Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին»

«Տեսնել չլիներ` կույրի  պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին»
15.02.2019 | 00:33

Քանի որ մարդը կյանքն ընկալում է որպես ինքնըստինքյան ենթադրելի, սովորական բան, իսկ ապրելը` բնական վիճակ, մահը նրա համար մնում է առեղծվածային հանելուկ, իսկ հետմահու վիճակը` երևակայության խթանիչ: Մարդու հոգևոր պահանջները բավարարելու կոչված կրոնները խոսում են մարդկային հոգու անմահության և մարդու հետմահու կյանքի մասին. ոմանք` որպես անձնավորված էության, ոմանք` որպես Համայնի մասնիկի մասին: Կրոնական միտքը հասավ վերամարմնավորման գաղափարին, սակայն միայն աստվածային հայտնությամբ մարդկությանը տրվեց Հարության գաղափարը, ինչը, անշուշտ, մարդկային կյանքի հանդեպ առավել հարգալից և հոգատար մոտեցում է. «Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մե՛կ անգամ մեռնել և այնուհետև` դատաստան, նույնպես և Քրիստոս մե՛կ անգամ որպես պատարագ մատուցվեց` շատերի մեղքերը վերացնելու համար, իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, ովքեր սպասում են իրեն` հավատով փրկվելու համար» (Եբր. 9;27-28):


Մարդը յուրովի է գնահատում իր գոյության հնարավորությունն ու կյանքն այս աշխարհում, մանավանդ երբ սիրում է և սիրված է, երբ այդ կյանքը լի է իմաստով: Բավական է մարդը ծնվի, ու այլևս դժվար է պատկերացնում, որ մինչ իր լինելը ինքը չի եղել, նրա մեջ խոսում է իր հավիտենական սկիզբը` աստվածազարմ հոգին: Նա աշխարհ է գալիս և՛ որպես սկիզբ, և՛ որպես շարունակություն, որպես ամբողջն իր մեջ ներփակող եզակիություն, և որպես եզակի ամբողջականություն: Մարդը, անգամ իր մեղավոր էությամբ, տիեզերքի մեծագույն հրաշքն է, իսկ նրա կյանքը` մեծագույն իրադարձություն հավիտենական տիեզերքում: Սակայն մարդը սարսափով է նայում համատիեզերական այնպիսի թյուրիմացության, ինչպիսին մահն է, որը տիեզերական չափորոշիչներով ընդամենը մի պահ է: Մահը բաժանում է, դրանով էլ այն սարսափելի է, սառն ու վանող: Սակայն մահը նաև միացնում է, որով և դառնում է բաղձալի ու գերող: «Նահատակների արյունը քրիստոնեության սերմն է»,- գրում է եկեղեցական գրող Տերտուլիանոսը: Եկեղեցին հիմնվեց ու հաստատվեց նրանց շնորհիվ, ովքեր մահը համարում էին իբրև իրենց Սիրելիի հետ բաղձալի հանդիպման լավագույն հնարավորություն:


Քրիստոնեությունը հավաստիացնում է, որ մահն ընդմիջում է, ո՛չ թե վախճան: Հաղթական Եկեղեցին և Զինվորալ Եկեղեցին փոխադարձաբար կապված են միմյանց աղոթքով ու բարեխոսությամբ: Հարազատ հոգիների կապը երբեք չի ընդհատվում: Եթե մարդիկ երկրի վրա հոգևոր կերպով կապված են եղել, ապա այդ կապը շարունակվում է նաև որևէ մեկի մահից հետո, իսկ եթե եղել են սառը, ձևական, պաշտոնական հարաբերությունների մեջ, հաջորդ կյանքում էլ ոչինչ չեն զգա:


Ժամանակը` որպես անցյալ-ներկա-ապագա հասկացություններն ընդգրկող մեծություն, հավիտենության համատեքստում դառնում է հարաբերական ու չնչին բան: Ժամանակը հոգու սկզբնավորման ու հավիտենության մեջ նրա տեղաշարժի միջակայքն է. «Մեր սիրելիները անցյալում են, և մենք ապագայում պետք է միանանք նրանց»,- զավեշտալի է հնչում, սակայն սա մեր համոզմունքն է: Ապագայում մենք կհայտնվենք անցյալում. այս գլուխկոտրուկը լուծելի է: Մարմինը մնում է, միանում հողին, իսկ հոգին շարժվում է առաջ` դեպի Հարություն:
Քրիստոնյայի համար մահվան առեղծվածը լուծված է: Մարմնի մահը ցավալի ու անդառնալի կորուստ չէ, քրիստոնյայի համար սարսափելի է հոգու մահը, որովհետև «Հոգին է կենդանարար, մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խոսքը, որ Ես ձեզ ասացի, հոգի է և կյանք: Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում» (Հովհ. 6; 64-65): Սարսափելին կյանքի հետ կապող հավատից զրկվելն է: Երբ մարմնին կենդանություն տվող հոգին հարաժամ սնվում է (հավատում է) Աստծո Խոսքով, նրա կյանքը չի ընդհատվի: Եկեղեցու կյանքը` իր խորհուրդներով ու ծեսերով, անընդհատ կյանք է, հարակա ու հավիտենական կյանք: Աշխարհը անմասն է այդ կյանքից և անհաղորդ է նրան:


Մեր ազգն էլ կենսազուրկ աշխարհի մի մասն էր, Աստծո ողորմությամբ մեր ազգի մեծագույն սրբի, մեր սուրբ հավատի հայր Գրիգոր Լուսավորչի չարչարանքներով, տքնությամբ ու նվիրումով Տիրոջից մեզ շնորհվեց հավատի անսասան մի վեմ. «Հիսուս նրանց ասաց. Սուրբ Գրքերում երբևիցե չե՞ք կարդացել` այն վեմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղավ անկյունաքար. Տիրոջից եղավ այս, և մեր աչքին սքանչելի է: Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծո արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն: Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի» Մատթ. 21;42-44): Գրիգոր Լուսավորչի շնորհիվ հրեշտակի միջոցով մեզ տրվեցին նաև բոլոր ժամանակներում բոլոր մարդկանց հուզած հարցերի պատասխանները անդրշիրիմյան կյանքի մասին:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿԻՆ


Սուրբ Գրիգորն իր որդուն` Արիստակեսին, իրեն փոխանորդ նշանակելուց հետո գնում է լեռները: Այդ օրերից մեկի ժամանակ խնդրում է Աստծուն, որ հրեշտակներից մեկին ուղարկի իր մոտ, որպեսզի իմանա, թե մահանալուց հետո արդարների և մեղավորների հոգիներն ուր են գնում, ինչ ճանապարհ են անցնում, և ինչ է պատահում նրանց այդ ճանապարհին: Արդեն հրեշտակների հետ մերթընդմերթ տեսնվում էր և իր իմացածը պատմում Արիստակեսին, որ երբեմն իր մոտ էր գալիս: Աստված Ս. Գրիգորի խնդրանքն ընդունում է և մի հրեշտակ է ուղարկում: Հրեշտակը գալով ասում է.
-Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քո բոլոր հարցերին պատասխանեմ. ինչ որ ուզում ես` հարցրու:
-Ով Ս. Հրեշտակ,- ասում է Ս. Գրիգորը,- երբ մարդու հոգին մարմնից դուրս է գալիս, կարո՞ղ է ամեն բան որոշել և իմանալ:
Հրեշտակ - Այո, կարող է ճանաչել և գիտե, ինչ որ իրեն է վերաբերում, ինչ որ պիտի լինի` անմիջապես հասկանում է, և թե ինչ փառքի պիտի արժանանա, եթե արդար է, և ինչ չարչարանքներ պիտի կրի, եթե մեղավոր է:
Ս. Գրիգոր - Ի՞նչ է հոգին:
Հրեշտակ - Արդարի հոգին լույսի պես է, արևի պես փայլում է: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեր արտաքին մարդը ապականվում է, բայց ներքինը` ավելի գեղեցկանում»: Սա մարմնի և հոգու մասին է: Մեղավորի հոգին խավարի պես մշուշ է և մեղքի մեջ սևացած:
Ս. Գրիգոր - Մեղավորի հոգին ինչպե՞ս եք առնում:

Հրեշտակ - Մեղավորի հոգին առնելու համար շատ բարկությամբ ենք գալիս և հրեղեն սրով ենք երևում: Մեզ տեսնելուն պես վախից լեզուն բռնվում է, աչքերը փակվում են, գլուխը թաքցնում է, երեսը դարձնում է, ուզում է փախչել, բայց չի կարող, որովհետև բոլոր կողմերից ենք տեսնվում: Այն ժամանակ, քանի որ հոգու աչքերը բացվում են, գնալիք մութ ճանապարհները և քաշելիք չարչարանքները բացահայտ տեսնում է: Իր շուրջը ազգականներին, զավակներին ու բարեկամներին է նայում, աղաչում է, գոռում, որ իրեն ազատեն, բայց նրանք չեն լսում, որովհետև լեզուն կապված է: Ինքը կարծում է, թե ձայնը դուրս է գալիս, բայց ոչ ձայնն է ելնում, ոչ էլ խոսքերն են հասկացվում:
Ս. Գրիգոր - Հոգին հրեշտա՞կն է առնում, թե՞ ինքն իրեն է անջատվում:
Հրեշտակ - Հոգին մարմնի ցավից անջատվում է, և հրեշտակն առնում-տանում է:
Ս. Գրիգոր - Մեղավորի հոգին ինչի՞ է նման:
Հրեշտակ - Ինչպես ասացի` մեղքերի մեջ թաղված, կեղտոտ և խավար մի բան է, այնպիսի գեշ հոտ ունի, որ չես կարող մոտենալ:
Ս. Գրիգոր - Իսկ արդարի հոգին ինչպե՞ս եք առնում:
Հրեշտակ - Երբ գալիս ենք արդարի հոգին առնելու, կարծես իրեն հարսանիքի ենք հրավիրում: Երբ մեզ տեսնում է, հոգով-մարմնով ուրախանում է, որովհետև գիտի, որ այս անցավոր աշխարհի ցավ ու կսկիծներից դրախտի անհուն ուրախություն և հանգստություն պիտի տանենք: «Մարդկանց միջից հրեշտակների մեջ պիտի գնամ» ասելով` ուրախանում է, այն ժամանակ արդարի հոգին առնում ենք և մեծ պատվով տանում:
Առաջին աստիճանին դևեր են գալիս, բայց արդարների հոգիները արևի պես փայլում են, որից դևերի աչքերը շլանում են և չեն կարողանում նայել: Միայն տեսնում են, որ արդարի բերանը շարունակ աստվածավայել խոսքեր է ասել, միշտ ողորմություն է արել, եկեղեցի գնալով` քահանայի մոտ խոստովանել է: Սուրբ հաղորդությունը հոգու վրա ադամանդյա մատանու պես երևում է. դևերն ապշած են մնում և չեն կարողանում մոտենալ:
Երկրորդ աստիճանը շատ մութ է, բայց արդարի հոգին արևի պես փայլում է և իր ճանապարհը լուսավորում: Մեղավորի համար ամեն ինչ խավար է:
Երրորդ աստիճանը շատ ցուրտ է, բայց արդարի հոգին Քրիստոսի սիրուց այնքան է տաքացել, որ ցուրտ չի զգում:


Չորրորդ աստիճանը տաք է, բայց արդարի հոգին զով է:
Հինգերորդ աստիճանը նեղ ճանապարհներից է բաղկացած, որոնց նմանը չկա, բայց արդարի ճանապարհը լայն է:
Վեցերորդ աստիճանն արևից ավելի պայծառ լուսեղեն կամարներ են, որոնցով արդարի հոգին զմայլվում է:
Յոթերորդ աստիճանը հրեշտակների կարգն է: Երբ արդարի հոգին տեսնում են, ուրախանում են: Իսկ երբ մեղավորի հոգին են տեսնում, տրտմում են:
Ութերորդ աստիճանը Տերություններն ու Զորություններն են. արդարին տեսնելով` սաղմոսներ երգելով փառաբանում են և դիմավորում:


Վերջապես արդարի հոգին Երկնավոր Թագավորի առաջ կանգնում և երկրպագում է: Սուրբ Ձայնն ասում է. «Բարի եկար, սիրելի որդիս, աշխարհի մեջ չարչարվեցիր, հիմա հանգիստ եղիր»: Հրեշտակները, անտեսանելի լուսեղեն պատմուճաններ բերելով, հագցնում են նրան և տանում մյուս արդարների մոտ:
Ս. Գրիգոր - Մեղավորի հոգին ու՞ր է գնում:
Հրեշտակ - Առաջին աստիճանում իրեն անթիվ դևեր են դիմավորում, ոմանք հարստության, ոմանք նախանձի, ոմանք բարկության և ուրիշներ` այլևայլ փորձություններ տալու: Մեծ աղմուկ են հանում և ուզում են հրեշտակի ձեռքից հափշտակել: Խեղճ հոգին շատ է չարչարվում, լալիս է, կանչում, բայց օգնություն չկա: Դևերը չեն կարող հոգին գրավել, որովհետև մինչև դատաստանի օրն արգելված է:
Երկրորդ աստիճանը խավար է պատած: Շատ չարչարվելուց հետո ցուրտ աստիճանին է հասնում: Այնուհետև, տաք աստիճանում բավականին այրվելուց և ողբալուց հետո, նեղ ճանապարհներ է մտնում, լուսեղեն աստիճանին է հասնում, բայց իր համար խավար է: Հրեշտակների աստիճանն է ելնում, բայց հրեշտակները տրտմում են: ՈՒթերորդ աստիճանի Տերություններն ու Զորությունները դեմ են կանգնում և տանող հրեշտակին հրամայում են, որ հետ դառնա և մյուս մեղավորների մոտ տանի նրան, որ մինչև Քրիստոսի դատաստանի օրն այնտեղ մնա: Դատաստանի օրը մարմինը, հոգու հետ միանալով, դժոխքի անշեջ կրակը պիտի նետվի, ուր հավիտյանս հավիտենից պիտի չարչարվի:
Ս. Գրիգոր - Ի՞նչ է Աստված:
Հրեշտակ - Աստված Սուրբ մեկն է և որևէ բանի չի նմանվում: Նրան տեսնել անկարելի է, բայց արդարները և սրբերը դատաստանի օրը Նրա Սուրբ Երեսը պիտի տեսնեն:
Ս. Գրիգոր - Երկինքը քանի՞ աստիճանից է բաղկացած, և հրեշտակները ո՞ր աստիճանում են գտնվում:
Հրեշտակ - Երկինքը բաղկացած է տասն աստիճանից: Հրեշտակները վերջին աստիճանում են գտնվում, որ լուսեղեն երկինք է ասվում: Հրեշտակների տեղը ինը կարգ է. բոլորն էլ Սուրբ Երրորդությունն են փառաբանում:
Ս. Գրիգոր - Աստծո փառքը և շնորհը աշխարհին և մարդկանց ինչպե՞ս է տրվում:
Հրեշտակ - Աստծո շնորհը նախ հրեշտակներին է տրվում և հետո մարդկանց:
Ս. Գրիգոր - Ննջեցյալների հոգու համար ո՞րն է ավելի օգտակար` պա՞հքը, աղո՞թքը, թե՞ ողորմությունը:
Հրեշտակ - Աղոթքն ու ողորմությունը ննջեցյալների համար են, իսկ պահքը` պահողի համար: Եթե սուրբ պատարագ մատուցողն արդար է, ննջեցյալների համար օգտակար կլինի, եթե նրանք էլ արդար են: Մեղավորների համար որևէ բան օգուտ չունի:
Ս. Գրիգոր - Եթե մի մեղավոր մեռնելուց առաջ խոստովանի, «մեղա» ասի ու լալով սուրբ հաղորդություն ուզի, արժանի՞ է նրան տալ:
Հրեշտակ - Այո, արժանի է, որովհետև Աստված շատ ողորմած է, ինչպես Հիսուս ասաց. «Նա, ով Մարմնովս և Արյունովս հաղորդվի, նա ինձ հետ է, և Ես նրա հետ պիտի լինեմ»: Բայց մեռնելուց առաջ պետք է հաղորդվել, որովհետև մարդ չգիտի, թե երբ պիտի մեռնի: Եթե լեզուն կապվի և «մեղա» չասի, անպայման դժոխք կգնա, ինչպես որ Հիսուս ասաց. «Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա»:
Ս. Գրիգոր - Ո՞ր մեղքն է ավելի մեծ, որ դատաստանի օրն ամոթահար է թողնում մարդուն:
Հրեշտակ - Այն մեղքն է մեծ, որ մարդ, փոքր համարելով, չի խոստովանում:
Ս. Գրիգոր - Խոստովանությունը, ապաշխարությունը, լացն ու կոծը ինչպե՞ս են քավում մեղքերը:
Հրեշտակ - Ինչպես մոմը հալչում է կրակից, խավարը փախչում է լույսից, խոստովանությունն ու ապաշխարությունն էլ ոչնչացնում են մեղքը:
Ս. Գրիգոր - Եթե մի մարդ խոստովանի և նորից մեղք գործի, հետո նորից խոստովանի, դարձյալ թողություն կստանա՞:
Հրեշտակ - Այո, նորից թողություն կստանա. ինչպես Հիսուս Պետրոս առաքյալին ասաց. «Եթե մեկը քո դեմ 70 անգամ մեղք գործի, պետք է ներես»: Աստված շատ ավելի ողորմած է և միշտ ներում է:
Ս. Գրիգոր - Եթե մեկը լեռան վրա կամ անապատում գտնվի և մեռնելու ժամանակ, մեղքերը հիշելով, առանց քահանայի ու խոստովանության «մեղա» ասի, թողություն կստանա՞:
Հրեշտակ - Ամեն մարդ օրը և շաբաթը մեկ անգամ պետք է խոստովանի իր մեղքերը. կամ գոնե տարին հինգ-վեց անգամ: Եթե քահանա չկա, կարող է որևէ մեկին խոստովանել: Քրիստոս այն կընդունի, որովհետև բոլոր այն քրիստոնյաները, որոնք Սուրբ Ավազանից են ծնվել, սուրբ հաղորդությանը մասնակից են եղել, Սուրբ Երրորդությունն են դավանում և Քրիստոսի խաչին են երկրպագում, նրանք իր արյունով են գնված:
Ս. Գրիգոր - Ի՞նչ բան է պահքը:
Հրեշտակ - Պահքը մարդկանց նմանեցնում է հրեշտակների. դևերի դեմ կռվում և սատանային արգելք է լինում, որ մարդկանց մեջ մտնելով նրանց չմոլորեցնի:
Ս. Գրիգոր - Ի՞նչ բան է աղոթքը:
Հրեշտակ - Աղոթքը մարդու հոգին Աստծուն է կապում: Շարունակ աղոթող մարդը մեղք գործելու ժամանակ չի ունենա:
Ս. Գրիգոր - Ինչու՞ է սաղմոսի մեջ գրված, թե մեղավորի մահը չար է:
Հրեշտակ - Եթե մի մարդ առանց խոստովանության մեռնի, հիրավի, այդ մարդու մահը չար է: Ինչպես որ դատաստանի օրը պիտի լսի այն զարհուրելի ձայնը, թե` «…հեռացե՛ք ինձանից, անիծյալնե՛ր, հավիտենական կրակի մեջ, որովհետև միշտ սատանայի հետևից գնացիք»: Աստված, որ այնքան ողորմած է, չզղջացող մեղավորներին չի ներում, այլ միշտ բարկությամբ է նայում:
Ս. Գրիգոր - Կարելի՞ է արդյոք մահը սուրբ ասել:
Հրեշտակ - Այո, որովհետև արդարը չխաբվեց աշխարհին, աշխարհի ցանկությունների համար իրեն մեռած ցույց տվեց և իր հույսը Քրիստոսի արքայության վրա դրեց: Դրա համար արդարի մահը սուրբ է: Նա միշտ սպասում է մահվան. ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ցանկանում եմ ժամ առաջ այս մարմնից դուրս գալ և Քրիստոսի մոտ գնալ»: Որովհետև արդարների համար այս աշխարհը բանտ է:
Ս. Գրիգոր - Դատաստանի օրը մարդուն իր գործերի համեմատ ի՞նչ է տրվելու:
Հրեշտակ - Արդարներին այնպիսի փառք է տրվելու, որ Պողոս առաքյալի ասածի պես ոչ աչքն է տեսել, ոչ էլ ականջը լսել, ոչ էլ մարդ կարող է երևակայել: Մեղավորներին էլ նմանը չունեցող չարչարանքներ կտրվեն: Արքայության փառքը մտքից վեր է, դժոխքի չարչարանքն էլ խելքից դուրս է:
Ս. Գրիգոր - Ո՞ր գործն է ավելի օգտակար:
Հրեշտակ - Զղջումը, խոստովանությունը և ապաշխարությունը: Ով այս 3 գործերը կատարի, նրա համար, անտարակույս, արքայությունը պատրաստ է:
Ս. Գրիգոր - Ո՞ր գործն է ամենավատը:
Հրեշտակ - Եթե մարդ առանց զղջումի և խոստովանության մեռնի. այդպիսին, անտարակույս, հավիտենական դժոխք կգնա:
Ս. Գրիգոր - Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ:
Հրեշտակ - Եթե բոլորովին զղջացել է, եկեղեցու աղոթքն ու պատարագը նրա մեղքերը կքավեն, որովհետև, եթե ողջ լիներ, անպայման պիտի ապաշխարեր:
Ս. Գրիգոր - Ի՞նչ են ցանկանում մարմնից դուրս եկած հոգիները:
Հրեշտակ - Արդարի հոգին ցանկանում է դատաստանի օրը արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե դատաստանի օրն իր վիճակը ի՞նչ պիտի լինի և, դժոխքի չարչարանքները մտաբերելով, միշտ լալիս է:
Ս. Գրիգոր - Գնացող հոգիները մնացողներին հիշու՞մ են, թե՞ բոլորովին մոռանում են:
Հրեշտակ - Աչքերը միշտ նրանց վրա են: Եթե ապրողները իրենց համար ողորմություն և սուրբ պատարագ մատուցեն, նրանց հոգիներն էլ մյուսների համար կաղոթեն, որպեսզի Աստված երկար կյանք և հաջողություն պարգևի: Իսկ երբ ապրողները չեն հոգում իրենց ննջեցյալների համար և չեն հիշում նրանց ողորմությամբ, այդժամ ննջեցյալներն աղաչում են Աստծուն. «Տեր, ջնջի՛ր նրանց երկրի երեսից և մեզ գրի՛ր անհիշատակների դասում»։
Ս. Գրիգոր - Եթե մարդն անժառանգ է, և պատարագով նրան հիշող մեկը չկա, ինչպե՞ս է լինում:
Հրեշտակ - Նրանց գրում են անհիշատակաց դաս (անժառանգ), և Աստված քավում է նրանց մեղքերը, եթե զղջացել են:
Ս. Գրիգոր - Հոգիները իրար տեսնել, ճանաչել և սիրել ունե՞ն:
Հրեշտակ - Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին: Հայտնի է, որ բոլորն էլ կան:
Ս. Գրիգոր - Արքայության մեջ ինչպե՞ս են սիրում միմյանց:
Հրեշտակ - Այնտեղ մարմնավոր սեր չկա, այլ հրեշտակների պես հոգևոր սեր են ունենում. յուրաքանչյուրը, անհուն փառքով զարդարված, միշտ ուրախությամբ փառաբանում է Աստծուն:
Ս. Գրիգոր - Ի՞նչ հոգս ունեն հոգիներն այնտեղ։
Հրեշտակ - Արդարների հոգիներն անդադար հոգում են, թե երբ կգա Քրիստոսը, երբ կառնեն հարություն բոլոր ննջեցյալները, կհագնեն իրենց մարմիններն ու կառնեն այն փառքը, որ խոստացել է Քրիստոս, ու կանմահանան։ Իսկ մեղավոր հոգիները լալիս են ու ասում. «Երանի չլինի հարություն ու հատուցում մեր գործերին, որ հավիտենական տանջանքի չարժանանանք Քրիստոսի գալստյան ժամանակ»։


Այստեղ գլխավոր հարցերս վերջացան:
Աղբյուրը` Գրիգոր Խլաթեցի «Յայսմաւուրք» ի տպարանի Գրիգոր Մարսվանեցու 1723 թ.

Վերջին հաշվով, ամեն բան վճռվում է այս կյանքում հոգու և մարմնի ունեցած փոխհարաբերությամբ և մեր կայացրած վճիռներով:


Հրապարակման պատրաստեց
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ