Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչու՞ է հեռանում Դեն Քոուտսը

Ինչու՞ է հեռանում Դեն Քոուտսը
31.07.2019 | 03:18

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոուտսը Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական հրաժարական տված անդամն է: Նրան կփոխարինի կոնգրեսմեն Ջոն Ռատկլիֆը: Դեն Քոուտսը պաշտոնավարեց երկուսուկես տարի: Պաշտոնի բերումով նա վերահսկում էր ԱՄՆ 17 հատուկ ծառայությունների աշխատանքը՝ այդ թվում ԿՀՎ-ի ու ԱԱԾ-ի: Հրաժարականի իր դիմումում Քոուտսը գրել է, որ իր ղեկավարությամբ հատուկ ծառայությունները գործել են առավելագույնս արդյունավետ, ինչպես չի եղել երբևէ: «Հիմա եկել է կյանքիս հաջորդ գլուխը բացելու ժամանակը»՝ գրել է Քոուտսը: Բայց ինչու՞ է նա հեռանում նման հաջողությունների պարագայում: Քոուտսի խոսքով՝ փետրվարին Թրամփն իրեն խնդրեց շարունակել պաշտոնավարումը, բայց լուրջ տարաձայնությունները նախագահի հետ արտաքին քաղաքականության հարցում, հատկապես Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի առնչությամբ, հանգեցրին հրաժարականի որոշման: Տարաձայնությունները վերաբերում էին ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը, Իրանի միջուկային ծրագրի խնդրին, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները բարելավելու Սպիտակ տան փորձերին: Washington Post-ը մեջբերում է ամերիկյան հատուկ ծառայությունների անանուն աղբյուրին, ում խոսքով՝ մշտական տարաձայնությունների պատճառով Քոուտսը եզրակացրեց, որ հրաժարականն այլընտրանք չունի: 2018-ին նա ասաց, որ նախագահ Թրամփը իրեն չպատմեց Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասները:

«Եթե նա ինձ հարցներ՝ ինչպե՞ս հանդիպումն անցկացնել, ես նրան խորհուրդ կտայի ամեն ինչ այլ կերպ անել»՝ պատմել էր Քոուտսը: Նրա համար մեծ անալնկալ էր, երբ 2018-ի հուլիսին ազգային անվտանգության հարցերով համաժողովում հարցազրույցի ժամանակ ասացին, որ նախագահ Պուտինին հրավիրել են Սպիտակ տուն: «Կրկնեք՝ ինչ ասացի՞ք: Ես ճի՞շտ լսեցի,- վերահարցրեց նա՝ լսարանի ծիծաղի տակ:-Օ քեյ, դա խիստ առանձնահատուկ է»: Քոուտսը համաձայն չէր Հյուսիսային Կորեային Թրամփի վերաբերմունքին: Հունվարին, Կոնգրսում ցուցմունք տալիս, Քոուտսը հակասեց Թրամփի հայտարարությանը, որ Հյուսիսային Կորեան այլևս սպառնալիք չէ ԱՄՆ-ին: Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսում հայտարարեց, որ Փհենյանը հազիվ թե հրաժարվի միջուկային զենքից:


Դեն Քոուտսը ազգային հետախուզության տնօրեն դարձավ 2017-ի մարտին: Նա ծնվել է Միչիգանի նահանգի Ջեկսոն քաղաքում: Համալսարանական երկու դիպլոմ ունի՝ մեկը քաղաքագիտությունից, մյուսը՝ իրավաբանական: Դեն Քոուտսը Հանրապետական կուսակցության անդամ է, սենատոր է ընտրվել Ինդիանա նահանգից 1989-1999-ին. 2011-2017-ին, ԱՄՆ դեսպան է եղել Գերմանիայում 2001-2005-ին: Մինչև Դոնալդ Թրամփի իշխանության գալը նա համոզում էր նախագահ Բարաք Օբամային կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո: Արդյունքում Քուոտսը հայտնվեց այն անձանց ցուցակում, ում մուտքը Ռուսաստան արգելված է:
BBC


Հ.Գ. Դոնալդ Թրամփը փաստորեն ազատվում է կոշտ քաղաքականության ջատագովից և կարևորագույն պաշտոնի է նշանակում իրեն հավատարիմ մեկին, որ, ենթադրվում է տեսակետների կտրուկ տարբերություն նախագահի հետ չունի: Սա կարևոր փոփոխություն է նախագահի աշխատակազմում, որ պատրաստվում է 2020-ի նախընտրական արշավին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ