Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իվան Իլյին. Գլխավորը

Իվան Իլյին. Գլխավորը
13.05.2022 | 07:44

Ժամանակին տարօրինակ մի մարդ կար. նա կորցրել էր «գլխավորը»։ Նա շատ հարուստ էր և ուներ այնքան, որքան կկամենար ունենալ յուրաքանչյուր մարդ։ Համենայն դեպս, այդքան հարստության մեջ նա ինչ-որ բան, այնուամենայնիվ, չուներ։ Սակայն ի՞նչ։ Անունն էլ չգիտեր։


Նա այնքա՜ն բան կարող էր անել, գրեթե ամեն ինչ։ Բայց, այնուամենայնիվ, չգիտեր մի բան, ինչին կարելի էր ձգտել, ու կյանքը նրան թվում էր անիմաստ և մեռած։ Ոչինչ չէր ուրախացնում նրան։ Հարստությունն էլ նրա համար աստիճանաբար դարձավ անտանելի մի բեռ։ Այդ ժամանակ մեծահարուստը գնաց մի ծեր կնոջ մոտ, որն ապրում էր քարանձավում, և պատմեց իր դժբախտության մասին։ «Գնա՛ մեծ աշխարհ,-ասաց ծեր կինը,-և փնտրի՛ր կորցրածդ։ Քո դժբախտությունը շատ է ահավոր` քեզ պակասում է «ամենագլխավորը», ու մինչև չգտնես, կյանքը քեզ համար կմնա որպես տանջանք»։ Եվ դժբախտը ճամփա ընկավ։


Միշտ հիշում եմ այդ հեքիաթը, երբ մտածում եմ ժամանակակից աշխարհի ու նրա հոգևոր տագնապի մասին։ Ինչքա՜ն հարուստ է մարդկությունը ցածրակարգ բարիքներով։ ՈՒ ապագայում ավելի կհարստանա։ Կհաղթահարվի տարածությունը, կնվաճվի օդը, կբացահայտվեն նյութի խորհրդավոր հատկությունները, և նրանց կտիրապետեն, կհասնեն աներևակայելի բաների, կլսեն չլսված բաներ։ Անընդհատ կստեղծվեն նոր գործիքներ, բոլոր միջոցներն ու հնարավորությունները կլինեն մարդու տնօրինության տակ։ Սակայն կբացակայի գլխավորը։


Երկրային կյանքի «ինչպեսը» կզարգանա առանց դադարի, հաջողությամբ։ Սակայն երկրային կյանքի «ինչի համար»-ն աննկատ կկորչի։ Այո՛, աննկատ հոգևոր ցրվածության միայն մի քանի հարյուրամյակ։ Դա նման կլինի այն բանին, երբ մարդ, ենթադրենք, տառապում է ցրվածությամբ, բայց որոշել է շախմատ խաղալ և իր համար մշակում է հեռահար, բարդ մի նախագիծ, որի իրականացումն արդեն կիսով չափ ավարտված է, բայց հանկարծ նա մոռանում է սեփական ծրագիրը. «Հոյակա՛պ է։ Սակայն ինչի՞ համար եմ ես ձեռնարկել այս ամենը։ Ի՞նչ եմ, ըստ էության, ուզում»։


Այդ հարցը նույնիսկ չի էլ հասնում ժամանակակից մեծամասնության գիտակցությանը։ Նրանք ոչինչ չգիտեն կյանքի «ինչի համարի» մասին, ինչպես որ չեն նկատում և այն, որ իրենք տգետ են։ Նրանք չունեն ոչ մի պատասխան ու չեն էլ նկատում այդ պատասխանի բացակայությունը։ Կորցրածը, հնարավոր է, գտնվի, բայց դրա համար հարկավոր է սկզբում նկատել դրա բացակայությունը. չէ՞ որ միայն այդ դեպքում կարելի է վերացնել դժբախտությունը, միայն այդ ժամանակ է հնարավոր փնտրել ելքը։
Արժե մտաբերել վերջին հարյուրամյակի բնագիտական և տեխնիկական հայտնագործությունները։ Այդ զարմանալի գյուտերն արդեն իսկ բավական են, որպեսզի ստեղծվի մեծագույն մի բան։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է համապարփակ, թևավոր, հեռատես, նպատակասլաց գիտակցություն, արվեստի հոգևոր-դաստիարակչական ահռելի ուժ։ Կյանքն առանց իմաստի դառնում է վտանգավոր։ Շինարարության հնարավորությունները կարող են դառնալ համընդհանուր ավերածությունների գործիքներ։ Չէ՞ որ նրանք ինքնին ո՛չ «լավն» են և ո՛չ էլ «վատը», նրանք միայն հզոր, անորոշ «հնարավորություն» են, կենտրոնացած ներունակություն։


Ժամանակակից մարդկությունը պետք է գոնե ճիշտ, բնազդորեն զգա, թե «ուր» է գնում, «ինչի» համար են նրան տրված այդ հնարավորությունները, «ինչպես» է պետք դրանք օգտագործել, որպեսզի ստեղծագործական ուղին չդառնա ավերակների ուղի։ Նաև լավ կլիներ իմանալ, որ միայն հոգևոր տեսակետից արմատավորված, ազնվագույն ցանկություններից մղված կարգապահ մարդը կարող է չչարաշահել այդ կենտրոնացած ներուժը։ Արդյո՞ք երեխային թույլ են տալիս խաղալ վառոդի հետ։ Մի՞թե չար բախտ չէ, երբ կախարդի աշակերտը ոգիներ է կանչում, սակայն չգիտի, թե հետո ինչպես ազատվի դրանցից։ Ի՞նչ կստացվի, եթե հոգևոր արմատներից զրկված մի խումբ մարդիկ, որ բարոյապես անսանձ «աշխարհի նվաճողներն են», սկսեն խաղալ ժամանակակից քիմիայի, տեխնիկայի և մանրէների մասին գիտության գործիքների հետ։


Ժամանակակից մարդու դժբախտությունը չափազանց մեծ է. նրան պակասում է գլխավորը` կյանքի իմաստը։ Նա պետք է որոնի այն։ ՈՒ մինչև չգտնի գլխավորը, անհաջողություններն ու վտանգները նրան շատ ավելի հաճախ կդարանեն։ ՈՒ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չի շրջվի դեպի Քրիստոսն ու չի սկսի նորից հավատալ Նրան։

Դիտվել է՝ 6029

Մեկնաբանություններ