«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մանիպուլյացիաների արշավ

Մանիպուլյացիաների արշավ
07.12.2018 | 01:44

Ցանկացած ընտրական գործընթաց առաջ է քաշում երկու գլխավոր հարց՝ ի՞նչ մասնակցություն կլինի ընտրություններին, բնակչությունն ի՞նչ ակտիվություն և հետաքրքրություն կդրսևորի կոնկրետ քաղաքական իրավիճակում, և երկրորդ՝ քաղաքական ի՞նչ դասավորություն, ներկապնակ կարելի է ակնկալել ընտրական գործընթացից հետո։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզչության փուլում բազմաթիվ վերլուծություններ, կարծիքներ հնչեցին։ Մի կարևոր բան այս գործընթացի արդյունքում կարող ենք արձանագրել. Հայաստանում աստիճանաբար սկսում է կայանալ բանավեճի ինստիտուտը, ինչը վերջին 30 տարվա ընթացքում ցանկանում էին կայացնել, բայց դա տեղի չէր ունենում նախ և առաջ օրվա իշխանությունների քմահաճույքով։ Իհարկե, երբ խոսում ենք դեբատների ինստիտուտի կայացման մասին, դա չի վերաբերում բանավեճի կուլտուրային, որովհետև քննարկումների մշակույթն ամբողջովին արտացոլում է հասարակության քաղաքական և կենցաղային մակարդակը։ Սակայն նման քննարկումները թույլ են տալիս պատկերացում կազմել քաղաքական ուժերի իրական հնարավորությունների, ոմանց ինտելեկտուալ մակարդակի, դեմագոգիայի աստիճանի վերաբերյալ։


Խոսելով դեբատների ինստիտուտի ներդրման մասին՝ կարող ենք շատ հետաքրքիր փաստ արձանագրել. թե՛ իշխանությունը, թե՛ ՀՀԿ-ն կարողացել են դրանք շատ նեղ շրջանակի վերածել։ Իրական քննարկումները, որոնք մեծ վարկանիշ ունեին և շատ մեծ հետաքրքրություն էին առաջացնում, տեղի էին ունենում հենց նոր և հին իշխանությունների միջև։ Իրավիճակը սևացնելն ու սև-սպիտակի համատեքստում ներկայացնելը մի մեծ ծրագրի բաղկացուցիչ մաս է, որը, ըստ էության, մշակել էր գործող իշխանությունը, և որին, մեղմ ասած, դեմ չէր նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն։ Ամբողջ ընտրարշավի տրամաբանությունը հանգեց սև-սպիտակի հակամարտության, ՀՀԿ-ն, այդ մարտահրավերը ընդունելով, դիրքավորվել էր որպես սև, ինչը ձեռնտու էր հանրապետական կուսակցությանը, քանի որ կամա թե ակամա դառնում էին իշխանությանը միակ իրական ընդդիմադիր ուժը։ Յուրաքանչյուր վայրկյան խոսվում էր ՀՀԿ-ի մասին, որը, սակայն, ռեալ ակտիվություն չէր դրսևորում այս ընտրարշավի ընթացքում։ Քաղաքական ընտրարշավային PR-ի տեսակետից դա իհարկե ՀՀԿ-ի մեծագույն հաջողություններից մեկն էր։ Այս առումով թե՛ ՀՀԿ-ի, թե՛ «Իմ քայլը» դաշինքի շահերն ու մարտավարությունն ամբողջովին համընկան։ Պատահակա՞ն էր դա, թե՞ միտումնավոր էր արված՝ վերլուծաբանների վարկածների տիրույթում է։


Ակնհայտ էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի ընթացքում մանիպուլյացիաների էր ենթարկում հասարակությանը։ Մանավանդ ընտրարշավի երկրորդ շրջանում նա, գուցե ինչ-որ մտահոգություններ ունենալով վարկանիշների հետ կապված, ամեն ինչ վերածեց վարչապետի ընտրության։ Փաշինյանն առանց թաքցնելու էլեկտորատին ասում էր՝ եթե ցանկանում եք, որ ես մնամ վարչապետ, պետք է ձայն տաք «Իմ քայլը» դաշինքին։ Բացի այն, որ Փաշինյանը, թիրախավորելով ՀՀԿ-ին, օգնեց նրան լինելու նախընտրական քարոզչության գլխավոր դեմքերից մեկը, եթե ոչ գլխավոր դեմքը «Իմ քայլը» դաշինքի հետ, երկրորդ քայլով նա, ըստ էության, ասաց, որ հանրությունն ընտրելու է ոչ թե քաղաքական ուժերի, այլ վարչապետի։ Սա իհարկե ավելի հեռահար նպատակ ունի. Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի հետագայում իր թիմի նկրտումներին անհրաժեշտության դեպքում հարված տա՝ հասկացնելով, որ առանց իր անձի այդ թիմն իրենից գրեթե ոչինչ չի ներկայացնում, և նրանք իրենց ապագա պաշտոններով, բարեկեցությամբ պարտավոր են լինելու անձամբ իրեն ու պետք է նվիրված լինեն միայն ու միայն իրեն։ Այսպիսով՝ վարչապետը իր թիմի ավանդն առաջիկա ընտրություններում գրեթե զրոյացնում է, որպեսզի հետագայում նաև կառավարի։


Նախընտրական գործընթացը տեղի ունեցավ երկու հարթակում. ՔՊ-ն ու ՀՀԿ-ն թիրախավորել էին միմյանց՝ իրենց վերապահված դերերը շատ նուրբ տանելով, և երկրորդ հարթակում տեղ էին զբաղեցրել մյուս 9 քաղաքական ուժերը՝ իրենց պրագմատիկ քաղաքական պայքարով։ Յուրաքանչյուրը հասկանում էր, որ ինքն ունի իր նեղ, բայց սեփական ընտրազանգվածը, որի ուղեղներին ու սրտերին պետք էր հասնել, և դրա համար յուրաքանչյուրը փորձում էր իր ուղերձները հղել այդ ընտրազանգվածին՝ համոզելով, որ ինքը կարող է կյանքի կոչել այդ զանգվածի պատկերացումներն ու սպասելիքները։


Այս առումով «Բարգավաճ Հայաստանը», որի ընտրազանգվածը թեև մյուսներից ակնհայտորեն շատ ավելի մեծ է, այնուամենայնիվ, բավականին զուսպ և պրագմատիկ ընտրարշավ անցկացրեց։ Առանց նախկին մեծ աղմուկների, շքեղ միջոցառումների, բավականին համեստ ծախսերով աշխատում էին թիրախավորված, իրենց ընտրազանգվածի ուղղությամբ և հատկապես այն մարզերում, որտեղ կայացած են Գագիկ Ծառուկյանի բիզնես կառույցները, ստեղծված են աշխատատեղեր, և իրենց կարգախոսով՝ «Մեր խոսքը գործ է», փորձում էին տարածություն պահել սև-սպիտակ ծայրահեղություններից։ Տպավորությունն այն է, որ ԲՀԿ-ն կպահպանի այն ընտրազանգվածը, որի ուղղությամբ աշխատում է։
Նույն խնդիրն ունի նաև «Մենք» դաշինքը, որը զարմանալիորեն շատ արդյունավետ և հետաքրքիր քարոզարշավ տարավ՝ օգտագործելով բոլոր մեխանիզմները, PR, մարդկային բոլոր ռեսուրսները, նախկին փորձը։ «Մենք» դաշինքը փորձեց իրեն նույնականացնել արևմտյան ուղղվածության հետ՝ շատ հստակ մեսիջներով ասելով, որ կողմ են Եվրամիության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը, վիզաների ազատականացմանն ու աստիճանաբար ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Այսինքն, «Մենք» դաշինքն սկսեց աշխատել փողոցում գտնվող 15-20 տոկոս այն ընտրազանգվածի հետ, որը, ինչպես սոցհարցումներն են ցույց տալիս, ունի ընդգծված արևմտամետ ուղղվածություն։ Նույնիսկ դաշինքի լոգոն է նմանվում Եվրամիության լոգոյին։


Քարոզարշավը պրագմատիկ էր վարում նաև «Հայ հեղափոխական դաշնակցությունը»։ ՀՅԴ-ն բավականին ցածր վարկանիշ, բայց գենի մակարդակով ավանդական ընտրազանգված ունի։ Այդ ընտրազանգվածը վերջին 20 տարվա ընթացքում, ՀՅԴ-ի ոչ արդյունավետ մարտավարության պատճառով, կրիտիկական կերպով նվազել է, և ՀՅԴ-ն իր քարոզարշավի ընթացքում աշխատել է գոնե իր ունեցած փոքր ձայները պահպանելու ուղղությամբ, ուստի նրանց ընտրապայքարը բավականին պահպանողական եղանակով իրականացվեց։ Նույնիսկ կարգախոսն էր դաշնակցության բառապաշարին և հռետորաբանությանը բնորոշ՝ համապատասխան կոդերով։ Թվում էր, թե ինչ-որ պահի կհայտնվի նաև «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մասին հայտնի կարգախոսը։ Ըստ էության, ՀՅԴ-ն շատ հստակ ուղերձ էր հղում իր ընտրազանգվածին գենի մակարդակով։


Ընտրարշավին մասնակցող մյուս քաղաքական ուժերը ևս նույն բանն էին փորձում անել։ Նոր ուժերն աշխատում էին դիրքավորվել դաշտում, ապահովել լավ մեկնարկային պայմաններ իրենց ապագա քաղաքական գործունեության համար։ Այս առումով կարծես աչքի ընկավ և հիշվեց «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որը հիմնականում կազմված է ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից, ընդ որում, գերակշիռ մասը, թերևս, կապեր ունի Սորոսի հիմնադրամի հետ, սակայն բավականին թարմ, հասարակական փիլիսոփայությամբ մտավ քաղաքական հարթակ և հիշվեց մանդարիններով ու ֆոնային կանաչ գույնով։
Ընտրողների քանի՞ տոկոսը կմասնակցի ընտրություններին։ Այս հարցում որոշակի տարաձայնություն կա վերլուծաբանների շրջանում։ Ոմանք կարծում են, որ գուցե Երևանի ավագանու ընտրություններից ավելի շատ մասնակցություն լինի, քանի որ, նախ, ԱԺ ընտրությունները համապետական են, և հասարակությունը հասկանում է, որ սա է առաջնային մանդատը, ընտրվելու է ամբողջ իշխանությունը՝ օրենսդիր և գործադիր, նույնիսկ նախագահը։ Բացի այդ, ընտրություններին վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է մոտ 1400 թեկնածու, որոնք ունեն մարդկանց ընտրությունների բերելու սեփական մոտիվացիան։ Այս տեսակետից շատերը կարծում են, որ առաջիկա ընտրություններում կունենանք միջին եվրոպական վիճակագրական մասնակցություն՝ մինչև 55 տոկոսի սահմաններում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ