Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ
03.05.2019 | 01:11

(Նախորդ մասը)

Ճանկաթաղի երեխաների երգ ու պարի պարգևած ուրախությունը ցնծության վերածվեց Մարտակերտում, որտեղ նույնպես նշանակալի իրադարձություն էր. միության ծրագրով վերակառուցված կիսավեր երկհարկանի շենքի առջև հավաքվել էին քաղաքի դպրոցականները, ուսուցիչները, շրջանի ղեկավարները, ազատամարտի վետերաններ, ջահել ու ահել մարտակերտցիներ՝ մասնակցելու քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բացմանը: Համընդհանուր տոն էր, երգ ու պարի թնդյունը հասնում էր մինչև աշնան տաքուկ արևը: ՈՒրախության այդ հանդեսում տարեց մարտակերտցիների հայացքներից անհետացել էր պատերազմի տխրության հետքը: Բայց պատմությունն անհնար է մոռանալ: Այդ մասին էր Հակոբ Ալիքսանյանի՝ մարտակերտցիներին ուղղված խոսքը: Նա ազդարարեց, որ վերակառուցված մանկական գեղագիտության կենտրոնը կրելու է Արցախյան ազատամարտի նվիրյալ, լրագրող, հրապարակախոս Սարգիս Հացպանյանի անունը, որի հորդորով Լոս Անջելեսի հայերը հիմնեցին «Հայրենիք» միությունը՝ թվաքանակով ու զինտեխնիկայով առավել թշնամու դեմ կռվող Արցախին օգնելու համար: Հուզմունք կար Ալիքսանյանի ձայներանգում. «Սարգիսն ամբողջ հոգով կապված էր Արցախին: Երազում էր այն օրը, երբ աշխարհը կճանաչի ազատ արցախցու՝ ազատ ապրելու իրավունքը: Ամբողջ Եվրոպան գիտե Սարգիս Հացպանյանի գործունեության մասին: Սարգիսն ապրում է: Նա մեզ հետ է, մեր շարքերում, մեր ընտանիքների սրտերում է»:


Հուզական էր և Ալին Տոնիկյանի ելույթը, որը եզրափակվեց հետևյալ նախադասությամբ. «Ես հպարտ եմ Արցախի հողում գտնվելուս համար»: Մարտակերտի վարչակազմի ղեկավարն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը Սարգիս Հացպանյանին հետմահու «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրելու մասին: Արարողությանը ներկա էին Սարգիս Հացպանյանի կինը, որդին, դուստրը. հուշերի, հույզերի լուռ ալեկոծումներ կային նրանց հայացքներում: Մեծադիր կտավից ժպտադեմ հավաքվածներին էր նայում Սարգիսը. պայծառ գույներով արված նրա դիմանկարը «Հայրենիքի» նվերն էր մանկապատանեկան կենտրոնին:


Մանկապատանեկան կենտրոնի շենքի վերակառուցման համար «Հայրենիք» միությունը հատկացրել էր 90000 դոլար: Գեղեցիկ, լուսավոր, հարմարավետ դասասենյակներ, ընդարձակ սրահ, որտեղ ցուցադրված էին դպրոցականների ձեռքի աշխատանքները՝ բազմագույն վզնոցներ, հյուսկեն հագուստներ, ավանդական նախշերով փոքրիկ գորգեր, կարպետներ: Այստեղ գործելու է 35 խմբակ՝ թատերական, գորգագործության, կարուձևի, խեցեգործության, երգ ու պարի, համակարգչային, նկարչական, քանդակագործության և այլն, և այլն։ Կենտրոն կարող են հաճախել մարտակերտցի հարյուրավոր դպրոցականներ՝ սովորելու արցախցի վարպետների՝ սերնդեսերունդ փոխանցված արհեստ-արվեստների նրբությունները:
2017-2018 թթ. առանձնահատուկ արդյունավետ է եղել «Հայրենիք» միության գործունեությունը: Երբ այդ առթիվ իմ անկեղծ հիացմունքը հայտնեցի, Հակոբ Բաշմակյանն ասաց.
-Այո, այս այցելությանը ես ևս ոգեշնչված եմ 2018 թ. մեր գործերից: Քանի ուժ ու կորով ունեմ, շարունակելու եմ սատարել միության աշխատանքներին: «Հայրենիքը» դեռ կարևոր անելիքներ ունի Հայաստանում ու Արցախում: Հայը պետք է փոխի հայի ճակատագիրը: Պետք է իրար սիրենք: Հայրենիքը պետք է այնքան հզորանա, որ ինքը սատարի Սփյուռքին: Սփյուռքը հայ մնալու համար Հայաստանի կարիքն ունի...

«ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ՊԻՏԻ ՔԱՅԼԵՆ ՔԱՐԱՎԱՆՆԵՐԸ»
...Ազատամարտի տարիներին և զինադադարից հետո էլ, խորհրդային անհարմարավետ փոխադրամիջոցներով, երբեմն նույնիսկ ապավինած բանակի համար դիզելային վառելանյութ տեղափոխող բեռնատարներին, շատ եմ կտրել-անցել Արցախ տանող դեռևս խորհրդային կարգերի օրոք նորոգում չտեսած, նեղ, անբարեկարգ, դժվարանց ճանապահով, հետո հրճվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված լայնահուն, հարթ ճանապարհով, որով անցնելն այլևս տանջալի չէր: Եվ շատ զարմանալի ու տարակուսելի էր, որ «Հայրենիք» միության հետ ճամփորդության առաջին օրը հանկարծ վատ զգացի. գուցե պատճառը գերմանական մակնիշի հարմարավետ միկրոավտոբուսի սլացիկ ընթացքին անսովոր լինելն էր: Կողքինի հանդեպ միշտ ուշադիր, հոգատար Զեփյուռ Ալիքսանյանի խորհրդով տեղափոխվեցի մյուս՝ ավելի փափուկ, լայն նստատեղերով մեքենան: Իրոք, տեղափոխությունն օգնեց, բայց այն ավելի նշանավորվեց Հակոբ և Ալիս Բաշմակյանների հետ ծանոթությամբ: Նրանք հետաքրքիր դրվագներ պատմեցին իրենց՝ Արցախ կատարած նախորդ այցելություններից: Մեր զրույցը հաջորդ օրը շարունակվեց Գանձասարում, Վանք գյուղի բացօթյա սրճարանում, ապա Մարտակերտում, Քարվաճառի ճանապարհով Երևան վերադարձին, իսկ Հայաստանից մեկնելու նախօրեին՝ Երևանի օպերային մերձակա «Մեղեդի» սրճարանում: Եվ ես այդ օրերին հայտնաբերեցի հայի՝ ինձ այնքան ծանոթ ու յուրովի անկրկնելի ևս մի կյանքի պատմություն։


Հակոբ Բաշմակյանի՝ 45 տարի առաջ Հայաստանից Ամերիկա տեղափոխվելու պատճառը եղել է, այսպես կոչված՝ ախպարների հանդեպ խորհրդային իշխանությունների խտրական վերաբերմունքը: Այսօր հետադարձ հայացք գցելով ապրած տարիներին՝ նա զգում է, որ խորհրդային ղեկավարության՝ հայրենադարձների հանդեպ անվստահության, անբարեհամբույր վերաբերմունքի պատճառով չպետք է հեռանար Հայաստանից: Անիմաստ է, սակայն, անցյալը քննելը. ժամանակի գետը հետ չի հոսում: Շատ է ուրախացել, որ Հայաստանի անկախացումից հետո հնարավոր է եղել գալ ոչ միայն Հայաստան, այլև այցելել Արցախ, ինչը խորհրդային կարգերի օրոք անհար բան էր:
Երբ Տեղ գյուղի բացօթյա սրճարանում գետի ջրերի խոխոջյունի ներքո «Հայրենիք» միության անդամներն աշխույժով օրվա տպավորություններն էին փոխանակում, հին ժամանակների հաղթ զորապետի երևույթով, աշխարհի չարն ու բարին ճշտած և արդեն 83 տարին բոլորած Հակոբ Բաշմակյանին հարցրի.
-Որտեղի՞ց է ծագել ձեր Բաշմակյան ազգանունը, կապ կա՞ ռուսերեն ոՈՔՎՈՍՌ բառի հետ, գուցե Ձեր պապերը վաղ ժամանակներում ոտնաման կարո՞ղ են եղել Ռուսաստանում, որտեղ ճորտատիրության ժամանակներում մարդկանց կոչում էին իրենց արհեստի անունով...
Մի քիչ հումորով տրված հարցս անակնկալի բերեց նրան. դեմքի ժպիտն անցավ, հայացքը հառեց հեռուն՝ ասես ինչ-որ բան փնտրեր: Հետո սկսեց բառերը հատ-հատ ընդգծելով, հանգիստ, խաղաղ խոսել: Երբեմն լռում էր, ու այդ պահերին նրա պատմածին լրացնող մանրամասներ էր ավելացնում կինը՝ Ալիսը՝ զգայուն հոգու տեր, բարեսիրտ մի հայուհի, որի մեղմանուշ երգերն աննկատ դարձրին Քարվաճառից Երևան վերադարձի ճանապարհի ընթացքը:


-Իրականում չգիտեմ՝ որտեղից, երբ է սկիզբ առել ազգանունս և արդյոք կապ ունի՞ ռուսերեն башмаки կամ թուրքերեն ոՈՔՍ (գլուխ) բառերի հետ: Ծնողներս Էրզրումից էին: Մորս անունը Աշխեն էր: Երբ Էրզրումում իրավիճակը դառնում է տագնապալի, թուրք հարևանը գալիս, ասում է. «Ռուսի թնդանոթը խփում է: Մեղք եք, եկեք՝ թուրքի կրոնն ընդունեք, որ փրկվեք, հետո ռուսների հետ կհեռանաք»: Սակայն մերոնք հրաժարվում են կրոնափոխ լինելուց և շատերի պես բռնում են գաղթի ճամփան: Մորս մայրը տան ոսկեղենը պահում է հացի մեջ, այդ պատճառով ծանր-ծանր է քայլում ու հետ մնում խմբից: Տեսնողները հետո մորս ասում են՝ մայրդ մահացավ: Ճանապարհին մահանում է նաև պապս: Աճապարելով փոս են փորում, թաղելիս դիակի կեսը դուրս է մնում: Այդպես էլ թողնում, հեռանում են:
Ճանապարհին ժանդարմն ասում է. «Երիտասարդները թող գան, ճանապարհը սարքեն»:
Բոլորին տանում են: Նրանցից մեկը՝ Վարդիթեր մորաքրոջս տղան, մի կերպ փրկվում, հետ է գալիս ու հայտնում, որ ժանդարմները բոլորին սպանել են: Մորս փոքր եղբորը նույնպես սպանած են լինում: Էրզրումի ժողովուրդն ուժասպառ ու հալածական անցնում է Եփրատի, Տիգրիսի ճամփեքով, հյուծվում անապատում կրած զրկանքներից: Ի վերջո, հրաշքով փրկվելով՝ հասնում են Իրաք: Մորս աշխատանքի են վերցնում Մոսուլի անգլիական հիվանդանոցում որպես օգնող: Մնացել էին քույր ու եղբայր: Այդ եղբորն էլ քրդերն են տանում: Մորս քեռին հայ որբեր որոնող մի հայի միջոցով Մոսուլում գտնում է նրան: Պատմում էին, որ նա քրդի տանը միշտ խաչ է հանել երեսին: Մորս գերդաստանի պատմությունը Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության թանգարանում կա, կա նաև Սիլվա Կապուտիկյանի «Քարավանները դեռ քայլում են» գրքում:


Հորական տատս կարողացել է փրկել ընտանիքի անդամներին, առանց զոհերի հասցնել անվտանգ տեղ: Հայրս՝ Արտաշեսը, ծնվել է 1898 թ.: Անցյալ դարի 30-ական թթ. բարձրագույն ուսում է առել Գերմանիայում: Իրաքում հայտնի անձնավորություն էր: Որևէ կամուրջ շահագործման հանձնելիս թագավորն անպայման կանչում էր հորս: Դաշնակցական էր: Երբ Սիմոն Վրացյանը, մյուս ղեկավարներն ստիպված են լինում հեռանալ Հայաստանից, նրանց հրավիրում է մեր տուն, հարգում, պատվում, ճանապարհում:
Ծնվել եմ 1937 թ. Իրաքի Էլբիր քաղաքում, բայց մենք ապրում էինք Բաղդադում: Ապրում էինք ապահովված, բարեկեցիկ կյանքով: Ծառաներ ունեինք. ճաշ եփողն առանձին էր, լվացք անողը՝ առանձին: Ինձ խնամող դայակ ունեի: Բայց դժբախտությունը միշտ քայլում է մարդու կողքից: Երբ հայրս մահացավ, ես հինգ տարեկան էի: Մորս ուսերին մեծ հոգս ընկավ, մեր կյանքը դժվարացավ: Իրաքի ազգայնականները թալանեցին մեր ունեցվածքը, անգամ խլեցին քարի հանքերը: 1947 թ. մի քանի իրաքցի հայ ընտանիքների հետ ներգաղթեցինք Հայաստան, տեղավորվեցինք Ձաղիձոր գյուղում: Չէինք ուզում նրանցից առանձին լինել: Մայրս աշխատանքի անցավ մանկապարտեզում որպես դայակ: Իրաքցի այդ ընտանիքները տեղափոխվեցին Երևան: Երբ ավարտեցի Ձաղիձորի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, մենք էլ տեղափոխվեցինք Երևան: Լավ շրջապատի մեջ չհայտնվեցի: Դպրոցում էլ չար էի, անհանգիստ, բայց լավ էի սովորում, որի համար ուսուցիչները սիրում էին ինձ:


Համալսարանում ընդունելության քննություններից կտրվեցի: ՈՒրիշներին օգնեցի, որ հանձնեն քննությունը, բայց ինքս կտրվեցի: Ստիպված ընդունվեցի մեխանիկական տեխնիկում, որն ավարտելուց հետո ընդունվեցի Լենինգրադի սննդի տեխնոլոգիայի ինստիտուտի հեռակա բաժինը և աշխատանքի անցա Երևանի թիվ 6 հացի գործարանում, գլխավոր մեխանիկ էի: Որպես ուշիմ, պարտաճանաչ, գործընկերների հանդեպ հոգատար անձնավորություն՝ ինձ ընտրեցին արհմիության նախագահ: ՈՒզում էին, որ ընդունվեմ նաև կոմկուսի շարքերը, բայց ես հրաժարվեցի, ասացի՝ գուցե մեկնեմ Ամերիկա: Գործարանի դիրեկտորը, որ Պարույր Սևակի բարեկամն էր, զայրացավ. «Ինչու՞ ես ուզում գնալ, դու հայրենիքի դավաճան ես»: Ասացի՝ պատճառներ կան: Շատ անգամ էի դառնացել ներգաղթյալներիս հանդեպ խտրական վերաբերմունքից, անվստահությունից: Ասում էին. «Ախպար ես, այդ պաշտոնը քեզ չի կարելի տալ»: Անլիարժեք, երկրորդ կարգի քաղաքացի լինելու վիրավորանքը կար: Չուզենալով, բեկված սրտով մեկնեցի Հայաստանից...

(շարունակելի)

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ