Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թեհրանում Փաշինյանին «առաջադրանք» և «մտածելու ժամանակ» են տվել

Թեհրանում Փաշինյանին «առաջադրանք» և «մտածելու ժամանակ» են տվել
19.03.2019 | 01:55

(Նախորդ մասը)

Իրանական այլ ԶԼՄ-ներ (IRNA, Mehr news և այլն), ի հավելում վերոնշյալի, հաղորդել են, որ «ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը խոսել է Հայաստանի քաղաքական գործընթացների և ժողովրդական հեղափոխության մասին։ Այաթոլահ Խամենեին նշել է, որ ուշադրությամբ հետևել է հայաստանյան գործընթացներին, որոնք անցել են խաղաղ ու ժողովրդավարական նորմերին համապատասխան»։
Փորձենք վերծանել այաթոլահ Խամենեիի ակնարկները։ Նրա յուրաքանչյուր դրույթն ապացուցում է, որ և՛ նա, և՛ Իրանի համապատասխան պետկառույցներն ուշադիր հետևել են անցյալ տարվա հայաստանյան իրադարձություններին, տեղեկություններ կուտակել և այլն։ Նույնիսկ սույն տողերի հեղինակը կարող է վկայել, որ երբ Երևանում առիթ է եղել խոսելու իրանական դեսպանության ներկայացուցիչների հետ մերձավորարևելյան մի շարք հարցերի մասին, դիվանագետները ցույց են տվել, որ գիտեն, թե Հայաստանի ԱԳՆ-ի աշխատակիցներից վերջերս ովքեր են հրապարակավ հանդես եկել Իսրայելի հետ Հայաստանի կտրուկ մերձեցման օգտին։ Այնպես որ, այաթոլահ Խամենեիի խոսքը քաղաքավարության տուրք չէ, ոչ էլ Հայաստանի վարչապետի վրա տպավորություն գործելու ցանկություն, այլ իրանական տարբեր պետկառույցների մեծաթիվ անձանց ամենօրյա աշխատանքի արտացոլումը։ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գործով խորհրդական Ջոն Բոլթոնին հիշատակելը, նշելը, որ ԱՄՆ-ի միջամտությունն ամենուրեք առաջացնում է «խռովություն, կոռուպցիա, բախումներ և պատերազմ», վկայում են, որ նման փափուկ ձևով Իրանի առաջնորդը գործնականում Փաշինյանին թելադրեց այն գլխավոր պայմանները, որոնց դեպքում նախագահ Ռոհանին և Իրանի կառավարությունը պատրաստ կլինեն կենսագործելու հայ-իրանական կամ բազմակողմանի այն նախագծերը, որոնց մասին Թեհրանում խոսում էր հայոց վարչապետը։ Իսկ ԱՄՆ-ի կողմից կոռուպցիա հրահրելու մասին հիշատակումը հստակ ցույց է տալիս, որ Իրանին հիանալի հայտնի է, թե «Հայաստանի հեղափոխականներից» ով է կախված եղել կամ կախված է ԱՄՆ-ի դրամաշնորհներից կամ ամերիկամետ, այդ թվում` հակաիրանական, «հիմնադրամներից»։


Խամենեիի ասածներում չհնչած ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խնդրի վերաբերյալ։ Դրանք նշանակում են. 1) ԼՂՀ-ի և կարգավորման բանակցությունների վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, 2) պատերազմը բացառված է. Իրանը կոշտ կողմնակից է, որ բանակցությունները շարունակվեն հենց հակամարտող կողմերի միջև, 3) հրապարակավ չհնչած ամենակարևոր բանը. ոչ մի տեսակի «երրորդ ուժեր», հատկապես` «արտատարածաշրջանային», ամեն ինչ` բացառապես հայերի և ադրբեջանցիների միջև, իսկ Իրանը, տասնամյակներ անց, պատրաստ է վերականգնելու իր միջնորդությունը։ Կարող ենք ավելացնել. ըստ Կասպից ծովի մասին համաձայնագրի, Ռուսաստանն այն «արտատարածաշրջանային ուժերից» չէ, որոնք մերժվում են Իրանի կողմից։ Արցախի մասին այաթոլահ Խամենեիի ասածների բառացի լրիվ թարգմանությունը սա է` տարածաշրջանում ոչ մի ԱՄՆ և ՆԱՏՕ։ Կամա-ակամա ենթադրվում է. «Հարևաններ, հեռու քշեք «Մադրիդյան սկզբունքները», քանի որ դրանց կետերից մեկը նախատեսում է հակամարտության գոտում (այսինքն` անմիջականորեն Իրանի հյուսիսային սահմաններին կամ դրանց մոտակայքում) ինչ-որ միջազգային զորակազմի առկայություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի 2005-06 թթ. առաջարկություններով ԱՄՆ-ը պնդում էր, որ որ այդ զորակազմը ձևավորվի բացառապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներից։ Եվս մեկ անգամ կրկնենք. Խամենեիի այդ ակնարկը պակաս թափանցիկ չէ, քան նրա այն վստահ մեղադրանքները, որ որտեղ առկա են ԱՄՆ-ը և նրա ֆինանսական հոսքերի հետ կապված մարդիկ, հենց այնտեղ էլ, առաջին հերթին, առկա է կոռուպցիան։
Նախագահ Ռոհանին շատ բաների մասին է խոսել Փաշինյանի հետ և շատ բան խոստացել։ Բայց Հայաստանի վարչապետը պատրա՞ստ է անսալու այաթոլահ Խամենեիի նախազգուշացումներին և ակնարկներին։ Դա կերևա հայկական ղեկավարության հետագա վարքից, Իրանի նկատմամբ նրա հետագա հռետորաբանությունից։ Եվ որևէ մեկը չպետք է հույս ունենա, որ Թեհրանում ուշադրություն չեն դարձրել հետևյալ փաստին. Իրան մեկնելուց առաջ խոսելով այցի օրակարգի մասին` Փաշինյանն ստիպված էր պատասխանելու այն հարցին, թե ինքն ու իր կառավարությունն ինչպես են վերաբերվում Թեհրանի դեմ ԱՄՆ-ի ապօրինի պատժամիջոցներին։ Ահա թե ինչ պատասխանեց Փաշինյանը. «Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է։ Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջը ծավալվող բոլոր իրադարձություններին։ Ինչպես գիտեք, 2015 թ. Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ընդունումը, քանի որ ղեկավարվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ են բացվում տարածաշրջանային կայունության ու համագործակցության համար։ Բնականաբար, Իրանի շուրջը ծավալվող վերջին իրադարձությունները հուզում են նաև մեզ։ Այդ պայմաններում Հայաստանը շարունակում է համաձայնեցված աշխատել, բաց երկխոսություն վարել իրանական կողմի և գործընթացի մեջ ներգրավված մյուս բոլոր կողմերի հետ։ Մենք հստակ պատկերացնում ենք մեզ հուզող խնդիրները, մեր մտահոգությունը և դիրքորոշումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դրական գործոն դառնալ ծագած խնդիրների լուծումը փնտրելիս»։ Սովորական խոսամոլություն է. չկան ոչ մի հստակ ու միարժեք մեկնաբանվող գնահատական, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հավանություն կամ դատապարտում։ Համոզված ենք` մեր ընթերցողներն էլ կհամաձայնեն, որ նման պատասխանը Թեհրանում միայն ուժեղացնում էր այն կասկածները, որ Իրան այցից առաջ Փաշինյանի անձև հայտարարություններն այն բանի հետևանք են, որ պաշտոնական Երևանը գտնվում է ԱՄՆ-ի ճնշման ու ազդեցության տակ։


Այդ պատճառով մենք հակված ենք նախագահ Ռոհանիի հայտարարություններն ու խոստումները համարելու երկրորդական` այաթոլահ Խամենեիի ակնարկների ու նախազգուշացումների ֆոնին։ Իրանը պատրա՞ստ է ավելացնելու Հայաստանին գազամատակարարման ծավալները։ Այո, և այդ մասին ասել է ոչ միայն Փաշինյանին, այլև նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Իսկ երբ Փաշինյանն ասաց, որ «հետագա քննարկումների ու բանակցությունների ժամանակ կարևոր է ընդհանուր հայտարարի գալ գնի հարցում (գազի)», Ռոհանին հակադարձեց. այո, և պետք է վերահաշվարկել այն էլեկտրաէներգիայի գինը, որն Իրանն ստանում է փոխանակմամբ իր մատակարարած գազի փոխարեն։ Երբ հայկական կողմն սկսեց խոսել գազ տեղափոխելու համար (ու՞ր, Վրաստա՞ն. երևի Իրանին դա շատ է պետք...) տարանցիկ տարածք դառնալու իր պատրաստակամության մասին, Ռոհանին պատասխանեց. խնդրեմ, «...բանակցության ընթացքում քննարկվեց էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Իրանի համագործակցությունը եռակողմ ձևաչափով` Վրաստանի հետ, և քառակողմ ձևաչափով` Ռուսաստանի հետ»։ Դատելով Հայաստանի վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մարտի 1-ի հայտարարությունից, Թեհրանը գերակայությունը տալիս է Ռուսաստանի մասնակցությամբ քառակողմ ձևաչափին. «Պայմանավորվածություն կա ապրիլին Թեհրանում Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան քառակողմ ձևաչափով հանդիպման մասին»։ Պե՞տք է որևէ բան ավելացնել։ Մեր կարծիքով` ոչ. գերակայությունները որոշված են։ Իրանի համար Հարավային Կովկասը և՛ կենսականորեն կարևոր շահերի գոտի է, և՛ Ռուսաստանի հետ շահերի զուգադիպման աշխարհագրական տարածք, և Թեհրանը չի ցանկանում Երևանում կամ Թբիլիսիում գտնվող որևէ մեկին հաճոյանալու համար նպաստել արտատարածաշրջանային ուժերի ու երկրների կողմից Այսրկովկասը թեկուզ պարզապես Ռուսաստանի հետ մրցակցության գոտի դարձնելուն։ Կարծում ենք, որ Հայաստանի վարչապետի շրջապատի ամերիկամետները կարող են հանգիստ զանգահարել Վաշինգտոն և զեկուցել. «չհաջողվեց։ Իրանը խայծը կուլ չտվեց»։


Ռոհանիի ասածից առանձնացնենք այն ծրագրին վերաբերող հատվածը, որ նա դեռ 2016-ի դեկտեմբերին ներկայացրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սագսյանին. «Քննարկման մյուս թեման Հայաստանով Պարսից ծոցը Սև ծովին կապելու հարցն էր։ Վերջում պետք է ասեմ, որ ամենակարևոր կետն այն է, որ երկու երկիրն էլ ունեն հարաբերությունները զարգացնելու ցանկություն, ներուժ և կամք։ Մենք համապատասխան անձանց հանձնարարել ենք բոլոր հարցերը քննարկել մինչև միջկառավարական հանձնաժողովի նիստը»։ Վերջ, ավելի լուրջ որևէ բան միջկառավարական մակարդակով չկա։ Ընդամենը` «երկու երկրները լի են ցանկությամբ»։ Իսկ այդ ցանկություններն ու պլանները կդառնա՞ն իրականություն, կախված է այն բանից, թե Փաշինյանն ինչպես էր լսում այաթոլահ Խամենեիին և պատրա՞ստ է դրանք հաշվի առնելու։ Իսկ Ռոհանիի հիշեցումը, թե վաղուց իրանական պլան կա Պարսից ծոցից դեպի Սև ծով Հայաստանով անցնող երաշխավորված փոխադրական-հաղորդակցական միջանցք ստեղծելու մասին, վերաբերում է ոչ միայն պաշտոնական Երևանին, այլև Վրաստանի իշխանություններին, որոնք Սալոմե Զուրաբիշվիլու ընտրվելուց հետո, ինչպես կարելի է հասկանալ, արտաքին քաղաքականության մեջ մտադիր են ուժեղացնելու հակառուսական և ՆԱՏՕ-ամետ վեկտորները։ Համաձայնեք, որ Իրանի և Ռուսաստանի դաշնակցության դեպքում, այդ թվում` Այսրկովկասում, հենց տվյալ գործոններն են դառնալու հարաբերությունների զարգացման, համագործակցության ամրապնդման շարժիչը կամ, հակառակը, ոչ թե իրանական գազի կամ հայկական էլեկտրաէներգիայի գները։ Եվ «Փաշինյանի ժամանակաշրջանում» իրադրության նկատմամբ Իրանի ու Հայաստանի մոտեցումների տարբերությունն առկա է։ Ռոհանին հայտարարում է, որ երրորդ երկրները չպետք է տեղ ունենան Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում. «Թեհրանն ու Երևանը վճռականորեն շարունակում են իրենց հարաբերությունները համաձայն իրենց ազգային շահերի, որ ոչ մի երրորդ երկիր չկարողանա միջամտել նրանց կապերին» (IRNA), իսկ Ապարանում Փաշինյանը խոսում է միայն այն մասին, որ երրորդ երկրների հետ Երևանի ու Թեհրանի հարաբերությունները չպետք է խանգարեն հայ-իրանական երկկողմ կապերին։ Այդ ձևակերպումները բոլորովին էլ նույնը չեն, ինչպես կարող է թվալ։ Թեկուզ այն պատճառով, որ Ռոհանիից հետո զրուցելով Փաշինյանի հետ, այաթոլահ Խամենեիին հստակ նշեց, թե որ երրորդ երկիրը չպետք է ազդի Իրանի և Հայաստանի հարաբերությունների վրա...


Իրան Ն. Փաշինյանի այցի մեր նախնական վերլուծությունն ավարտենք կարևորագույն տեղեկությամբ, որը մարտի 2-ին տարածել է IRNA-ն։ Հնդկաստանն Իրանով Եվրոպային միացնելու նպատակով «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրական միջանցքի նախագիծը, 17 տարի հետո, պետք է իրականացվի։ 2000-ի սեպտեմբերին Պետերբուրգում, տրանսպորտին նվիրված երկրորդ Եվրասիական կոնֆերանսում, միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման մասին։ Մասնակից երկրներն էին Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը։ Ժամանակի ընթացքում նախագիծն առաջվա պես մնում էր գրավիչ, և ավելի ուշ պայմանագրին միացան Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Օմանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքիան և ՈՒկրաինան, իսկ Բուլղարիան հանդես է գալիս որպես դիտորդ` հաղորդում է IRNA-ն։
Միջազգային տրանսպորտային միջանցքը Հնդկական օվկիանոսը և Պարսից ծոցն Իրանով կմիացնի Կասպից ծովին, հետո Ռուսաստանով` Սանկտ Պետերբուրգին ու Հյուսիսային Եվրոպային։ Լիակատար ակտիվացման դեպքում «Հյուսիս-Հարավը» կարևորագույն տարանցիկ ուղի կդառնա Ասիայի ու Եվրոպայի միջև, որն ապրանքների մատակարարման ծախսը և ժամանակը կկրճատի 30-40 %-ով։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Հեյրոլա Ղադեմին հայտնել է IRNA-ին, որ Ղազվին-Ռաշտ երկաթուղու նախագծի վրա ծախսվել է 1,85 տրիլիոն դոլար, բայց նրա այժմյան արժեքը գերազանցում է 4 տրիլիոն դոլարը։ Ըստ նրա, Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցումից հետո կմիանա Կովկասի երկրներին և Ռուսաստանին։ Հնդկաստանից ապրանքները կառաքվեն Բենդեր Աբաս (Պարսից ծոցի ափ), այնտեղից` Բենդեր Էնզելի (Կասպից ծովի ափ), հետո ծովով` Աստրախան, այնուհետև երկաթգծով` Եվրոպա։ «Հյուսիս-Հարավ» միջանցքը Հնդկական Մումբայից մինչև Մոսկվա բեռնափոխադրման ժամանակը կկրճատի մոտ 20 օրով։ Միջանցքի նախատեսվող թողունակությունը տարեկան 20-30 մլն տոննա է։


Մենք այս դեպքում ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլև Ադրբեջանի քաղաքացիների հատուկ ուշադրությունն ենք հրավիրում հետևյալին. IRNA-ի հաղորդագրության մեջ հստակ նշված է միջանցքի երթուղին, որն Իրանը չպետք է «հարմարեցնի» ոչ Հայաստանի, ոչ Վրաստանի, ոչ էլ Ադրբեջանի հետ. Մումբայ (նախկին Բոմբեյ, Հնդկաստան)-Բենդեր Աբաս (Իրան)-Բենդեր Էնզելի (Իրան)-Աստրախան(ՌԴ)-Մոսկվա- Սանկտ Պետերբուրգ (ՌԴ)-Հյուսիսային Եվրոպա։ Հարավկովկասցիները կամ արդեն «ուշացել են գնացքից», կամ էլ պետք է շտապեն և «ընթացքի ժամանակ ցատկեն վագոն»։ Ամեն դեպքում, «եվրոպական ճեպընթացը» չի սպասի, որ Երևանում, Թբիլիսիում և Բաքվում տեղի «կոմպլեմենտար» քաղգործիչների ուղեղները հասունանան մինչև Իրանի կարևորության գիտակցումը տարածաշրջանային ցանկացած կոորդինատային համակարգում։ Վարչապետ Փաշինյանին Թեհրանում յուրատեսակ «կանխավճար» են տվել, ընդ որում` կարճաժամկետ, թեև իրանցիները կարողանում են նաև սպասել։ Սակայն խնդիրն այն է` Փաշինյանը պատրա՞ստ է արդարացնելու և հատուցելու ապագային ուղղված այդ «կանխավճարը»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ