ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Ներհայկական ցանկացած ցնցում հակառակորդը կարող է օգտագործել ինչ-ինչ քայլերի համար»

«Ներհայկական ցանկացած ցնցում հակառակորդը կարող է օգտագործել ինչ-ինչ քայլերի համար»
12.06.2018 | 00:12

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն, թե Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Նշվում է նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը:
Հայկական կողմը հերքեց այս լուրը։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղերին։ Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղին»։
Թեմայի շուրջ զրուցում ենք «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Վրթանեսյան, ի՞նչ կասեք այն հայտարարության մասին, որ մարդասիրություն ցուցաբերելով է հայկական կողմը թույլատրել Ադրբեջանի քաղաքացիներին մոտենալ Գյուննութ բնակավայրի գերեզմանատեղին։ Որքանո՞վ է արդարացված այդ մարդասիրությունը և ի՞նչ վտանգներ կարող է պարունակել։
-Ճիշտն ասած, ճակատի տարբեր հատվածներում իրավիճակը տարբեր է։ Օրինակ, Տավուշում կամ Արցախում նման քայլը գուցե սխալ լինի, Նախիջևանի սահմանին՝ ճիշտ։ Սա ուղղակի որպես պայմանական օրինակ եմ բերում, ես չեմ նշում՝ ճիշտ է, թե սխալ։ Կոնտեքստից այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է թույլատրվել, ինչ պայմաններով, արդյոք պայմանները խախտվել են, թե ոչ և այլն։ ՈՒստի չեմ կարող դատել՝ այդ քայլը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Գուցե նաև պայմանավորվածություն է եղել, և ինչ-որ հարցում էլ ադրբեջանցիներն են զիջումների գնացել։ Չեմ կարող ասել՝ դա եղել է միակողմանի, չարդարացված որոշու՞մ մեր կողմից, թե՞ առկա էին նաև այլ պատճառներ, գուցե մեզ համար ոչ այնքան պարզ։ Ընդհանրապես, նման պայմանավորվածությունները տարբեր իրավիճակներում նորմալ են, այլ հարց է, որ ադրբեջանական կողմը միանշանակ օգտագործել է սա որպես քարոզչական հնարավորություն՝ ներկայացնելով որպես հաղթանակ։
-Այդ մարդկանց մուտքը նշված տարածք հետախուզական վտանգներ չի՞ պարունակում։
-Ոչ, իրականում նրանք մտել են, այսպես ասած, միջդիրքային տարածություն։ Այդ գյուղի գերեզմանոցը, այսպես թե այնպես, նրանց համար հասանելի է, և ճանապարհի միայն մի հատվածն է, որ հայկական դիրքերից երևում է։ Թերևս, խոսքն այդ ճանապարհով անցնելու մասին է եղել։
-Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման մասին։ Հակառակորդի առաջխաղացումը չեզոք գոտում ինչի՞ կարող է հանգեցնել։
-Նախ՝ այդ առաջխաղացումը հանգեցրել է դիրքերի մոտեցման։ Այսինքն, վաղ թե ուշ դա լրացուցիչ լարվածություն է առաջացնելու։ Այսօրվա դրությամբ չեմ կարծում, թե ադրբեջանցիները կկարողանան իրենց առաջխաղացումն ինչ-որ բանի համար օգտագործել, բայց որևէ այլ իրավիճակում՝ գուցե։ Եթե ռազմական գործողություններ լինեն ճակատի այլ հատվածում, այդտեղ էլ նրանց առաջխաղացումը կարող է գործել մեր դեմ։ Ժամանակին՝ հրադադարը կնքելու պահին, ադրբեջանցիները Թալիշում ունեցել են մի փոքր պլացդարմ, որը, մեծ հաշվով, շատ լուրջ առավելություն չէր տալիս, բայց 20 տարի անց՝ ապրիլյան պատերազմի օրերին, նրանք փաստացի այդ պլացդարմն օգտագործեցին մեր դիրքերի վրա հարձակվելու համար։
-Արցախում քաղաքական իրավիճակի սրումը կարո՞ղ է վտանգ հանդիսանալ շփման գծում։
-Ներհայկական ցանկացած ցնցում, այդ թվում՝ Հայաստանում, հակառակորդը կարող է օգտագործել ինչ-ինչ քայլերի համար։ Եվ դա տրամաբանական է, քանի որ եթե հակառակորդիդ, թշնամուդ մոտ անկայուն իրավիճակ է, հրամանատարական շղթան կարող է խզված լինել, անհասկանալի, քաոսային իրավիճակ ստեղծվել, բնական է, որ մյուս կողմը փորձելու է դա օգտագործել։ Եթե Ադրբեջանում էլ քաոսային իրավիճակ լինի, հայկական կողմը պասիվ դիտորդի կարգավիճակում չի մնա։

Զրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ