Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գոսֆիլմաֆոնդի» արխիվում պահպանվում են «Պեպոյի» 12 մասերը

«Գոսֆիլմաֆոնդի» արխիվում պահպանվում են «Պեպոյի» 12 մասերը
21.06.2019 | 02:15

Ազգային կինոկենտրոնի տնօրեն ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ ուշագրավ տեղեկություններ է ներկայացնում միջազգային հիմնադրամների հետ համագործակցության, հայկական ֆիլմերի թվայնացման, վերականգնման և հանրայնացման գործընթացների մասին:

Նախորդ տարվանից սկսած Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության (պրոդյուսեր` Դենիել Բըրդ) համագործակցությամբ վերականգնվում են հայ դասական ֆիլմերը։ Ծրագրի առաջին փուլում վերականգնվել է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը: Վերականգնումից մեկ տարի էլ չի անցել, սակայն ֆիլմը բավականին մեծ ճանապարհ է անցել, ցուցադրվել է Լոնդոնում, Նիդերլանդներում, Բրյուսելում, Ստամբուլում տեղի ունեցող միջազգային փառատոներում, ցուցադրությունները շարունակվելու են, կա հրավերների մեծ ցանկ:


Ծրագիրն ունի տարբեր ուղղություններ ու փուլեր, փորձում են դրանք զուգահեռ իրականացնել: Երկրորդ փուլը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի ինստալացիոն ցուցադրությունն է: 103 տուփում պահվող կադրերի առայժմ մի մասն է թվայնացվել, մյուս մասը ուղարկվելու է Լեհաստան՝ թվայանացումը շարունակելու: Վերականգնված կադրերով նկարահանվելու է վավերագրական ֆիլմ` «Անհայտ Փարաջանովը»:
«Մեր դասական ֆիլմերի վերականգնումն իրականացվում է դրսի հիմնադրամների ֆինանսավորմամբ: «Ֆիքսաֆիլմը» թվայնացումն անվճար է իրականացնում: Առաջարկը եղել է Դենիել Բըրդի կողմից,- ասում է Շուշանիկ Միրզախանյանը։ Հարցին էլ՝ ինչո՞վ է պայմանավորված հետաքրքրությունը, պատասխանում է.- նրանք սիրում են Փարաջանովին: Իհարկե, ծրագիրը չի սահմանափակվելու փարաջանովյան ֆիլմերով»:


Հարկ է նշել, որ «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը 2019-ի հունվարին ներկայացվել են Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (զուգահեռ ցուցադրվել են Փարաջանովի երեք ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան»՝ (Հայաստան), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան), «Կիևյան որմնանկարներ» (ՈՒկրաինա): Երևանյան ցուցադրությունը տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 8-12-ին, «Այրարատ» կինոթատրոնում (նախկին «Ռոսիա»)։ Նախասրահը, որտեղ ցուցադրվելու է ֆիլմը, մեր զրուցակցի ձևակերպմամբ՝ բացահայտում կլինի շատերի համար: Մուտքն ազատ է լինելու բոլորի համար:
Վերականգնվում է նաև հայկական առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»: Ավելին, պարզվել է, որ Ռուսաստանի «Գոսֆիլմաֆոնդ» ընկերության արխիվում պահպանվում են ֆիլմի 12 մասերը: Ֆիլմը հետագայում վերամոնտաժվել է, վերաձայնագրվել և դարձել 9-մասանի։ Փորձել են ձեռք բերել «Պեպոյի» 12 մասերը, սակայն պարզվել է, որ դրա համար պետք է մեծ գումարներ վճարել: Պատրաստվում են դիմելու մշակույթի գծով փոխնախարարին` կառավարության մակարդակով այդ հարցը լուծելու ակնկալիքով:


«Գոսֆիլմաֆոնդում» պահպանվող «Պեպոն», ըստ ամենայնի, տարբերվում է մեր տեսած ֆիլմից: «Այս մասին դեռ վաղ է խոսել, պետք է մասնագետների հետ նայել, համեմատել, քննարկել, բայց որ սա բացահայտում է, փաստ է»,- նկատում է կինոկենտրոնի տնօրենը:
«Պեպոյի» 12 մասերը կինոկենտրոնը փորձել է որոնել նաև այլ պահոցներում, հայտնաբերվել են տարբեր երկրների ֆոնդերում պահվող հայկական դասական ֆիլմերի ժապավեններ:
«Հավանաբար դրանք խորհրդային տարիներին տարել են, ցուցադրել ու հետ չեն բերել: Լավ է, որ այնտեղ են հայտնվել, որովհետև շատ լավ պահպանվել են: Բայց գրում են, որ չեն կարողանում այլևս պահել, տեղ չունեն: Առաջ է գալիս մեկ այլ կարևոր խնդիր. ուշադրություն պետք է դարձնել մեր պետական արխիվին: Ինչպես այսօր վերաբերվում են Մատենադարանում պահպանվող գրքերին, այդպես էլ պետք է վերաբերվեն ժապավենային ֆիլմերին: Դա մեր պատմությունն է,- ասում է մեր զրուցակիցը, տեղեկացնում նաև, որ «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ բանակցություններ են ընթանում Հայաստանում ֆիլմերի ժապավենների սքանավորման լաբորատորիա ներդնելու նպատակով:- Ժապավենը Լեհաստան ուղարկելը վտանգավոր ու ծախսատար գործընթաց է, եթե այդ լաբորատորիան լինի, գոնե սքանավորված տարբերակը կուղարկենք, բացի այդ, աշխատատեղ կբացվի, և մենք մասնագետներ կունենանք»:
«Ֆիքսաֆիլմը» պատրաստ է նաև երկու ամիս անվճար դասընթացներ անցկացնելու մեր մասնագետների համար, սակայն ֆինանսների խնդիր կա։ «Մեր պետությունն ի վիճակի չէ բոլոր այդ ծախսերը հոգալու, փորձում ենք այդ ամենն անել դրսի ֆոնդերի հաշվին, բայց հօգուտ մեզ»,- ասում է Շուշանիկ Միրզախանյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ