Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Իրանի իշխանություններին՝ տեղեկացնում է The Independent-ի թուրքական ծառայությունը:
Լրագրողներն օդանավակայանում խնդրել են Էրդողանին մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոսքերը, որ Սիրիայում հրադադարը կարող է երկարաձգվել: Թուրքիայի նախագահը պատասխանել է, որ Թուրքիան բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ, իսկ Մակրոնի հետ ինքը զրույց չի ունեցել: «Մակրոնն այդ թեմայով պայմանավորվածություններն ահաբեկիչների հետ է ձեռք բերում: Այդպիսի քայլերը տանում են դեպի Սիրիայի մասնատում: Սիրիայի ապագա կյանքում «Քրդական աշխատավորական կուսակցություն»-ը տեղ չունի: Մենք կփրկենք տարածաշրջանն անջատողական ահաբեկիչներից՝ Ռուսաստանի հետ միասին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Թուրքիայի ռազմական գործողություններին Իրանի արձագանքի մասին: «Ես անհանգստացած եմ Իրանի մի քանի հայտարարությունների առնչությամբ: Եթե Իրանը վերանայի իր ոչ վաղ անցյալը, կտեսնի, թե Էրդողանն ինչ դիրքորոշում ուներ իրենց միջուկային զենքի վերաբերյալ: Ամբողջ աշխարհը գիտի իմ տեսակետը: Ցավոք, Իրանից մեր «Խաղաղության ակունք» գործողության վերաբերյալ տարբեր արձագանքներ ստացվեցին: Մենք Սոչիի համաձայնագրի երեք կողմերից երկուսն ենք: Ինչպե՞ս կարող է կողմերից մեկը մյուսին այսպես դավաճանել: Ինչպե՞ս մենք պետք է շարունակենք համագործակցությունը համաձայնագրի շրջանակում»,- ասել է Էրդողանը: