Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախյան ազատամարտի «գրպանում» հարյուրավոր «թավշյա հեղափոխություն» կտեղավորվի

Արցախյան ազատամարտի «գրպանում» հարյուրավոր «թավշյա հեղափոխություն» կտեղավորվի
30.11.2018 | 00:53

Սասուն Միքայելյանին միշտ հարգել եմ, բայց հիմա դժվարությամբ եմ գրում նրա մասին, որովհետև ինձ համար միշտ բարձր է եղել մարտական ուղի կոչվածը, անկախ նրանից, թե ում է այն պատկանում: Ես ձգտել եմ երբեք չանդրադառնալ նման մարդկանց, առաջին հերթին՝ ավելորդություններ թույլ չտալու և հետո ինքս ինձ մեղավոր չզգալու համար: Բայց Սասուն Միքայելյանի՝ Թալինում արած հայտարարությունը («թավշյա հեղափոխությունն» ավելի մեծ հաղթանակ է, քան Արցախյան ազատամարտը) խառնեց բոլոր խաղաքարտերն ու ստիպեց ինձ գրել։


Ելույթը լսելուց հետո միանգամից մտքիս եկավ՝ մարդը կռված է, դա կասկածից վեր է, բայց քաղաքականությունը նրա տեղը չէ, երկրորդ պնդումը ևս կասկածից վեր է: Արցախյան ազատամարտը հայոց պատմության փառավոր էջերից է, հայ ռազմարվեստի պատմության դասական օրինակ, դաս, որը հավերժ ուսանելի է, դաս, որը պետք է արդեն սովորած լինեինք, և պետք է կրկնենք ամեն օր, այնքան, մինչև հասնենք այն մակարդակին, որ մեր ականջների մեջ զանգի պես զնգա Մոնթեի հայտնի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»:


Ի՞նչ է նշանակում ասֆալտին նստելով տարած քաղաքական մանիպուլյացիոն հաղթանակը համեմատել արյան գնով ձեռք բերած հաղթանակի հետ, որի արդյունքը մեր ազատությունն է, մեր գոյությունը, մեր մի կտոր հալալ հացն ու մի կում զուլալ ջուրը, մի կտոր ու մի կում, այո, բայց մերը: Չենք հայհոյում Սասուն Միքայելյանին, իրավունք էլ չունենք, գոնե վերը նշված պատճառներով, բայց նրա ասածն ի՞նչ համարենք, ինչի՞ հետ համեմատենք: Ասենք, ներեցեք ինձ, բայց… Լաչինի ազատագրությունը կարելի՞ է համեմատել Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազության շենքի արգելափակման հետ: Կամ կարո՞ղ ենք Հանրային ռադիոյի շենքի գրավումը համեմատել Շուշիի ազատագրման հետ, կարո՞ղ ենք Երևանի պետական համալսարանի գրավումը համեմատել Խոջալուի ազատագրության հետ, կարո՞ղ ենք… Մեղա՜, մեղա՜, տղերք, չենք կարող, որովհետև առաջին հերթին՝ Երևանում արվածը գրավում է կոչվում, Արցախինը՝ ազատագրություն, իսկ դրանք հակադիր բաներ են, իրար թշնամի, կրակի ու ջրի պես: Այդ ամենն իրականացնողներն էլ անհամեմատելի են, պարզապես չեմ ցանկանում արցախյան հերոսամարտը կռողների անվան կողքին երևանյան «մարտերի» մասնակիցների անունը դնել. ինձ թույլ չեմ տա:


Հնարավորինս ծանոթ լինելով Փաշինյանի քաղաքական հոտառությանն ու հեռատեսությանը, մանավանդ՝ վերջին տարիների, անակնկալի եկա, երբ նա բարձրախոսը չվերցրեց իր գործընկերոջ ձեռքից ու ներողություն չխնդրեց համայն հայությունից ու չհավելեց, որ Սասունին քննադատողները ճիշտ են լինելու, Սասունը սխալվել է, և, եթե թափ տաս այդ ազատամարտի ամենաաննշան հատվածը, «գրպաններից» հարյուրավոր «թավշյա», «սիրո», «դուխով», «գունավոր», «վարդերի» «նարնջագույն» ու «հոտավետ» հեղափոխություներ կընկնեն. Արցախյան ազատամարտը հայերի մուտքի արտոնագիրն էր 21-րդ դար: Բայց դրա փոխարեն Փաշինյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նույն օրը երեկոյան՝ ուղիղ եթերով, «թաղի տղու» շարժուձևով ու բառապաշարով, սկսեց արդարացնել Սասունին ու վերջում էլ շեշտեց, որ այդ ամենն ասում է պատերազմական վիճակում գտնվող երկիր գերագույն գլխավոր հրամանատարը: Հետաքրքիր է, աշխարհի է՞լ որ երկրներում կան նման գերագույն գլխավոր հրամանատարներ:


Հեռու չգնանք ու հարց տանք ինքներս մեզ. այս երեսուն տարում՝ մեր հարևան Ադրբեջանում, որը նույնպես պատերազմական իրավիճակում է գտնվում, քանի՞ լուրջ քաղաքական զարգացում է տեղի ունեցել, մասնավորապես 90-ականների՝ Բաքվի աթոռակռիվները, որոնք աննկատ չմնացին մեր կողմից ու Բաքվի համար եղան անդառնալի, քանի՞ անգամ են եղել այդպիսիք, հիմա ասեք, նրանց համար ո՞րն էր ավելի կարևոր, քաղաքական նմանատիպ, հավերժ փոփոխական զարգացումնե՞րը, թե՞ Արցախը, որ, իհարկե, երազներում էլ չեն տեսնի: Չնայած պետք է նշեմ, որ այս տարվա մայիսից սկսած, նրանց երազներն Արցախի մասով, մի տեսակ, նոր ծնունդ են առել ու հաճախակիացել. հո լուրջ բան չկա՞: Հավանաբար՝ Բաքվի գործընկերներն իմացել են, որ մայիսից այս կողմ Հայաստան զենք ներկրողները հիմնականում որսորդական խանութներն են եղել, Ապրիլյան պատերազմի ակնառու հրամանատարներից շատերն էլ, այսինքն նրանք, որոնք ոչմիթիզական են, ազատվում են աշխատանքից կամ տեղափոխվում ԳՇ՝ սահմանից հնարավորինս հեռու: Օրինակ՝ չգիտես ինչու, այնպես է ստացվել, որ մի քանի դիրքեր հետ բերելու փայլուն օպերացիան մշակած ու գլխավորած հրամանատարն սկսել է «շեղ կրակել», կանոնադրություն «չիմանալ», ու «պարագայի բերումով» ազատվել աշխատանքից, թեպետ ազատողները լավ գիտեն, որ մարդը ռազմական փայլուն տաղանդ ունի, բայց… պիտի հեռացվի, որովհետև ոչմիթիզական է, իսկ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն անվերջ պնդում է՝ ով ասում է ոչ մի թիզ հող թշնամուն, նա է այս ազգի գերեզմանափորը: Ինչպես տեսնում ենք, «հրեական» խոսքին Երևանում շատերն են ականջալուր եղել ու սկսել հայ ազգի «գերեզմանափորներին» աշխատանքից ազատել, որ ազգովին «ասֆալտին մնանք»:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3225

Մեկնաբանություններ