Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Եթե պետք լիներ, Նորագավիթի ավտոմաքսատունը կլուծարեի

Նիկոլ Փաշինյան. Եթե պետք լիներ, Նորագավիթի ավտոմաքսատունը կլուծարեի
20.04.2019 | 14:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսակետի միջադեպից հետո իր պահվածքը երկար է վերլուծել՝ հաշվի առնելով նաև հանրային դժգոհությունը։ Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նա հայտարարեց, որ մինչ այսօր մտածում է, որ ճիշտ է արել։

«Կարող է մի մարդու համար, մեր հայրենակցի համար, որն ազատվեց աշխատանքից, դոզան շատ էր, բայց, իրականում, ես այդ քաղաքացուն չեմ ճանաչում, չգիտեմ, թե ով է։ Նա ընդամենն ինձ համար սիմվոլ էր, սիմվոլ պետական պաշտոնյայի, ով անարգում է դրոշը։ Ես մի մարդու չեմ ազատել գործից, այլ բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը։ Ինձ թվում է՝ բոլոր պետական պաշտոնյաներն այս ուղերձը հասկացել են»,- ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ քաղաքացու հետ «Դուք»-ի փոխարեն «դու»-ով խոսելուն։ Նա հիշեցրեց, որ ինքը շատ անգամ է խոսել «դու»-ով, երբ հայտարարել է, որ «ՀՀ ապագան կախված է մեկ մարդուն, և այդ մեկ մարդը դու ես», «քայլ արա» և այլն։«Կամ ասում են ՝ երեկ 1, այսօր 2, ասում է, որ վարչապետն է գալիս, զգաստացեք։ Խնդիրն այն է, որ եթե ուսադիրներով մարդու մոտ վարչապետն է գալիս, ռեակցիա չկա, բա որ քաղաքացի մոտենա, ի՞նչ ռեակցիա է առաջացնելու։ Ասում են՝ դիմում գրելու իմ պահանջն ապօրինի է եղել։ Այստեղ խնդիրը դիմում գրելը կամ չգրելը չէր, եթե պետք լիներ այդ կառույցը լուծարել, կլուծարեի հանուն պետական սիմվոլը հարգելու։ Այնպես որ, վարչապետը լծակ ուներ իր ասածն ի կատար ածելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ հանրային մեծ դժգոհություն էր առաջացել, երբ մաքսատան աշխատակիցները նկարել ու համացանց էին գցել, թե ինչպես է քաղաքացին մտնում պայուսակների սկանեռի համար նախատեսված սարքավորման մեջ։ Նրա գնահատմամբ ՝ այս երկու միջադեպերը համահավասար են։

«Նույն մաքսատան աշխատակիցները ոչ միայն նկարել ու գցել էին սոցիալական ցանց, այլև կանգնած հռհռում էին։ Ես ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև համարում եմ, որ այդ դրոշի հետ կապված միջադեպն ու սա բացարձակապես նույն բաներն են՝ նույն երևույթի 2 տարբեր կողմեր էին։ Մի դեպքում դժգոհություն կար, որ ազատեք գործից և այլն, բայց հարց՝ ինչու չազատել աշխատանքից դրոշն անարգողին, և ազատել քաղաքացուն անարգողին․ չէ՞ որ նա էլ ընտանիք ունի, հավանաբար նաև երեխա ունի։ Մի դեպքում անարգել են ՀՀ քաղաքացուն, մի դեպքում՝ ՀՀ դրոշը, նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, ով անարգում է դրոշը, անարգում է քաղաքացուն, որովհետև առանց քաղաքացի դրոշ չկա, առանց դրոշ քաղաքացի չկա»,- մանրամասնեց Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ թեև հանրային կյանքում շատ է խոսվում պետությունն արժևորելու, պետական մտածողություն ունենալու մասին, միևնույն է, ՀՀ-ում պետական սիմվոլները կայացած չեն։ Նա նաև հավելեց, որ, թեև, ազդվում ու էմոցիոնալ է ընդունում քաղաքացիների կարծիքները, միևնույն է, ինքը թույլ ղեկավար չէ։ «Աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև չեմ կարող ինձ թույլ տալ լինել այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ է ծռել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ