Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ընտրություններ-2018-ի բերմուդյան եռանկյունին

Ընտրություններ-2018-ի բերմուդյան եռանկյունին
07.12.2018 | 01:30

Վերջ` վաղն ավարտվում է ընտրություններ-2018-ի քարոզարշավը: 12 օր ձեզ ինչ խոստում ասես տվեցին, երգեցին, պարեցին ձեզ համար, ձեր փողոցները նախշեցին իրենց լուսանկարներով, մտան տները, մի խոսքով, ձեր գլուխը տարան: Բոլորը: Գուցե տեղեկացվածությունը մեծացրին կամ փոխեցին պատկերացումը: Գուցե: Բայց երկու տարում համապետական երկու ընտրությունը, ներառյալ երկուսն էլ Երևանում, շատ է: Բոլորն էլ հոգնել են քաղաքականությունից, որ ամեն տեղից իրենց կյանք է մտնում:


Ընտրարշավը փաստացի երկու զուգահեռ հարթություններում էր ծավալվում` քաղաքական դաշտում ու ընտրողների դաշտում: Եթե քաղաքական դաշտում պատերազմ էր, ընտրողները հաստատեցին, որ Հայաստանը մնացել է ինքն իրեն հավատարիմ ու ուժեղ երկիր, երկիր, որ միշտ պատրաստ է թռիչքի, պետք է մի լավ թափ հավաքի: Ցավոք, ընտրարշավը նաև ապացուցեց, որ քաղաքական կյանքը պտտվում է անցյալի շուրջը, հին սխեմաների մեջ ու հին մարդկանց հետ, իսկ դեկտեմբերի 5-ը դարձավ կուլմինացիա, բայց ոչ դեբատների մասով: Ամբողջ ընտրարշավը չպատասխանեց հարցին` ինչի՞ց է այդպես վախեցած Նիկոլ Փաշինյանը: Ինչու՞ այդքան չի հարգում Հայաստանի հպարտ քաղաքացի ընտրողին: Փաստացի դեկտեմբերի 5-ին կրկնվեց Երևանի ավագանու ընտրությունների սցենարը` մինչ Նիկոլ Փաշինյանը «պատահաբար» մետրոյում Ալեն Սիմոնյանին էր հանդիպում ու տնետուն էր պտտվում, ասպարեզ եկան գաղտնալսումները, այս անգամ` Վանեցյան-Փաշինյան, որ հիմք դառնան ընտրողին ասելու` ի՞նչ 70, 100 տոկոս ձայն տվեք ինձ, ժողովուրդ, հակահեղափոխությունը եկել է հեղափոխությանը ուտում է, դավադիրներին ջախջախիչ պարտության մատնել է պետք: Ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ մրցակցություն, ի՞նչ ընդդիմություն` կամ ես, չկամ ես` փրկեք ինձ, որ փրկվեք դուք: Եվ ամենամեծ զավեշտն ու ողբերգությունը` ժողովուրդը հավատում է այդ քաղտեխնոլոգիային ու չի բացառվում, որ երկրորդ անգամ կուտը ուտի ու նետվի ընտրատեղամասեր` հեղափոխությունը «փրկելու», իրականում` տապալելու: Եթե Նիկոլ Փաշինյանը հավատում է իր ուժերին` ինչու՞ է էժանագին հնարքների դիմում, որ նվազագույնը անպատվաբեր է: Ինչու՞ հենց ընտրարշավի վերջին օրերին թողնվեց ամիսներ առաջ անոնսված` ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի դարակազմիկ ոճրի բացահայտումը` քվորում չհավաքող ԱԺ-ին դիմելու թատրոնով: Արամ Հարությունյանը պատգամավորի թեկնածու չէ, մի քանի օրից նրա ձերբակալությունը խնդիր չէ: Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու հարցը ձգվում մինչև դեկտեմբերի 7` ընտրություններից 2 օր առաջ: Ի՞նչ արհեստական աժիոտաժ է սարքվում ընտրությունների շուրջ: Ինչու՞: Դեռ ինչքան է այս ներկայացումը շարունակվելու` Նիկոլ Փաշինյանի վախերը ժողովրդի հաշվին փարատելու գնով: Առանց այդ էլ քաղաքական դաշտում քարոզարշավը պայքար էր ուրվականների դեմ: Ընտրողների դաշտում` ապագայի համար: Ընտրողներն ամեն հանդիպման հավաստում էին` մենք ուրվական չենք, մենք ներկայի ու ապագայի միսուարյունից ենք ու եկել ենք ասելու, որ Հայաստանը ամեն օր ոչնչից չի ստեղծվում:
Բացի ընտրողներ-ընտրվողներ հարթությունից ընտրություններ-2018-ը նաև երկու այլ հարթություններ ուներ` հրապարակային դաշտ ու այսբերգային: Հրապարակային դաշտի գործողությունները բոլորովին այլ իմաստ ունեին այսբերգի մեջ: Հրապարակային դաշտում ՔՊ-ն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ստանձնեց ՀՀԿ-ի գլխավոր քարոզչի գործը ու 12 օր հաջողությամբ թերթերի առաջին էջերում ու էկրաններին պահեց ՀՀԿ-ին: Գուցե դա նաև տրամաբանական էր, եթե հաշվի առնենք, որ թավշե հեղափոխությունից հետո ՔՊ-ն վերցրել էր կառավարությունը, ԱԺ արտահերթ ընտրություններով նպատակ ունի վերցնել օրենսդիր իշխանությունը, իսկ ՏԻՄ-երում իշխանությունը մնում է ՀՀԿ-ն: Դա սխալ պատկերացում է` ՏԻՄ-երի ամբողջ չկայացածությունը նրանց բացարձակ անինքնուրույնությունն է` նրանք միշտ իշխանության հետ են:

Ով էլ լինի իշխանությունը: ՈՒ նրանք աշխատում են իշխանության օգտին, սա փաստ է: Նաև այս ընտրարշավում արձանագրված: Ու ունեցանք հակագաղափարական, անձնական վիրավորանքների ու ամբիցիաների բախման պայքար ՔՊ-ի ու ՀՀԿ-ի կատարմամբ` միմյանց դատի, պատեպատ տալու, ազգային դավաճանության մեջ մեղադրելու ու «նստցնելու» մթնոլորտում: Նույնիսկ Արցախի հարցը դարձավ քարկտիկ այդ «բռնոցիում»: Ընտրարշավում ձևավորվել է բերմուդյան եռանկյունի, որ հաջողության հասնելու պարագայում սպառնում է կուլ տալ հեղափոխությունն էլ, Հայաստանի ներկան էլ, ապագան էլ: Այդ եռանկյունու պատվավոր անդամներն են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն: Անկախ ինչ հայտարարություններ են բարձրաձայնում` նպատակը Հայաստանում Ռուսաստանի շահի պաշտպանությունն է: Նրանք կամավորականներ են Կրեմլի ավանդական քաղաքականության` Հայաստանում թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է լինի ռուսամետ ու ծառայի ռուսական շահին երկրի ներսում: Հեղափոխություն եղել է Հայաստանում, բայց ոչ Ռուսաստանում, Մոսկվան գործում է հին ու իրեն արդարացրած սխեմայով` արտաքուստ գործել իշխանության հետ, այսբերգի չերևացող հատվածում` սեփական ընդդիմություն կոփել: Եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն թաքցրել իրենց ռուսամետությունը, նորություն էր, որ «եվրոպասեր» ու եվրոպաներից մեկ-մեկ ԱԺ վերադարձող Էդմոն Մարուքյանը հանկարծ Հ1-ի եթերով հայտարարում է` Եվրամիությունը 10 տարվա կյանք ունի` ու՞ր գնանք: Ինչու՞ է միջին մակարդակի իրավաբանի մեջ արթնացել Կասանդրան, որ մյուս գուշակներից տարբերվում էր միայն դժբախտությունները կանխատեսելու կարողությամբ, գաղտնիք է: Գաղտնիք չէ, որ Էդմոն Մարուքյանին հայտնի է` Թուրքիան վետո է դնելու Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ու վերջ: Իսկ գուցե երբ Հայաստանը ցանկանա ՆԱՏՕ-ին անդամակցել, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չլինի՞: Չէ՞ որ, ինչպես մեծարգո լուսավորիչն է ասում, աշխարհում ամեն օր իրավիճակ է փոխվում: Ինչու՞ բոլոր փոփոխությունները պիտի Հայաստանի դեմ լինեն, դա՞ է Մոսկվայի կամքը: Շատ արագ կպարզվի, որ այս եռյակից որ ուժն էլ 7-րդ գումարման ԱԺ մտնի, դառնալու է տրոյական ձի հեղափոխության դեմ: Դա տեսնելու համար պետք չէ պայծառատես լինել, բավական է համեմատել այդ կուսակցությունների անցյալի հետագիծն ու ներկան: Նրանք խաղում են նույն խաղը ու փառահեղ մոլորեցնում են մարդկանց` օգտագործելով հետհեղափոխական իրավիճակի դրական ու բացասական գործոնները` ստանալու վստահության քվե ու արգելակելու որևէ զարգացում Հայաստանում: ՔՊ-ն չի կարող չհասկանալ վտանգը, բայց փաստացի` բերմուդյան եռանկյունին թե ՔՊ-ն, թե մյուս քաղաքական ուժերը չեն տեսնում, թե ինչ վտանգավոր «ներդրում» են բերում հետհեղափոխական Հայաստան մտահոգ Վիգեն Սարգսյանը, բարերար Գագիկ Ծառուկյանը ու լուսավոր Էդմոն Մարուքյանը: Համենայն դեպս, հպանցիկ հայացքն իսկ ի հայտ է բերում, որ այդ եռյակի հատկապես վերջին երկու ուժերը ամենաշռայլ ընտրարշավն են անցկացնում` սկսած ցուցապաստառներից մինչև ավտոշարասյուներով քարոզչություն: Որտեղի՞ց է բացվել ԼՀԿ-ի առատության եղջյուրը, նույնպես հարց չէ` երբ լուծելու խնդիր են դնում, նաև փողն են տալիս: Ցավալի է, որ ամեն ինչ ընտրողի միամտության ու ընտրողին մոլորեցնելու հաշվին է:
Փորձառու վերլուծաբաններն այս իրողությունները շրջանցում են` գերադասելով տուրք տալ ընտրություններ-2018-ի այսբերգի տեսանելի հատվածին: Նրանք արձանագրում են, որ քարոզարշավում գաղափարական, ծրագրային քննարկումներ չեղան: Նրանք արձանագրում են, որ քարոզարշավի հիմնական խաղացողները ՔՊ-ն ու ՀՀԿ-ն էին, բայց նրանք զբաղված էին ոչ թե ընտրողներով, այլ միմյանցով, իսկ դա ստվերեց քաղաքական մյուս ուժերի գաղափարական պայքարի փորձը։ Որ Փաշինյան-ՀՀԿ հակամարտությունը ընտրության ամենատխուր մասերից էր, բանավեճ, որ դուրս էր քաղաքական պայքարի տրամաբանությունից։ Ոչ ոք չի հարցնում` այս ընթացքով ի՞նչ խորհրդարան է ձևավորվելու: ՔՊ-ն բերելու է իր ագրեսիվ ու անկապ մեծամասնությունը, նրանցից հազիվ 5-7-ն են ունակ հոդաբաշխ խոսքի ու մտքի, իսկ մնացածը կազմելու են քվեարկողների սուպերպոպուլիստ խումբը (ու ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ից), որ կառավարության ոչ մի ցանկություն անկատար չմնա (ՔՊ-ն հազիվ թե օրինագծեր հեղինակելու ցանկություն ու կարողություն ունենա): 30-տոկոսանոց ընդդիմությունը, որ ընտրություններ-2018-ի միակ անհայտն է, կարող է լինել նույնքան անհոդաբաշխ, խոսքի ու մտքի ոչ ունակ: ՈՒ դա կլինի ընտրությունների ամենամեծ սկանդալը, եթե հեղափոխական էյֆորիան Աժ լցնի քաղաքական նոր էլիտային, որ դեկտեմբերի 10-ից է իմանալու իր էլիտա լինելը:


Իսկ մյուս կուսակցություննե՞րը: ՀՅԴ-ն, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, բացահայտորեն լավագույն օրերը չի ապրում, և հետին պլան մղված, տեսանելի ու լսելի դառնալու համար ստիպված խայթում է ՔՊ-ին: ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանին վերջապես զայրացրեց Նիկոլ Փաշինյանի պահվածքը ու նա հայտարարեց, որ դեժավյու է ապրում. «Էդ դուք որպես ո՞վ էիք հանդես գալիս, երբ որ հանրահավաքի հարթակից հրահանգ էիք տալիս ոստիկաններին մարդկանց փռեն ասֆալտներին: Հիմա պարզվում ա, որ էդ դիտողությունը բանի տեղ չդնելով՝ հրահանգ ա տրվում Ազգային անվտանգությանը, հրահանգ ա տրվում ռազմական հակահետախուզությանը, որպեսզի գործ սկսեն, դավաճաններ գտնեն: Էսօր, իբր թե, կան մի խումբ մարդիկ, ովքեր դավաճանության ճանապարհն են բռնել: Ես դեժավյու եմ ապրում… Եթե մեզ նկատի չունի, կխնդրեի, որ նորից հասցեավորված ասի»: Նա, ինչպես ամբողջ ընտրարշավում ՀՅԴ-ն, նորից հիշել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակները. «Ես 90-ականներին հետապնդվել եմ հայրենիքի դավաճանության հոդվածով: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն ա. բռնեցին-տարան, չկարողացան ապացուցել: Ոչ մեկը ներողություն չխնդրեց դրա համար… Հիմա նույն բանն եմ տեսնում»: Սոցիոլոգիական հարցումները, եթե հավատանք, վկայում են, որ ՀՅԴ-ն այս ընտրարշավը երկար կհիշի որպես ընտրարշավ, որից հետո ԱԺ չմտավ: ՀՅԴ-ի հացը բոլոր առումներով կտրում են «Սասնա ծռերը», որ իրենց անվանում են համահայկական կուսակցություն, կարծես մյուս կուսակցությունները ոչ համա- են, ոչ հայկական: Նրանց պոպուլիզմը բացառապես ազգայնական գույներ ունի և չի բացառվում, որ հենց նրանց ձայն տան ՀՅԴ-ից հիասթափված ընտրողները: Նորահայտների մասին` կամ լավը, կամ` ոչինչ: Առայժմ` ոչինչ: Նրանք փորձեցին լուծել իրենց գլխավոր խնդիրը` տեղեկացնել, որ կան, իսկ ձայներ ստանալու պարագայում փոշիացնելու են ընդդիմության ձայները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մենք բարձրացել ենք մեր ծնողների ուսերին ու շատ կարևոր է, թե ո՞վ է մեր ուսերին լինելու, ո՞վ է երկիրն առաջ տանելու: Դուք դեկտեմբերի 9-ին ընտրում եք այսօրվա ու վաղվա իշխանությանը: Նա, ով ընդդիմություն է այսօր, վաղվա իշխանությունն է: Ընտրեք այն իշխանությանն ու ընդդիմությանը, որ 5 տարի քաղաքականությունը դռնից ու լուսամուտից ձեր տուն չմտնի, որ օրենքներն ու որոշումները ձեզ համար դառնան: 12 օր ձեզ դուր գալու համար 11 քաղաքական ուժերն արեցին կարեցածը: Ներկայի ու ապագայի հեռանկարների դիվերսիֆիկացիայի մասին 12 օր խոսեց միայն «Մենքը», միայն «Մենքը» չփորձեց բարձրացնել իր վարկանիշը մյուս կուսակցությունների հաշվին, նույնիսկ երբ բացահայտորեն «Ելքի» նախկին գործընկերը իրեն վերագրեց «Լույսի» ձայները ու 12 օր հայտարարեց, որ ինքը ի սկզբանե երկրորդն է: Եթե երկրորդն է, դուք էլ մյուսներին ձայն տվեք: Մի հավատացեք պոպուլիստներին ու դեմագոգներին: Հայաստանը հիմարստան չէ: Ոչ էլ փորձադաշտ` տկարամիտների կայացումի ու ինքնարտահայտման համար` հեղափոխության քողի տակ: Դեկտեմբերի 10-ին դուք արթնանալու եք նույն երկրում ու ապրելու եք նույն կյանքով ևս 5 տարի կամ` գոնե 5 տարով փոխելու եք ձեր կյանքը: Դուք եք ձեր քվեի տերը, իսկ երկրի տեր դառնում են խելքով ու սրտով:

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ