Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարեգործության մասին խոսակցությունը ԲՀԿ-ի անդորրը նորից խախտեց

Բարեգործության մասին խոսակցությունը  ԲՀԿ-ի անդորրը նորից խախտեց
24.07.2018 | 23:40

Երբ Հայաստանում խոսում են բարեգործության մասին ու ինչպես է այն «վնասում» ընտրություններին, ԲՀԿ-ականները միանգամից իրար են խառնվում: Բարեգործության մասին ցանկացած խոսքուզրույց այս քաղաքական ուժի համար լակմուսի թուղթ է դարձել: Ժողովրդական լավ խոսք կա. «Եթե սոխ չես կերել, ինչու է սիրտդ մրմռում»:

Այսինքն, եթե բարեգործության անվան տակ այլ նպատակներ չկան, ինչու՞ են ծառուկյանականներն այդքան սուր ընկալում այս մասին ցանկացած խոսք և ինչու՞ են իրենց վրա վերցնում, երբ խոսում են ընտրությունների ժամանակ բարեգործության անվան տակ ընտրակաշառքների մասին:

Այս թեման այսօր հերթական անգամ արծարծվել է ԸՕ-ի քննարկումների ժամանակ: Երբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներով դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունն ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ, «Ծառուկյան» խմբակցության անդամները վրդովվեցին: Չնայած ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջինը հայտարարեց, որ դեմ է այս տարբերակին, քանի որ Ընտրական օրենսգիրքը տալիս է դրա սահմանումը, բայց դրանից մեկ տող ավելի գրելն արդեն վտանգավոր է, հակագրոհը ՀՅԴ-ԲՀԿ տանդեմում շարունակվեց:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ես առավոտ շուտ «Դաշնակցություն» բարեգործական կազմակերպություն կստեղծեմ և ձեզ արգելում եմ մասնակցել»: Սա չէր կարող 128 տարվա դաշնակցության զայրույթը չառաջացնել: «Դուք ընդհանրապես դաշնակցության հետ կապված որևէ բան իրավունք չունեք ստեղծելու: Հենց դուք դա ստեղծեցիք՝ 128 տարվա համար պատասխանատվություն պիտի վերցնեք, չեք կարող դրա տակից դուրս գալ»: Բագրատյանը հակադարձեց. «Մենք 500 տարվա պատասխանն էլ կտանք, բայց դեմ ենք դրան»: Ի վերջո, Արմեն Ռուստամյանի նյարդերը տեղի տվեցին. «Եթե դուք այդքան մտահոգ եք բարեգործության համար, բարեգործությունը մինչև այդ կատարեիք: Գիտենք, էլի, բարեգործությունները ոնց են լինում, գիտենք էդ ակցիաների տակ ոնց է թաքնված ընտրությունների վրա ազդելը, էդ էլ ենք տեսել: Հանկարծ բոլորը սկսում են հումանիստ դառնալ այդ օրերին, բոլորը դառնում են բժիշկներ, գնում են մարզեր՝ բուժելու»:

Չնայած դաշնակցության առաջարկը բարեգործության առնչությամբ հազիվ թե ընդունվի, սակայն փաստ է, որ Ռուստամյանի ասածներն իրականությունից հեռու չեն, պարզապես ողջ խնդիրն այն է, թե ինչպես պետք է ԲՀԿ-ին բնորոշ բարեգործության ու իրական բարեգործության սահմանը օրենքով զատել: Չնայած համապատասխան օրենքը, որն սկզբում ԲՀԿ-ի մեծ դիմադրությանն արժանացավ, հետո խելոք-խելոք «կողմ» քվեարկեցին, բավականին պարզորոշ սահմանում է, թե որն է բարեգործությունը՝ որպես աստվածաշնչյան հասկացություն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ



Դիտվել է՝ 4846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ