Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ գա հավիտենությունը, սատանան պիտի ջախջախվի, և նրա բաժինը լինելու է դժոխքի տանջանքը

Երբ գա հավիտենությունը, սատանան պիտի ջախջախվի, և նրա բաժինը լինելու է դժոխքի տանջանքը
26.03.2019 | 00:06

Աստվածաշնչում ասված է, որ Աստված, երբ ստեղծում էր աշխարհը, ամեն բան իմաստությամբ կարգավորեց ու դասավորեց ամեն ինչ «թվով, կշռով ու չափով»:
Դա նշանակում է, որ ամբողջ արարչության մեջ ի սկզբանե հաստատված է Աստվածային կատարյալ ներդաշնակություն:


Ամեն ինչ, որ ստեղծվեց, մի տեղ խառնված չէր, այլ խելացիորեն տեղավորված ու կարգավորված: Դա վերաբերում է նաև աշխարհաստեղծման այնպիսի սահմանումին, ինչպիսին է ժամանակը: Ժամանակը, ինչպես և մնացած ամեն ինչ, տրված էր ոչ թե պարզապես անդեմ, միապաղաղ ու անսահման տևողություն, այլ ևս իմաստությամբ և խոհեմությամբ էր կազմակերպված ու հաստատված` բաժանված լինելով ժամանակահատվածների, որոնք Երկնավոր Հայրը սահմանեց Իր իշխանության տակ:
Ինչպես հայտնի է, երկրավոր ժամանակը բաժանվում է օրերի, շաբաթների, ամիսների, տարիների, դարերի և հազարամյակների: Դրա շնորհիվ այն չի հանդիսանում անձև և անտարբեր մի ընթացք, այլ մեր կողմից կարող է լինել գնահատված, բնութագրված և գիտակցված: Եթե, օրինակ, մենք համեմատենք աշխարհի պատմությունը կամ առանձին մարդու կյանքը դրամայի հետ, ապա ժամանակներն ու ժամկետները, ժամանակի փուլերն ու հատվածները կդառնան այդ դրամայի գործողություններն ու ակտերը: Եվ ամեն մի ակտ, գործողություն կամ ժամանակաշրջան ունի իր իմաստը, գաղափարն ու բովանդակությունը:
Ի՞նչ է, ի վերջո, ժամանակը, և ե՞րբ այն հայտնվեց: Ժամանակը անկյալ նյութեղեն աշխարհի գոյության կերպն է: Աստվածաբանների մեջ կարծիք կա, որ ժամանակը առաջացավ, երբ հրեշտակների աշխարհում անկում տեղի ունեցավ: Դրանից առաջ ժամանակ չի եղել, այլ կար բացարձակապես այլ բան, ինչը սուրբ հայրերն անվանում են արարված հավիտենություն: Աստծո դեմ իրենց ըմբոստությամբ անկյալ հրեշտակները այդ հավիտենության շրջանագիծը պատռեցին, որից հետո արարածների ապրելակերպը հիմնավորապես փոխվեց` դառնալով նյութեղեն և տարածային- ժամանակավոր: Այսպիսով, այստեղից կարելի է եզրակացնել, որ ժամանակի նշանակությունն այն է, որ սահման դրվի չարին: Չարը չպիտի մնար հավիտենության մեջ, չպետք է լիներ անվերջանալի, դրա համար էլ հայտնվեց ժամանակը:
Ժամանակը, անշուշտ, սահման, վերջ ունեցող հասկացություն է. այն սկսվել է և պիտի մի օր ավարտվի: Սուրբ Գիրքը մեզ հայտնում է, որ ժամանակների ավարտին պիտի նորից վերականգնվի հավիտենությունը, որտեղ ժամանակը չի լինելու: Այդ հավիտենությունը լինելու է երկակի. նրանց համար, ովքեր Աստծո հետ են, հավիտենական փառք, իսկ մյուսների համար, ովքեր Աստծո հետ չեն կամ հակառակ են Նրան, հավիտենական ամոթ և տանջանք: Այդ հավիտենական մահից ու տանջանքից ազատվելու և հավիտենական փառքին արժանանալու համար աշխարհ եկավ Քրիստոս Փրկիչը` Թագավորը և Տերը գալիք հավիտենության: Եվ նրանք, ովքեր հետևում են Նրան, պիտի արժանանան Իր Թագավորության փառքի մեջ մտնելուն:


Երանական հավիտենության մեջ սրբերն ու արդարները պիտի լրացնեն ժամանակին երկնային երանությունից ընկած անկյալ հրեշտակների տեղերը: Այդ իսկ պատճառով դևերը (անկյալ հրեշտակները) անհաշտ պայքար են մղում քրիստոնյաների դեմ. չէ՞ որ նրանք գիտեն, որ մենք պիտի զբաղեցնենք այն տեղերը, որոնք մի ժամանակ նրանց էին պատկանում` նախկին հավիտենության մեջ: Դևերը լավ գիտեն, թե ինչպիսի, ոչ մի բանի հետ չհամեմատվող փառքի են արժանանում նրանք, ովքեր մտնում են այնտեղ, դրա համար էլ իրենց չարության ու նախանձի ամբողջ ուժով փորձում են մեզ այդ փառքից զրկել:
Բացի դրանից, սատանային հայտնի է, որ նա իշխանություն ունի այս աշխարհի վրա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի և շարունակվում է ժամանակը: Իսկ երբ այն ավարտվի և գա հավիտենությունը, սատանան պիտի ջախջախվի, և նրա բաժինը լինելու է դժոխքի տանջանքը: Սակայն ժամանակը չի կարող ավարտվել, քանի դեռ հավիտենություն չի մտել փրկված արդարների ամբողջական թիվը: Այդ իսկ պատճառով սատանան խանգարում է մարդկանց փրկվելուն, որպեսզի հնարավորինս հետաձգի իր վերջնական պարտության պահը:
Այսպիսով, մենք ամենից առաջ պիտի հիշենք, որ երկրավոր մեր կյանքի ժամանակը մեզ տրված է նրա համար, որ մենք, օգտագործելով այն, ձեռք բերենք երանելի հավիտենական կյանք: Դրա համար էլ երկրի վրա չկա ավելի թանկ բան, քան ժամանակը: Քանի որ միայն դրա միջոցով մենք կարող ենք պատրաստվել հավիտենությանը: Պատրաստությունն էլ կայանում է ապաշխարության և Քրիստոսի պատվիրանների համաձայն ապրելու մեջ: Սուրբ Պայիսիոս Աթոսացին ասում է, որ դժոխքում գտնվող հոգիները ամեն ինչ կտային` երկրավոր կյանքի ժամանակից ապաշխարության գոնե հինգ րոպե ունենալու համար: Սակայն դժոխքում ժամանակ գոյություն չունի, և այն ոչ մեկը չի կարող տալ: Իսկ մենք այդ ժամանակը դեռ ունենք և պիտի գնահատենք այն ու ճիշտ օգտագործենք: ՈՒշադրություն դարձնենք, թե ինչպես և ինչի համար ենք այն ծախսում...


Ժամանակի հոսանքը տանում է մեզ հավիտենության օվկիանոսը, և մենք անխուսափելիորեն մոտենում ենք այս աշխարհից մեկնումին: Քրիստոնեական գրողներից մեկն ասում էր, որ մենք ընթանում ենք դեպի հավիտենություն վաթսուն րոպե/ժամ արագությամբ: Արա՞գ է դա, թե՞ ոչ: Երկա՞ր է համարվում մեր կյանքը, թե՞ կարճ:
Մի կողմից երկրավոր կյանքը բավական է, որ մարդ իրեն դրսևորի, կատարի իր ընտրությունը և պատրաստվի հավիտենությանը: Սակայն, մյուս կողմից, հավիտենության հետ համեմատած, երկրավոր կյանքը անչափ փոքր է, ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատ, կամ ավազի հատիկը` անսահման անապատի համեմատ:


Ձգտե՛նք ամեն կերպ գնահատել ժամանակը, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Օգտագործենք այն սուրբ առաքյալի խոսքի համաձայն` ոչ թե հիմարաբար, այլ որպես իմաստուններ: Որովհետև օրերը խաբուսիկ են, և մեր վախճանի ժամանակը հայտնի չէ: Երանելի է այն մարդը, ով ապրում է այնպես, իբր ամեն վայրկյան պատրաստվում է Աստծո առաջ ներկայանալուն: Այդպիսի մարդուն Աստված կասի` դու հավատարիմ էիր Ինձ փոքրում` երկրավոր ժամանակի մեջ, դրա համար Ես տալիս եմ քեզ մեծը` Իմ Թագավորության հավիտենական փառքը: Արդյո՞ք Քրիստոսի Թագավորության հավիտենական փառքը այնքան չարժի, որ այն ձեռք բերելու համար օգտագործվի արագահոս երկրավոր ժամանակը: Իհարկե արժի: Եվ եթե այդպես է, ուրեմն, քանի դեռ մենք ունենք երկրավոր ժամանակը, աշխատենք, սիրելինե՛ր, ջանքեր չխնայենք, որպեսզի արժանանանք հավիտենական Թագավորության փառքին: Ամեն:


Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ