«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Խախտված հավասարակշռությունը վերականգնելու «քարտ բլանշ»

Խախտված հավասարակշռությունը վերականգնելու «քարտ բլանշ»
27.06.2008 | 00:00

Եվ այսպես, Հայաստանի համար «պատմական» նշանակություն ունեցող ԵԽԽՎ նստաշրջանն ավարտվեց առանց կտրուկ պատժամիջոցների մասին որոշում ընդունելու։ Ստրասբուրգում հարմար գտան, որ ժողովրդավարության հարցում համառորեն առաջընթաց չարձանագրող հայկական հանրությանը պետք է ժամանակ տալ մինչև տարեվերջ` 1609 բանաձևի պահանջները կատարելու համար։
Այլ բան դժվար էր սպասել, որովհետև ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը սկզբունքորեն կնշանակեր երկիրը վերածել երկրորդ Բելառուսի` ամբողջությամբ և անվերապահորեն մղելով այն ռուսական ազդեցության ոլորտ։ Իսկ Մոսկվան, որ այսօր անհամեմատ ուժեղ է զգում իրեն հետխորհրդային տարածքում ազդեցության վերականգնման առումով, չի հապաղի օգտվել դրանից։ Վկա` Հայաստանի նախագահին ցուցաբերած ընդունելությունը Մոսկվա կատարած այցի շրջանակներում։
Բացի այդ, անհրաժեշտ է արձանագրել, որ Եվրախորհուրդը որպես կառույց ոչ այլ ինչ է, եթե ոչ Եվրամիության կցորդը։ Այս կառույցի անդամ են դառնում այն պետությունները, որոնք Եվրամիության անդամության պոտենցիալ թեկնածուներ են կամ էլ տվյալ երկրի նկատմամբ միացյալ Եվրոպան ունի շատ որոշակի աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ շահեր։ Դրա լավագույն օրինակը Թուրքիան է, որ 1952-ից Եվրախորհրդի կազմում լինելով` առայժմ չի դարձել Եվրամիության անդամ, բայց միաժամանակ նույն Եվրախորհրդի միջոցով որոշակիորեն գտնվում է եվրոպական քաղաքականության ուղեծրում։ Այսպիսով, Ստրասբուրգի կողմից որևէ երկրի նկատմամբ կիրառվող քաղաքականությունը սկզբունքորեն որոշվում է Բրյուսելում, իսկ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ փլուզված հետխորհրդային տարածքում սկսվեն Ռուսաստանի շուրջ նոր ինտեգրացիոն գործընթացներ։
Մյուս կողմից էլ Հայաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների կիրառումը կզրկեր եվրոպական կառույցներին հետագայում իրավիճակի վրա ներգործելու հնարավորությունից։ Ձայնից զրկված և դրանով իսկ «պերսոնա նոն գրատա» դարձած պետությունը կարող է և դադարել նախկին գործընկերների կարծիքի հետ հաշվի նստելուց և իր համար զարգացման հեռանկարներ որոնել բոլորովին այլ ուղեծրում։ Մինչդեռ Հայաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի որևէ պետության առջև դռները փակելը բոլորովին էլ չի մտնում եվրոպական կառույցների ծրագրերի մեջ։ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամի և էներգակիրների դեֆիցիտի պայմաններում արևմտյան հանրությունը մեր տարածաշրջանն առաջին հերթին դիտարկում է իբրև էներգակիրների արտահանման` Ռուսաստանը շրջանցող տրանզիտային ուղի, և խոսքը տվյալ պարագայում ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ այնքան ադրբեջանական նավթի և գազի մասին է, այլ անհամեմատ ավելի խոշոր պաշարներ ունեցող Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների։ Բնականաբար, Եվրամիությունը տարածաշրջանը դիտարկում է նաև իբրև իր հետագա ընդլայնման պոտենցիալ գոտի կամ առնվազն մի ռեգիոն, ուր Ռուսաստանի վերադարձը բոլորովին ցանկալի չէ։ Հետևապես տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ միշտ էլ կիրառվելու են երկակի ստանդարտներ` կախված ավելի շուտ տվյալ պետության աշխարհաքաղաքական կողմնորոշումից, քան երկրի ներսում ստեղծված իրավիճակից։ Ներքին իրավիճակի հետ կապված քննադատություններն ու ճնշումները, որպես կանոն, օգտագործվում են տվյալ պետության աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու համար։ Օրինակ կարող է ծառայել նույն Վրաստանը, ուր անցած տարվա նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ընդդիմության ջարդից հետո Սաակաշվիլին անցկացրեց նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ և միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամակցության հանրաքվե։ Եվ քանի որ այդ հանրաքվեով վրաց ընտրողները միանշանակ կողմ արտահայտվեցին Հյուսիս-ատլանտյան դաշինքին Թբիլիսիի անդամակցությանը, ապա ժողովրդավարական Եվրոպան փաստացի աչք փակեց նախագահական և խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած աչք ծակող ընտրախախտումների, և նույնիսկ այն փաստի վրա, որ խորհրդարանական ընտրությունների օրը ընտրական տեղամասի հենց հարևանությամբ սպանվեց ընդդիմության վստահված անձերից մեկը։ Եվ որքան էլ տարօրինակ է, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դևիսն առայսօր չի պահանջել այդ միջադեպի անաչառ բացահայտում, ինչը ոգևորութամբ անում է Հայաստանի հետընտրական զարգացումների և մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Երկակի ստանդարտների կիրառումը, ըստ էության, ակնհայտ է։
Այս կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը ևս քիչ է տարբերվում, թեպետ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերի վերջին այցը Երևան շատ կողմերով բնորոշիչ էր։ Ճիշտ է, Կրամերն ընդհանրապես տարածաշրջան էր ժամանել, բայց երկու օր Երևանում հյուրընկալվելը, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը և դրան հետևած ասուլիսը հիմք են տալիս պնդելու, որ հետընտրական զարգացումների արդյունքում հայ-ամերիկյան հարաբերություններում գոյացած որոշակի սառնությունը սկսել է հալոցքի նշաններ ցույց տալ։ Մասնավորապես, Կրամերն ասուլիսում նշեց, թե հետընտրական զարգացումների հետ կապված իրենք ակնկալում են մամուլի լիարժեք գործունեության համար պայմանների ստեղծում, հանրահավաքների անցկացման ազատությունների վերականգնում և քաղաքական կալանավորների ազատ արձակում։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների խնդիրը չէ Հայաստանի ներքին գործերին միջամտելը։ Ստացվում է, որ ժողովրդավարության վիճակը, մամուլի ազատությունը կամ անազատությունը գնահատելը իրենց գործն է, բայց արտահերթ ընտրությունների հետ կապված վերաբերմունք արտահայտելն արդեն իրենց գործը չէ։ Սա հստակ «մեսիջ» էր` ուղղված իշխանություններին, որ ընտրությունների հարցն ԱՄՆ-ի համար այլևս փակված է, և Վաշինգտոնը պատրաստ է աշխատելու նաև գործող իշխանության հետ։ Այդ համատեքստում Կրամերը մի քանի անգամ ընդգծեց, որ Հայաստանը համարվում է ԱՄՆ-ի բարեկամ երկիր, անհրաժեշտ է պահպանել և զարգացնել երկկողմ կապերն ու համագործակցությունը։
Այսպիսով, հետագա ներքաղաքական գործընթացներում Արևմուտքից իրականացվող ճնշման միտումը թեև պահպանվում է, բայց ինչպես ԵԽԽՎ որոշումից, այնպես էլ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններից երևում է այդ ճնշման նվազման միտումը, ինչը սկզբունքորեն ընդդիմությանը որոշակիորեն զրկում է ակնկալված արտաքին աջակցությունից։ Մի կողմից էլ իշխանություններին շունչ քաշելու, ուժերը վերադասավորելու և որոշակի հետևողական միջոցառումների միջոցով սեփական դիրքերն ամրապնդելու հնարավորություն է ընձեռվում։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է, թե ներքին բարեփոխումների վերաբերյալ իշխանության համակարգի ամենաազդեցիկ դեմքերի հայտարարությունները որքանով կվերածվեն հետևողական և դինամիկ գործելակերպի։ Եթե այդ ամենը մնա ասելու համար ասված խոսք, հասարակական տրամադրությունների դրական փոփոխություն և, ըստ այդմ, ներքին լարվածության աստիճանական լիցքաթափում, սպասելն անիմաստ է։ Այլ հարց է, որ իշխանությունը եթե տապալվի բարեփոխումների իր նախաձեռնության մեջ, այլևս չի կարող դժգոհել արտաքին աննախադեպ և չթուլացող ճնշումից, քանզի արևմտյան կառույցները և պետություններն ակնհայտորեն շունչ քաշելու ժամանակ են տրամադրում գործող վարչակարգին` տեսնելու համար, թե որքանով Հայաստանը կկարողանա վերականգնել արտաքին հարաբերությունների խախտված հավասարակշռությունը։
Հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով` կարելի է արձանագրել, որ նոր նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան գոնե հայտարարությունների մակարդակով արդյունավետ էր։ Ռուսական կողմը վերահաստատեց տնտեսական համագործակցությունը խորացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և ռուսական բիզնեսի կողմից Հայաստան կատարվող ներդրումները խթանելու իր պատրաստակամությունը։ Ճիշտ է, երկու շատ կարևոր խնդիրների` Հայաստանի նոր ԱԷԿ-ի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումներն առայժմ մնում են վերջնականապես չճշգրտված, բայց չի բացառվում, որ բանակցությունների ընթացքում այդ խնդիրները կոնկրետ լուծումներով կքննարկվեն, և առաջիկա ժամանակահատվածում Մոսկվայի կողմից կլինեն որոշակի քայլեր, ինչն իսկապես որոշակիորեն կնպաստի իշխանությունների նկատմամբ հանրային վստահության ավելացմանը։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4667

Մեկնաբանություններ