Ադրբեջանական զորավարժությունների‚ Արցախյան բանակցային գործընթացի և հարակից հարցերի շուրջ զրուցում ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
-Պարոն Հովհաննիսյան‚ Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են՝ հարձակողական սցենարով։ Ինչպե՞ս կգնահատեք նման զորավարժության անցկացումը։
-Ադրբեջանի լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժությունները ես համարում եմ այն սադրանքի մի մաս, որն իրականացվում է վերջին մեկ տարում։ Այս ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում համավարակն է, Ադրբեջանն անցնում է նման զորավարժության՝ անտեսելով միջազգային կառույցների՝ ռազմական իրավիճակների սրմանը նպաստող գործողություններից զերծ մնալու կոչերը։ Նաև տեսնում ենք, որ ադրբեջանական բանակը նույնիսկ չի պահպանում ԱՀԿ-ի նորմերը՝ սոցիալական հեռավորություն, դիմակ և այլն։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս փուլում ունի նպատակ՝ հնարավորինս լարվածության մեջ պահել ինչպես սեփական հասարակությանը, քանի որ այնտեղ արդեն սկսվել են սոցիալական ընդվզումներ, այնպես էլ հայկական կողմին ցույց տալ, թե կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով։
-ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ զորավարժության ընթացքում Հայաստանի սահմանին կամ Արցախի հետ շփման գծում ռազմական տեխնիկայի կամ մարդուժի կուտակման ցանկացած փորձ կդիտարկի որպես սադրանք։ Ինչու՞ ՀՀ ՊՆ-ն այդպես կոշտ արձագանքեց զորավարժությանը։
-Դա չեմ համարում կոշտ արձագանք, դա համարժեք արձագանք է, քանի որ Ադրբեջանը հարձակողական բնույթի զորավարժություններ է իրականացնում սահմանից ոչ հեռու։ Իսկ զորավարժության անվան տակ զորք կուտակել սահմանին, դա արդեն իրատեսական վտանգ է, և հայկական կողմը պարզապես պարտավոր է նախազգուշացնել դրա մասին։ Պետք է փաստեմ, որ սա ևս սադրանք է, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ առաջին հարվածը մենք հասցնենք, որպեսզի միջազգային հանրությանը կարողանա ապացուցել, թե իրենք պաշտպանվում են, այսպես ասած, Հայաստանի ագրեսիայից։ Նույնատիպ պլան էր մշակվել նաև ապրիլյան քառօրյայի ժամանակ, որը չաշխատեց, քանի որ մեր մեդիա դաշտը շատ ճիշտ աշխատեց ու միջազգային հանրությանը հասցրեց փաստարկված տվյալներ, որ հենց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել։
-Զորավարժությունների մասին Ադրբեջանը պետք է որ նախապես տեղյակ պահեր, սակայն նման բան տեղի չի ունեցել։ Պատճառները որո՞նք են։
-Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին։ Որպես կանոն‚ Ադրբեջանն իր այն զորավարժությունների մասին է տեղյակ պահում, որոնք լինում են երկկողմ, եռակողմ, այսինքն՝ մի քանի պետության զինված ուժերի ներգրավմամբ։ Այս դեպքում, չհայտարարելով նման լայնածավալ զորավարժության մասին, Ադրբեջանը ևս խաղարկում է իր հնարավորությունները. այսինքն՝ հանկարծակի հարձակման դեպքում ինչ օպերատիվությամբ կգործի հայկական կողմը։ Փորձ է արվում անակնկալի բերելու հայկական կողմին։
-Այդ զորավարժությունները Հայաստանի ու Արցախի համար ի՞նչ վտանգ են պարունակում։
-Դրանք վտանգավոր են այնքանով, որ տեղակայված են սահմանից ոչ հեռու։ Զորավարժությունների վտանգավորության աստիճանը որոշվում է անցկացման վայրից, եթե այն խոր թիկունքում է, ոչ մի վտանգ չկա, իսկ եթե սահմանից ոչ հեռու է, չես կարող ասել, օրինակ, թե ռազմաօդային ուժերը ինչ կարող են անել։ Որքան էլ ասենք, որ Ադրբեջանը չի գնա արկածախնդրության և այլն, չմոռանանք, որ այդ երկրի բռնապետը շատ լուրջ խնդիրներ ունի սեփական հասարակության հետ, և դրվագային լարվածությունը սահմանին կարող է մեղմել ներքին լարվածությունը։
-Արցախում նախագահ և խորհրդարան է փոխվել, ի՞նչ կարծիք ունեք Արցախի նորընտիր իշխանության մասին։ Այն ի վիճակի՞ է լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները։
-Այո, կարծում եմ, որ նորընտիր նախագահը և խորհրդարանը կարող են Արցախում լուծել խնդիրներ, իհարկե այդ խնդիրների մեծ մասի լուծման բանալիները Երևանում են։ Ես կարևորում եմ Արցախի իշխանության և ՀՀ-ի իշխանության ներդաշնակ համագործակցությունը։
-Հայաստանյան հանրությունը միշտ շատ զգայուն է եղել Արցախի հարցում։ Ըստ Ձեզ՝ մեր հանրության շրջանում շարունակու՞մ է պահպանվել զգայունությունը, զգոնությունը Արցախի հարցում։
-Ցավով պետք է նշեմ, որ մեր հանրությունը ծայրաստիճան քաղաքականացված է, այնքան է քաղաքականացված, որ մոռացել է, թե ինչ ռազմական վիճակում ենք գտնվում՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, իսկ սա ամենավատ վիճակն է։ Հենց այս վիճակն է, որ մարդկանց զգոնությունը թուլացնում է, կարևոր և առաջանային հարցերի վրա սևեռվելու, ուշադրություն դարձնելու փոխարեն բոլորովին այլ, ոչ իրավիճակային հարցերի վրա են կենտրոնանում։
-Վերջին շրջանում շատ է խոսվում Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին, ի մասնավորի, ՌԴ արտգործնախարար Լավրովը որոշ փակագծեր բացեց։ Ըստ Ձեզ՝ բանակցային գործընթացն այժմ ի՞նչ փուլում է։
-Բանակցությունները, կուզեք՝ հանդիպումներ, մտքերի փոխանակումներ կամ այլ բան ասեք դրանց, տեղի են ունենում նույնիսկ հեռակա հայտարարությունների տեսքով։ Այսինքն, Հայաստանից, Ադրբեջանից կամ միջնորդ երկրների կողմից թեմային վերաբերող ցանկացած հայտարարություն համարվում է բանակցության մի մաս։ Լավրովի հայտարարությունը ևս ես դիտարկում եմ որպես բանակցության մի մաս, սակայն պետք է նշեմ նաև, որ Լավրովը բացահայտ սադրիչ հայտարարություն արեց։ Նրա նման փորձառու դիվանագետը խոսում է ընդամենը մեկ դետալի մասին, որը, երևի թե, ամենաչքննարկվողն է, սակայն ժամանակ առ ժամանակ առաջ քաշվողը։ Լավրովը կարող էր խոսել բազմաթիվ այլ տարբերակների մասին, որոնք ավելի շատ են քննարկվել ու քննարկվում, սակայն չխոսեց, իսկ պատճառը‚ կարծում եմ‚ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի վրա ազդելու շեշտված միտումն էր։ Այսինքն, փորձել ներքին քաղաքական դաշտում ազդել հայ հասարակության վրա և ձևավորել անվստահություն ներկա իշխանության նկատմամբ Արցախի բանակցային հարցում։
Զրուցեց
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ