Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք

Մենք
05.12.2018 | 12:03

Մենք տարբեր ենք, մենք հակասական ենք ու մենք իրարամերժ ենք: Պատմությունը մեզ չի սովորեցրել գլխավորը` ուզում ես հաջողություն` հաշտ եղիր ինքդ քեզ հետ ու անհաշտ` թշնամիներիդ հետ: Այս ընտրարշավը դասական օրինակ էր` ինչպես պատերազմել սեփական երկրում պոպուլիզմի 101 երանգներով ու առանց ասելիքի: Փաստացի ՔՊ-ՀՀԿ մենամարտը ցույց տվեց, որ նախկինները սխալ են կառավարել, ներկաները սխալ են կառավարում: Սա ոչ միայն տխուր է, այլև` վտանգավոր:


Իսրայելի պետության ապագա վարչապետ Գոլդա Մեյերն այս ելույթն ունեցել է Չիկագոյում, 1948-ի հունվարի 21-ին հրեական դաշնության ու բարեգործական հիմնադրամների գլխավոր ասամբլեայում: Ընդամենը երեք ու կես ամսից հետո հրեաներն ունենալու էին Իսրայել պետությունը. «Բարեկամներս մենք մարտնչում ենք: Պաղեստինում չկա հրեա, որ չհավատա` վերջիվերջո մենք հաղթելու ենք: Այդպիսին է երկրում բարոյական ոգին: Բայց այդ ոգին չի կարող միայնակ դիմակայել ինքնաձիգներին ու հրանոթներին: Առանց ոգու ինքնաձիգներն ու հրանոթները երկար չեն դիմանա, բայց առանց զենքի ոգին կարող է կոտրվել մարմնի հետ: Մեր խնդիրը ժամանակն է: Ի՞նչ կարող ենք մենք անհապաղ ստանալ: Երբ ես ասում եմ «անհապաղ», նկատի չունեմ մեկ ամիսը: Ոչ էլ երկուսը: Նկատի ունեմ` հիմա, այսօր: Ես եկել եմ ԱՄՆ-ի հրեաների գիտակցությանը հասցնելու մի փաստ` արագ, ոչ ավելի, քան երկու շաբաթում, մենք պետք է հավաքենք 25-30 միլիոն դոլար: Դրանից երկու-երեք շաբաթ հետո մենք արդեն կարող ենք ամրապնդվել: Մենք վստահ ենք: Եգիպտոսի կառավարությունը կարող է անցկացնել այնպիսի բյուջե, որ կօգնի մեր հակառակորդներին: Նույնը կարող է անել Սիրիայի կառավարությունը: Մենք կառավարություն չունենք: Բայց սփյուռքում մենք ունենք միլիոնավոր հրեաներ: Ես հավատում եմ ԱՄՆ-ի հրեաներին ոչ պակաս, քան պաղեստինցի մեր երիտասարդներին, հավատում եմ, որ նրանք կհասկանան` ինչ վտանգի մեջ ենք մենք հիմա և կանեն ինչ պետք է: Գիտեմ, որ դա հեշտ չէ: Ես մասնակցել եմ տարատեսակ դրամահավաքների ու գիտեմ` ինչքան բարդ է անմիջապես հավաքել այն գումարը, որ մենք խնդրում ենք: Բայց ես տեսել եմ այդպիսի մարդկանց այնտեղ` տանը: Տեսել եմ` ինչպես, երբ համայնքին խնդրեցինք արյուն հանձնել վիրավորների համար, նրանք աշխատանքից եկան հիվանդանոցներ ու երկար հերթեր էին կանգնում` իրենց արյունը տալու համար: Պաղեստինում և արյուն են հանձնում, և փող:


Մենք լավագույն ցեղից չենք, մենք հրեա ժողովրդի լավագույն հրեաները չենք: Այդպես է ստացվել, որ մենք այնտեղ ենք, դուք` այստեղ: Վստահ եմ, որ եթե դուք լինեիք Պաղեստինում, իսկ մենք ԱՄՆ-ում, դուք կանեիք նույնը, ինչ անում ենք մենք և մեզնից այստեղ կխնդրեիք անել այն, ինչ դուք պիտի հիմա անեք:


Հավարտ ես ուզում եմ վերափոխել երկրորդ աշխարհամարտի ժամանակների լավագույն ելույթներից մեկը` Չերչիլի խոսքը: Ես չեմ չափազանցում, ասելով, որ պաղեստիցի իշուվը կռվելու է Նեգևում, Գալիլեայում ու Երուսաղեմի մատույցներում մինչև վերջ: Դուք չեք կարող որոշել` կռվե՞նք մենք, թե՞ ոչ: Որոշելու ենք մենք: Պաղեստինի հրեա բնակչությունը սպիտակ դրոշ չի պարզի մուֆտիներին: Այդ որոշումն արդեն ընդունված է: Ոչ ոք չի կարող փոխել: Դուք կարող եք որոշել` ո՞վ կհաղթի` մե՞նք, թե՞ մուֆթիները: Այդ հարցը կարող են լուծել ամերիկացի հրեաները: Բայց դա պետք է անել արագ` օրերի ու ժամերի ընթացքում: Խնդրում եմ` մի ուշացեք: Որ երեք ամսից դառը չզղջաք այսօրվա չարածների համար: Ժամանակը հասել է»:


Գոլդա Մեյերը Իսրայելի անկախության պայքարում մեծագույն հրաշքը գործեց` նա 3 ամսում հավաքեց 50 միլիոն դոլար: Այն ժամանակներում 50 միլիոն դոլարը երեք անգամ գերազանցում էր Սաուդյան Արաբիայի տարեկան նավթի հանույթի գինը: Երբ նա վերադարձավ` հաջողությունից ապշած Բեն Հուրիոնն ասաց. «Ինչ-որ ժամանակ, երբ գրվի մեր պատմությունը, անպայման կհիշատակվի, որ եղել է հրեա մի կին ու նա հնարավոր է դարձրել մեր պետությունը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ ենք անում մենք: Ոգու հետ ու զենքի: Փողի հետ: Անապատում` առանց բնական ռեսուրսների ու նույնիսկ ջրի, թշնամիներով շրջապատված Իսրայելը դարձավ հզոր պետություն, մենք 30 տարի նվնվում ենք` էս չկա, էն չկա, տվեք` ապրենք: Որովհետև ամուր չէ մեր ոգին ու չգիտենք մեր փողի գինը, որովհետև որևէ հրեա մեկ այլ հրեայի երբեք չի համարում իր թշնամին` ինչ էլ իրեն արած լինի: Որովհետև դեռ 7-րդ դարում Երուսաղեմից արտաքսվելուց հետո աշխարհի բոլոր հրեաները, որտեղ էլ իրար տեսել են, հրաժեշտից առաջ ասել են.«Կհանդիպենք Երուսաղեմում», ու պետությունը վերականգնելու անհրաժեշտությունը կոդավորվել է նրանց գիտակցության մեջ ու փոխանցվել գործողություններին: Մենք չենք հարգում մեր պետությունը, մենք պետություն ասելով հասկանում ենք իշխանություն, որ մեծագույն սխալն է մեր պատմության բոլոր ժամանակներում: Պետությունը առավելագույնն է, որ կարող է ունենալ ազգը, իշխանությունը պետության կառավարման միջոցն է միայն:
Ընտրության գնալուց առաջ մտածեք այս մասին:

Դիտվել է՝ 4975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ