Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փաշինյանի թիմակիցների մեծ մասը շարունակում է մարգինալ լինել»

«Փաշինյանի թիմակիցների մեծ մասը շարունակում է մարգինալ լինել»
16.04.2019 | 01:30

ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային վիճակ է: Կուսակցության Մելիք-Ադամյան գրասենյակում երեկ աշխույժ անցուդարձ էր: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական թևի, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ վստահեցրեց, որ կուսակցությունը համալրվում է նոր անդամներով, որոնք հիմնականում երիտասարդներ են: Հանրապետականի ակտիվացման, ներքին ու արտաքին խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀԿ անդամի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթը, մասնավորապես արցախյան հիմնախնդրի շուրջ տեսակետները:
-Աշխարհի ուժային կենտրոնները, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին քայլերը հաշվի առնելով, նրան ընկալում են որպես Հայաստանի պատմության ամենառուսամետ իշխանություն: Երբ Սիրիա են ուղարկում զորախումբ` չստանալով օրենսդիր մարմնի համապատասխան համաձայնությունը, այնքան ապաշնորհ արտաքին քաղաքականություն են վարում, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու համար Փաշինյանի սուրհանդակները դիմում են Ադամ Շիֆին: Սա նույնն է, որ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում հայցեին Նիկոլ Փաշինյանի միջոցով կամ մի քիչ ավելի վատ։ Եթե Սերժ Սարգսյանն իր ընդդիմախոսների հանդեպ միշտ հարգալից է եղել, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, Թրամփը, մեղմ ասած, բացարձակ հարգալից չէ Ադամ Շիֆի հանդեպ։ Ինչ վերաբերում է «հեղափոխությունը» որպես բրենդ աշխարհին անընդհատ ներկայացնելուն, չգիտեմ` ով է դա նրան խորհուրդ տվել, որ այն պետք է ՀՀ-ի արտահանման հիմնական տող դարձնել, բայց դա աբսուրդ է։ Երբ ԵԽԽՎ-ում խոսում ես Հայաստանի ձեռքբերումների մասին և ելույթիդ 60-70 %-ը նվիրում ես նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններին, լավ պտուղներ չեն տալու։ Շատ լավ է, որ Հայաստանում առանց ցնցումների իշխանափոխություն տեղի ունեցավ, բայց դա որքան Նիկոլ Փաշինյանի, նույնքան էլ նախորդ իշխանության շնորհքն է։ Թե այդ «հեղափոխությունը» որքան է հետաքրքիր եվրոպացի քաղաքական գործիչներին, ցույց կտա ժամանակը։
Արցախյան հիմնախնդրի շուրջ մեկնաբանություններ անելուց միշտ խուսափում եմ, քանի որ այս իշխանությունը չունի հստակ օրակարգ, դիրքորոշում։ Ծրագրային ելույթ, փաստաթուղթ չկա, որով Փաշինյանը կարող է ասել, թե ահա սրանք իր մոտեցումներն են հիմնախնդրին։ Բոլորս գիտենք, թե ինչ մոտեցում ունեն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նախորդ երեք նախագահները, սակայն ոչ մեկը չգիտի ինչ մոտեցում ունի Փաշինյանը։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ Փաշինյանն իրարամերժ հայտարարություններ է անում։ Աննա Հակոբյանը խաղաղության անհասկանալի, ժամանակավրեպ և իր իրավասություններից բացարձակ դուրս ինչ-որ հարթակներ է ստեղծում։ Այս քննարկումն առաջացավ այն ժամանակ, երբ ասպարեզ նետվեց այն միտքը, թե ով է Հայաստանի առաջին տիկինը։ Սա կեղծ քննարկում էր, քանի որ Հայաստանի օրենսդրությունն այնպես է կառուցված, որ առաջին տիկնոջ ինստիտուտ չկա։ Թե ինչու է Աննա Հակոբյանը որոշել, որ Հարավային Կովկասում խաղաղություն բերողն է, լավագույն քաղաքագետն ու միջազգային հարաբերությունների մասնագետը, չգիտեմ։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ողջունեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը։
-Աննա Հակոբյանը նաև ասաց, որ հակամարտության այս տարիներին զոհերը եղել են «հանուն ոչնչի»։ Դրան զուգահեռ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ադրբեջանում մեծ արձագանք ունեցավ, և սկսեցին խոսել առաջիկայում նոր պատերազմ սանձազերծելու մասին։ Մի կողմից մեր խաղաղասիրությունը, մյուս կողմից ադրբեջանական ռազմատենչությունը, ի վերջո, ինչի՞ ենք ձգտում մենք։
-Նիկոլ Փաշինյանի, որպես վարչապետի, առաջին ելույթը Արցախում էր, որտեղ վերջնագրով ասաց, որ Հայաստանը չի բանակցի առանց Արցախի։ Բանակցություններում ոչ միշտ է օգտագործվում վերջնագրերի լեզուն, համոզված էի, որ դա հերթական պոպուլիզմի դրսևորում է։ Հավանաբար Փաշինյանը հասկացավ, որ արտաքին հարաբերություններն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու արվեստ չեն և որոշեց վերադառնալ բանակցություններին, բայց էլի անհասկանալի ֆորմատով։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ նրան հարցրին, թե ինչ օրակարգով եք բանակցությունների գնում, նա ասաց, որ օրակարգ չկա, պիտի ծանոթանանք բանակցությունների պատմությանը։ Այսինքն, Հայաստանում այլ մարդ չկար կոնֆլիկտը ներկայացնելու, Ալիև՞ը պետք է պատմությունը ներկայացնի։ Սրանք անընկալելի զարգացումներ են։ Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի այդ արտահայտությանը, բացարձակ չեմ ցանկանում մեկնաբանել, մեկնաբանելու արժանի էլ չէ։ Աբսուրդայինը Փաշինյանի արձագանքն էր դրան, թե ՀՀԿ-ականները կոնտեքստից ինչ-որ բան են կտրել։ Նախ ամեն ինչ ասված էր, կտրելու խնդիր չկար, հետո էլ մեր կուսակցության առաջամարտիկները բացարձակ այդ հայտարարությանը չէին անդրադարձել, արժանի չէինք համարել։ Ընդհանրապես, եթե ներքաղաքական խնդիրների, տնտեսական, արտաքին որոշ հարցերի պարագայում մենք չոր ու կոշտ ենք արձագանքում, արցախյան հիմնախնդրի դեպքում փորձում ենք առավելագույնս մեղմ լինել և ուղղորդող քննադատություն հնչեցնել։
-Այսուհանդերձ, որքա՞ն է պատերազմը վերսկսելու հնարավորությունը։
-Ռազմական փորձագետ չեմ, ու բարդ է գնահատել այդ առումով իրավիճակը։ Պաշտպանության բանակի սպաները պնդում են, որ երբ հարաբերական հանգիստ է լինում սահմանին, դրան հաջորդում են լայնածավալ փոքր կամ մեծ գործողություններ։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել, միշտ էլ նոր ռազմական գործողության հնարավորությունը մեծ է։ Որևէ օրինաչափություն դժվար է գտնել։
-Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ այս իշխանությունը դրսում ընկալվում է որպես ռուսամետ։ Մինչդեռ ռուսական տարբեր քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ հակառակն են պնդում` Հայաստանի իշխանություններին մեղադրելով արևմտամետության մեջ։
-Դա Փաշինյանի և նրա թիմի «տաղանդի» արդյունքն է։ Կարողանալ բոլոր ուժային կենտրոնների հետ փչացնել հարաբերությունները, հասնել այն բանին, որ Հայաստանի ղեկավարի հետ խոսեն քարտուղարների մակարդակով։ Մեր ժամանակ էլ են եղել կոշտ արտահայտություններ, արձագանքներ, բայց դա չի եղել Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի կամ խոսնակի տեղակալի մակարդակով։ Հավասարազորության խնդիրը պետք է պահպանվի։ Վատը նաև այն է, որ սխալը սխալի հետևից են անում։ Հասկանալի է նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ձախողվում, որովհետև չունի խորհրդարանական ընդդիմություն։ Մեկ բան է խոսել 50 % խորհրդարանական հենք ունեցող երկրի ղեկավարի հետ, մեկ այլ բան` 80 %։ Սա ունի իր և լավ, և վատ կողմերը։ Լեգիտիմությունն առավելություն է, բայց վատ է, որ չես կարող ընդդիմության խաղաքարտն օգտագործել միջազգային հարաբերություններում։
-Ըստ Փաշինյանի, ՀՀԿ-ն շարունակում է և՛ արտաքին, և՛ ներքին հարցերի համար հիմնական մեղավորը լինել, քանի որ յուրաքանչյուր խնդրի մասին խոսելիս նա առաջինը հիշում է, թե ինչ ասացին կամ ինչ են արել ժամանակին հանրապետականները։ Մինչև ե՞րբ եք պատրաստվում խանգարելու նոր իշխանությանը։
-Մեզ անընդհատ հիշելը պայմանավորված է ասելիքի ու անելիքի բացակայությամբ։ Չեմ հասկանում, թե ինչու Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ՀՀԿ-ն կպչուն գաղափար է դարձել, պարզվում է` հանրապետականի ուրվականը շրջում է ԱԺ-ով ու կառավարությունով։
-Ավելի վաղ էլ խոսում էին ՀՀԿ-ի «մահվան» մասին։
-Սպիրիտիկ սեանս են անում։ Հիմա Դուք ՀՀԿ գրասենյակում եք, աշխատանքները բնականոն ընթանում են։ ՀՀԿ-ն Հայաստանի 4-րդ քաղաքական ուժն է։ ՈՒզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ ժամանակին իրենք էին 4-րդ ուժը, այն էլ երեք կուսակցություններով։ Դեռ երկար ժամանակ Փաշինյանը կշարունակի ՀՀԿ-ին հիշել, մինչև հանդգնություն ունենա ասելու, որ այսինչ ձախողումն իր սխալ, տկար քաղաքականության արդյունքն է։ Երբ խիզախություն կունենա ասելու, որ այսինչ ոլորտի պատասխանատուին նշանակելիս հիմարություն է արել։ Երբ մի մարդու ուզում էին նշանակել թաղապետ, բայց չնշանակեցին, որովհետև բարձրագույն կրթություն չուներ, նշանակեցին փոխթաղապետ, նշանակում է պետք է վերանայի կադրային քաղաքականությունն ամբողջությամբ։
-Ներքաղաքական կյանքում քաոսային իրավիճակ է։ Ամեն օր հերթական աղմկոտ դեպքն է մատուցվում հանրությանը։ Տրանսգենդերի աղմուկը չմարած, մաքսատան աշխատակցի ու դրոշի պատմությունը մեջտեղ եկավ, հետո էլ Զարթոնք գյուղի միջադեպը։ Ե՞րբ է կանոնակարգվելու ներքին կյանքը։
-Ես Փաշինյանին ու իր թիմին լավություն չեմ անի` ներքաշվելով տրանսգենդերի թեմայի մեջ, մի կողմ թողնելով արտաքին ու ներքին լուրջ խնդիրները։ Նրանց չի հաջողվելու դրանք դարձնել հիմնական քաղաքական օրակարգի հարցեր։ Ինչ վերաբերում է մաքսատան աշխատակցին, կարծում եմ, այդ առավոտյան Նիկոլ Փաշինյանը շատ էր նայել Լուկաշենկոյի տեսանյութերը։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ քաղաքացու հետ պետք է խոսել «դուք»-ով, հիմա ինքն է «դու»-ով խոսում։ Հայաստանում շատ մաքսակետեր կան, հիմա կարող է շրջել բոլոր տեղերում ու հատ առ հատ դրոշներ, կեցվածք ստուգել կամ համակարգային լուծում տալ խնդրին։ Մեկ տարվա ընթացքում այս իշխանությունը չհասցրեց ստեղծել էթիկայի հանձնաժողովին համարժեք կառույց, որը Սահմանադրությամբ էր սահմանված։ Ինձ համար ավելի լավ է Հ1-ով քիչ շոուներ նայել, բայց համակարգային գործեր շատ արվեն։
-Ի վերջո, հասկանանք` Հայաստանում մենաշնորհներ, համակարգված կոռուպցիա չկա՞ն, տնտեսությունն էլ հեղափոխական տեմպերի մե՞ջ է։
-Թվերով գնահատենք իրավիճակը։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը պնդեց, որ անցյալ տարի իր կոչի արդյունքում տպվել է 60 միլիոնով ավելի ՀԴՄ։ Հոյակապ է, բայց ինչու՞ է բյուջեի եկամուտների կատարողականը 99 ու մի քանի տոկոս։ Այսինքն, փաստացի տնտեսությանը դա չի օգնել, հարկահավաքությունը թերի է իրականացվել։ 99,6 կատարողականը համարենք 100-տոկոսանոց է, բայց ոչ մի հեղափոխական բան չի եղել, ինչքան մենք էինք նախատեսել, այնքան էլ եղել է։ Մենաշնորհների և համակարգված կոռուպցիայի թվերին չեմ տիրապետում, բայց փոխնախարարի մակարդակով կաշառքը համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Ստրասբուրգում խոսում էր 50 հազար նոր աշխատատեղերի մասին։ Եթե Փաշինյանի խորհրդականները չեն բացատրում, թե ինչպես է այդ թիվը գոյացել, ես կասեմ։ Մի մասն այն աշխատակիցներն էին, որոնք նախկինում գրանցված չէին, որը հաստատ 50 հազար չէ, իմ տեղեկություններով շուրջ 17 հազար է։ Իսկ մնացած 33 հազարը որտեղից են հորինել, պարզ չէ։
-Վերադառնալով ՀՀԿ-ի այսօրվա անելիքներին, 4-րդ ուժն եք, ե՞րբ եք պատրաստվում դառնալու 3-րդ, 2-րդ և 1-ին։
-Կուսակցաշինությունն ամենօրյա աշխատանք է։
-Այս մեկ տարվա ընթացքում հասկացա՞ք, թե որտեղ եք սայթաքել։
-ՀՀԿ-ն իր սխալների համար շատ թանկ գին է վճարել։ Վճարել ենք անցյալ տարի ու ինքնակամ։ Իհարկե, հետևություններ արել ենք։ Մենք մրցակցային առավելություն ունենք, նորանկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն մենեջերները հանրապետականներն են եղել։ Որքան ուզում են նոր իշխանությունները մեզ տարբեր մեղքերի մեջ մեղադրել, ՀՀԿ-ի կադրային ներուժը լավագույնն է։ Հիմա այդ կադրերն աշխատում են կուսակցության տարածքային գրասենյակներում։
-ՀՀԿ-ում համալրում կա՞։
-Միջինը օրը մեկ հոգու հետ եմ հանդիպում, որ ցանկանում է անդամակցել կուսակցությանը։ Հիմնականում երիտասարդներ են։
-Նրանք հիասթափվա՞ծ քաղաքացիներ են։
-Անդամակցության պատճառները տարբեր են, կան մարդիկ, որոնք նախորդ տարի ապրիլին մասնակցել են իշխանափոխությանը: Մենք այս պահին կուսակցության անդամակցության լայնածավալ ծրագիր չունենք: Ով ուզում է, սիրով ընդունում ենք:
-ՀՀԿ-ի քաղաքական ակտիվություն սպասվու՞մ է:
-Ինձ համար բարդ է գնահատական տալ, թե որն է քաղաքական ակտիվությունը: Փողոցում կատարված ցույցը և գրասենյակում կուսակցականների հետ մի քանի ժամվա հանդիպումը նույն արժեքն ունեն: Ժամանակ առ ժամանակ մի քիչ ավելի կամ պակաս ակտիվ ՀՀԿ-ն միշտ էլ աշխատում է: Կան բազմաթիվ ծրագրեր երիտասարդական քաղաքականության հետ կապված: Քաղաքականությունում շատ էական է ամեն ինչ ճիշտ ժամանակին անելը:
-ՀՀԿ-ն դեռ չի՞ սպառել իշխանություն դառնալու հնարավորությունները:
-Ցանկացած կուսակցության նպատակն իշխանության գալն է: Երկրորդը` կուսակցությունը միջոց է գաղափարներն իրագործելու համար: Ընտրություններում մեր թեկնածուները նշում էին, որ գալիս են ընդդիմություն աշխատելու: Հաճախ այս կամ այն սխալը տեսնելով, զանգում եմ իշխանության ներկայացուցչին, ասում եմ` ընկեր, այս որոշման պատճառով այս խութերն են առաջանում:
-Հաջողվու՞մ է համագործակցությունն այս իշխանության հետ:
-Անհատների մակարդակով` այո: Կան մարդիկ, որոնց հետ լավ հարաբերություններ ունենք: Լինում են դեպքեր, որ գրավոր ենք ուղարկում առաջարկները:
-Ընդունու՞մ են Ձեր առաջարկները:
-Լինում է` ընդունում են, լինում է` ասում են, թե դա իրենք արդեն նախատեսել են: Բայց կա մի շատ կարևոր խնդիր. ես ուզում եմ ունենալ այլ կերպ մտածելու իրավունք, համաձայն չլինեմ այս իշխանության քաղաքականության հետ, բայց դրա համար չպիտակավորվեմ: Չեմ ուզում լինել հակահեղափոխական, սև, դրանից իմ կյանքում ոչինչ չի փոխվում, համոզված եմ, Փաշինյանի կյանքում էլ: Երբ վարչապետ Փաշինյանն ամբիոնից հայտարարում է, թե պառկեցնելու է ասֆալտին, կեսից ավելիի դեպքում դա ուղղակի հռետորաբանություն է, հաճախ էլ վերածվում է իրավապահ մարմինների այս կամ այն գործողությունների: Սա չէ խնդիրը: Նրա համախոհները, օրինակ, Մարալիկում նստած հետևում են նրա խոսքին ու կարող են սխալ հասկանալ ուղերձը: Դրա վկայությունն են քաղակտիվիստների հետ կատարվածը Մարալիկում, Կենտրոնում, Զարթոնքի դեպքերը: Չի կարելի պայքարն այդքան բևեռացնել: Փաշինյանի թիմակիցների մեծ մասն իրենց լիբերալ հայացքների, համոզմունքների պատճառով մարգինալ է, շարունակում է մարգինալ լինել։ Պարզապես իրենց թվում է, թե այդպես չէ: Հիմա փորձում են այդ մարգինալությունը պրոյեկտել մեզ վրա, չի ստացվի: ՀՀԿ-ն ամենաժողովրդական կուսակցությունն է, մեզ մոտ կան բոլոր խավերը: ՀՀԿ ներկայացուցիչները չեն թրծվել գրասենյակներում, օտարածին հիմնադրամների դրամաշնորհներով: Մենք թրծվել ենք իրական կյանքում, մեր բակում, ինստիտուտում, անհնար է մեզ բևեռացնել հասարակությունից, մենք դրա մի մասն ենք: Լավ կլինի Փաշինյանն իր հռետորաբանությունը մի քիչ մեղմացնի, հետո էլ դասախոսություն ոչ թե ՊՆ-ում, այլ թիմակիցների համար կարդա:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ