Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էմանուել Մակրոն. Դեռևս մնում են հարցեր, որ չեն կարող լուծվել միայն թուրք-ռուսական դիսկուրսի շրջանակներում

Էմանուել Մակրոն. Դեռևս մնում են հարցեր, որ չեն կարող լուծվել միայն թուրք-ռուսական դիսկուրսի շրջանակներում
23.11.2020 | 09:29

Նոյեմբերի 21-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է հայ համայնքի Phoneton-ին, որ ամեն տարի կազմակերպում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամը: Այս տարի միջոցները հատկացվելու էն Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը:

Մարդասիրական օգնությամբ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան է մեկնելու կիրակի՝ հայտարարեց Ֆրանսիայի նախագահը շաբաթ օրը: «Անկասկած, մենք պարտավոր ենք այս մարդասիրական օգնությունը փոխանցել 120 000 տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղում, նաև մեկ միլիոն հայերին, որ այսօր ապրում են անտանելի պայմաններում»՝ ասել է Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով՝ մարդասիրական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը Հայաստան կթռչի ուրբաթ օրը՝ տեղ հասցնելով դեղամիջոցներ, հագուստ ու մանկական խաղալիքներ, որ հավաքվել է Ֆրանսիայի կառավարության ու Հայկական հիմնադրամի մասնակցությամբ: Բեռի տեղափոխումը կանոնակարգելու է ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայ Յուրի Ջորկաևֆը: «Այսօր գործում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի համաձայնությունը, բայց մարդասիրական իրավիճակը ողբերգական է»՝ ասաց 1998-ի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը, որ ներկա էր նախագահի այցին հայկական հիմնադրամ: Հայկական հիմնադրամի փոխնախագահ Քրիստոֆ Դոսիկյանի խոսքով՝ Phoneton-ով միջոցների հավաքումը սկսվել է անցյալ հինգշաբթի: Կիրակի առավոտյան արդեն 1,7 միլիոն եվրո էր հավաքվել և ակնկալվում է, որ կհասնի 2 միլիոնի: Քրիստոֆ Դոսիկյանի խոսքով՝ «բնակչության կարիքները շատ ավելին են»: Այդ միջոցների մեծ մասը նվիրաբերել է Ֆրանսիայի հայ համայնքը, որ հաշվվում 600 000 մարդ և ամենամեծն է Եվրոպայում: «Մենք ողջունում ենք նախագահ Մակրոնի մասնակցությունը, որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտած արևմտյան միակ ղեկավարն է»՝ ասաց Քրիստոֆ Դոսիկյանը: Բացի մարդասիրական օգնության հատկացումը՝ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պահանջում է «կրակի դադարեցում մշակույթի հուշարձանների վրա» Լեռնային Ղարաբաղում: Ֆրանսիան պահանջում է պահպանել «հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը տարածաշրջանում»՝ ասաց նախագահը: Նա վերահաստատեց, որ Ֆրանսիան պնդում է հրադադարի կատարման «միջազգային վերահսկողությունը»: «Դեռևս մնում են հարցեր, որ չեն կարող լուծվել միայն թուրք-ռուսական դիսկուրսի շրջանակներում»՝ հայտարարեց Էմանուել Մակրոնը: Անցած հինգշաբթի նա հեռախոսով բանակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
RFI


Հ.Գ. RFI-ին նաև հաղորդում է նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ տեսակապով բանակցություններից հետո Ելիսեյան պալատի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցությունները նվիրված էին Ղարաբաղում կոնֆլիկտի մասնակիցների հետ Փարիզի համագործակցության գերակա ուղղություններին՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո: Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ հրադադարի համաձայնությունը Փարիզն ընկալում է իբրև հետագա բանակցությունների հիմք՝ բնակչության պաշտպանության և ռազմական գործողությունների ժամանակ փախստականների անվտանգ տունդարձի նպատակով: Թվիթերում Ֆրանսիայի նախագահը ճշտել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Ղարաբաղի մշակութային ու կրոնական օբյեկտների պաշտպանությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Կոնֆլիկտի գոտիներում ժառանգության պահպանման միջազգային ալյանսի շրջանակներում (ALIPH): Փաստացի՝ Ֆրանսիան միակ երկիրն է, որ շարունակում է աջակցել Արցախին և իր օգնությունն ուղարկում է Հայաստան, ոչ թե Մոսկվայի հետ է համաձայնեցնում մարդասիրական օգնության առաքումը, նաև շարունակում է պնդել, որ ռուս-թուրքական համաձայնության կատարումը պետք է միջազգային վերահսկողության տակ լինի: Ու հենց Ֆրանսիայի դեմ էին ուղղված Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի սլաքները՝ հրադադարի չկատարման անթույլատրելիության՝ ներսից ու դրսից միջամտությունների մասին…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ