Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Օգտագործվող հուշարձանն ավելի լավ է պահպանվում. դա չգրված օրենք է»

«Օգտագործվող հուշարձանն ավելի լավ է պահպանվում. դա չգրված օրենք է»
23.04.2019 | 03:13

Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցու փլուզման լուրը շատ արագ տարածվեց սոցցանցերում: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում։ Փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով: Մշակույթի նախարարի տեղակալ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ Խդրանցի եկեղեցին կառուցվել է 1899-ին, ոչ սրբատաշ քարերից, հիմնականում` կավահողով: Կենտրոնում` պատի կտրվածքի կենտրոնում կրահող է, արտաքին և նեքին մասերում՝ ոչ սրբատաշ քար:Եկեղեցին չէր գործում, քանի որ վթարային վիճակում էր:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի մարզային ծառայություններ, որոնք իրենց մարզերում շրջայցեր են կատարում և մոնիթորինգ անում, թե որ հուշարձանն ինչ վիճակում է: Նախարարությունն ունի անհապաղ միջամտության կարիք ունեցող հուշարձանների ցանկ, որը ներկայացվում է մոնիթորինգից հետո: Վերջին անգամ եկեղեցի ապրիլի 10-ին են այցելել, լուսանկարներ են արել (կից ներկայացնում ենք լուսանկարները-Ա. Ս.), և փլուզման վտանգի մասին նախարարությունը տեղեկություն չի ստացել: Բայց 10-11 օր հետո եկեղեցին փլուզվել է: Տիգրան Գալստյանը նշեց նաև, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ հեռախոսազրույց է ունեցել, համատեղ այցի պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց ճանապարհները բարվոք վիճակում չեն, ուստի փոխմարզպետն ինքը կայցելի եկեղեցի, տեղում կծանոթանա խնդրին:


«Մենք 25 հազար գրանցված հուշարձան ունենք հանրապետությունում։ Հուշարձանների ամրակայման, նորոգման համար բյուջեով նախատեսված է ընդամենը 250 միլիոն դրամ, իսկ այդ գումարը հնարավոր է բավարար չլինի անգամ մեկ հուշարձանի վերականգնման համար»,- պարզաբանեց Տիգրան Գալստյանը, տեղեկացնելով, որ փորձելու են տեղի բարերարների հետ համատեղ վերականգնել եկեղեցին, իհարկե, ոչ կավահողով, այլ ավելի ամուր նյութերով: Վերականգնման աշխատանքներից հետո Խդրանցի եկեղեցին կդառնա գործող:


«Ինչու՞ չեն կարողացել ժամանակին կանխատեսել, զգուշացնել ու կանխել փլուզումը. պատահարն անփութության հետևա՞նք է»,- հարցրինք։ Տիգրան Գալստյանն ասաց, որ չէր ուզենա նման որակում տալ, պարզապես կա խնդիր. մարզերում ունենք բազմաթիվ հուշարձաններ, մասնագետների կարիք կա, մարզային ծառայություններն այդքան հզոր չեն: Տեղի բնակիչների հասցեին հնչող մեղադրանքները նույնպես նախարարի տեղակալը տեղին չի համարում, ուրախ է, որ հասարակության շրջանում մտահոգություն է տեսնում, պայքար հուշարձանների համար, ինքն էլ տարիներ շարունակ այդ պայքարի մասնակիցն է եղել, բայց հուշարձանների մասին հոգ տանելը պետության պարտականությունն է: Փաստեց նաև, որ եկեղեցին վերականգնելուց և շահագործման հանձնելուց հետո ավելի լավ կպահպանվի. «Օգտագործվող հուշարձանն ավելի լավ է պահպանվում, դա չգրված օրենք է հուշարձանների պահպանության բնագավառում: Կարևոր է, որ զոհեր չունենք, այն, ինչ փլուզվել է, վերականգնելի է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Խդրանցի եկեղեցի 10.04.2019
  • Խդրանցի եկեղեցի 10.04.2019
Դիտվել է՝ 2820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ