Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեկայի նկուղում

Չեկայի նկուղում
25.01.2019 | 12:33

(Նախորդ մասը)

Բայց այս անգամ չմերժեցի, այլ վերցրի մի ամբողջ տուփ:
Դուրս եկանք քննիչի մոտից: Կատակերգությունն ինձ համար միանգամայն պարզ էր:
Երբ խցիս դուռը բացվեց, բոլոր ընկերներս միասին ընդառաջ եկան: ՈՒրախ դեմքս տեսնելով, իրենք էլ ուրախացան:
Սկսվեց սովորական հարցերի տարափը: Իհարկե, ես դրանցից ոչ մեկին չպատասխանեցի: Ասացի միայն, որ իմ մասին չանհանգստանան, ամենաշատը 24 ժամվա ընթացքում կարող են ինձ երկրի սահմաններից վտարել:


ՈՒրիշ բան չէի ուզում ասել, որովհետև քննիչի կազմած արձանագրության տակ ստորագրել էի, որ ոչ ոքի ոչ մի բան չեմ ասի հարցաքննության մասին:

Օրերը միապաղաղ անցնում էին իրար ետևից: Եղանակները փոխվել էին, ու գարունը կամաց-կամաց մոտենում էր: Խցի հողագործ գյուղացիների վիճակը ամենից անտանելին էր: Վար ու ցանքի ժամանակն էր, իսկ իրենք միանգամայն զրկված էին այդ հնարավորությունից: Ամբողջ օրերով նրանք ախուվախով էին անցկացնում իրենց կյանքը:


Որպեսզի խցում միապաղաղությունը փարատվի, սկսեցի մի քանի հիպնոսական փորձեր անել. մեկին՝ քնեցնել, մյուսին պարել տալ և հազարումի նման խեղկատակություններ անել:
Մաշտոցը ծիծաղից թուլանում էր: Այստեղ էր, որ հայրենակիցս, օգտվելով առիթից, սկսեց ֆակիրների կյանքից զանազան պատմություններ պատմել: Նա լավ ծանոթ էր ամբողջ Պարսկաստանին: Շրջել էր Չինաստանում, եղել Մոնղոլիայում, Աֆղանստանում, Հնդկաստանում և հենց այդ շրջաններում էլ հանդիպել զանազան արևելյան ֆակիրների:
Մենք ուրախությամբ լսում էինք նրա պատմությունները: Մի օր էլ սկսեց Օմար Խայամից պարսկերեն արտասանություններ անել, այն էլ՝ Չեկայի զնդանում: Պետք է ասել, որ շատ հաջող էր արտասանում: Դրանից հետո էր, որ նա այլևս մեր ձեռքից չազատվեց: Բայց հակառակ այն բանին, որ շատ լավ զբաղեցնում էր բոլորիս, այդուհանդերձ խցի բնակիչներն առանց բացառության ատում էին նրան: Թե ինչու այդքան ատելություն կար այդ տարիքավոր մարդու հանդեպ, չկարողացա իմանալ:


Նա ամենից շատ զայրացնում էր Կամերկոմին ու Խուլուհամրին:
Մի օր էլ շատ ոգևորված ու սնափառ կերպով սկսեց պարծենալ ու պատմեց պարսկական հեղափոխության մասին, թե ինչպես ինքն էլ գործուն մասնակցություն էր ունեցել Եփրեմի արշավանքներին: Բացի այդ, իբր թե շատ մտերմություն էր ունեցել Քուչիկ խանի հետ և վերջապես զինակիցն էր եղել Էյսանուլլահ խանի, որ այժմ գտնվում էր Բաքվում, որպես Պարսկաստանից փախած տարագիր:
Պատմում էր նաև, թե ինչպես Մեշեդում անգլիացիների պատճառով կառավարությունն իրեն աքսորել էր Թուրքեստան, իսկ այնտեղից՝ Մոսկվայի կարգադրությամբ, իրեն և ընտանիքին ամեն դյուրություն տալով փոխադրել են Հայաստան և ահա երեք տարի է, որ ինքն անցել է կոմկուսի շարքերը, իսկ տղան էլ շատ մեծ կոմունիստ է և աշխատում է Թուրքեստանում:
Այստեղ էր, որ Կամերկոմը չկարողացավ զայրույթը զսպել և բղավեց.
-Բա դու չամաչեցի՞ր էդ սպիտակ միրուքիցդ, որ գնացիր «պիոներ» գրվեցար: Բա ամոթ չէ՞, մարդ էլ էդ տարիքին հավատափո՞խ կլինի: Վա՜յ քեզ մարդ ասողին, հա՜…
Կամերկոմի կատաղությանը չափ ու սահման չկար: ՈՒզում էր անգամ ծեծել նրան, բայց ես ու Մաշտոցը միջամտեցինք, որ այդ բանը տեղի չունենա: Տղաները հանգստացան: Բայց այդ բանից հետո ամեն անգամ պատրվակ էին փնտրում, որ հետը կռվեն:

Այս անգամ հարցաքննության գնացողը հայրենակիցս էր:


Երբ Հնչակյանին ներս բերին, խեղճի վրա հալ չէր մնացել: Լեզուն բոլորովին կապ էր ընկել: Խցի տղաները դա որ տեսան, սկսեցին բարձրաձայն ծիծաղել ու միաժամանակ ծաղրել նրան.
-Պիոների գրքույկդ քեզ չօգնե՞ց: Հա՜, բա ինչու՞ դու Մոսկով չես գրում, որ ազատեն քեզ, կոմունիստ ընկեր…
Մաշտոցը զայրացավ տղաների վրա և Հնչակյանին էլ սիրտ տալով նստեցրեց թախտին:
Այդ օրվանից Հնչակյանն էլ չխոսեց և միայն ախուվախ էր քաշում:

Ճիշտն ասած, արդեն ընտելացել էինք մեր կյանքին և անվերջ կատակներ էինք անում: Հարևան խցերից էլ միշտ լուրեր էինք ստանում, թե քանի հոգի է պակասել կամ ավելացել իրենց կոմունայում: Մենք էլ մեր հերթին նրանց էինք տեղյակ պահում մեր խցի բնակիչների թվի մասին: Իհարկե, մեր խցից դեռ պակասող չկար:


Երեկոյան դեմ էր, երբ դուռը բացին և ինձ հայտնեցին, որ տնից ինձ համար մթերք են ուղարկել: Ելա ու ստացա: Մթերքի հետ կար և մի փոքրիկ գրություն: Կինս էր գրել: Պատասխանեցի, որ ստացել եմ իր ուղարկածները և ես էլ լավ եմ: Բնական է, որ ուրիշ բան գրելու իրավունք չկար:
Ծխախոտի պաշարը շատացավ: Սկսեցի կամաց-կամաց անհանգստանալ, թե ինչու են ինձ այսքան երկար պահում, կամ ինչու նորից հարցաքննություն չեն կատարում: Այդ մասին էի խորհում, երբ միջանցքում աղմուկ բարձրացավ: Իսկույն մոտեցա դռանը, հուսալով մի բան իմանալ:
Լսվում էր կանացի ձայն, որը հայհոյում էր պահակներին և ասում.
-Այդ կերակուրը շունը չի ուտի, որ դուք մեզ տալիս եք: Ավելի լավ է տանեք ու ձեր մեծերին տաք, տեսեք նրանք դա կուտե՞ն…


Պահակը սպառնաց հրացանով, և կինը դրա վրա ավելի կատաղեց: Նրա ձայնն ինձ ծանոթ էր: Հասկացա, որ մարդամթերման գիշերը նրան էլ են ձերբակալել: Պահակները հրելով նրան խուց տարան, որովհետև միջանցքում այլևս աղմուկ չլսվեց:
Ընկա հազար ու մի մտածմունքի մեջ. այդ խեղճ կնոջ երեխաներն ի՞նչ էին անում, այդ անմեղ արարածներն ինչպե՞ս էին ապրում:
Մեր խցի դուռը բացվեց, ու հրամայեցին, որ բակ անցնենք: Նման դեպքում պաղ օդը կատարում էր բավականին կազդուրիչ դեր: Ես էլ մյուսների պես սկսեցի վազվզել ու մարզանք անել: Խցի խոնավությունից ոտքերս արդեն ցավում էին:
Պետք էր տեսնել, թե մարդիկ ինչպիսի ագահությամբ էին օդը շնչում: Նախքան խցից դուրս գալը, մենք պայմանավորվել էինք ըստ կարելվույն դրսում ուշանալ, և դա մեզ հաջողվում էր: Ով պետքարան էր մտնում, այնտեղ բավականին ուշանում էր, և այդպիսով մյուսները ժամանակ էին շահում մաքուր օդում երկար մնալու: Իսկ մեր Կամերկոմը ուղղակի ֆենոմեն էր: Նա այն ժամանակ էր ներս մտնում, երբ պահակը հայտնում էր, թե ժամանակն արդեն հասել է և պետք է ներս մտնել: Բայց քանի որ նա պետքարանում էր, մենք պետք է սպասեինք: Իսկ նա էլ այնտեղ նստում էր, կարծես ծաղկավետ դաշտում լիներ…
Այսպիսով մենք ամեն անգամ 10-20 րոպե ժամանակ էինք շահում: Իսկ այդ ժամանակամիջոցը Չեկայի խցում նստածների համար մեծ բախտավորություն էր: Ամենից հետաքրքրականը Մաշտոցն էր: Հենց որ բակ էինք դուրս գալիս, մոտենում էր ծորակին ու սկսում լվացվել մինչև մեր ներս մտնելը:


Քնելու էինք պատրաստվում, երբ հարևան խցից հաղորդեցին, որ իրենցից երեք հոգի պակասել է…
Ազատվե՜լ էին… Այդ երեքը գնդակահարվել էին, թե աքսորվել, ոչ ոք չգիտեր: Ցավագին մտածմունքներով պառկեցինք:
Ամենագետը նորից սկսեց իր «Շահ Իսմայելի» հեքիաթն անել, որը վերջ չուներ: Ոմանք էլ դեռ իրենց անկողինների վրա նստած «որսորդությամբ» էին զբաղված: Չեկայի բանտում դա սովորական և անհրաժեշտ բան էր:
Ես կեսքուն-կեսարթուն էի, երբ Մաշտոցն ինձ ձայն տվեց ու հարցրեց.
-Ընկեր X, վաղը մարտի քանի՞սն է:
Նախքան նրան պատասխանելը ես մի խոր հոգոց քաշեցի: Դրա վրա Մաշտոցն այլևս հարցեր չտվեց, այլ սկսեց փսփսալ Կամերկոմի հետ:
Քունս չէր տանում: Նախ հիշեցի, որ վաղն իմ ծննդյան օրն է: ՈՒշադրություն չէի դարձնում, թե ինչ է կատարվում շուրջս: Հանկարծ Մաշտոցի ձայնն ինձ սթափեցրեց.
-Ընկեր X, խնդրում եմ վերցնես, շատ լավն է ու հացն էլ՝ տնից: Շատ էր, մի մտածիր, Աստված ողորմած է…
Այդ ասելով, նա ինձ երկարեց ճերմակ լավաշի վրա դրված մի քյուֆթա, որ ստացել էր տնից:
Հացն ինձ տալուց հետո նա տեղից ելավ՝ ձեռքին մի բաժակ ջուր, ու սկսեց մի երկար ճառ: Նոր միայն հասկացա, թե բանն ինչ է: Եվ տառապանքիս ընկերները միասին շնորհավորեցին իմ ծննդյան տոնը: Տեսարանը հուզիչ էր: Աչքերս լցվեցին կիզիչ արցունքներով, հազիվ էի կարողանում ինձ զսպել: Տղաներն սկսեցին երգել…


Նրանց անկեղծ և անկաշառ ուրախությունը թարմացրեց ինձ, և դեմքիս վրա ժպիտ երևաց: Հայտնեցի իմ ամենաանկեղծ շնորհակալությունները այդ ընկերական ջերմ վերաբերմունքի համար: Ինչպե՜ս են դժբախտները եղբայրանում միմյանց հետ…
Հակառակ այն բանին, որ կտրված էի ընտանիքից ու ծնողներից, հակառակ այն բանին, որ արյունոտված սրտով տառապում էինք ամենքս էլ, ինձ թվաց, որ Չեկայի խցում կատարվածը, այդ տոնակատարությունը կյանքիս մեջ ամենալավն էր, ամենաճոխը և դժվար թե երբևիցե մոռանայի:
Սեղանը հավաքեցինք թե չէ, Մաշտոցն առաջարկեց, որ մի արտասանություն անեմ: Համաձայնեցի: Բայց ընկերներս նորից պայման դրեցին, որ արտասանությունս լինի երեք լեզվով: Չէ՞ որ մեր խուցը «ինտերնացիոնալ» էր:


Առանց այլևայլության սկսեցի թուրքերեն: Մաշտոցի քեֆին քեֆ չէր կարող հասնել: Օննիկը քնից արթնացածի պես էր: Նա այդ օրը գրեթե չէր խոսել: Սկսեց Եգիպտոսից մի շարք հետաքրքրական պատմություններ անել: Մենք առանձին հետաքրքրությամբ լսում էինք ու երբեմն Մաշտոցի համար որոշ բաներ թարգմանում, որովհետև հայերենում նա այնքան էլ զորավոր չէր:

Օրերն իրար ետևից գալիս ու գնում էին, իսկ մեր խցում՝ ոչ մի փոփոխություն:
Գարունը թևավոր կերպով նորից այցի էր եկել մեր երկրին, և օդի մեջ զգում էիր նրա զմայլանքը:
Այս օրը մեզ ցերեկը բակ հանեցին: Որքա՜ն ուրախություն ու հրճվանք կար մեր դեմքերին… Բակում ձյունը հալվել, չքացել էր, մի երկու տեղում միայն ձնաջրից գոյացել էին փոքրիկ լճացումներ: Երկինքը կապույտ էր ու հստակ:
Մոտեցա լճացած ջրին: Երկինքը՝ այդ անսահման ու անեզր տարածությունը, արտացոլվում էր դրա մեջ: Հանկարծ ես ջրում տեսա իմ դեմքը: Սոսկացի: Այլանդակվել էի: Կարծես սիբիրցի լինեի: Մազերս գզգզված էին, մորուքս՝ բավական երկարած, իսկ դեմքիս գույնի մասին էլ չեմ խոսում:


Շարժվեցինք: Ներսի օդը նորից իր թանձրությամբ ու նեխվածությամբ անտանելի էր: Ամեն մեկս մի անկյուն քաշվեցինք և անձնատուր եղանք մեր մտքերին ու խոհերին:
Այդ օրը ես սովորականից ավելի ծխեցի: Չէի կարողանում հանգստանալ: Խցիս ընկերները նկատել էին դա, բայց չէին համարձակվում հետս խոսել, որովհետև սաստիկ դյուրազգաց էի դարձել, և հենց այդ պատճառով նրանք չէին ուզում ավելի ջղայնացնել ինձ:
Լսվեց հարևան խցի դռան բացվելու ձայնը: ՈՒշադրությունս լարեցի, որ մի բան հասկանամ, բայց չկարողացա: Շատ չանցած բացվեց նաև մեր խցի դուռը, ու ներս մտավ պարետը: Հարցրեց մեր առողջության մասին և նույնիսկ հետաքրքրվեց, թե որևիցե պահանջ կամ բողոք ունե՞նք:
Պահա՜նջ և բողո՜ք… Որի՞ դեմ և որի՛ն… Ահա քեզ կատակերգություն, որի առջև կանգնած չգիտեինք՝ խնդա՞նք, թե՞ լանք:
Այդ վայրկյանին չկարողացա ինձ զսպել և բղավեցի պարետի երեսին.
-Դուք մեզ ծաղրելու՞ եք գալիս այստեղ, ինչ է:
Պարետը շատ հանգիստ պատասխանեց, որ ոչ մի ծաղր չկա, և ես զուր եմ հուզվում: Այդ խոսքի վրա ես ավելի բորբոքվեցի.
-Ձեր տված հարցերը մի՞թե ծաղր չեն: Ո՞ր բողոքը կամ պահանջն եք բավարարել կամ ո՞ր հիվանդին եք բժշկական օգնություն ցույց տվել: Ձեր արածն արդեն մի մեծ ծաղր է: Ձեր քաղաքացի դատախազը խոստացավ, որ իմ գործը շուտով կավարտվի: Այժմ հետաքրքիր է իմանալ՝ այդ շուտովը ե՞րբ պիտի լինի…
Ապա ավելացրի.
-Հայտնում եմ ձեզ որպես Չեկայի պարետի, որ եթե մինչև վաղը իմ գործը չավարտվի, ես կհայտարարեմ հացադուլ, և ամբողջ պատասխանատվությունը կընկնի ձեր ու դատախազի վրա:
Ընկերներս զարմացած ինձ էին նայում: Պարետը ժպտաց ու դուրս գնաց: Այդ հուզմունքիս ու բորբոքումիս վրա ընկերներս սկսեցին մեղադրել ինձ, ասելով, որ նման հայտարարություն չպիտի անեի, որովհետև դա կարող է շատ վատ ազդեցություն ունենալ իմ դատավարության վրա և այլն:
Բայց ես այնքան էի հուզվել, որ գրեթե կարևորություն չտվեցի նրանց խորհուրդներին, գիտնալով հանդերձ, որ նրանք՝ տառապանքիս այդ ազնիվ ընկերները, իմ շահի համար էին ինձ խրատում:


Երեկոյան ոչինչ չկարողացա ուտել: Ընկերներս շատ համոզեցին, բայց կոկորդս ասես փակված էր: Ամենագետը կրկին սկսեց «Շահ Իսմայելի» իր հեքիաթը: Սկսեցի ավելի ջղայնանալ: Աշխատեցի ինքս ինձ զսպել, բայց չհաջողվեց: Կեսլուրջ-կեսկատակ ասացի, որ մնացածն էլ թող վաղը պատմի, փառք Աստծո, հո այստեղ ենք:
Լավ էր: Տղաներն էլ մյուս կողմից խնդրեցին, որ շարունակությունը վաղը պատմի, և այդպիսով Ամենագետը լռեց: Քունս չէր տանում: Հանկարծ փողոցի կողմից լսվեց հրացանի կրակոց: Վեր թռա: Ինձ հետ արթնացան և շատերը: Հետաքրքրվեցի: Կամերկոմը ծիծաղեց և ասաց, որ պահակները նորից կատու են խփել:


Զարմացա: Ընկերներս նկատելով դա՝ պատմեցին, որ կատուն կամ փոքրիկ շունը ամենավտանգավոր բաներն են չեկիստ պահակների համար, որովհետև նրանք վախենում են, որ կատուն կամ շունը կարող են վարժեցրած լինել, և նրանց միջոցով բանտում նստածների հետ նամակներ փոխանակվեն, այդ իսկ պատճառով, երբ մի կատու կամ շուն են նկատում Չեկային մոտենալիս, անմիջապես խփում են: Ասում են, որ նույնիսկ դեպքեր էին եղել…
Լռեցին:
Շատ դժվար էր որոշել, թե ժամը քանիսն է: Դուռը ուժգին բացվեց և ձայն տվեցին, որ ես անմիջապես դուրս գամ: Հագնվելու ժամանակ չկար: Մի կերպ կիսահագնված և վերարկուս վրաս ձգելով՝ դուրս եկա:
Ինձ ծանոթ աստիճաններով վեր բարձրացա և հասա նույն սենյակը, ուր ինձ հարցաքննել էին:
Սպասեցի: Դուռը բացվեց: Երևաց Ղ-յանը՝ ժպիտը դեմքին: Ներս մտա: Առաջարկեց, որ նստեմ: Շատ շտապելուց մոռացել էի ծխախոտս հետս վերցնել: Այս անգամ ինքս խնդրեցի Ղ-յանից ու ստացա:


Նորից սկսվեց հարցաքննություն: Բայց այս անգամ հասկացա, որ ամենը միայն ձևի համար է կատարվում:
Հարցաքննությունը տևեց երկու ժամ: Հանկարծ քննիչը դարձավ ինձ.
-Դուք գիտե՞ք, որ ձեզ ազատում ենք:
Պատասխանեցի, որ դրանում համոզված էի:
-Ինչպե՞ս:
-Շատ պարզ, որովհետև ոչ մի հանցանք չեմ գործել:
Այս խոսքիս վրա Ղ-յանը ժպտաց ու հարցրեց.
-Դուք դրանում համոզվա՞ծ եք:
Պատասխանեցի.
-Ավելի քան, որովհետև բացի բարեխիղճ աշխատելուց ուրիշ ոչ մի հանցանք չեմ գործել: Իհարկե, եթե դուք այդ բարեխիղճ աշխատանքը հանցանք համարեք…
Նայեց ինձ: Գրադարակից մի գրված թուղթ հանեց և առաջարկեց, որ ստորագրեմ: Ասացի, որ առանց կարդալու չեմ կարող ստորագրել: Թուղթը վերցնելով՝ համբերությամբ կարդացի մինչև վերջ, առանց ստորագրելու հանձնեցի նրան և ավելացրի.
-Ավելի լավ է գնդակահարվել, քան թե նման թուղթ ստորագրել:
Սկսեց երկար-բարակ համոզել ինձ: Բայց բան դուրս չեկավ: Այդ ժամանակ էր, որ դուռը բացվեց ու ներս մտավ չեկիստ Գ-յանը: Նա էլ մյուս կողմից սկսեց համոզել և նույնիսկ խոստումներ տալ: Մինչ այդ ես արդեն սկսել էի հավասարակշռությունս կորցնել:
Մի մաքուր թուղթ վերցրի ու գրեցի. «Ես, ներքո ստորագրողս, խոսք եմ տալիս, որ քաղաքում ոչ մեկին չեմ ասի, թե Չեկայում ում տեսա և որքան մարդ կար մանավանդ մեր խցում: Բացի այդ, Չեկայի վերաբերմունքն իմ նկատմամբ բավականին քաղաքավարի էր»:
Այս գրությունը ստորագրելով՝ տվեցի նրանց: Իհարկե, այդպիսի գրությունը նրանց չէր բավարարում: Նրանց ցանկացածը բոլորովին այլ բան էր…
Այդ ժամանակ էր, որ Ղ-յանը զանգահարեց ու զինվոր պահանջեց: Զինվորին պատվիրեց, որ ինձ պարետի սենյակ տանի և ոչ մի պարագայում թույլ չտա, որ նորից խուցս վերադառնամ: Մի տոմսակ էլ տվեց, որ հանձնեմ դռան մոտ կանգնած պահակին ու զինվորին պատվիրեց նաև, որ ինձ ուղեկցի մինչև փողոցի դուռը:
Զինվորին այդ բոլոր պատվերները տալուց հետո, Ղ-յանը դարձավ ինձ.
-Դուք խցում ունեցած իրերը կստանաք պարետի սենյակում, իսկ ինչ վերաբերում է խուզարկության ժամանակ վերցրածներին, երկու օրից անցեք ինձ մոտ, և ամենը կստանաք ինձնից:


Զսպանակի վրա նստածի պես տեղիցս վեր ցատկեցի: ՈՒրախությանս չափ ու սահման չկար: Վերջապես նորից պիտի վայելեի մաքուր օդ և ազատ կյանք, այո՛, Չեկայի զնդանից դուրս պիտի գայի, գեթ ժամանակավորապես:
Ղ-յանը ձեռքս սեղմեց և ինձ ուղեկցեց մինչև դուռը:
Այս անգամ ինձ իջեցրին շենքի հակառակ կողմի աստիճաններից: Հասանք պարետի սենյակ: Այնտեղ մի քիչ սպասեցի, մինչև իրերս բերեցին ու հանձնեցին ինձ:
Զամբյուղիս մեջ մնացել էին մի քանի տուփ ծխախոտ ու մի քիչ էլ ուտեստեղեն: Ինչ ունեի, պահակի միջոցով ուղարկեցի Խուլուհամրին…
Հագուստներս հագնելով, ձեռքիս տոմսակը դռնապան պահակին հանձնելով, գիշերվա կեսին, ունեցած իրերովս դուրս եկա փողոց:
Չեկայի խցից հետո մաքուր օդն ու ազատ կյանքը ամենամեծ բախտավորությունն էր սոցիալիզմի երկրում:
Հևիհև կես ժամ տաժանքով քայլելուց ու չարչարվելուց հետո հազիվհազ հասա բնակարանս:
Խոր, շատ խոր անհագորեն շունչ քաշեցի, և առաջին գործս եղավ հայելուն նայելը: Ես ինձանից սարսափեցի:


Եվ այսօր, երբ ազատ եմ ու հեռու Չեկայի հոգեսպան ճիրաններից, հաճախ, շատ հաճախ խորհում եմ տառապանքի ընկերներիս մասին, և թիվ 13 խուցը երկսայր սրի պես սրտիս մեջ է մխրճվում, ու տեսնում եմ Կամերկոմին, Մաշտոցին, Մաշադուն, Օննիկին, Հնչակյանին, Էստոնացուն, Իվանին ու Խուլուհամրին:
Ապա ուսանողին՝ ապառաժի պես անխորտակ իր հավատքով, և խեղճ, արնաքամ բժշկին: Չէ՞ որ թիվ 13 խցի հատակը ներկված էր նրա բոսորագույն արյամբ և այդ խուցը միշտ էլ պիտի հիշվի, միշտ էլ պիտի լեզու ունենա խոսելու:
Այժմ մտածում եմ, թե ի՞նչ, ի՞նչ եղաք դուք՝ տառապանքիս ընկերներ…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ