Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»

«Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»
28.06.2019 | 00:16

Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է:
(Հակ. 5; 16)։

Այս խոսքերով Հակոբոս առաքյալը քրիստոնյաներիս հաղորդում է, որ խոստովանողներին մեծապես օգնում են առաքինությամբ և արդարությամբ լցված այրերի աղոթքները` մեղքերի քավության ու հոգու և մարմնի բժշկության համար:


Բայց ինչպիսի՞ խոստովանության պայմաններում են դրանք օգտակար: Մարդիկ կան, ովքեր մեղք են գործում իրենց նմանի նկատմամբ և կարծում են, թե ուղղակի խոստովանելով թողություն կարող են ստանալ, ու դա բավական է: Բայց առաքյալն ասում է, որ դա բավական չէ. նախքան խոստովանելը պետք է անկեղծ զղջալ մեղքի համար: Քրիստոնյաները պետք է խոստովանեն իրենց մեղքերը միմյանց և կանչեն Աստծուն, որ հոգիների ու մարմինների Բժիշկն է, որպեսզի ընդունեն Նրանից մեղսական վերքերի բժշկությունը:
Թեև Սուրբ Գրքում ասվում է, որ «շատ բան կարող է անել արդարի աղոթքը», բայց միայն այն պայմանով, որ ապաշխարեն և ուղղվեն նրանք, ում համար աղոթում է արդարը: Իսկ եթե ինչ-որ մեկի կյանքն անապաշխար ու անզիղջ է անցնում, ինչպե՞ս արդարի աղոթքը կարող է օգուտ բերել:


Արդարի աղոթքն օգտակար կլինի նրանց համար, ովքեր դատափետում են իրենց «Ես» -ը, ովքեր ունեն սրտի մաքուր ու անկեղծ տրամադրվածություն, նրանց համար, ովքեր ատեցին մեղքն ու այդպիսով իսկ բարձրացան դրանից և անարգեցին ու արհամարհեցին այն խոստովանության միջոցով: Եվ նրանց համար, ովքեր նպատակ չունեն նորից վերադառնալու իրենց մեղքերի գարշությանը, այլ առավելաբար ցանկանում են առաքինության բարի պտուղներ բերել:


Իսկ ո՞վ է արդարը, որի աղոթքն այդքան օգտակար կարող է լինել: Պետք է «արդար» հասկացության մի քանի տեսակներ առանձնացնենք. բացարձակ արդարություն, որ հատուկ է Աստծուն, և համեմատական արդարություն, որ հատուկ է մարդուն: Աստծո բացարձակ արդարության համեմատ ոչ ոք արդար չէ, բացի դրանից, այն ցույց է տալիս մարդու մեղավոր լինելը: Մարդը մեղանչական է իր անկյալ բնությամբ և կյանքում մեղքեր է գործում, որով և չի կարող բացարձակ արդար լինել: Բայց մարդը սրբվում և արդարանում է, երբ Աստված մաքրում, ներում, քավում է մարդու մեղքերը, Իր արդարությունից փոխանցում է մարդուն: Հավատքով կատարյալներն այն մարդիկ են, ովքեր մեղքերի համար զղջալու հավատքի, հոգևոր ապրումների մեջ առաջանալով, հասել են հոգևոր առումով որևէ առաջընթացի:
Արդարը նա է, ով ապրում է աստվածահաճո կյանքով, ով Աստծուն հավատում է աներկբա և հաստատակամ սրտով ու հավատալու հետ մեկտեղ վստահում է Աստծուն: Եթե անկեղծ հավատով ենք խնդրում Աստծուց, ապա այդ խոսքը չի կարող անպատասխան մնալ: Արդարի աղոթքը նախախնամությամբ ներգործում է միմիայն հավատքի շնորհիվ: Ճշմարիտ աղոթքը միություն է Աստծո հետ: Աղոթքն այն կապն է, որով մարդը միանում է Արարչին, սրտակից զրույց ունենում Նրա հետ, հոգով բարձրանում դեպի Աստված և մտերմանում Նրա հետ:

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր աղոթքի հիմքում ընկած լինի անկեղծ հավատքը: Լինի աղոթքը փառաբանություն, խնդրանք, բարեխոսություն թե գոհաբանություն, մշտապես պետք է Աստծո կամքին միացած սրտից բխի, և այդ ժամանակ աղոթքը հրաշքներ կգործի: Աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծո կամքը կատարվի, և ոչ թե փորձել Աստծուն պարտադրել մեր կամքը. «Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում» (Մատթ. 26; 39): Ճշմարիտ աղոթքի առաջին քայլն ապաշխարությունն է, որով հայցում ենք Տիրոջ օգնությունը, Նրա գթությունն ու ողորմածությունը, որպեսզի Աստծո տաճար և բնակարան դառնանք: Աղոթող են այն մարդիկ, ովքեր մարդասեր ու աստվածասեր են, խղճմտանք, օգնելու ցանկություն ունեն, Աստծո պատվիրանների հետևող են, մի խոսքով` իրենց հավատքը գործի վերածողներ են:


Իսկ այսօր կա՞ն, արդյոք, այդպես աղոթողներ: Դժբախտաբար, այսօր մարդկանց մեծամասնությունը նույնիսկ ինքն իր համար չի աղոթում, ուր մնաց թե ուրիշների համար աղոթի: Բայց չհուսահատվե՛նք, դեռ կան մարդիկ, որոնք մշտարթուն աղոթքի մեջ են և աղոթում են ոչ միայն իրենց համար, այլև նրանց համար, ովքեր սխալ ընթացքի մեջ են և մոտ են անկմանն ու կործանմանը:
Այսպիսիների նմանությամբ ամենքս պարտավոր ենք բազմապատկել մեր աղոթքները: Ամեն մեկս էլ կարող է աղոթել և խնդրել մեզ նմանների համար առողջություն, հոգեկան հանգստություն, հոգսերից ու մտահոգություններից ազատում: ՈՒրիշների համար աղոթելով մենք էլ հոգեպես հանգիստ կզգանք` այն մտածումով, որ մի բարի գործ ենք անում, և Աստված մեզ ավելիով կհատուցի:


Եկեք ամեն օր աղոթենք մեկս մյուսի համար, մոտենանք Աստծուն, մեր հոգսերն ու մտահոգությունները, սերն ու գոհունակությունն աղոթքի միջոցով հայտնենք ու հանձնենք Նրան: Եվ չմոռանանք նաև խնդրել արդարների բարեխոսությունը մեր աղոթքների իրագործման և մեր հոգիների ու մարմինների բժշկության համար.
Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի` կատարիր իմ խնդրվածքները` բարեխոսությամբ Սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբերի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:


Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ