Աժ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: ԱԺ նախագահը, կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչած առաջին երկիրն է: Նա կարեւորել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանձնառության վերահաստատումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նա բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի գործուն ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական ու մշակութային կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժեւորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:
Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր է:
Դեսպանը, անդրադառնալով երկու երկրների պատգամավորների փոխգործակցությանը, նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում կան ծագումով հայ բազմաթիվ պատգամավորներ, ովքեր ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ բացի հայկական ծագում ունեցող պատգամավորներից, ֆրանսիացի խորհրդարանականները եւս իրենց համարում են Հայաստանի բարեկամներ: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը բարեկամական խմբերի, հանձնաժողովների մակարդակով:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին: Դեսպանը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է՝ նաեւ ընդգծելով, որ փաստաթղթի ընդունումը չի ուշանա: