Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մինչև չունենանք հզոր հայրենիք, հայերն ամենուր խնդիրներ են ունենալու»

«Մինչև չունենանք հզոր հայրենիք, հայերն ամենուր խնդիրներ են ունենալու»
22.01.2019 | 02:58

«Իրատես»-ի հյուրն է «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ։

-Այսօր ի՞նչ իրավիճակ է Ջավախքում, ինչպե՞ս է ապրում ջավախահայությունը:
-Հիմնականում նույն խնդիրներն են, ինչ տարիներ առաջ, որոնք իրենց լուծումը դեռ չեն գտել, դրանք հայաթափման, սոցիալական, կրթական խնդիրներ են: Սակայն, կարծես հայաթափումը մի փոքր դադարել է: Ջավախքը բիզնես ծրագրերի ներդրման առումով աննպաստ վայր է համարվում: Եթե կան հատուկենտ ներդրողներ, նրանք Հայաստանից են, մինչդեռ ջավախահայ գործարարները ներդրումներ են անում այլ վայրերում: Ջավախցիներից շատերի հնարավորությունները սուղ են տեղում կրթվելու, աշխատանք գտնելու առումով, հատկապես Միխեիլ Սաակաշվիլու կառավարման տարիներին, մինչդեռ թուրք և ադրբեջանցի աշխատուժի և գործարարների համար դաշտն ազատ էր և է:
Հայկական դպրոցներ թեև կան, սակայն դրանցում կրթության մակարդակը ցածր է, համապատասխան մանկավարժների համալրում չկա, լավ կլիներ, որ Հայաստանից գային և նպաստեին այդ գործընթացին: Կա նաև հայատառ դասագրքերի խնդիր: Բացի հայոց լեզու և գրականություն առարկաներից, մնացած դասագրքերի 60 տոկոսը հայերեն է, իսկ 40-ը` անպայման վրացերենով: Վրաստանում տպագրվող դասագրքերի որակը գոհացնող չէ: Հայաստանից ուղարկում են դասագրքեր, սակայն կոնկրետ առարկաների վերաբերող՝ հայոց լեզվի, հայ գրականության, մյուս առարկաներինը ՝ ոչ, իհարկե խնդիրներ կան նաև դասագրքերի առաքման հետ կապված, վրացական կողմը նախկինում չէր ընդունում, թեև դրանք այսպես թե այնպես ուղարկվում էին:
Սամցխե Ջավախքում ապրում է 114000, իսկ Ծալկայում՝ 15000 հայ, թեև այս տվյալները հին են: Հայ ընտանիքները նախկինի նման բազմազավակ չեն: Զինվորական ծառայության պատրաստ տղաներից քչերն են ծառայում վրացական բանակում, օրենքը թույլ է տալիս որոշակի վճարի դիմաց ստանալ զինվորական գրքույկ: Հակառակ ջավախահայերիս, Վրաստանի բանակում ծառայության են մեկնում ադրբեջանցիներ:
Ջավախքի համար ամենամտահոգիչը թրքացման վտանգն է, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները Ջավախքում շարունակում են հողատարածքներ ձեռք բերել: Սակայն մեծ է ոչ միայն Ջավախքի, այլև Վրաստանի թրքացման վտանգը: Սամցխեում ապրում են նաև Թուրքիայից եկած ազգությամբ թուրքեր, իհարկե, հայերի հետ շփում չկա, հիմնականում նրանք խուսափում են շփումից, անգամ ռեստորան ունեն, որտեղ հայերի մուտքն արգելված է: Առայսօր սեպը կա այլազգիների միջև, հայ-թուրք-ադրբեջանցու միջև: Սաակաշվիլու նախագահության վերջին օրերին ազգությամբ թուրք շուրջ 40 հազար մարդու Վրաստանի քաղաքացիություն շնորհվեց այն դեպքում, երբ 30 հազար ջավախահայ զրկվել էր քաղաքացիությունից: Սաակաշվիլու օրոք իրականացվել են թուրքական գլոբալ նախագծեր:
-Իսկ ինչո՞վ են զբաղվում ջավախահայերը, այսօր ի՞նչ պայմաններում են ապրում նրանք:
-Հիմնականում զբաղվում են առևտրով, սակայն մեծ մասն աշխատանք գտնելու հույսով մեկնում է Ռուսաստան: Ինչ վերաբերում է պայմաններին, ապա նախորդի համեմատ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է որոշ աշխատանքներ տանել: Դեպի գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհների շինարարության և վերանորոգման համար գումարներ են տրամադրվում: Մինչև հիմա դա էլ չենք ունեցել, գյուղերում դեռ նույն անբարեկարգ ճանապարհներն են: Ի պատիվ այս կուսակցության պետք է ասեմ, որ համեմատաբար բավականին աշխատանք արվում է ջավախահայերի համար: Մինչդեռ Սաակաշվիլին կողմնակալ վերաբերմունք ուներ հայերի հանդեպ, գուցե նրան տրամադրել էին կամ կար մեկ այլ պատճառ: Մեր շարժման հետ կապված կային լուրեր, թե անջատողական տրամադրություններ ունենք, որպեսզի արդարացվեր ջավախահայերի հանդեպ նրա քաղաքականությունը: Այսօր նոր իշխանությունը նման մտավախություն չունի, քանի որ ջավախահայությունը քաղաքական պահանջներ չունի, դա միանշանակ է:
-Ջավախքում ինչպե՞ս ընկալվեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:
-Հիմնականում դրական, սակայն չեմ շտապում ոգևորվել, քանի որ դժվար է կանխատեսումներ անել՝ նման փխրուն տարածաշրջանի համար հաշվի չառնելով թուրքական և ադրբեջանական գործոնը: Վրաստանի նոր իշխանությունների համար թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիան լուրջ վտանգ է ներկայացնում հատկապես ժողովրդագրական առումով: Այսօր Վրաստանում սնկի պես աճում է ադրբեջանական ազգանվամբ քաղաքացիների թիվը, ովքեր, ի տարբերություն հայերի, այլ երկրներում չեն փնտրում բնակություն և աշխատատեղ: Մենք՝ հայերս, միշտ էլ հավատացել ենք, որ Ջավախքում հնարավոր է տեղի ռեսուրսներով տնտեսական զարգացում ապահովել, բայց պետք է ասեմ, որ Հայաստանից միշտ խանգարել են: Նախկին իշխանությունները չեն աջակցել, մենք շնորհակալ կլինեինք, եթե միայն նախկին իշխանություններն ընդհանրապես զերծ մնային Ջավախքի խնդիրներից: Եթե հիշում եք, 2006-ին հայկական կողմն ինձ ձերբակալեց և հանձնեց վրացական իշխանություններին: Նույն «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստներին Հայաստանում հետապնդել են, Վրաստանի պահանջով արգելել են մուտք գործել Հայաստան:
-Կարծես թե այնքան էլ ոգևորված չեք Հայաստանի թավշյա հեղափոխությամբ:
-Ճիշտն ասած, ես բավականին մտահոգ էի թե այն օրերին, թե այսօր. մտահոգ էի ոչ նրա համար, որ Փաշինյանը վատն է կամ Սերժը լավն էր, ոչ: Վրաստանում մեր մաշկի վրա զգացել ենք, որ ցանկացած նման ցնցում , ցանկացած նման փոփոխություն հղի է բազում վտանգներով, երկիրը մտնում է ապակայունացման փուլ, որի ընթացքը և թե որքան կտևի այդ վիճակը, ոչ ոք չի կարող կանխորոշել: Այս ժամանակաշրջանում երկիրը մտնում է քաղաքական խժդժությունների փուլ: Մենք այլևս չպետք է թույլ տանք տարածքային կորուստներ: Թավշյա հեղափոխության հետ կապված ոգևորող հանգամանքն այն է, որ հեղափոխության առաջնորդներն ամեն անգամ շեշտադրում են, որ արտաքին քաղաքականության ռևերանսներ, կտրուկ փոփոխություններ չեն լինելու: ՈՒզում եմ հավատալ, որ իրենք անկեղծ են իրենց դիրքորոշումներում, և մտածել, որ եթե կտրուկ փոփոխություններ չեն լինելու, ուրեմն չեն լինի նաև ցնցումներ, ինչը շատ կարևոր է մեր պետականության կայունության համար, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե մեր ռեսուրսներով կկարողանա՞նք այդ ցնցումներից անկորուստ դուրս գալ: Դա շատ ռիսկային գործընթաց է: Ողջունելի է, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, մենք միշտ համոզված ենք եղել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքի առաջին բաղադրիչներից մեկը կաշառակերությունն է, և շատ կարևոր է , որ այն կանխվի:
-Հայաստանի համար ինչպիսի՞ վտանգներ են առկա:
- Առաջին և ամենամեծ վտանգը ծնելության անհամեմատ ցածր տոկոսն է: Հետագա կանխատեսումները մռայլ են: Այսօր պետք է մտածել այդ մասին, քանի որ ժողովրդագրական ներկայիս վիճակն ամենամեծ մարտահրավերն է Հայաստանի համար: Ցավն այն է, որ տարիներ շարունակ ցանկացած քաղաքական ուժի կամ կուսակցության կողմից ժողովրդագրությունն անտեսվել է, անգամ չի բարձրաձայնվել այդ մասին: Մինչդեռ մեր պետության, ազգի համար սա կարևոր խնդիր է:
Ինձ համար վտանգավոր է նաև, օրինակ, հոմոսեքսուալների հաղթարշավը, հատկապես երբ քարոզչությունն իրականացվում է մամուլի և հեռուստատեսության միջոցով: Ախր Հայաստանում երբևէ նման խնդիր չի եղել, մարդու անձնական կյանքի մանրամասները որևէ մեկին չեն հետաքրքրել: Պակաս մտահոգիչ չէ նաև պատմամշակութային արժեքների ոտնահարումը, հիշենք Քարահունջի դեպքերը: Այս ամենը պետք է դիտարկել մեկ համատեքստում և գտնել լուծումներ:
-Ի՞նչ ակնկալիք ունի ջավախահայությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեի՝ հունվարի 15-ին Բոլնիսում կայացած ոչ ֆորմալ հանդիպումից:
- Չեմ ուզում ենթադրություններ անել, սակայն ողջունելի է քայլը, ամեն դեպքում հայ-վրացական հարաբերությունների կայունացմանն ուղղված ցանկացած քայլ միանշանակ ողջունելի է: Այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը դիմագրավում են նույն մարտահրավերներին, որոնք ընդհանուր են երկու երկրների համար, դրանք ուղղված են տարածաշրջանի ժողովուրդների դեմ: Ճիշտ կլիներ, եթե այդ մարտահրավերների դեմ հայ-վրացական համատեղ պայքարի մեխանիզմ մշակվեր, ինչը, ցավոք, այսօրվա դրությամբ ֆանտաստիկայի ժանրից է: Սակայն, կարծում եմ, ժամանակի հետ որքան վտանգը մեծանա, կմեծանա նաև այն գիտակցությունը, որ մենք պետք է ուս ուսի պայքարենք: Կգա ժամանակ, երբ այդ մարտահրավերներն ավելի գլոբալ կդառնան, ու մենք մի կողմ կդնենք մեր միջև առկա տարաձայնություններն ու կսկսենք քրիստոնեության դեմ տարվող վտանգավոր քաղաքականության դեմ համատեղ պայքար: Մեր դեմ կանգնած վտանգը, ես կասեի, նույն թուրք-ադրբեջանական պանթուրքական ծրագիրն է: Այս խնդիրները մեր երկու երկրների համար էլ առկա են, թեև Հայաստանն այս առումով դեռ բարվոք վիճակում է, Վրաստանում այդ վտանգը «դամոկլյան սրի» նման կախված է պետության գլխին:
Ժողովրդագրական առումով Վրաստանում վիճակն ավելի ծանր է, քանի որ Վրաստանի ազգաբնակչության թիվը մեծանում է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես ադրբեջանցիների աճի ցուցանիշների հաշվին: Վրաստանի նախկին իշխանությունները, հորինելով ջավախահայության անջատողականության միֆը, սեփական ժողովրդին շեղել են հիմնական խնդիրներից: Մյուս կողմից ադրբեջանական կապիտալը անխնա ծախսվում է քաղաքական և մեդիա դաշտում: Այս մասին խոսելը թեև շահավետ չէ, սակայն ներկայումս այդ վտանգը զգում են նաև վրացի քաղաքական գործիչները, մտավորականները, ովքեր կարծում եմ, որ 10-15 տարի հետո վրացի քրիստոնյաներն իրենց հայրենիքում կհամարվեն փոքրամասնություն: Իսկ Վրաստանից հետո այդ մարտահրավերներն անարգել կթափանցեն նաև Հայաստան:
Ես դարձյալ նախկին ակտիվիստն եմ, ոչինչ չի փոխվել, ես երբեք հույսս չեմ կտրելու Հայաստանից, քանի որ այն բոլորիս մայր հայրենիքն է, անկախ քաղաքական հայացքներից, այն մեր տունն է: Աշխարհի ցանկացած կետում ապրող հայի խնդիրների լուծման միակ բանալին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, և այդ բանալին Հայաստանի Հանրապետության հզորացման մեջ է: Մինչև մենք չունենանք հզոր հայրենիք, հայերն ամենուր խնդիրներ են ունենալու ոչ այնքան կենցաղային, որքան ազգային պատկանելության համար, որ հայ են: Մեզ բոլորիս հզոր Հայաստան է պետք, նաև ջավախահայության համար: Հայաստանի և Վրաստանի միջև հարկավոր են նաև բարիդրացիական, ռազմավարական, գործընկերային հարաբերություններ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի:

Զրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ