«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը

Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը
16.04.2023 | 23:50

(սկիզբը` այստեղ)

1990 թվից ես արդեն «Հայաստանի Հանրապետութին» օրաթերթում էի աշխատում: Եթե չեմ սխալվում, 1993-ի անտանելի ցուրտ ձմեռն էր, երբ թերթի գլխավոր խմբագիր, լուսահոգի Այդին Մորիկյանն, ում 1975-ից ճանաչելու երջանկությունն եմ ունեցել, կանչեց վերև, թե՝ ապեր, աշխատողները սառում են, էս րոպեն մեկ կտրվող լույսի պայմաններում հոսանքով տաքացուցիչների վրա հույս դնել չի լինի: Ասում են՝ «Հայէլեկտրոն» նավթավառներ է արտադրում: Տնօրենը Կարեն Դեմիրճյանն է: Ստատուսը պահելու համար կամ ես պիտի գնամ, կամ՝ դու: Ոնց էլ լինի աղջիկ տարիների աշխատանքաին ժամանակներում հետը շփված կլինես: Գուցե խնդրես մի քանի հատ նավթավառ վաճառեն։

Գնացի, սակայն քարտուղարուհուն նախապես զանգելով ու խնդրելով, որ Կարեն Սերոբիչին բառացիորեն հաղորդի հետևյալը. «Զանգել է «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալն ու, նախապես ներողություն խնդրելով անհարմարություն պատճառելու համար, խնդրում է ցանկացած հարմար ժամի ընդունել»:

Հետզանգն անմիջապես հետևեց, ու ես փութացի Կարեն Սերոբիչի մոտ: Թաքցնելու ոչինչ չունեմ՝ երկյուղած մտա աշխատասենյակ: Ընդունեց խորագույն հարգանքով ու, դիմելով ազգանունով, հարցրեց. «Վերադաս ջան, ինչով կարող եմ ծառայել»։

Իրեն այնքա՜ն բնորոշ նուրբ, բայցև դիմացինի ինքնասիրությունը չվիրավորող հումորի հետ միախառնված վեհանձնություն կար դիմելաձևի մեջ, արքայական պահվածք: Սակայն թող հանդուրժվի ասելը, մենք էլ անտաշ քարից չէինք շինված ու համենայն դեպս նույն այդ կրթությունից, ընտանեկան դաստիարակությունից գիտեինք ինչն ինչից հետո է: Ասացի. «Կարեն Սերոբիչ, այս սենյակում ու ընդհանրապես, գոնե ինձ համար, վերադասը եղել եք, կաք ու մնում եք Դուք: Հանրապետությունը Ձեր ղեկավարած տարիներին ես եղել եմ կոմերիտմիության աշխատող ու Ձեր անձի նկատմամբ պատկառանքը պահած անձ եմ ու որ թեպետ շրջապատն ինձ ազգանունով է դիմում, ես Ձեզ համար կամ և մնում եմ Մարտին»:

Շոյվե՜ց: Հաճելիորեն շոյվեց, թեպետ չեմ կարծում, թե կյանքում առաջին անգամ էր նման խոստովանանք լսում: Ասաց՝ բալա, սահմանը դու վերացրեցիր: Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

Ներկայացրի խմբագրության վիճակը, որ սառելու պատճառով գրիչը լրագրողներիս մատների արանքից ցած է ընկնում, որ տաքանալու համար աշխատողներին փողոց ենք հանում, քանի որ այնտեղ աշխատասենյակից ավելի տաք է…

Վշտացավ․«Փաստորեն Պատրիկյանի կերպարում Նար-Դոսը չափազանցություններին տուրք չի տվել»: Վերցրեց հեռախոսափողը, քարտուղարուհուն հանձնարարեց գտնել գլխավոր ինժեներին: Ու քանի որ խոսակցությունից պարզ դարձավ, որ դա առնվազն մի երեսուն րոպե տևելու է, ես ասացի, որ չխանգարելու համար կսպասեմ ընդունարանում: Առարկեց. «Նախ՝ չես խանգարում, երկրորդ՝ տանտիրոջ դուռը միշտ բաց պիտի լինի եկողի համար, որ տունը տան նման լինի»:

Օգտվելով առիթից, որ զրուցակիցս անկեղծ մթնոլորտ էր ստեղծել, բացի այդ ժամանակ լցնելու խնդիր կար, պատմեցի կոմսոմոլի տարիների ոդիսականս: Մի այնպիսի հոմերական քրքիջ էր դրել, որ քարտուղարուհին դուռը զարմացած բացել, շիվար կանգնել էր՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Ով գիտի` մեկ էլ երբ էր այդպիսի վարակիչ ծիծաղով տեսել նրան:

Մինչ գլխավոր ինժեների գալը երկար խոսակցություն բացեց միավորման գործունեությունից, աշխատանքային հեռանկարից, սահուն անցում կատարեց երկրի իշխանություններին, որ նրանց աշխատելուն չպիտի խանգարել, ավելորդ խորհուրդներով չպիտի միջամտել, որ եթե իրենց՝ հին (այդպես էլ ասաց՝ հին, թեպետ իրենից ով էր ավելի նորը, այդպես էլ չհասկացանք մեր այս տարիներին) ուժերի օգնության կարիքն ունենան, հավանաբար արժանապատվությունից ցածր չեն համարի, կդիմեն ու իրենք էլ չեն զլանա օգնության ձեռք մեկնել, որ Նախագահն ուղեղ ունեցող մարդ է, ոնց որ թե կարողանում է երկիրը արժանապատվորեն ներկայացնել դրսում, որ տնտեսության կառավարման հարցերում թեպետ վրիպումներ կան, բայց թե ամեն մի նոր միշտ էլ նման բաներով ուղեկցվող է, գլխավորը ստրատեգիայում սխալված չլինելն է, որ էն արջից ուժ է հորդում, ու որ սպարապետը պիտի էդպիսին լինի…

Մի խոսքով բաներ էր ասում, որ հաճելիորեն զարմացնում էին, մինչդեռ անկեղծ ասած, թվում էր, թե հակառակը, ավելի շուտ ու ավելի շատ վիրավորանքը պիտի մեջը խոսեր:

Երբ հավարտ իր ծավալուն խոսքին զարմանքս արտահայտեցի ժամանակի իշխանությունների նկատմամբ ունեցած դիրքորոշման առնչությամբ, ասաց. «Իմացիր ողջ կյանքիդ համար, երկիր կառուցելիս վիրավորանքներով չեն առաջնորդվում: Դա թույլերի մենաշնորհն է»:

(շարունակելի)

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 11924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ