Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դեկտեմբերի 9-ից հետո ընտրությունները ոչ թե ավարտվելու, այլ միայն սկսվելու են

Դեկտեմբերի 9-ից հետո ընտրությունները ոչ թե ավարտվելու, այլ միայն սկսվելու են
20.11.2018 | 13:30

Հուսալ, թե ձևավորվելիք խորհրդարանի գունապնակը բազմագույն է լինելու, միամիտ բան է: Երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում հայտնվելու են ոչ թե քաղաքական պայքարի արդյունքում հաղթանակ տարածները, այլ ընդհանուր մթնոլորտում լավ թմբուկ զարկողները, որոնք, սակայն, դեկտեմբերի 9-ից հետո ստիպված են լինելու իրենց ուսերին կրելու երկրի կառավարման ծանր պարտականությունը:


Դեկտեմբերից հետո թավշյա հեղափոխությունը վերածվելու է մի խմբակցության իշխանության: Նոր կառավարիչների չդադարող հայտարարությունները, թե երկրի լիարժեք կառավարման հարցում իրենք ամբողջական իշխանություն չունեն, այլևս արդարացում չեն լինելու:


Ընտրություններից հետո նոր Հայաստանի համար կարևոր շրջափուլ է սկսվելու, որը պետք է առավելապես ճիշտ ուղու վրա դնել: Նախ և առաջ պետք է մի կողմ դնել թմբուկն ու առանց ավելորդ աղմուկի ու հուզականության լծվել աշխատանքի: Հեղափոխությունը փոփոխության հնարավորություն է սոսկ, ու այս փուլում քաղաքական բոլոր ուժերը պետք է կարողանան օգտվել փոփոխության հնարավորությունից և իրապես նոր Հայաստան կառուցեն, իսկ նորին և լավին հասնելու համար պետք է լինել շատ ավելի գրագետ, փաստարկված, մրցունակ և պատրաստակամ լսելու բոլոր տեսակի քննադատությունները:


ՈՒ թեև այս պահին քաղաքական դաշտի ներկայացուցիչները կարծում են, թե դեկտեմբերյան ընտրությունը պատմական է լինելու և չափազանց կարևոր, դրանից առավել նշանակալի ու էական է լինելու մեկ այլ ընտրություն, որ պետք է կազմակերպել հնարավորինս արագ ու առանց պաթոսի: Խորհրդարանում ներկայացված ուժերը պետք է հիմնարար արժեքների ընտրություն կատարեն՝ հստակեցնելով` նոր Հայաստանում առաջ մղողը գաղափա՞րն է, մի՞տքը, առաջընթացի ու զարգացման ռազմավարությու՞նը, գլխիկո՞ր աշխատանքը, թե՞ թմբուկ-հուհու միքսը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ