Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ում խուճապի պատճառները շատանում են

ԱՄՆ-ում խուճապի պատճառները շատանում են
21.06.2019 | 01:17

(Նախորդ մասը)

Սույն տողերի հեղինակին հաճախ անուղղակի, երբեմն էլ ուղղակի մեղադրել և մեղադրում են կանխակարծության, Իրանի թշնամի երկրների տեղեկույթն ու դատողությունները «տեսնելու» և ուշադրության առնելու անընդունակության մեջ։ Դե ինչ, դիտարկենք, թե իսրայելական մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ համացանցում ինչ են տարածել ապրիլի 24-ից։ Ահա իբր ուկրաինական կայք «Голос Правди»-ն. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակահետախուզության ղեկավար, բրիգադային գեներալ Ալի Նասիրին փախել է Իրանից՝ հետը տանելով մեծածավալ գաղտնի փաստաթղթեր։ Այդ մասին հայտնում է Իրանի գործողություններին հետևող դիտորդական կենտրոնի (գտնվում է ԱՄՆ-ում) կայքը։ Ըստ եղած տեղեկության, Նասիրին գաղտնի ժամանել է Պարսից ծոցի երկրներից մեկը, որտեղ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ամերիկյան դիվանագիտական առաքելությանը։ Նասիրին փախուստից առաջ վեճ է ունեցել ԻՀՊԿ-ի հրամանատարությունում այաթոլահ Խամենեիի ներկայացուցիչ Հուսեյն Թայեբի հետ։ Նասիրիի փախուստի մասին առաջինը, դեռ ապրիլի 13-ին, գրել է «Հզբոլահի» հետ կապված «Ալ մայադին» լիբանանյան թերթը։ Կես ժամ անց հրապարակումն անհետացել է կայքից։ Մի շաբաթ անց, ապրիլի 21-ին, Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ հակահետախուզության պետ է նշանակվել Ֆաթուլա Ջումեյրին։ Գերատեսչության ղեկավարին փոխելու պատճառների մասին որևէ պարզաբանում չի եղել։ Հակահետախուզության (կամ ներքին անվտանգության) ԻՀՊԿ ստորաբաժանումն ստեղծվել է 1985 թվականին։ Այն պատասխանատու է թռիչքների, կառավարական պաշտոնյաների և հասարակական գործիչների, ինչպես նաև Իրան այցի ժամանակ արտասահմանցի բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման համար։ Նրա պարտականությունն է նաև ռազմավարական օբյեկտների պահպանությունը։ Հաղորդվում է, որ փախած գեներալը եղել է կազմակերպության ամենահին ու փորձառու աշխատակիցներից մեկը։ Ենթադրաբար, նա հետը տարել է գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են իրանական միջուկային ու հրթիռային ծրագրերին, ինչպես նաև արտասահմանում երկրի հատուկ ծառայությունների լրտեսական առաքելություններին»։


Ահա աղբյուրներից մեկը՝ իսրայելական «Մանրամասներ» լրատվամիջոցը. «Միջազգային ԶԼՄ-ները հաստատում են, որ իրանցի բարձրաստիճան սպան Արևմուտք է փախել գաղտնի փաստաթղթերով։ Ինչպես ապրիլի 24-ին հայտնել է «Իսրայել հա-յոմը», ԻՀՊԿ-ի հակահետախուզության նախկին պետ, բրիգադային գեներալ Ալի Նասիրին անհետացել է ապրիլի 11-ին, և անհայտ է, թե որտեղ է նա։ Որոշ պարբերականներ գրում են, թե նա ապաստան է խնդրել ԱՄՆ-ի դեսպանություններից մեկում, բայց պարզ չէ, թե ինչի վրա է հիմնված այդ հրապարակումը։ Տեղեկություններ կան, որ ապրիլի 11-ին կատաղի վեճի մեջ է մտել ԻՀՊԿ-ի հետախուզության պետի հետ, այնուհետև հանկարծակի հեռացել է խորհրդակցությունից։ Հաջորդ օրը նա չի ներկայացել ծառայության։ Աղբյուրները հայտնել են, որ փախել է Պարսից ծոցի մի երկիր և ապաստան խնդրել ԱՄՆ-ի դեսպանությունում։ Ինչպես նշում է «Washington Free beakon» կայքը, «Նասիրին բազմաթիվ փաստաթղթեր էր վերցրել, որոնցում տվյալներ կային ԻՀՊԿ-ի սպաների և հրամանատարների, հետախուզության աշխատակիցների, ինչպես նաև արտասահմանում ԻՀՊԿ-ի դիվանագիտական քողարկմամբ գործակալների գործողությունների մասին»։ Իրանական մամուլը լիովին անտեսել է Նասիրիի գործը։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը չի մեկնաբանել այն հաղորդագրությունները, թե իբր Նասիրին դիմել է ամերիկյան դեսպանություններին. «Մենք տեղեկություն չենք տալիս ապաստան փնտրողների մասին»։


Հարց տանք ԱՄՆ-ի և Իսրայելի կողմնակիցներին. այստեղ ինչի՞ն հավատալ։ Ոչ միայն Ֆաթուլա Ջումեյրին է նշանակվել ԻՀՊԿ-ի հակահետախուզության պետի պաշտոնին, այլև ԻՀՊԿ-ի հրամանատարի նախկին տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին կորպուսի հրամանատարի պաշտոնում փոխարինել է իր նախկին պետ, բրիգադային գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարիին։ Այաթոլահ Խամենեին ստորագրելով համապատասխան հրամանագիրը, Ջաֆարիին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար։ Գերագույն առաջնորդը նշեց, դիմելով Սալամիին, որ, ելնելով ԻՀՊԿ-ի ղեկավարության փոփոխության անհրաժեշտությունից, որն առաջարկել է գեներալ-մայոր Ջաֆարին, և «հաշվի առնելով Ձեր իրազեկությունն ու անգնահատելի փորձը հեղափոխական, ջիհադական ու ժողովրդական գվարդիական ինստիտուտներում ղեկավար ու հրամանատարական զանազան պաշտոններում, ...ես Ձեզ, շնորհելով գեներալ-մայորի կոչում, նշանակում եմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար»։ Կադրային նոր նշանակումներ են արվում ոչ միայն ԻՀՊԿ-ում ու հետախուզությունում, այլև բանակի ու նավատորմի հրամանատարությունում, այսինքն սերնդափոխության սովորական գործընթաց է։


Գեներալ Նասիրիի «փախուսի» մասին։ Իրան-ԱՄՆ և Իրան-Իսրայել փոխհարաբերությունների պատմության մեջ չափազանց շատ են ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունների կողմից ոչ միայն զինվորականների, այլև գիտնականների, հասարակական գործիչների, նույնիսկ ուխտավորների, ընդ որում՝ ուղղակի Մեքքայից, առևանգումները։ ՈՒշադրություն դարձնենք Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի ապրիլի 25-ի ևս մեկ հայտարարության։ Ըստ նրա, Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակության։ Զարիֆը նշել է, որ խոսքն այն կալանավորների մասին է, որոնք նստած են ԱՄՆ-ի բանտերում, ընդ որում՝ կեղծ մեղադրանքներով։ Իր կողմից, նշում է նախարարը, ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանում կան կեղծ մեղադրանքներով կալանավորված ամերիկացիներ։ «Եկեք չքննարկենք դա, այլ փոխանակում կատարենք»,- ասել է Զարիֆը։ Նա պարզաբանել է, որ նման առաջարկով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին դիմել էր նաև կես տարի առաջ, բայց այն ժամանակ համաձայնություն չէր ստացել։ Զարիֆի վերջին հայտարարության մեջ մենք տեսնում ենք Իրանի հետախուզության նախարար Ալավիի ապրիլի 19-ի հայտարարության թեմայի ուղղակի շարունակությունը։ Պարզ է, թե իրանցիներից ում և ինչի համար են բանտ նստեցրել ԱՄՆ-ում, ինչպես և պարզ է, թե ինչ ամերիկացիներ են դատապարտվել Իրանում նրա միջուկային օբյեկտների և զինված ուժերի դեմ բացահայտ լրտեսության ու քայքայիչ գործողությունների համար։ ՈՒզում ենք ներկայացնել էլի մի քանի վկայություն։ «NEO-«ծՏՉՏպ ՉՏրՑՏփվՏպ ՏոՏջՐպվՌպ» (ծԹԿ) հանդեսում Սալման Ռաֆի Շեյխը, գնահատելով պատերազմի հավանականությունը, նշում է. «ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելը կարելի է հավասարեցնել Վաշինգտոնի կողմից Թեհրանին պաշտոնապես պատերազմ հայտարարելուն։ Չէ՞ որ նույնիսկ եթե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հերթական ուխտադրուժ ագրեսիվ գործողությունն անմիջապես չկատարվի, նման քայլը, միևնույն է, փակում է ԱՄՆ-ի և Իրանի երկխոսությունը վերականգնելու ցանկացած հնարավորություն։ Սակայն չարժե հապճեպ եզրակացություններ անել հենց «պահապանների» համար ԱՄՆ-ի որոշման տխրալի հետևանքների առթիվ, քանի որ ԻՀՊԿ-ն ընդունակ է առավել քան ցավոտ հարված հասցնելու ցանկացած հակառակորդի, մանավանդ այնպիսի, որն իր «անզուգական ռազմական հզորության» մասին անվերջանալի խոսակցություններում ինքն է սկսել հավատալ իր իսկ բարբաջանքներին։ Անկախ Իրանի հետ ռազմական հակամարտության ելքից, Վաշինգտոնն ստիպված կլինի թանկ վճարելու Իրանի հետ պատերազմի համար, հատկապես այն իրադրությունում, երբ տարածաշրջանում նրա դաշնակիցները՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, իրենց են վերագրում Թրամփի տվյալ որոշումը, բայց չեն տոչորվում Իրանի ժողովրդի զավակների դիմադրելու վճռականությունը փորձելու ցանկությամբ։ Իսկ եթե ռազմական ագրեսիան հիմա չհետևի, ապա կարող ենք համոզված ասել, որ Իրանն անդուլ կերպով ամրապնդելու է իր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կապերը, որպեսզի ամերիկյան ագրեսորի դեմ հանդես գա առավելագույնս լայն ճակատով։ Եվ ինչի՞ է հասել Թրամփն այդ որոշմամբ, բացի Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կարճատև ուրախությունից»։


Այս ամենը երկու փոխադարձ «նախազգուշացման» արձագանքն է։ Ինչպես հայտնի է, Իրանը բացահայտորեն սպառնաց, որ եթե իրեն փորձեն թույլ չտալ, որ նավթ վաճառի, ապա ոչ ոք չի կարող Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով թեկուզ մեկ նավթանավ անցկացնել։ Սա հաստատեց ԻՀՊԿ ՌԾՈՒ-ի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին. «Եթե Իրանը չօգտվի Հորմուզի նեղուցից, որը, միջազգային կանոններով, միջազգային ջրային ուղի է, ապա մենք այն կփակենք։ Եթե որևէ սպառնալիք լինի, ապա մենք առանց երկմտելու կպաշտպանենք մեր ջրերը։ Եթե բանը հասնի Իրանի պաշտպանությանը, մենք պատասխան գործողություններ կձեռնարկենք»։ Դրան ի պատասխան, ԱՄՆ-ի կառավարությունում մի անանուն աղբյուր ապրիլի 22-ին հայտարարել է, որ «ԱՄՆ-ը անընդունելի է համարում և թույլ չի տա Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը»։ Դատարկ խոսք է, որովհետև ցանկացած ամերիկյան ռազմանավ կամ սուզանավ, մտնելով Հորմուզի նեղուց կամ Պարսից ծոց, ընկնում է թակարդը, այն էլ՝ բավական ծանծաղ։ Հաշվի առնելով Իրանի հիանալի մարզված սուզորդներին, այնտեղ անհամարժեք պատասխանի մակարդակով ընդունակ են հաշված րոպեների ընթացքում ոչնչացնելու ԱՄՆ-ի ցանկացած ռազմանավ։ Բայց դրանից Հորմուզը չի դառնա «Մերձավոր Արևելքում եռման հիմնական կետը», ինչպես թվացել է որոշ մեկնաբանների, թեև, իհարկե, մի շարք հանգամանքների բերումով հենց Հորմուզից կարող է սկսվել «Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների անդարձության կետի» հաշվարկը, ինչպես ենթադրել էին նույն մեկնաբանները։


Խնդիրն այն չէ, ինչպես ցույց է տվել Մարիա Զախարովան, որ ԱՄՆ-ը 2018-ին դուրս է եկել միջուկային համաձայնագրից, ինչից հետո ամիս ամսի հետևից սրել է իրադրությունն աշխարհում։ Խնդիրն այն է, որ առնվազն 1980 թվականից ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները երազել ու երազում են տապալել Իրանի Հանրապետության սահմանադրական կարգը և Թեհրանում «գահին նստեցնել» Արևմուտքի ու սիոնիստների որևէ խամաճիկի։ Հորմուզի խնդիրն այն է, որ եթե իսկապես որևէ խենթ որոշի խանգարել իրանական նավթանավերի նավարկությանը միջազգային ջրային ուղիով, ապա, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, Իրանն իրավունք ունի փակելու ողջ Հորմուզի նեղուցը։ Եթե այն ամենը, ինչ ձեռնարկում է ԱՄՆ-ը, իրավաբանորեն անօրինական է, ապա այն սպառնալիք-նախազգուշացումները, որոնցով Իրանը հետ է մղում Վաշինգտոնի սպառնալիքները, լիովին օրինական են։


Այնուամենայնիվ, հիմա աշխարհի շատ երկրներից ու անկյուններից, թեկուզ կիսաձայն, հնչում է. «Իսկ եթե պատերա՞զմ լինի»։ Իրաքում Իտալիայի նախկին դեսպան Մարկո Կառնելոսը պատմել է, որ Իրաքում ծառայող ամերիկյան զորքերի ղեկավարներն իրեն ասում էին, որ Բաղդադը վաղուց կհանձնվեր ահաբեկիչներին, եթե չլինեին Իրանի ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ նշանակության ուժերի ձեռնարկած միջոցները գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ. «Ես մի քանի անգամ հանդիպել եմ ամերիկացի պաշտոնատար անձանց հետ, և այդ հանդիպումների ժամանակ նրանք խոստովանել են, որ եթե 2014-ին չլիներ Իրանի անհապաղ միջամտությունն Իրաքի գործերին, ապա Բաղդադն ու Էրբիլը կընկնեին ԻՊ-ի տիրապետության տակ»,- պատմել է Կառնելոսը, որը եղել է նաև Իտալիայի վարչապետի խորհրդականը Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի գծով։ Նա ասել է նաև, որ ամերիկացիները միշտ ձգտել են հանդիպելու իրանցիների հետ, բայց իրանական կողմը միշտ մերժել է նրանց խնդրանքը։ «Ես պետք է խոստովանեմ, որ Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերը խորապես հասկանում են գեներալ Սոլեյմանիին։ Նրանք գովում են նրա կարողությունները։ «Կոդսի» ուժերի միջոցով Իրանը կարողացավ խանգարել Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորականների առաջխաղացմանը։ Ամերիկյան ուժերն այլ ընտրություն չունեն, բացի գեներալին տարածաշրջանի առանցքային ռազմական դեմք ճանաչելուց»,- ընդգծել է իտալացի դիվանագետը։


Մեր կարծիքով, այսօր այդ խոսքերին ավելացնելու բան չկա։ Դրանք պերճախոս կերպով ցույց են տալիս, թե էլ ինչն է Վաշինգտոնի խուճապի պատճառը. 2019-ին ով ինչ սուտ էլ ասի իրանցի զինվորականների մարտունակության մակարդակի ու վիճակի մասին, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական ռազմական գործողությունների կապակցությամբ, ով էլ փորձի արհամարհաբար նվազեցնել նշված մերձավորարևելյան երկրներում իրանցի ռազմական խորհրդականների դերն ու նշանակությունը, ԱՄՆ-ի զինվորականների համար, պարզվում է, 2014-ից պարզ է, որ եթե նրանք այդ նույն Մերձավոր Արևելքի «դաշտում» դեմառդեմ հանդիպեին իրանցիներին, ապա մարտերի ելքը կանխորոշված կլիներ։
Ահա էլի փաստեր, որոնք աշխարհին հայտնի դարձան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սկանդալային որոշումներից հետո։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանն այցելել է Թեհրան, բանակցել գործնականում գրեթե բոլոր բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ այաթոլահ Խամենեիի հետ։ Արդյունքում Իրանն ու Պակիստանը կստեղծեն հակաահաբեկչական համատեղ ռազմական ուժեր։ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին այցելեց Մոսկվա և անվտանգության հարցերով Մոսկվայի կոնֆերանսի բարձր ամբիոնից նախազգուշացրեց «թրամփիզմի» տարածման վտանգների մասին։ Հասկանալի է, որ գաղտնի բանակցություններ է ունեցել ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։ Ապրիլի 24-ին Իրանի և Վենեսուելայի արտգործնախարարներ Ջավադ Զարիֆն ու Խորխե Արեասն ընդգծել են միջազգային իրավունքը հարգելու և միջազգային համակարգում միակողմանի մոտեցման դեմ հանդես եկող այլ երկրների հետ համակարգված գործելու անհրաժեշտությունը։ Զարիֆն ընդգծել է, որ իր երկիրը շարունակում է աջակցել Վենեսուելային, և այդ երկրում արտասահմանյան միջամտությունը կանխելու կոչ է արել։


Վերջապես, «Ալ Արաբիա» աղբյուրը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, ապրիլի 24-ին տեղեկացրեց, որ Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ օրինագիծ է ընդունել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր զինծառայողներին ահաբեկչական կազմակերպության անդամներ ճանաչելու մասին։ Դրանով Իրանի խորհրդարանականներն արձագանքեցին Վաշինգտոնի այն հայտարարությանը, թե հիմա ոչ մի պետություն չի կարող դուրս մնալ իրանական նավթի առքուվաճառքի համար սահմանված պատժամիջոցներից։ Բացի այդ, ապրիլի 30-ին Իրանի նախագահ Ռոհանին օրենք է ստորագրել, ըստ որի, ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որի պատասխանատվության գոտում է Մերձավոր Արևելքը, հայտարարվում է «ահաբեկչական կազմակերպություն»։ Այդ օրենքում նշվում է, որ «Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր ուժերը համարվում են ահաբեկչական, իսկ ԱՄՆ-ը՝ ահաբեկչության հովանավոր»։ Իրանի խորհրդարանի և նախագահ Ռոհանիի այդ որոշումը, ինչպես նաև Չինաստանի միանալը Բաղդադի ռազմատեղեկատվական կենտրոնին, նշանակում են, որ Վաշինգտոնի համար «Իքս ժամը» դարձել է անկասելի անխուսափելիություն, ի միջի այլոց, նաև ԱՄՆ-ի դաշնակիցների և գործակալների համար ամբողջ աշխարհում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ