովետի օրոք լավ էինք ապրում, էս անկախություն քցողը ոչ մեռնի, ոչ ապրի, մեռնեմ սովետի օրենքին, բա լավ չէ՞ր, աշխատանքը բոլ ու բոլ էր, աշխատում-ապրում էինք, հիմա էլ ենք աշխատում, համա մենակ ցամաք հաց ենք ստեղծում: Հիմա կաշառակերություն ա, ոչ մի լավ բան չկա: Դեղեր են պետք, կամ տալիս են, կամ չէ: Իջևանում գնաս բժշկի, քերթում են, հարսս հիվանդ ա , 16 հազար դրամ թոշակ ա ստանում, դա փո ՞ղ ա: Ես չեմ կարա լռեմ, խոսում եմ, տղես ասում ա, այ մեր, մեզ համար վատ կլինի, շատ մի խոսա: Ես էլ ասում եմ` էն վախտերը կարող ա վատ ըլներ, հիմա էլ չէ: Համ էլ, ինձ բռնում են ի՞նչ անեն: Կյանքը կլավանա, համա ես չեմ տեսնի, ոչինչ, թող ապրողները տեսնեն»:


Գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդգեսի խոսքով` բնակիչների կեսն արտագաղթել է, մնացածը վարկերի տակ ճգնում են: «Հող ունեմ, ցորեն եմ ցանում, սեփական տրակտոր ունեմ, որ պետք ա լինում տալիս եմ արենդայով: Տնամերձից բացի հողամաս ունեմ, եգիպտացորեն եմ ցանում: Գազ ունենք, բայց ձեռնտու չի, փայտ ենք վառում, խորանարդ մետրը 12 հազար դրամ ա, գյուղը անտառի բերանին ա, դրա համար փայտը մի քիչ էժան ա, փողոցների լուսավորությունը կա, բայց փողոցները վատ են, թեև դզում են, բայց սելավն ու անձրևաջրերը նորից քանդում-տանում են, հետո ծանր մեքենաները որ անցնում են, դրանք էլ իրենց հերթին են քանդում: Ոռոգման ջուր չունենք, նախկին գյուղապետի ժամանակ խմելու ջուր բերվեց: Գյուղում սիրուն տներ կան, բայց եթե տուրիստներ գան, շատ լավ կլինի: Ի՞նչ պակաս գյուղ ա, օդը մաքուր, մեր աղբյուրների սառը ջուրը կա, անարատ մածունն ու պանիրը կա, մրգից էլ չենք նեղվում»:


Սևքարեցի Ռուբենը, որին գյուղում կոշկակար Բուլո են ասում, «քիչ ու միչ» գործ ունի: «Օրական մի երկու զույգ կոշիկ կոպեկներով սարքում եմ: Տանս կպած էս բուտկեն իմ հացն ու ջուրն ա: Սաղ կյանքս կոշկակար եմ եղել: Գյուղը լավն ա, սիրում եմ Սևքարը, աշխարհի հետ չեմ փոխի: Գյուղում հին ու փակ տներ շատ կան, որոնց ժառանգները քաղաքներում են ապրում: Տներ կան վաճառքի, հինը 2-3000 դրամ արժե, լավերը՝ 40 հազար: Գյուղի մեծահարուստ Աբրահամյան եղբայրները թեև Սոչի քաղաքում են ապրում, բայց օգնում են գյուղին: Բա որ մեր Սևքարեցի Սաքոյի պատմությունն իմանա՜ս», - ասաց կոշկակար Բուլոն հրաժեշտից առաջ:

ՍԵԳ ՍԱՐԵՐԻ ՀԵՐՈՍ ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ԼԵԳԵՆԴԸ


Սևքարի գյուղամիջում կա մի հուշարձան. Սևքարեցի Սաքոյի կիսանդրին է, որի շուրջը խաղացող երկու դպրոցահասակ տղաները, իրար հերթ չտալով, ինձ պատմում էին պապերից ու հայրերից լսած պատմությունը: Նաև խոստացան` երբ մեծանան, նրա նման ազնիվ ու համարձակ են լինելու: «Մենք կռվելուց չենք վախենում, բայց թող պատերազմ չլինի»,- ասացին պատանիները:
Սևքարեցի Սաքոն (Սարգիս Սարիբեկի Ծովանյան (1870-1908)) եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Նրա կյանքը նվիրումի վառ օրինակ է, երևույթ հայ ազգային-ազատագրական շարժման մեջ: Ասում են՝ նա իր ժողովրդի բարեկամներին դիմավորում էր իր աննման սազով ու տաղով, իսկ թշնամուն՝ իր անբաժան «Մոսինով» ու դիպուկ կրակոցներով:


Նրա մասին կարդում ենք հետևյալը. «Սև Քարեցի ռանչպար Սարիբէկի որդին գնում է Գոշավանք` օրհնութիւն ստանալու: Նայելով խաչուած Քրիստոսի պատկերին, նա շշնջում է.- «Եթէ զօրու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է` մինչեւ կեանքիս վերջը կռուել Ավետեաց Երկրի ազաութեան համար: Անձիս պահպանութիւն չեմ խնդրում քեզնից, տէ՛ր: Թող մեռնեմ, եթէ դա հարկաւոր է, միայն թէ ինձ չդարձնես պարզապէս մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ յաւիտեանս բոլորին անյայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կեանքս մատաղ անելու իմ ժողովրդին»: Վանքի քահանան ընդունում է Սաքոյի երդումը եւ օրհնում նրա սուրբ նպատակը»:


Սևքարեցի Սաքոյի մասին հիացմունքով են արտահայտվել մեր ժողովրդի հանճարեղ մտածողները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, ազգային հերոս Անդրանիկը: 1905-1906 թվականներին՝ Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ, խաղաղության և բարեկամության կոչով Սաքոն հայ մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հորդորով և նրա հետ շրջագայել է հայկական ու ադրբեջանական գյուղերով, աշխատել կանխել կոտորածները:
Պատմում են, որ Անդրանիկը, երբ Լոռվա սարերից իջնելով Դիլիջան, զգացել է, որ ժողովրդի տրամադրությունն ընկած է, հրավիրում է Դիլիջանի և մերձակա գյուղերի համայնքների ներկայացուցիչներին, ոգեշունչ խոսք է ասում ու հորդորում վանել կամքի թուլությունն ու ընկճվածությունը. «Ո՛չ, ես չեմ հավատում, որ ստրկաբար ընկճվել է Սևքարեցի Սաքո ծնող ժողովրդի ոգին: Ո՛չ, չեմ հավատում: Եվ փառք Աստծո, որ խոսքերիս ապացույց էլ կա»: Այնուհետև, դիմելով Վանից եկած զինվոր Ներսեսին, Զորավարն ասել է. «Կանցնիս Սևքար, բարևս փոխանցիր Սաքոյի հարազատներին: Աստված կամենա խաղաղությունը տիրե աշխարհիս, կերթամ անոնց խոնարհվելու, որոնք Սաքո են ծնել ու կերտել»:
«Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ` սազ»,- ասում է Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ