Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Քարոզարշավը տեսլականների ու գաղափարների դաշտ չտեղափոխվեց»

«Քարոզարշավը տեսլականների ու գաղափարների դաշտ չտեղափոխվեց»
07.12.2018 | 01:34

Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը միջակ է գնահատում, նկատելով, որ տեսլականներ ու գաղափարներ այդպես էլ չներկայացվեցին: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ քարոզարշավի ընթացքում մրցապայքարի դուրս եկած ուժերը մի քանի կարևոր հանգամանքներ հաշվի չեն առել, որոնցից ամենակարևորն այն է, որ Հայաստանում վերացել է քրեաօլիգարխիկ համակարգը, կուսակցություններն ընտրողների վստահության քվեն շահելու համար, առաջին հերթին, պետք է հիմնավորված քաղաքական բովանդակություն ներկայացնեին, ինչը, սակայն, չկարողացան անել, և մտքերի պայքարի փոխարեն ականատես եղանք տրաֆարետ-բովանդակության ներկայացման, ինչը նախկինում ևս առաջարկվում էր:


«Ի տարբերություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների՝ այս քարոզարշավի ժամանակ սևերի ու սպիտակների միտումն այլ ձևով բացատրվեց: ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավը կառուցեց սև ու սպիտակի ռազմավարությամբ՝ ենթադրելով, թե այն մարդիկ, ովքեր սպիտակ են, կքվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին, ովքեր սև՝ «Հանրապետականի»: Ռազմավարությունը ճիշտ էր ընտրված, բայց դա չի նշանակում, թե այն աշխատելու է, ու վերջիններս անպայման հայտնվելու են խորհրդարանում: Կարող է լինել ճիշտ հակառակ պատկերը: Իսկ ռազմավարությունը ճիշտ էր ընտրված, քանի որ այդ ձևով նրանք փորձեցին քարոզարշավի ընթացքում սեփական օրակարգը թելադրել, և որոշ դեպքերում դա հաջողվեց, անգամ «Իմ քայլը» ստիպված եղավ հաշվի նստել ՀՀԿ-ի թելադրած օրակարգի հետ: Դրա վառ դրսևորումն այն է, որ հիմնականում ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչներն էին հրավիրում հեռուստաբանավեճերի, ինչը տպավորություն էր ստեղծում, որ այդ երկու ուժի միջև է պայքար ընթանում: Դա տեղի ունեցավ նաև այն պարզ պատճառով, որ քարոզարշավի հիմնական գործառույթը՝ ներկայացնել քաղաքական պահանջարկ վայելող բավանդակություն, ինչը կարող էին իրականացնել «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որևէ ուժ չկարողացավ հանձն առնել: Հասարակության որոշ հատվածն էլ, չնկատելով քաղաքական բովանդակության ու այլընտրանքի առկայություն, ուշադրությունը սևեռեց «Իմ քայլ»-ՀՀԿ մենամարտի վրա:


Անդրադառնալով կուսակցությունների միջև սկսված սուպերընդդիմադրի տիտղոսը նվաճելու մրցապայքարին՝ քաղաքագետը հստակեցրեց՝ ընտրությունների ժամանակ բացարձակ կարևոր չէ՝ ընդդիմադիր ես, թե ոչ, որովհետև քաղաքական ուժին քվե են տալիս ոչ այն պատճառով, որ նա ընդդիմություն դառնա, այլ որովհետև հավատում են առաջարկված ծրագրերին: Նկատեց նաև՝ մարդիկ ընտրություն են կատարում կամ կոնկրետ անձի հանգամանքը հաշվի առնելով, կամ քաղաքական ուժի ներկայացրած տեսլականին վստահելով: Ընդդիմությունը կարգավիճակ է, ասաց մեր զրուցակիցն ու հավելեց՝ որևէ ընտրող պատգամավորին մանդատ չի տալիս՝ ընդդիմադիր լինելու մտայնությամբ, և կարևոր է ոչ թե քաղաքական ուժի՝ իրական, գրպանային կամ այլ տեսակի ընդդիմություն լինելու հանգամանքը, այլ այն, թե ինչքանով այդ ուժի ներկայացուցիչները կկարողանան ներկայացնել իրենց ընտրազանգվածի շահերը:
Արմեն Բադալյանը հավաստիացրեց՝ ընտրություններն անցնելու են էյֆորիայի գրեթե լիարժեք բացակայության պայմաններում: «Էյֆորիան կարելի է ավարտված համարել, և դրա առաջին նշանը Կապանի քաղաքապետի ընտրություներն էին, երբ վարչապետը գնաց աջակցություն հայտնելու իրենց թիմի թեկնածուին, բայց կապանցիները քվեարկեցին այլ թեկնածուի օգտին: Իհարկե, Փաշինյանը դա փորձեց ներկայացնել ինչ-որ մութ ուժերի ներգործությամբ, որ կապանցիներին մոլորություն մեջ են գցել, բայց դա էյֆորիայի նահանջի մասին էր վկայում ընդամենը,- ասաց նա ու հավելեց,- կոպիտ դիտարկումներից ելնելով՝ կարծում եմ՝ խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն կկազմի: Մանդատներ բաժին կհասնեն ԲՀԿ-ին, իսկ երրորդ ու չորրորդ ուժերը կլինեն «Լուսավոր Հայաստանն» ու «Սասնա ծռերը» կամ երրորդը միայն ԼՀԿ-ն կլինի, և այլ ուժեր չեն լինի: Քիչ հավանական է, բայց ԱԺ-ում երրորդ ուժը կարող է լինել հանրապետական կուսակցությունը»:
Ընտրական տեխնոլոգիաների բազմազանություն, ցավով արձանագրեց մեր զրուցակիցը, այդպես էլ չեղավ, ավելին՝ ոչ միայն նոր տեխնոլոգիաներ երևան չբերվեցին, այլև եղածները նորմալ չկիրառվեցին: Հստակեցրեց, որ տեխնոլոգիան աշխատում է, եթե մասնակից ուժը ցանկանում է ներկայացնել իր որդեգրած քաղաքական բովանդակությունը, բայց եթե դա բացակայում է, անգամ ամենաիդեալական տեխնոլոգիան նրան չի կարող օգնել: Բադալյանի համոզմամբ՝ թռուցիկ բաժանելն ու պաստառ փակցնելը կորցնում են իրենց ազդեցությունը, եթե դրանցով զբաղվողները չգիտեն՝ ինչպես ձևավորել այն, ինչ դիզայնով, ինչ տառաչափ կիրառել և այլն:


Անդրադառնալով այս օրերին ընթացող դատավարություններին ու կոռուպցիոն սկանդալների բացահայտմանը, քաղտեխնոլոգն ասաց, որ դրանց մեջ քաղաքական դիվիդենդներ շահելու փորձեր և՛ տեսնում է, և՛ չի տեսնում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի բացահայտումը տեղի է ունենում ընտրություններից մի քանի օր առաջ, ապա այստեղ, իհարկե, մտահոգություններ կարող են լինել: Պարզ է, որ խորհրդարանում քվորում չէր լինելու, և կարելի էր հանգիստ սպասել, մինչև նոր խորհրդարանը ձևավորվի, նոր միայն այդ հարցը մտցնել Ազգային ժողովի օրակարգ: Չեմ կարծում, թե 20 օրվա ընթացքում՝ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, շրջադարձային որևէ դեպք տեղի կունենար, կամ տվյալ պատգամավորը կփորձեր թաքնվել, որովհետև եթե նման մտադրություն ունենար, ապա մինչև այս պահը կաներ: Խորհրդարանի տարբեր ուժեր հերթական անգամ մեկը մյուսին մեղադրեցին քվորում չապահովելով սաբոտաժ անելու մեջ, բայց «Հանրապետականը», օրինակ, կարող էր արդարանալ, թե իշխող ուժի PR-ին չի ուզում մասնակցել, հետևաբար՝ քվորում չի ապահովում: Մյուս կողմից, սակայն, վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, թե ինքը դատաիրավական համակարգին չի միջամտում, հետևաբար՝ իրավական ոլորտի ներկայացուցիչները կարող են ասել, թե պատգամավորին մանդատից զրկելու ու քրեական գործ հարուցելու համար հենց այս պահն էր նպատակահարմար: Այս տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք ասել, որ սա և՛ նախընտրական քարոզարշավի էությունից էր բխում, և՛ ոչ»:


Քաղաքական ուժերի վարքն ու գործունեությունն ուսումնասիրող մասնագետը վստահ է նաև՝ կուսակցությունը միշտ, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի մասնակցելու ընտրությունների: Ընդգծում է՝ անկախ երկրում տեղի ունեցած իրադարձություններից՝ հենց վաղը կարող է ընտրություն լինել, ինչին հանպատրաստից մասնակցությունը ցույց կտա՝ կայացա՞ծ է ուժը, թե՞ ոչ: «Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք խորհրդարանական արտահերթ ընտրություններին չմասնակցելը բացատրում են դրանց հապճեպ անցկացմամբ, դա ընդամենը հեքիաթ է: Ապրիլ-մայիսից արդեն խոսակցություն կար, որ ընտրությունները գուցե աշնան վերջին լինեն, իսկ դա նշանակում է, որ հունիսից պետք է պատրաստվեին ընտրություններին, ինչը, բնականաբար, չեն արել: Հեղինակության ու էլեկտորալ վարկանիշի բացակայություն ու ընտրություններից հետո զրոյին մոտ ցուցանիշ գրանցելու վախը քաղաքական ուժերին ստիպեցին պատճառներ բերելով խուսափել ընտրապայքարից: Եթե ընտրություններին պատրաստվելու բավարար ժամանակ չկար, այդ ինչպե՞ս եղավ, որ նորաստեղծ երկու-երեք կուսակցություն հայտ ներկայացրին: Ստացվում է՝ վերջիններս բավարար ռեսուրս ունեին, բայց այն ուժերը, որ նախկին իշխանություների դեմ տարիներ ի վեր պայքարում էին, հանկարծակի զրկվեցին բոլոր տեսակի ռեսուրսներից, ու հապճեպության հանգամանք առաջ եկավ: Ընտրություններից հետո նոր ձևավորված ուժերը գուցե լուսանցքում հայտնվեն, հներն էլ կա՛մ պետք է ռեբրենդինգավորվեն, կա՛մ էլ ինքնալուծարվեն ու միավորվեն այլ ուժերի հետ»:


Արմեն Բադալյանը իրատեսական չի համարում այն տեսակետը, թե առնվազն երկու տարի անց կրկին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագելու, չնայած ընտրությունների արտահերթ տարբերակին դեմ չէ՝ երեքուկես տարի անց միայն: Հենց այդ ժամանակ, ըստ նրա, թե՛ տեխնիկապես, թե՛ բովանդակային առումով օրեր անց ձևավորվելիք խորհրդարանն իր հիմնական գործառույթներն իրականացրած կլինի:
«Ձմռանն ընտրություններ կազմակերպելն արդյունավետ չէ, որովհետև օրը շուտ է մթնում, ընտրողների հետ շփվելու ժամանակը կրճատվում է, իսկ եթե ձյուն էլ լինի, ապա հեռավոր համայնքների բնակիչների հետ կապ հաստատելը դժվար է լինելու: Մարդիկ ձմռանը հոգնում են, ինֆորմացիա ստանալու տրամադրություն չեն ունենում, իսկ գարնանը մեր ուղեղները թարմ են, օրգանիզմը՝ կայտառ: Բովանդակային առումով այս խորհրդարանը խնդիրներ ունի լուծելու՝ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, հարկային, մաքսային, դատաիրավական օրենքների վերաձևում և այլն: Այս բոլոր հարցերին հնարավոր է 3,5 տարում լուծում տալ: Լավագույն տարբերակ կլինի նաև այն, որ խորհրդարանը 5-ից 4 տարվա կառավարման անցնի, որովհետև, երբ երկրում կարևորագույն այլ ընտրություն չկա, փոփոխությունների համար հինգ տարի սպասել դժվար է: Մյուս կողմից, այս տարի բյուջեն պատգամավորները ձեռքի հետ ընդունեցին, իսկ 5 տարվա կտրվածքով ընտրության կազմակերպումը կնշանակի հինգ տարի անընդմեջ բյուջեն ձեռքի հետ, շվացնելով անցկացնելու ես, գնա: Տարբեր կուսակցություններ կարող են աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծ բերել խորհրդարան, ինչին իշխանությունները դեմ լինել չեն կարող, որ հանկարծ ընտրազանգված չկորցնեն, իսկ դա իր հերթին շահարկման տեղիք է տալու»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ