Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսությունն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսությունից

Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսությունն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսությունից
19.10.2018 | 02:19

Տեսնենք, թե ինչպիսին է Իրանի տնտեսությունը, որով մինչև սեպտեմբեր այնքան «մտահոգված էին» ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները: Ասել, թե այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցություն կլինի: Բայց չնշել, որ չնայած ամեն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսությունը կենդանի է և արագ զարգանում է, մեծ սխալ կլինի: Զարգացման բրազիլական բանկը նախատեսում է 1,2 մլրդ դոլարի վարկային գիծ բացել Իրանի հետ առևտուրը շարունակելու և այնտեղ ներդրումներ անելու համար, հայտնել է Թեհրանում Բրազիլիայի դեսպան Ռոդրիգու Սանտուշը: Եվ դա այն դեպքում, որ Բրազիլիան տնտեսական գծով Լատինական Ամերիկայում առաջատարն է, միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կողմից ծայրահեղ «սեղմված» պետություն: Բայց նույնիսկ Բրազիլիան է հասկանում, որ իրենց համար Իրանն է հնարավորություն, ոչ թե ԱՄՆ-ից ինչ-որ շահաբաժիններ: Եվ համաձայնենք, որ եթե պատժամիջոցների տակ հայտնված իրանական տնտեսությունը հեռանկարներ չունենար, ապա Լատինական Ամերիկայի առաջատար երկիրը կգերադասեր հարաբերությունները չսրել Վաշինգտոնի հետ:

Այժմ վերցնենք... Հայաստանը: Չնայած աշխարհագրական մոտությանը և Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները թափով զարգացնելու տրամաբանական լինելուն, Հայաստանի իշխանություններն այնպես են ձևացրել և ձևացնում, ասես Իրանը Մարսի վրա ինչ-որ տեղ է: Իրանական տոմարով ընթացիկ 1397 թ. ֆինանսական տարվա առաջին 4 ամսում (2018 թ. մարտի 21-հուլիսի 22) Իրանի և Հայաստանի ոչնավթային ապրանքաշրջանառությունը կազմել է 132 768 տոննա 54,31 մլն դոլար: Դա նշանակում է տոննայով աճ 24,48 %-ով և արժեքով աճ 24,79 %-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Արտահանումը Իրանից Հայաստան եղել է 131 564 տոննա և 49 մլն դոլարի, աճը՝ համապատասխանաբար 28,04 % և 29,88 % (տարեկան հաշվարկով): Իրանից արտահանման ցուցանիշով Հայաստանը եղել է 25-րդ տեղում: Իրանը Հայաստան է արտահանել տեխնիկա, մոնօկուլյար խցիկներ, պիստակ: Հայաստանն Իրան է արտահանել 5,31 մլն դոլարի 1263 տ ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է համապատասխանաբար 8,33 %-ով և 68,02 %-ով: Չորս ամսում Հայաստանը արտահանմամբ Իրանի համար եղել է 62-րդ տեղում: Արտահանվել են հիմնականում ոչխարներ, տրանսպորտային միջոցներ և դիզելային շարժիչներ:


Ռուս-իրանական ապրանքաշրջանառության մասին: Իրանական օրացույցի նույն 1397 թ. ֆինանսական տարվա առաջին 4 ամսում ՌԴ-ի հետ Իրանի ապրանքաշրջանառությունը կազմել է 645 158 տոննա (546,24 մլն դոլարի)՝ նախորդ տարվանից 33,93 %-ով (130,35 %) ավելի: Իրանից Ռուսաստան արտահանումը՝ 171 496 տոննա (93,56 մլն դոլարի), աճը՝ 29,39 % (36,84 %): Այդ 4 ամսվա ընթացքում Ռուսաստանը 21-րդ տեղում էր Իրանից ներմուծման ցուցանիշով: Իրանը Ռուսաստան էր արտահանում խնձոր, լոլիկ և կիվի: Իսկ Ռուսաստանն Իրանին մատակարարել է 473 662 տոննա ապրանք (452,68 մլն դոլարի), աճը՝ 35,66 % (168,22 %), և Ռուսաստանը դարձել է Իրանի 8-րդ խոշոր մատակարարը (հիմնականում միջուկային ռեակտորների մասեր, ռադիոնավագնացական սարքավորումներ, եգիպտացորեն):


Մի քանի խոսք Իրանի տնտեսության ածխաջրածնային հատվածի մասին: Նշյալ 4 ամսում հում նավթի և նավթամթերքների արտահանումից Իրանի եկամուտը հասել է 9,98 մլրդ դոլարի, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը գերազանցում է 60,7 %-ով: Հում նավթ վաճառվել է 8,3 մլրդ դոլարի (նախորդ տարի՝ մոտ 4,5 մլրդի): Աճը՝ 84,2 %: Նման թռիչքի գործոններից մեկը նավթի վերջին թանկացումն էր: Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան հում նավթ ներմուծող հիմնական երկրներից են և ստանում են Իրանից արտահանվող նավթի 60 %-ը: Մնացած 40 %-ն ստանում են եվրոպացի գնորդները: Իսկ Իրանի ոչնավթային արտահանումը 5 ամսում (2018 թ. մարտի 21-օգոստոսի 22) հասել է 19 մլրդ դոլարի: Նավթի, գազի և կոնդենսատների արտահանումից ստացված 3 մլրդ դոլարն արդեն ներդրված է տնտեսության մեջ: Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնազար Խեմատին հայտնել է, որ 13 մլրդ դոլար է հատկացվել սննդամթերքի, դեղորայքի և բժշկական սարքավորումների ներմուծման համար: Ծիծաղելի է, բայց փաստ. Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է նպաստել նավթի գնի իջեցմանը համաշխարհային շուկայում: Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն սեպտեմբերի 26-ին քննադատել է ԱՄՆ-ի նախագահին, որը նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ արաբական երկրներին սպառնացել էր և հորդորել, որ նրանք իջեցնեն նավթի գինը. «Թրամփը փորձում է լրջորեն պակասեցնել Իրանից նավթի արտահանումը և ուզում, որ նավթի գինը չբարձրանա, բայց այդ երկու բանը միաժամանակ անհնար են: Եթե նա ուզում է, որ նավթի գները չաճեն, և շուկան չանկայունանա, պետք է դադարեցնի անհարկի և մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածություն առաջացնող միջամտությունը, չխոչընդոտի իրանական նավթի հանույթին և արտահանմանը»: Զանգանեն հիշեցրեց, որ Նյու Յորքում իր վերջին ելույթում Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ է մեղադրել Թրամփին շուկան ապակայունացնող նրա քաղաքականության համար: Իսկ ամենամեծ անմտությունն այն է, որ մինչ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցնում Իրանի հետ թանկարժեք մետաղների և ավտոմեքենաների առևտրի նկատմամբ, իսկ նավթի արտահանման պատժամիջոցները կսկսվեն նոյեմբերի սկզբին, ամերիկյան վիճակագրական ասոցիացիան հաղորդել է, որ 2018-ի հուլիսին Իրանի և ԱՄՆ-ի առևտրի ծավալը 16,2 մլն-ից հասել է 60,7 մլն դոլարի՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6 անգամ: Այսինքն, արգելելով, հիմնականում Եվրոպային, ինչպես նաև աշխարհի այլ մասերի խամաճիկներին առևտուր անել Իրանի հետ, Վաշինգտոնը միաժամանակ ավելացնում է Իրանի հետ իր առևտրական համագործակցության տեմպերը: Հարց տանք, թե դա ինչ են անվանում լուրջ մարդիկ: Ըստ վիճակագրական հաշվետվության, ԱՄՆ-ից Իրանի ներմուծումը հուլիսին կազմել է 35,7 մլն դոլար՝ ավելանալով 5 անգամ (նախորդ տարվա հուլիսի համեմատ): Իրանից ԱՄՆ ներմուծումն ավելացել է 7,5 անգամ և հասել 25 մլն դոլարի: 2018 թ. առաջին 7 ամսում Իրանի և ԱՄՆ-ի առևտրի ծավալը կազմել է 155,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելանալով 80 %-ով, ընդ որում ԱՄՆ-ից Իրան արտահանումն ավելացել է 101 %-ով՝ հասնելով 95,4 մլն դոլարի, իսկ Իրանից ներմուծումն ավելացել է 54 %-ով և հասել 60,2 մլն դոլարի:
Տնտեսությամբ Իրանը, իհարկե, դեռ «ասիական վագր» չէ, բայց Իրանի տնտեսությունն անսպառ հնարավորությունների օվկիանոս է, ունի դրական միտումների կայուն, առաջընթաց աճ, լիովին բավարար ՀՆԱ և այլն: Որոշ բաներ թվարկենք միայն 2018-ի սեպտեմբերից: Հնդկաստանի նավթավերամշակող գործարանները իրանական նավթը կգնեն ռուփիով՝ օգտագործելով «UCO Bank»-ը և «IDBI Bank-ը» նոյեմբերի 4-ից, երբ ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Հնդկաստանը մի օրով անգամ չի հրաժարվի իրանական նավթից և գազից:


Սեպտեմբերին Իրանի հետ համագործակցությունը շարունակելու մասին հայտարարել է Թեհրանում Հարավային Կորեայի նոր դեսպան Յու Չան Հվանը: Նա նշել է, որ հարավկորեական շատ ընկերություններ ուժեղ կախում ունեն իրանական նավթից, այդ պատճառով քիմիական և նավթաքիմիական արդյունաբերությունը տուժելու է իրանական նավթի պակասից: «Մենք աշխատում ենք հասնել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից հրաժարվելուն, որպեսզի շարունակենք նավթ գնել Իրանից»,- հայտարարել է դեսպանը:
Թուրքիան Իրանին առաջարկել է համատեղ բանկ ստեղծել առևտրին աջակցելու համար: «Համատեղ բանկի ստեղծումը, որի միջոցով մեր երկրները կարող են երկկողմ առևտուր և գործարարություն վարել առանց ամերիկյան դոլարի, կդառնա վերջին քայլը տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- ասել է իրանա-թուրքական գործարար խորհրդի թուրք ներկայացուցիչ Յումիթ Քիլերը: Իսկ Ռուսաստանում մինչև ընթացիկ տարվա վերջը Կազանում կբացվի իրանական «Մելլի» բանկի դուստր մասնաճյուղը: Իր հերթին Իրանի կառավարությունը մեղմացրել է արտարժույթի ներկրման կանոնները և ներմուծման իրավունք ունեցող փոխանակման կետերին ու այլ անձանց թույլատրել երկիր ներկրել օտարերկրյա թղթադրամներ ու ոսկի՝ մաքսային ընթացակարգին հետևելուց և տուրքերն ու ավելացված արժեքի հարկը վճարելուց հետո:


Վերջապես, Իրանի խորհրդարանը հավանություն է տվել 12 նոր հատուկ տնտեսական գոտի (ՀՏԳ) և 8 նոր ազատ առևտրի գոտի (ԱԱԳ) ստեղծելու օրինագծին: Այդ առթիվ հիշեցնենք, որ Իրանում արդեն կան 8 ԱԱԳ և 26 ՀՏԳ: Նոր ԱԱԳ-ներ են կազմակերպվելու Գոլեստան, Արդեբիլ, Սիստան-Բելուջստան, Խորմոզգան և Բուշեր օստաններում, ինչպես նաև արևմտյան Էլամ, Քրդստան և Քերմանշահ օստաններում: Ներկայումս Իրանի ԱԱԳ-ներում գործում է մոտ 1500 արդյունաբերական միավոր, ՀՏԳ-ներում վիթխարի ներդրումներ են արվել:
Ինչպես տեսնում ենք, աշխարհը պատրաստվում է ոչ միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, այլև հիմնական առևտրային գործարքների ապադոլարայնացմանը: Թող որ առայժմ Իրանի նավթի և նավթամթերքների գծով: Դժվարն սկսելն է: Սեպտեմբերի 26-ին Թեհրանում կայացավ տարածաշրջանային անվտանգության հարցերով կոնֆերանս, որին մասնակցում էին Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Աֆղանստանը: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԻԱԱԳ) քարտուղար, ծովակալ Շամխանին հայտարարեց, որ Ահվազի ահաբեկչությունը շատերին մերկացրեց. «Այդ միջադեպը մեկ անգամ ևս ցույց տվեց նրանց երկակի չափանիշները, ովքեր հայտարարում են ահաբեկչության դեմ պայքարի մասին, և ցուցադրեց ահաբեկիչների այն կողմնակիցների իրական դեմքը, որոնք նույնիսկ չդատապարտեցին այդ հանցագործությունը»: Շամխանին նշեց, որ ահաբեկիչներին ֆինանսապես աջակցելը, ահաբեկչությունը որպես գործիք օգտագործելը, տակֆիրիզմի գաղափարախոսությունն առաջ մղելը և այլ երկրների գործերին միջամտելը ահաբեկչության դեմ պայքարում երկակի չափանիշների օրինակներ են: Նա առաջարկեց տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին համապատասխան ստեղծել տարածաշրջանի անվտանգության կառուցվածք օտարերկրացիների միջամտությանը վերջ տալու և միակողմանիությանը դիմակայելու համար:


Կոնֆերանսում ելույթ ունեցած ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը տեռորիզմն անվանեց ընդհանուր թշնամի և առաջարկեց միավորվել դրան դիմակայելու համար: Նա նաև ասաց, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը միայն խորացրել է այդ երկրում անվտանգության ճգնաժամը. «2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան թալիբների վարչակարգը տապալելու համար, սակայն 17 տարի անց թալիբներն ավելի դաժան են դարձել»: Աֆղանստանի ազգային անվտանգության խորհրդական Խամդուլա Մոհիդը հայտարարեց, որ քանի դեռ ահաբեկիչներն Աֆղանստանում փող և զենք են ստանում, նրանց դեմ ցանկացած պայքար արդյունավետ չի լինի: Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Կումար Դովալը ևս հայտարարեց, որ թմրանյութերից ստացվող փողերը Կենտրոնական Ասիայում ահաբեկիչներին դարձնում են ավելի ուժեղ, ուստի անհրաժեշտ է նրանց փողերի աղբյուրը կրճատելու մեխանիզմ մշակել: Չինաստանի ներկայացուցիչը ահաբեկիչների և ծայրահեղականության դեմ պայքարում հետախուզական տվյալներ փոխանակելու կոչ արեց և նշեց, որ իր երկիրը պատրաստ է ակտիվացնելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հնարավորությունները ահաբեկչության և ծայրահեղական խմբավորումների սպառնալիքներին դիմակայելու համար: Շամխանին հիշեցրեց, որ Սիրիայում հազարավոր ահաբեկիչներ կան, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի հետագա անվտանգության համար: Եվ կան համոզիչ ապացույցներ, որ ԻՊ-ի գլխավոր ահաբեկիչներին ԱՄՆ-ը նետում է աշխարհի այլ մասեր:


Վերջում, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ երկրները պայմանավորվել են արտատարածաշրջանային երկրների կողմից հովանավորվող ահաբեկիչների տվյալների միջպետական միացյալ բազա ստեղծելու մասին: Վաշինգտոնը մտածելու բան ունի, մանավանդ, եթե հանկարծ Պակիստանն էլ միանա «Անվտանգության գծով թեհրանյան հնգյակին»: Դրա համար նախադրյալներ կան. Հնդկաստանը և Պակիստանը մասնակցում են ՇՀԿ-ի աշխատանքներին, որոնց շրջանակում կա «Հակաահաբեկչական պայքար» թեման և կա «Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույց»՝ ՇՀԿ-ի մշտապես գործող մարմին, որի կենտրոնակայանը գտնվում է Տաշքենդում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ