Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լիբանանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լիբանանի նախագահի հետ
20.10.2018 | 23:15

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լիբանան: Բեյրութում դիմավորման արարողությունից հետո Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Միշել Աունին ջերմ ընդունելության համար, նշելով, որ ուրախ է այցելել եղբայրական երկիր:

«Շնորհակալ եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Ձեր մասնակցության և շատ բովանդակային ելույթով հանդես գալու համար: Մոտ մեկ ամիս առաջ էլ Նյու Յորքում առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Այժմ ևս երկխոսության նոր հնարավորություն ունենք: 1991-ին Հայաստանի անկախացումից հետո մեր երկրների հարաբերությունները, մեր ժողովուրդների դարավոր առնչությունները ձեռք են բերել նոր որակ, ինչը բնորոշ է երկու բարեկամ պետություններին և եղբայր ժողովուրդներին: Դա պետք է լավագույնս ծառայեցնենք մեր գործընկերության ամրապնդմանը, մեր ընդհանուր նպատակների իրականացմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Լիբանանի նախագահը ողջունել է նրա այցը՝ ընդգծելով, որ կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Աունը շնորհավորել է Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի միջև կա բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պայմանավորված է պատմական բարեկամական կապերով և լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ: Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի ժողովրդի սրտաբաց վերաբերմունքը ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների նկատմամբ: «Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և դա կարևոր է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև նոր ցեղասպանությունների կանխարգելման համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք է տածում բարեկամ Լիբանանի և նրա ժողովրդի նկատմամբ, ինչի խոսուն վկայությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից հենց Լիբանանում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը:


Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և մարզական կյանքում, երկու երկրների և ժողովուրդների բարեկամության սերտացման և համագործակցության զարգացման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններին և կարևորել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը: «Պետք է այնպես անենք, որ երկկողմ տնտեսական կապերը համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակին», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և մաքսային ընթացակարգերի պարզեցման, նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ: Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների կառավարություններին համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի` «Մարդկային ակադեմիայի» հիմնելու նախաձեռնությունը, որի մասին նախագահ Աունը հայտարարել է 2017թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ: «Հայաստանը ողջունում է Լիբանանի` տարբեր քաղաքակրթությունների, կրոնների և ռասաների միջև երկխոսության կենտրոն դառնալու նախաձեռնությունը և պատրաստ է աջակցել դրան: Մենք վստահ ենք, որ տարբեր կրոնների և ազգությունների խաղաղ գոյակցությանը միտված Լիբանանի ջանքերն ու կուտակած փորձը կարող են ուսանելի լինել ոչ միայն առանձին երկրների, այլև ամբողջ տարածաշրջանների համար», - նշել է Փաշինյանը և համոզմունք հայտնել, որ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն կունենա նաև Հայաստանի ուսանողների շրջանում:


Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային հանձնառություններին և կարևորում է մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացմանը` Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ կողմից ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության մանդատը մեկ տարով երկարաձգելու կապակցությամբ: Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ