Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիացիների երկամսյա մարաթոնն ավարտվեց

Ֆրանսիացիների երկամսյա մարաթոնն ավարտվեց
18.03.2019 | 10:33

Ֆրանսիայում ավարտվել է համազգային երկխոսության առաջին շրջանը, որ սկսել էր նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 15-ին` դուրս գալու համար դեղին ժիլետների ստեղծած քաղաքական ճգնաժամից: Ավարտվել են տեղական ժողովներն ու օնլայն առաջարկների ընդունումը: Հիմա մնում է վերլուծել հարյուր հազարավոր առաջարկներն ու հրապարակել «թանձրուկը», որ ինչպես նախագահն էր ասում` պետք է լինի նոր «սոցիալական պայմանագրի» հիմքում: Դեկտեմբերին, երբ համազգային դեբատները նոր էին սկսվում, նախաձեռնությունը բազում քննադատական ու հոռետեսական գնահատականների բախվեց: Կազմակերպիչներն էլ ժողովրդական մեծ հաջողության հույս չունեին: Սակայն մարտի 15-ին դեբատների պաշտոնական կայքում հազարից ավելի միջոցառումներ են նշված, որոնց կես միլիոնից ավելի մարդ է մասնակցել: Մեկուկես միլիոն առաջարկներ են արվել ինտերնետով: Սեփական գաղափարները կարելի էր գրառել և քաղաքապետարաններում դրված հազարավոր «բողոքի գրքերում»: Այս մասշտաբով համազգային խորհրդակցությունների պատմական փորձ գործնականում չկա: Ոմանք հիշում են 1789-ի հրահանգները, այսպես կոչված` «բողոքի տետրերը» (cahiers de doléances), որոնցով 3 դասերի ընտրիչները դիմում էին գլխավոր նահանգների պատգամավորներին: Ալեքսիս դե Թոքվիլը «Հին կարգը և հեղափոխությունը» գրքում այդ ձեռագիր հատորներն անվանում է «ֆրանսիական անհետացած հասարակության ինքնատիպ կտակ, նրա ցանկությունների բարձրագույն արտահայտություն, նրա վերջին կամքի իրական դրսևորում»: Որքանո՞վ ներկա հասարակական քննարկումները կարելի է համարել Ֆրանսիայի հասարակության ցանկությունների բարձրագույն ատահայտություն: Ֆրանսիայի պետական խորհրդի նախկին անդամ ու սահմանադրական իրավունքի մասնագետ Դիդիե Մոսը գտնում է, որ ժողովրդական դեբատները նվազագույնը 2017-ի նախընտրական դեբատների «պարտականությունն են կատարել»: «Համազգային երկխոսությունը 2017-ին տեղի ունեցած ընտրությունների նախընտրական ծրագրային դեբատների պարտականությունը կատարեցին: Կես տարում (երբ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն էին) չէին եղել իսկական իմաստային դեբատներ: Առաջին փուլում նրանք, որ ասելիք ունեին, էլեկտորալ հեռանկարներ չունեին: Նրանց, որ հեռանկարներ ունեին, տարբեր հանգամանքներ խանգարեցին: Էմանուել Մակրոնը անցավ առաջին փուլն առանց իրական քաղաքական առճակատման: Երկրորդ փուլում, և դա բոլորովին գաղտնիք չէ, որևէ ծրագրային երկխոսություն չեղավ (Էմանուել Մակրոնի ու Մարին Լե Պենի միջև): Հիմնական բարդությունը` իշխանության ելակետը ոչ միայն անձնական, այլև քաղաքական լեգիտիմությունն էր: Ես կարծում եմ, որ քաղաքական լեգիտիմությունը գերագնահատվեց: Հասարակական դեբատները այդ իմաստով հենց քաղաքականության բովանդակության լեգիտիմություն ձեռքբերելու համար էին»:

Սահմանադրությունից` Զիդան
Հանդիպումների համարյա կեսը կազմակերպել էին ֆրանսիական կոմունաների քաղաքապետերը, մնացածը `ասոցիացիաները կամ մասնավոր անձինք: Որոշ դեբատներ դահլիճներում էին անցնում կամ ավելի ոչ պաշտոնական մթնոլորտում` սրճարաններում: Խորհրդակցությունները (grand débat national) վերաբերում էին 4 հիմնական թեմաների` բնապահպանություն, հարկեր, պետական կառույցների աշխատանք, քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքական կյանքում: Մարտի 11-ին «ժողովրդավարական կյանքի նորացման» երեք ժամանոց դեբատներ եղան Փարիղի Արդյունաբերության տանը: Հանդիպման էր եկել 300 մարդ: Ելույթ ունեցողներից մեկը առաջարկեց Ֆրանսիայում անցկացնել խորհրդարանի «միջանկյալ ընտրություններ»` ինչպես ԱՄՆ-ում է: Մյուսը բարձրացրեց քաղաքացիների առաջարկով հանրաքվեի հարցը: Վերջում հիշեցին Փարիզի օդանավակայանների մասնավորեցումն ու Զիդանի վերադարձը Մադրիդի «Ռեալ»: Դիդիե Մոսը գտնում է, որ դեբատների հաջողության պատճառը ֆրանսիացիների իրական ցանկությունն է` իրենց մտքերը տեղ հասցնել և իրենց հասարակական քաղաքականության մեջ զգալ: Նա համեմատում է իրավիճակը ԵՄ Սահմանադրության 2005-ի ֆրանսիական հանրաքվեի քննարկումների հետ: «Այս ժողովրդական հաջողությունն ինձ չի զարմացնում: 2005-ին մենք ԵՄ Սահմանադրության հանրաքվե ունեինք: Հարյուրավոր հանդիպումներ եղան, այդ հարցը իրականում գրավում էր մարդկանց: Իմ գործընկեր պրոֆեսորներից մեկը(ինձնից տարիքով) այն ժամանակ ինձ ասաց, որ չի հիշում Ֆրանսիայում այդքան հասարակական քննարկումներ ազատագրության ժամանակներից: Կային, որ կողմ էին, կային, որ դեմ էին, ի վերջո առաջարկված Սահմանադրությունը մերժվեց, բայց դա չէ խնդիրը: Կա հասարակական քննարկումներին մասնակցելու իրական ցանկություն: Մարդիկ ուզում են ասել` ինչ են մտածում»` արձանագրում է Դիդիե Մոսը:


Քննադատություն ու անկախություն
Դիտորդները համակարծիք են, որ քննարկումների հաջողության մեջ մեծ դեր ունեցավ նախագահ Էմանուել Մակրոնի անձնական ներգրավվածությունը, որ մասնակցեց մի քանի ժամանոց դեբատ-մարաթոններին երկրի բոլոր շրջաններում: Իզուր չէր դեբատների պաշտոնական սկիզբը նորմանդական Գրան Բուրտերուլդ նորմանդական գյուղակում, որտեղ նախագահը 6 ժամ շփվում էր քաղաքապետերի հետ մարզական համալիրում: Ընդդիմությունը դեբատները համարում է թաքցրած նախընտրական արշավ և կասկածներ է հայտնում բանավեճերի անկախության առումով: Քննադատության ֆոնին ստեղծվեց 5 մարդուց հատուկ կոլեգիա` անկանխակալության ու բազմակարծության երաշխավորների: Երկու երաշխավոր նշանակեց կառավարությունը, երեքին` Ազգային ժողովը, Սենատը ու Տնտեսության, սոցիալական հարցերի ու շրջակա միջավայրի խորհուրդը (CESE): Երաշխավորներից մեկը` քաղաքագետ Պասկալ Պերինոն քննադատում է նախագահի չափազանց ակտիվ ներգրավվածությունը բանակցային գործընթացում: Նա ընդգծում է, որ արդար է սահմանաբաժան անցկացնել նախագահի ու կառավարության ակտիվության միջև դեբատների շուրջ ու բուն քննարկումների միջև: «Երաշխավորների կոլեգիան միշտ նշել է, որ նախագահական ու կառավարական «շփումը», հավանաբար, կարևոր ու պետք են սկզբում, որպեսզի հետաքրքրեն ու մոբիլիզացնեն: Բայց իշխանությունները մնացին դեբատներում ամբողջ ընթացքում: Երաշխավորների կոլեգիան գտնում է, որ դա կարող է հարուցել քննարկումներին մասնակցել ցանկացող քաղաքացիների կասկածները: Նրանք կարող են համարել, որ դեբատները ոչ բավականաչափ չեզոք ու անկախ են: Երաշխավորները վստահ են, որ պետք է հստակ սահմանագծել այն ամենը, որ վերաբերում է կառավարական շփումներին մի կողմից և խորհրդակցությունների գործընթացին` մյուս կողմից»` ասում է Պասկալ Պերինոն:


Հետո ի՞նչ
Առաջարկների այս վիթխարի քանակը վերլուծում են մասնագետները: Նրանք կհամակարգեն ու կհրապարակեն ապրիլին: Նախագահը վստահեցրեց, որ դեբատներում արտահայտված «ժողովրդական ձգտումները» կլինեն նոր «սոցիալական պայմանագրի» հիմքում, իսկ կառավարությունը քննարկումների ավարտին հաշվի կառնի բոլոր կարծիքներն ու առաջարկները: Մինչև մարտի 23-ը Ֆրանսիայի շրջաններում կանցկացվեն ազգային խորհրդակցությունների արդյունքներն ամփոփող թեմատիկ համաժողովներ: Ապրիլի սկզբին դեբատների արդյունքները կամփոփի Ազգային ժողովը: Ապրիլի 9-ին նախատեսված է խորհրդարանի նիստ և վարչապետ Էդուար Ֆիլիպի ելույթը: Հետո կառավարությունը պիտի սկսի կոնկրետ բարեփոխումներ, որ խոստանում են հրապարակել ամռանը: Իսկ մինչ այդ դեղին ժիլետները մտադիր են ապրիլի 16-ին բեկանել ազգային դեբատների առաջին փուլի ավարտը հերթական բողոքի ակցիայով: Վերջերս սոցհարցումը ցույց տվեց շարժման թեթևակի ակտիվացում, թեպետ ամեն շաբաթվա հետ շարժումն ավելի ու ավելի է «խեղդվում»: Ֆրանսիացիների 70%-ը գտնում է, որ ազգային դեբատները երկիրը դուրս չեն բերի քաղաքական ճգնաժամից:
RFI


Հ.Գ. Հարց` պատկերացնու՞մ եք որևէ թեմայով ազգային երկխոսություն Հայաստանում: Բացի Արցախի հարցից, կա՞ համազգային թեմա: Ասենք` ինչպե՞ս են Հայաստանում ու սփյուռքում հայերը պատկերացնում տնտեսական հեղափոխությունը և ի՞նչ առաջարկներ ունեն: Քաղաքական շփման այս տարբերակը կգործի՞ Հայաստանում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ