Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը
19.02.2019 | 01:32

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: «1869 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,- Դժվար է ասել»` հիշում եք, չէ՞, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»` «Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում»: 150 տարի առաջ:
Նա պիտի երգի` ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ` որքան տրտում-նույնքան կենսագին`
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…


54 տարի` մինչև 1923-ի մարտի 23-ը, երբ վախճանվեց Մոսկվայում, որտեղից պիտի մեկներ Բեռլին` բուժման, բայց չէին արտոնում: Ամենայն հայոց բանաստեղծ նրան անվանեց ժողովուրդը, որ գուցե չէր էլ կարդացել «Շունն ու կատուն», բայց սպիտակ ձիով տեսել էր նրան հայ-վրացական սահմանին` հաշտության դրոշակով, տեսել էր Էջմիածնում գաղթականների կողքին, տեսել էր ամեն տեղ, որտեղ ինքն էր: Մեզնից ամեն մեկը այսօր ու ամեն օր Հովհաննես Թումանյան է, որովհետև եթե հայ է, ուրեմն Թումանյանի ժառանգն է, թեկուզ անգամ «Շունն ու կատուն» չի կարդացել: ՈՒ ապրում է էն տանը, որ նաև վարպետ Օհանն է շինել: Չհամարեք լիրիկական զեղում կամ շեղում: Հովհաննես Թումանյանը ազգի անձնագիր հաստատող ինքնություն է:


Ազգի օրակարգից եղում կամ շեղում են… անդրադարձներն այսօրվա քաղաքական կյանքին, որ անցողիկ է, ինչպես անապատի ավազի մեջ ծորացող ջրի շիթը երկնքից:
Անցյալ շաբաթ ԱԺ-ն հաստատեց կառավարության ծրագիրը, և չեն դադարում աղմկահարույց քննարկումների արձագանքները: 7-րդ գումարման Աժ-ն ռեկորդներ սահմանեց թե ելույթների, թե վարչապետին հարցերի թվով: Անտրամաբանական ռեկորդ էր: Միևնույն է` կառավարության ծրագիրն ընդունվելու էր, նույնիսկ եթե 1 նախադասություն լիներ: Այդպիսին է խորհրդարանում ուժերի դասավորությունը` մեծամասնությունը 82 ձայնով որոշիչ է ու, ինչպես պարզվեց, նաև ագրեսիվ մեծամասնություն է, որ անհաշտ է վերաբերվում քննադատությանն ու գերադասում է անձնավորել: Հավանաբար` հասկանալու համար:

Ժողովրդի ընտրությամբ Աժ-ում են մարդիկ, որ մեծամասնության մեջ հեռու են քաղաքականությունից ու խորհրդարան են բերել իրենց ապաքաղաքական ընկալումներն ու մտածելակերպը: Դա դեռ բումերանգ է լինելու 7-րդ գումարման ԱԺ-ի ու ՔՊ-ի մեկ տասնյակի չափ «քաղաքականների» համար: Կառավարության ծրագրի քննարկումը, որ վերաճեց ՔՊ-ԼՀԿ բախման` վարչապետի եզրափակիչ ելույթի կուլմինացիայով, թողեց վատ բեմադրության տպավորություն: Ինչու՞ բեմադրության: Որովհետև երկուստեք հմտորեն շրջանցվեցին ծրագրի բացթողումները, ու բանավեճը տեղափոխվեց միջկուսակցական-միջանձնային բախման հարթություն, որը մերթ ընդ մերթ ընդմիջվում էր հեղափոխության շահարկմամբ: Եթե ՔՊ-ն մտադիր է 5 տարի հիշեցնել, որ ինքը միայնակ է հեղափոխություն արել, 5 տարի հետո միայնակ էլ կմնա: Ի վերջո, թե Երևանի ավագանու, թե ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների կեսը, ու դա փաստ է, որ խորապես մոռացության է տրվել: Ամբողջ քննարկումը խորհրդարանում ու խորհրդարանից դուրս այն տպավորությունն էր թողնում, որ բոլորը միահամուռ մոռացել են ընտրողին ու միմյանց հետ հարաբերություններ են պարզում, փորձում են քաղաքական դաշտում ամրակայել իրենց դիրքերը նոր իրողություններում, և ծրագիրը միջոց է ինքնարտահայտվելու, որ քողարկում է բուն նպատակը: Իսկ այդ նպատակը պետք չէ քողարկել: Դա կարևորագույն խնդիր է, որ դեռ լուծում չի գտել: Քաղաքական համակարգի խնդիրը: Այս համակարգում հեղափոխությունն առայժմ արտահայտվում է փոխատեղությամբ: Ընդամենը: Մի շտապեք մեղադրել քաղաքական ուժերին: Նրանք գործում են իներցիայով. իներցիայով քննադատում են (ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն), իներցիայով պաշտպանվում են (ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն), իներցիայով հիանում են իրենցով (ՔՊ-ն): Չի բացառվում` որոշ կուսակցություններ դադարեցնեն գործունեությունը, նոր կուսակցություններ ստեղծվեն: Դա բնականոն ու օրինաչափ քաղաքական գործընթաց է: Անբնական է, որ հասարակությունը… չունի ընդդիմության պահանջ: Բազմիցս գրել եմ ու կրկնում եմ` 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների գլխավոր խնդիրը ընտրողն էր, որ պատրաստ չէր ընտրությանը, որը հնարավոր չէր հետաձգել ստեղծված երկիշխանության պայմաններում: Փաստացի դա ընտրություն էր` առանց ընտրության, երբ ընտրողների կեսը ընտրության չգնաց, գնացածների 82 տոկոսը ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին` նրա համար ստեղծելով սուպերվարչապետությանը նպաստող սուպերլեգիտիմություն:

Առանց ընդդիմության: Միայն առաջին հայացքից կառավարության ծրագրի քննարկումը ԼՀԿ-ն դարձրեց խորհրդարանական ընդդիմություն: Ամբողջ ընտրարշավում ԼՀԿ-ն ու Էդմոն Մարուքյանը կես բառով չեն քննադատել ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին: Հակառակը` հարմար տեղավորվել են «Ելքի» ու «Լույսի» վարկանիշներում ու հայտարարել, որ իրենք երկրորդ ուժն են: Մայիսից դեկտեմբեր ևս ԼՀԿ-ն ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի ոչ մի քայլ քննադատելի չի համարել: Այդքանից հետո տարօրինակ է հնչում Էդմոն Մարուքյանի հայտարարությունը. «ժողովուրդ, կարո՞ղ է դուք սպասում էիք գաք խորհրդարան, ու ընդդիմությունը գովար ձեզ, քծներ ձեզ ու չասեր այն, ինչ մտածում է անկեղծ»։


Առավել ևս ընդդիմություն չէ ԲՀԿ-ն, որ հին ավանդույթով քննադատում էր ու դեմ քվեարկեց` ընդդիմություն պատվանունը չկորցնելու համար: Նրանց բոլոր ելույթները ավելին չէին Գագիկ Ծառուկյանի մեկ նախադասությունից, որ ասվեց ոչ թե ամբիոնից, այլ լրագրողներին. «Եթե հեղափոխական հեղափոխության համար դուխ ու կամք էր պետք, տնտեսական հեղափոխության համար՝ փող»: Փաստացի` Գագիկ Ծառուկյանը հրապարակավ նետեց` ջուր եք ծեծում, փող գտեք, որ տնտեսական հեղափոխություն անեք, ու հաստատեց` ինքը կա ու լինելու է խորհրդարաններում, որովհետև աղքատության պայմաններում բարեգործությունը քվե ստանալու լավագույն ծրագիրն է: Այսինքն` եղել է ու մնալու է ապաքաղաքական ուժ: Ասաց ու գնաց Սոչի` մասնակցելու ներդրումային հարցերով համաժողովի: Նկատի ունեցեք` ոչ Հայաստանում: Պուտինի հրավերով: Այսինքն` ռուսական դաշտում: Իսկ խորհրդարանում` ինչպես Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Անկախ մեր քվեարկությունից՝ մենք մնալու ենք ձեր համախոհը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք առավելագույնը, որ քաղաքական հեղափոխության արժեքները կապիտալիզացվեն տնտեսական հեղափոխությամբ»:


Արտախորհրդարանականներից հայտարարություն արեցին ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը:
ՀԱԿ-ը քաղաքական մասով առաջարկում է «Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ: Արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով, մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի»: Տնտեսական մասով` ՀԱԿ-ի առաջարկները հիմնականում տարիների վաղեմություն ունեն, քաղաքականի պես: Նիկոլ Փաշինյանին սահմանադրական փոփոխություններ պետք չեն, նա այն կարծիքին է, որ գործող Սահմանադրությանը պետք է ժամանակ տալ, որ աշխատի: Փոխարենը առաջարկում է դատական իշխանության բարեփոխումների, պետական կառավարման մեջ վարչապետին ենթակա պետական մարմինների՝ խորհրդարանի առջև հաշվետվողականության բարձրացման, կառավարության կառուցվածքի օպտիմալացման հարցեր լուծել, և այլն, և այլն… Սահմանադրությունը մեկ օրում չեն փոխում, դա գործընթաց է, որ ավարտվում է հանրաքվեով` անցնելով նախագիծ-քննարկում տևական շրջան: Եվ փոփոխությունից հետո սկսվում է օրենքների երկարատև համապատասխանեցում Հիմնական օրենքին: Սահմանադրության փոփոխություն պահանջողները բազում պատճառներ են բերում` հանրաքվեի կեղծված ու ոչ լեգիտիմ լինելը, բովանդակային խառնիճաղանջը, դանդաղ գործողության ական լինելը, մեկ անձի «հագով կարված» լինելը… Ճիշտ են, բայց նրանք ևս նույն սկզբունքային սխալն են անում: Ինքնամփոփված քաղաքական դաշտում հնչում են հայտարարություններ քաղաքական դաշտի համար: Ինքնակենտրոն կուսակցական դաշտում հնչում են հայտարարություններ կուսակցական դաշտի համար: Միջին վիճակագրական հայը դուրս է մնում տեսադաշտից: Որևէ կուսակցություն հայտարարություն անելիս թիրախ պիտի ընտրի միջին վիճակագրական հային` նրան ուղղի խոսքը, նրան ներկայացնի տեսակետը, նրան համոզի դիրքորոշման անհրաժեշտությունն ու հավաստիությունը: Որպեսզի սովորեցնի ընտրություն անել, սովորեցնի իր ընտրության համար պատասխանատվություն ստանձնել: Այո, այսօր հասարակությունը չի ուզում տեսակետ լսել` գրեք հիմնավորված ու պատճառաբանված հոդված որևէ թեմայով, ասենք, կառավարության կառուցվածքի, զուգահեռ գրեք կառավարության որևէ անդամի կենցաղի, եղբոր եղբոր կամ իր սիրուհու մասին: Կկարդան երկրորդը: Այդպես են ընտելացրել, դա է եղել տասնամյակների քաղաքականություն` միջին վիճակագրական հայը հեռացվել է քաղաքականությունից` դառնալով ոչ թե նպատակ, այլ իշխանություն ձևավորելու միջոց: ՈՒ իբրև հետևանք` այսօր ոչ ոք չի ուզում մտածել, ոչ ոք չի ուզում սեփական կարծիք ունենալ ու պատրաստ չէ ուրիշի կարծիքը լսել: Եթե դու համաձայն չես հեղափոխական սպիտակ իշխանության տեսակետի հետ, բոլորովին չի նշանակում, որ սև հակահեղափոխության ջրաղացն ես ջրում: Դու ունես քո տեսակետը և քո տեսակետն ունենալու իրավունքը: Մեծամասնության ձայնով չի որոշվում ճշմարտությունը: Եթե հասարակությունը սխալ է, կուսակցությունները չպետք է այդ սխալը ճիշտ համարեն ու ելակետ ընդունեն իրենց քաղաքականությունը կառուցելիս: Ընդդիմության դերը վաղվա իշխանություն դառնալն է, չի կարելի իշխանության գնալ` հարմարվողականության ու հասարակությանը հաճոյանալու հիմքերի վրա` ձայներ ստանալու համար: Որովհետև իշխանության հասնելուց հետո սկսվում է իշխանություն լինելու փորձությունը: Մթնոլորտ պետք է փոխվի, մտածելակերպ ու աշխարհընկալում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխության մեխանիզմը: Փաստացի` կառավարությունը չունի գերակայություններ և կատարում է վարչապետի ընթացիկ հանձնարարականները, որ իրենց կարևորությամբ անգամ չէին դասդասվել ու խառնիխուռն, առանց պատճառահետևանքային կապի շարադրվել էին: Օրինակ` «1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել ընթացքը, բացահայտել իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում», որին հետևում է. «2. Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով», իսկ հաջորդում է. «3.Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը»: Պարզ տրամաբանությունը թելադրում է, որ 1-ին ու 3-րդ կետերը մի խնդրի լուծման շրջագծում են, ինչու՞ են առանձնացվել և ընդմիջվել ջրով, գազով ու էլէներգիայով, որոնցով հայտնի չէ` ո՞վ պիտի զբաղվի: Եվ` այդպես մինչև 15-ը: ՈՒ դա շատ վատ է: Որովհետև եթե նույնիսկ կատարվի, ոչինչ չի տալու ու վկայում է խառնիխուռն ու ընթացիկ կառավարում, բայց` ոչ զարգացում: Գուցե «հեղափոխական հեղափոխությունները» այդպես էլ արվում են, բայց ոչ տնտեսականը: Հայաստանը փորձադաշտ չէ` հընթացս սովորելու, սխալներ անելու ու չուղղելու համար: «Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը», իսկ Հրանտ Մաթևոսյանը սովորեցնում էր ոչ միայն խեղճ չլինել, այլև հիշողություն ունենալ, տեր լինել ու… մտածել:

Դիտվել է՝ 2948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ