«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Յուրայինների ու օտարների բաժանալու մթնոլորտն իշխանության ներսում մարդկային և ինտելեկտուալ ռեսուրսի դեֆիցիտի է հանգեցնելու»

«Յուրայինների ու օտարների բաժանալու մթնոլորտն իշխանության ներսում մարդկային և ինտելեկտուալ ռեսուրսի դեֆիցիտի է հանգեցնելու»
30.04.2019 | 02:14

«Այլընտրանքային նախագծերի խումբ» նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այն տպավորությունն ունի, որ բոլորս՝ թե՛ իշխանության ներսում ու իշխանությունից դուրս գտնվողները, թե՛ հասարակության տարբեր շրջանակները, խուսափում ենք ընդունելուց բավական բարդ ու անկանխատեսելի փուլում ապրելու փաստը։ «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ մի կողմից քննադատությունը, մյուս կողմից՝ իշխանության պատասխանները, հաճախ պարզունակ են և չեն արտացոլում իրավիճակի խորությունը։

-Հարցն իշխանությունների` այս կամ այն խոստումը կատարելը չէ, հարցը նույնիսկ լուծված կամ չլուծված հարցերի մեջ չէ,- նշում է մեր զրուցակիցը։- Մենք նախկինում էլ տեսել ենք բազմաթիվ խոստումների և ծրագրերի տապալում։ Խնդիրը և մտահոգությունները լրիվ այլ տեղ են. գնալով մեծանում է անորոշությունը, իրական ծրագրերն ու իրական բարեփոխումներն ուշանում են, ավելին՝ դրանք չկան, չկան դրանց հեղինակները, չկան դրանց հայեցակարգերը, ժամանակացույցերը։ Այս պահին նույնիսկ չի երևում` ինչի շնորհիվ և երբ պետք է դրանք լինեն։ Եվ երբ այս ամենը չկա, երկրում սկսում է ձևավորվել դրան համապատասխան կասկածի, մատնության, անգործության ու չարության մթնոլորտ։
-Իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ են արել կամ անում քաղաքական արժեհամակարգի փոփոխության համար:
-Կարծում եմ՝ մենք այնպիսի մի սխալ ենք արել, ինչի հետևանքները գնալով ավելի սաստկորեն ենք զգալու, բայց դրա շտկման հնարավորություններն էլ մեծ չեն։ Խոսքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն արագացված կերպով անցկացնելու մասին է։ Այո, ազատ քվեարկություն ստացանք, բայց չունեցանք ընտրություն՝ այլ նպատակների համար կորցնելով իրական ընտրության հնարավորությունը։ Ընդ որում՝ սխալ է այն տեսակետը, թե ընդդիմությունը պատրաստ չէր հապճեպ կազմակերպված ընտրություններին։ Իսկ արդյո՞ք իշխանությունը պատրաստ էր։ Ձևավորվեց խորհրդարանական «Իմ քայլի» մեծամասնությունը՝ կազմված հանրությանը բացարձակապես անհայտ, տարբեր տեղերից հապշտապ պեղված մարդկանցով, որոնց ո՛չ տեսակետներն էին հասարակությանը հայտնի, ո՛չ պատկերացումները։ Նրանց առաջ, ըստ էության, դրվել էր մեկ խնդիր՝ քվեարկել միասնաբար։ Եվ սա, իհարկե, ձևավորելու է համապատասխան մթնոլորտ, որտեղ ծրագրերի, առաջարկների, մտքի սղությունն ակնհայտ է դառնալու։
-Տնտեսական ոլորտում մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել` ըստ Ձեզ:
-Իսկ ի՞նչ պետք է փոխվեր տնտեսության մեջ։ Փոփոխությունները պայմանավորված են տնտեսական բարեփոխումներով, գրագետ ծրագրով ու տնտեսական ռեֆորմիստով, ով հստակ թիմ թիմ ու տեսլական կունենա։ Այն բոլոր հիմնական տնտեսական խնդիրները, որոնց մեծ մասն օբյեկտիվ է և ունի խորքային պատճառներ, և որոնք վերջին տարիներին առկա էին, այժմ չեն վերացել, մեղմվել կամ նահանջել։ Դրանք բոլորը բարդ խնդիրներ են, որ ժամանակ և գրագետ լուծումներ են պահանջում։ Բայց մենք դրանց չենք անդրադառնում, քննարկման առարկա չենք դարձնում, ծրագրային բանավեճերի փուլ չենք մտցնում, որ քաղաքական իշխանությունն էլ ըստ այդմ հնարավորություն ունենա այդ լուծումներից նախընտրելի տարբերակն առանձնացնելու և հստակ քայլերով գնալու դրա իրականացմանը։ Իհարկե, որոշակի դրական տեղաշարժեր կան, օրինակ, մաքսային համակարգում, բայց դա չէ այն խթանը, որը պետք է բերի տնտեսական նկատելի առաջընթացի։ Կարևոր է, որ երկրում ձևավորվի աշխատելու, բարիք ստեղծելու մթնոլորտ։ Իսկ քանի դեռ ուժայինները տնտեսության մեջ են, նման բան չի լինի։ Շատ մոտ ենք սեփականության վերաբաշխման վտանգավոր սահմանին: Բացատրեմ՝ ինչու. երբ ուժայիններն ակտիվանում են բիզնեսում, հաջորդ քայլը սեփականության վերաբաշխումն է լինում: Վտանգավոր են նաև առանց լուրջ հաշվարկների շրջանառության մեջ դրվող ու չհստակեցված տարբեր գաղափարները, ինչպես նաև որոշ անցումային ինստիտուտների ստեղծումը, ինչի ականատեսն ենք լինում այժմ:
-Ըստ Փաշինյանի՝ նախորդ իշխանություններն են մեղավոր Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին հարցերում: Մինչև ե՞րբ կարող են նորերը մեղադրել հներին՝ փորձելով ստվերել սեփական սխալներն ու բացթողումները:
-Կա մի հստակ բանաձև. որ պահին նոր իշխանություններն իրական հաջողություն արձանագրեն, տնտեսությունն ակտիվորեն զարգանա, մարդկանց բարեկեցությունը լավանա, անվտանգության խնդիրն ավելի բարձր մակարդակի դրվի և այլն, այդ պահից սկսած՝ նոր իշխանության ներկայացուցիչները կմոռանան թե՛ ՀՀԿ-ին, թե՛ բոլոր նախկիններին։ Երբ չկան իրական հաջողություններ, մեղավորներին փնտրում են այլ տեղերում։ Ավելի զարգացած հասարակություններում այդ տրամաբանությամբ առաջնորդվելն առավել բարդ է, քան պակաս զարգացած հասարակություններում։ Բայց հարցի մյուս կողմն էլ կա. Հայաստանում այսօր շատ կարևոր է քաղաքական համակարգերի վերակենդանացումը։ Եթե մի պահ մեզ օտարի աչքով նայենք, կնկատենք՝ այսօր Հայաստանում ո՛չ իշխող քաղաքական ուժ կա, ո՛չ էլ ազդեցիկ ընդդիմադիր ուժեր կան։ ՈՒ սա լուրջ պրոբլեմ է, որովհետև երկրի քաղաքական միտքը և համակարգը կենտրոնանում է մեկ կամ մի քանի հոգու սահմաններում։ Նման պայմաններում ցանկացած անսպասելի զարգացում, ցանկացած սցենար հնարավոր է։
-Քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելն ու հասարակության տարբեր շերտերի միջև սահմաններ գծելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պետության համար։
-Եթե երևույթը միայն քաղաքական դաշտին բնորոշ լիներ, գուցե ինչ-որ տեղ կարելի լիներ մոռացության տալ ու չսևեռվել դրա վրա։ Բայց սև ու սպիտակի բաժանվեցին հասարակությունը, երկրի մթնոլորտը, միտքը, տեսակետը։ Հստակ դրվեց՝ եթե դու ինքնամոռաց չես ողջունում իշխանության ցանկացած քայլ կամ առաջարկ, ուրեմն սև ես։ Իսկ ի՞նչ ասել է սպիտակ՝ քվեարկել և մտածել այնպես, ինչպես կասեն կամ կասի։ Ցավոք, բարիկադավորումը դարձավ խաղի կանոն, ու այն իր սրությունն ամիսների ընթացքում ամենևին չի կորցրել, ինչի համար իսկապես ցավում եմ։ Մենք փոքր երկիր ենք և ունենք բավական բարդ կենսագրությամբ հասարակություն։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել. րոպեական սխալները, հնարավոր է, երկար տարիներ չկարողանանք շտկել։ Մյուս կողմից՝ հասարակությունը սև ու սպիտակի բաժանելուց ու այդ միտքը պաշտպանելուց և տիրաժավորելուց հետո, համապատասխան մթնոլորտ է ձևավորվել՝ յուրայինների և օտարների։ Դրա հաջորդ փուլը ավելի յուրայիններն են, հետո՝ ավելի-ավելի յուրայինները և այդպես շարունակ։ Սա որոշ ժամանակ հետո իշխանության մեջ մարդկային և ինտելեկտուալ ռեսուրսի կտրուկ դեֆիցիտի է հանգեցնելու, իսկ դրա ուղղակի հետևանքը երկրի վիճակն է՝ չլուծվող հին խնդիրները, ավելացող նորերը։

Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ