«Ժողովուրդը. գրում է, որ կառավարությունը հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Խոսքը 3 աշխատակցի աշխատավարձի մասին է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է: Երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, և այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը: «Ժողովուրդը» ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ: «Կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»: Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձեր են փոխանցվելու, Ավագյանն ասաց, որ, ամեն դեպքում, պայմանավորվածությունն այդպիսին է»: