Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խնդիրները` մարդկանց, դափնին` իշխանություններին

Խնդիրները` մարդկանց, դափնին` իշխանություններին
14.05.2019 | 01:15

Օրեր առաջ մամուլում տարածված լուրը, թե Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակի ճոպանը պոկվել է, ու այն հորն է ընկել, խուճապ առաջացրեց: Բարեբախտաբար պարզվեց, որ վերելակի 4 պարաններից մեկն էր պոկվել, ու այն սովորականից արագ էր 2-րդից առաջին հարկ իջել: Տուժածներ չէին եղել, բայց խուճապը, այնուամենայնիվ, շարունակվեց: Մարդկանց անհանգստացնողը ոչ թե վերելակն էր, այլ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ նոր վերելակների համար պետք է քաղաքացիները վճարեն, որովհետև բնակարանը ոչ թե քաղաքապետարանի, այլ անհատի սեփականությունն է: Նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին էլ, երբ համատարած աղբը պատուհասել էր ամբողջ մայրաքաղաքը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց, թե աղբը գոյանում է ոչ այն պատճառով, որ համապատասխան մարմինը վատ է աշխատում, այլ որովհետև մարդիկ շատ են ուտում, հետևաբար՝ լավ են ապրում: Իսկ թե ինչպես պետք է ձերբազատվել ամենուր լցված աղբակույտերից, ոչ միայն ավագանու անդամը, այլև դրա անմիջական պատասխանատուները մեկ տարի շարունակ լուծում գտնել չեն կարողանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է միայն աղբ մաքրելու իր տեսլականը բարձրաձայնել՝ Գեղարքունիքի մարզում ֆորումի մասնակցելու ժամանակ: Որպեսզի ձերբազատվենք աղբից, ասում է նա, պետք է հաճախակի շաբաթօրյակներ կազմակերպենք, ՀՀ-ում ավտոմեքենայից շիշ ու ծխախոտի մնացուկ նետող չպետք է լինի: Իհարկե, հրաշալի կլինի, եթե նոր իշխանությունները հանձն առնեն հասարակության կրթա-դաստիարակչական ցենզը բարձրացնելու սուրբ գործը, բայց նախքան այդ պետք է մտածել՝ իսկ ինչ անել, որ աղբահանության պատասխանատուներն իրենց գործը հավուր պատշաճի կատարեն: «Սանիթեք» ընկերությունը մի քանի անգամ տուգանվել է, բայց Երևանի աղբահանության հարցը չի լուծվել ու սպառնում է չլուծված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիները շաբաթօրյակներ կանեն, վարչապետն էլ բիչոկ հավաքելու նուրբ արվեստից չի հրաժարվի: Եվ, առհասարակ, ի՞նչ կարիք կա աղբահանությամբ զբաղվող օպերատոր ունենալու՝ մենք կուտենք, մենք կթափենք, մենք կհավաքենք, վերելակների համար մենք կվճարենք, ասֆալտը մենք կփռենք կամ ինքներս կփռվենք ասֆալտին, հասարակական տրանսպորտի ոլորտը կարգավորելու փոխարեն «վեր կկենանք ու կքայլենք»՝ առողջարար է: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչի համար անհատներն են պատասխանատու, երկիրն իրենցն է, պետությունը՝ ժողովրդավար, հետևաբար եզն էլ են իրենք, լծկանն էլ: Մարդիկ իշխանություններից ոչինչ չպետք է պահանջեն, առկա խնդիրները սեփական միջոցներով ու ջանքերով անձամբ պետք է լուծեն` չմոռանալով, սակայն, փառքի դափնին իշխանությանը հանձնել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ