Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հրանտ Վաղարշյան. «Ընտրանի»

Հրանտ Վաղարշյան. «Ընտրանի»
11.09.2022 | 11:31

Տեսե՞լ եք, ինչպես է ափսեի մեջ հոսող մեղրը ծալ-ծալ կուտակվում, դարս-դարսվում իրար վրա, ապա նոր միայն հարթվում` դառնալով ափսեի պարունակությունը, այն՝ ինչի համար մեղուն, գուցե և հարյուր հազարավոր անգամներ թափահարել է իր թևերը, որպեսզի գտնի ավելին, քան ժամանակի մեջ բացվող ու նորից փակվող նեկտարաբույր ծաղկեբաժակն է։


Այդպես էլ՝ ծալ առ ծալ ու շերտ առ շերտ ընկալեցի ես Հրանտ Վաղարշյանի բանաստեղծությունների «Ընտրանին», որտեղ յուրաքանչյուր բանաստեղծություն, անգամ, յուրաքանչյուր տող հուզական ապրումի մի առանձին շերտ ու ծալ է, որ ինչպես ափսեի մեջ հոսող, դաս-դաս իրար վրա հավաքվող մեղրը, միանում է ընդհանուր ապրումին, ներծծվում նրա մեջ, դառնալով այն, ինչի համար բանաստեղծի հոգին ևս, գուցե մեղվի նման հարյուր հազարավոր անգամներ թափահարել է թևերը կյանքաստան-ծաղկաստանի վրա՝ ինքն իրեն համոզելու համար, թե գուցե՞ կա մի բան, որն ուրիշ է, քան կյանքի ժամանակն ու այդ ժամանակի մեջ մարդուն տրվածը։


Հոգու թռիչքների նման պահերի մեջ ահա բանաստեղծին թվում է, թե՝ մի քայլ է մնացել մինչև հայտնությունը, ու հոգին ցնծում է՝
Իմ մեջ կենսաշող արևն է ծնվում,
Իմաստավորված նոր անհայտությամբ,
Նոր եզերքներ է իր մեջ ներառում
Ոսկե վարսերով՝ լույս եղելությամբ։


Պետք է նկատել, որ Վաղարշյանի ստեղծագործական աշխարհում մի ուրույն գիծ կա, որի մեջ նա անքննելիորեն շրջափակված է տեսնում ի վերուստ արարված ամեն ինչ և դրված՝ հաստատուն վեմի վրա։ Վերոհիշյալ քառատողում «Իմաստավորված նոր անհայտությամբ» արտահայտությունն էլ հենց այդ մասին է վկայում։ Անգամ, եթե արևաշող ու լուսավոր նոր հույսեր կան՝ դրանք ևս անհասանելի են այնքանով, որքանով անձեռնմխելի ու անքննելի են, ու նրանց իմաստն էլ հենց հավերժորեն դեպի իրենց ձգող անհասանելիության մեջ է։
Այնքան հուզական զգացումներով, անրջային ապրումներով լեցուն այս գրքում գեղեցիկ կորիզներ կան, որոնք ստիպում են մատուցված հուզաթաթախ զգացումները համտեսելուց հետո ետ դառնալ և ուղիղ ու քննող հայացքով նայել այդ կորիզներին։ Դրանցից մեկն էլ հենց այն է, որ՝ «ոսկե վարսերով» լինեն, թե՝ մութ տագնապներով, միևնույնն է՝ բոլոր-բոլոր եղելությունները, որոնք անընդհատ թարմացվում ու նորովի են մատուցվում մարդուն, նորից նույն, անբացատրելի անհայտության շրջանակում են պտտվում։ Նոր սերեր, նոր մահեր, դառն ու քաղցր հարաբերություններ, ամեն, ամեն ինչ նույն շրջապտույտի մեջ է, ու մարդն այդ շրջապտույտի միայն ժամանակային մի հատվածի համար ընտրված գոյություն է, և սա է ցավեցնում բանաստեղծին։ Ահա այս միտքն է, որ զբաղեցնում ու հանգիստ չի տալիս նրան։ Ընտրանին զրույց է կյանքի հետ նրա հենց այս կորիզի մասին, զրույց է՝ ինչ-որ տեղ հատու, կոշտ մատնացույցերով, ինչ-որ տեղ՝ քնքուշ, ետ ընկրկումների հեծկլտանքներով...
Բանաստեղծն ընթերցողին պահում է իրեն զբաղեցնող, ստեղծագործական երկու տարածքներում, որոնք էլ ի վերուստ են հաստատված մարդու համար։ Երկիրն ու երկինքն են դրանք.


Պահում եմ իմ ուսերին
Ծանրությունը երկնքի,
Եվ տագնապներն այս երկրի,
Որ տանջում են ամենքին։
Երկիրն է միշտ ինձ ձգում,
Բայց երկինքն է իմ հոգում,
Աչքերս հառած աստղերին,
Աղոթո՜ւմ եմ, աղոթո՜ւմ...
Եվ երկունքը երկնային,
Որ թափում է շանթ ու բոց,
Արևաշող իմ դեմքին
Երազ դառնում ոսկեզօծ...


Այսպես, երկնքից արևի շողին սպասող բանաստեղծի համար նույն այդ երկինքը, որ «շանթ ու բոց» է ցած առաքում, լավագուն դեպքում միայն ոսկեզօծ մի երազ է դառնում։ Նորից երազ, անհասանելի երանություն, առանց այն ճեղքելու հնարավորության ու նրա մեջ իրական երանությունը վայելելու։
«Խռովահույզ մղձավանջի» և «մորմոքահյուս անրջանքի» երկու թիերով է առաջանում Հրանտ Վաղարշյանի բանաստեղծական հոգու նավը։ Կյանքի ալեկոծ ջրերի հետ բախվող «մղձավանջ» ու «անրջանք» կոչվող այդ երկու տարբեր թիերի ձայներով է ամբողջանում նրա սրտի անհանգիստ բաբախյունը՝ «Ընտրանիի» յուրաքանչյուր էջում։ Այդ բաբախյունն այստեղ մերթ այնքան հստակ է հասնում ընթերցողին, որի օրինակին հանդիպում ենք «Մորմոքահյուս անրջանքի» տողերում, որտեղ փորձ է արվում համոզել, որ՝


Անիմաստ է հոգու կանչը, երբ անհույս ես ու անտեր,
Կարեկցանքի, սիրո կարոտ, և' մոռացված, և' անսեր...


Բայց ահա տատանումների ու երկընտրանքի նժարի մյուս կողմը ևս կա, ուր բանաստեղծի խոհը չսանձվող նժույգի նման ծառս է լինում, տարածելով ուշադրության արժանի իր գեղեցիկ կանչը բոլոր նրանց համար, ովքեր «խռովահույզ երկնքի տխուր հառաչի» և «արնավառ երեկոյի մարող առկայծումների» մեջ ոչ թե նսեմացնում են տառապանքը, կամ այլ խոսքով՝ փշրվում կյանքի շարունակաբար հրամցվող պարտադրանքների մեջ, այլ ընդհակառակն՝ փառավորում են նրա կորիզն ու արմատը, որ անիմանալիորեն խորացող անհունի մեջ է։
Երկիմաստ տատանումների մեջ բանաստեղծի աչքը կանգ է առնում անհունորեն գեղեցիկ հենց այն կորիզի ու այն արմատի վրա, որից շարունակվում են լուսավոր վերածնունդների սպասումները։
Ահա այդ, խռովահույզ ապրումների և լուսավոր սպասումների մասին է «Խռովահույզ երկինք» բանաստեղծությունը։ Որքան էլ «տխրահառաչ է անհունը» և «վիրավոր է մարմնով», այսինքն, որքան էլ ռեալ իրականության հասցրած վերքերի պրիզմայով է բանաստեղծը նայում գոյաբանության արմատին ու կորիզին, միևնույն է՝ նրա հոգում սանձերը կտրող նժույգ կա, որ ծառս է լինում, թե՝


Արշալույսն է լուսավոր վերածնվում երկնքից,
Հրաբորբ իր աչքերով, ոսկեվարս ու անսովոր,
Եվ տեսիլքից այդ հրե, որ թափվում է հուր ու բոց,
Նոր արևներ են ծնվում,ճառագումներ մեծազոր...


Կյանքը երկիմաստ է, մարդը՝ երկընտրանքի առաջ, ոմանք անհույզ են, ոմանք՝ խնջույքներում, ոմանք բարի են, ոմանք՝ անգութ, ոմանք շատ հարուստ են, ոմանք՝ «տրված են բախտի քմայքին»։ «Ընտրանի»-ով ներկայացվող ստեղծագործական ներհայեցողության այս դաշտի համառոտագրումն ենք տեսնում «Մորմոքահյուս անրջանքի» տողերում։ Կյանքի այս երկիմաստությունը զբաղեցրել է մարդու ճակատագրով անհանգիստ բանաստեղծական հոգիներին սկսած դեռ շատ վաղ ժամանակներից։ Միջնադարյան քնարերգության մեջ գագաթներ ունենք այս իմաստով։ Կարևորը, սակայն, մնացել է բանաստեղծական դիրքորոշումը, եզրահանգումը, ելքի մատնացույցը, որը Հրանտ Վաղարշյանի դեպքում սերն է՝ Անհունի նկատմամբ, որին պետք է նայել լուսավոր սպասումներով։ Իսկ Անհունը արմատ է, ու կյանքը՝ կորիզ, որի շուրջը հյուսվում են իրարից տարբեր ու «տարածավալ ներշնչանքները»։
Կյանքի անցողիկության վերաբերյալ թախծախառն զգացումների, տխուր մտածումների և լուսավոր ինքնամխիթարանքների չափումների մեջ է լողում Հրանտ Վաղարշյանի բանաստեղծական հոգու նավը։ Ավելի լավ ո՞վ է ճանաչում իրեն, ո՞վ է տեղյակ իր ինքնության գաղտնիքներին, քան հենց ինքը՝ այս տողերի հեղինակը.
Ես եկել եմ անհայտից՝ լույս անուրջներ իմ սրտում,
Մշտահաղորդ հույզերիս շշունջներով ոգեցունց։


Իսկապես, հույզերի սափոր է, ասես, Հրանտ Վաղարշյանի բանաստեղծական հոգին ու լի է «լույս անուրջներով», որոնք, սակայն, որքան էլ խենթացնող են, այնուամենայնիվ, ամբողջովին չի բացվում, չի բոցկլտում նրանց մեջ գոյություն ունեցող կյանքի ծաղիկը, ինչո՞ւ, որովհետև օրերը վիրավոր են՝ կախարդվածությամբ անցավորության, որովհետև՝
Մնայուն չէ կյանքը այս, որ տրված է վերևից,
Անրջանք է տևական, զգացումով տարերքի...
Կյանքի անցավորությունը զբաղեցրել է ստեղծագործ հոգիներին, սկսած այդ թեմայի մեջ փայլող գագաթներից մինչև սեփական առօրյա մտքերը հանրայնացնելով տարվածներին։ Այդ անցավորության հետ մարդ արարածի հարաբերությունները, վերաբերմունքը դրան, բանաստեղծական հազար ու մի դրսևորումներ են ունեցել։ Դրանցից մեկը՝ գործով անմահանալու, մյուսը՝ երկիրը թողնելով երկինքը ժառանգելու և այլ դեղատոմսեր են առաջարկել։ Ներկա դեպքում՝ անցավորության զգացումների մեջ երկընտրանքային տարուբերումների հոգեվիճակ է, որը մարդկային է, և հատուկ է տառապանքը ծաղկեցնողներին։ Մի կողմից այստեղ «սոսկում» կա, որովհետև «արևափայլ մտքերն են հանգչում հույզերի գեհենում» /«Սոսկում»/, մյուս կողմից՝


Ամենուր լույս է,
Կյանք ու ջերմություն,
Լույսը աղոթք է,
Սերը՝ հայտնություն։
Որքան հեռու են իրարից գեհենը և լույսը, այնքան յուրատեսակ գեղեցիկ է բանաստեղծի սերը՝ կյանքի նկատմամբ.
Ցավերն իմ դեմ են ելնում,
Դավերն իմ դեմ են ելնում,
Կյանքի հանդեպ իմ սերը
Դավերի դեմ է ելնում։
Անհուններն եմ երազում,
Սիրում, հուզվում, երազում,
Կյանքի հանդեպ իմ սերը
Անմար լույս է երազուն։


Հրանտ Վաղարշյան ընկած խոյակների գեղեցկությունների մասին խոսող բանաստեղծ է։ Կարող ես թողնել նրա տողերում տեսանելի տխուր ու ավերված իրականությունն ու գնալ ծաղկեցնելու ավերակների մեջ ընկած խոյակները։


Խելահեղ քամին փաթաթվում ծառին
Եվ գալարվելով բարձրանում է վեր,
Սուլում է մի երգ, տխուր նոր սիրերգ,
Եվ արձագանքում իմ հոգում ավեր... /«Ձմեռային էտյուդ»/


Ընկնում են անշունչ տերևները,
Քամին ողբում է շարունակ,
Դողում են մերկացած ծառերը,
Ձմեռ է, քնքուշ ու ճերմակ... /«Տերևաթափ»/


Դալուկ տրտմությունը, մարող հույսերը,տարանցիկ իղձերը, մոլոր ստվերները և անսովոր հույզերը ցնորածին ընկալումների են վերածվում բանաստեղծի խիստ ապրված տողերում, թվում է, թե ահա-ահա նրանք կփակեն քեզ իրենց սարդոստայնում, բայց նրանցից փրկվելու մեկ ուղի կա՝ հրաշքի ուղին.


Երբ խճճվում ես որոգայթներում,
Փակվում է ուղին, որպես սարդոստայն,
Հրաշքն է այդժամ միայն քեզ փրկում,
Խորհրդով հոգու հավիտենության... /«Տրտմություն»/


Ահա և կյանքը՝ որ սիրելի է իր անցավորության մեջ և արմատ ու կորիզ ունի, որն ընկալելու համար Անհունն ընկալելու բանալին պետք է ունենալ։
Եվ այսպես, նեկտարահավաք մեղվի պես, ՀրանտՎաղարշյանի բանաստեղծական հոգին կյանքի վարուվերումների, նաև՝ վեր ու վարի նկատմամբ իր մոտեցումների արդյունքում կրկին ու կրկին ամրագրում է կյանքի՝ նույն շրջապտույտի մեջ եղող անցավորության գաղափարը, և իր ներքին հուզումնային պահվածքներով ուղղորդում՝ սիրելու այդ անցավորն ու զգույշ վարվելու նրա հետ։


Ֆելիքս Բախչինյան

Դիտվել է՝ 6862

Մեկնաբանություններ