Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վրաստանը քաոսի և հեղափոխության միջև

Վրաստանը քաոսի և հեղափոխության միջև
20.02.2021 | 10:30

Պարզվում է, որ շուտով չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հաղորդակցության ամենակարևոր միջանցքներից մեկը կանցնի ոչ թե Վրաստանի տարածքով, այլ Հայաստանով և Լեռնային Ղարաբաղով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքով Երևան-Մոսկվա երկաթուղային հաղորդակցությունը հնարավոր է վերականգնել: Ամենից շատ Թբիլիսիին զարմացրել է, որ Մոսկվան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի առաջին հեռախոսազրույցի վերաբերյալ իր պաշտոնական զեկույցում չի նշել կողմերի միջև վրացական խնդրի քննարկման մասին: Թբիլիսին այլ տեղեկություններ ուներ՝ հուսալով, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Վրաստանը ավելի շատ հնարավորություններ կունենա միջազգային ասպարեզում և ռուսական ուղղությամբ՝իր թեմաներն առաջ տանելու: Հատկապես հիմա, երբ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռուս խաղաղապահներ, որ վրացական կողմն նկալում է տարածաշրջանում Մոսկվայի աշխարհաքաղաքական գերակայության հաստատման քայլ: Վրաստանը չէր նախատեսել, որ տարածաշրջանային բանաձևում կհայտնվի այնպիսի փոփոխական, ինչպիսին Թուրքիան է, որ Ռուսաստանին մրցակցի և միաժամանակ գործընկերոջ դերում է հանդես գալիս:

Վրաստանը հիշում է, թե ինչպես 1920-ականներին բոլշևիկների դաշինքը Քեմալ Աթաթուրքի հետ արագացրեց խորհրդայնացման գործընթացն Անդրկովկասում, և նրանք մտածում են, թե ինչ կլինի հիմա, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, տարածաշրջանում իր ազդեցությունն ապահովելու նպատակով, «ինչ-որ պահի հակասի Վրաստանի ազգային շահերին»: Վրացական «թագավորությունում» ամեն ինչ իրար է խառնվել: Ինչպես գրում է Սիխարուլիձեն, «ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ Թուրքիան անձեռնմխելի է դարձնում վրացի քաղաքական գործիչների համար, և դրա վրա հարձակումներն ինքնստինքյան անվանվում են ռուսամետ ուժերի ինտրիգներ»:


Եվս մի պահ: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է հրաժարականի մասին՝ որոշումը բացատրելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիում հակառուսական գործողությունները ղեկավարած Նիկանոր Մելիայի ձերբակալման շուրջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ տարաձայնություններով: Հետաքրքիր է, որ Վրաստանում քաղաքական պայքարի շրջանակներում ոմանք փորձում են հրաժարականը ներկայացնել ռուսամետ քաղաքական գործչի հեռացում իշխանությունից: Սակայն բառացիորեն նախորդ օրը վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսմեններին՝ Ներկայացուցիչների պալատում ներկայացված «Վրաստանին աջակցող ակտի» համար: Այս փաստաթղթի շրջանակներում պետքարտուղարին հանձնարարվում է 90 օրում ներկայացնել պաշտպանության և անվտանգության ոլորտում Վրաստանի հետ հարաբերությունների խորացման հետագա քայլերը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը վերջնականապես խճճվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև, որոնք հրաժարվում են ճանաչել անցած աշնան խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հարցն այն է, որ միմյանց հակառակ քաղաքական ուժերը՝ Վրաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության հարցում համերաշխ են: Այս ամենին գումարվում է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործոնը, որ Վաշինգտոնի նոր վարչակազմի օրոք «նոր հնարավորությունների պատուհան» է տեսնում:


Ընդդիմության ղեկավար Մելիան արդեն նոր ընտրությունների պահանջ է ներկայացրել: Վրաստանում ԱՄՆ-ի և ԵՄ դեսպանների միջնորդությամբ նոյեմբերից տեղի է ունեցել բանակցությունների չորս փուլ` նորընտիր խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումների արդյունքում ընդդիմությունն ասել է, որ իշխանությունները հրաժարվում են քննարկել ընտրությունները կրկնելու ընդդիրների հիմնական պահանջը: Միևնույն ժամանակ, ընդդիմադիրները համաձայնության են եկել առաջիկա վեց ամիսների գործողությունների ծրագիր կազմելու վերաբերյալ: «Վրացական երազանք» կուսակցության հակառակորդները մի կողմից պատրաստվում են ստեղծել «ժողովրդական խորհրդարան», մյուս կողմից, ընդդիմությունն իշխող կուսակցությանը վախեցնում է հեղափոխությամբ: Գարնանը նախատեսվում են լայնածավալ փողոցային ակցիաներ: Carnegie Moscow Center-ի փորձագետների կարծիքով՝ «Վրաստանում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունն ընկավ մի ծուղակ, որն ինքն իր համար պատրաստում էր երկար տարիներ: Վրաստանում քաղաքական ճգնաժամը ոչնչացրել է միանգամից երկու լեգենդ, որոնց վրա հենվում էր նրա իշխանությունը: Խոսքը ներքին քաղաքականությունում հումանիզմի և Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման գործում աննախադեպ հաջողությունների մասին է: Սա մեծապես խարխլում է ռեժիմի օրինականությունը և շատ է դժվարացնում հետագայում իշխանությունը պահպանելը»: Վրացի վերլուծաբան Պետրե Մամրաձեն նշում է, որ «Վրաստանին հետաքրքիր իրադարձություններ են սպասում»: Նույնիսկ չենք կասկածում:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Վրաստանին ոչ միայն «հետաքրքիր» քաղաքական իրադարձություններ են սպասվում, այդ թվում վարչապետի փոփոխություն՝ վերադառնում է նախկին վարչապետը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, որ հրաժարական տված կառավարության ՊՆ նախարարն էր, այլև՝ տնտեսական փլուզում: Իր տնտեսությունը թուրք-ադրբեջանական ներդրումների վրա կառուցած, բայց ԵՄ ու ՆԱՏՕ ձգտող պետությունը վերջ-առաջ կանգնելու էր այդ դիլեմայի առաջ: Արցախյան պատերազմի հետևանքները Վրաստանին դարձնում են տարածաշրջանում երկրորդական պետություն՝ Թբիլիսին կորցնում է տարանցիկ երկրի կարգավիճակը, հետևաբար՝ նաև քաղաքական դերը: Տրանսպորտային նոր լոգիստիկայի հեռանկարները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ստիպեցին հայտարարել, որ Թբիլիսին միանում է 6 պլատֆորմի Էրդողանի առաջարկին՝ հակառակ ընդդիմության բողոքներին: Վրաստանի իշխանությունը հասկանում է, որ Հարավային Կովկասում նոր ու մեծ խաղ է գնում, որտեղ կարող են փոխվել թե դաշնակիցները, թե դերերը, թե կարգավիճակները, բայց ներքաղաքական զարգացումների պատճառով Թբիլիսին ի վիճակի չէ լիովին պաշտպանել իր շահերը՝ առավել ևս տեսակետները տարբերվում են, թե ումից ու ում դռանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 92086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ