Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանին մնում է դուրս գալ ՀԱՊԿ-ից

Հայաստանին մնում է դուրս գալ ՀԱՊԿ-ից
10.07.2019 | 19:06

ՌԴ նախագահը հիացնում է իր վեհանձնությամբ: Առ վրացիները: Նրան հայհոյում են ուղիղ եթերում, իսկ նա ասում է՝ ես պատժամիջոցներ չէի սահմանի՝ հանուն վրաց ժողովրդի: Փաստորեն՝ Պետդուման վրաց ժողովրդին չի հարգում, իր նախագահին է հարգում, իսկ Պուտինը՝ Պետդումային չի հարգում, այլ՝ վրացիներին: Իսկ հայերին Պուտինը գործնականում չի հարգում, հարգում ու գնահատում է թուրքերին ու ադրբեջանցիներին: Ինչու՞:

ՌԴ նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման օրինագծերի փաթեթը: Հիմնավորման մեջ նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը, մտցվում են ՀԱՊԿ-ում մշտական և լիազոր ներկայացուցչի (ՀԱՊԿ-ում լիազոր ներկայացուցչի փոխարեն), գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները, և սահմանվում է հասկացությունը: Արձանագրությամբ հաստատվում են արտոնություններ և անձեռնմխելիություն ոչ միայն գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների համար, այլև տեղակալների ու նրանց ընտանիքների համար՝ այն ծավալով, որը նախատեսված է 1961-ի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով: Երրորդ արձանագրությամբ նախատեսվում է սահմանել ՀԱՊԿ «դիտորդ» և «գործընկեր» կարգավիճակներն այն երկրների ու միջազգային կազմակերպությունների համար, որոնք կազմակերպության անդամ չեն, սակայն կիսում են նրա նպատակներն ու խնդիրները։ Ո՞վ կարող է լինել այս արձանագրության թիրախը: Եթե ոչ Թուրքիան ու Ադրբեջանը: Համենայն դեպս՝ տեսանելի շրջապատում ՀԱՊԿ անդամության հայտ ներկայացնող երկրներ չեն երևում: Հազիվ թե Չինաստանը կամ Վենսուելան նման ցանկություն ունենան: Կամ՝ Սինգապուրն ու Վիետնամը: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Փոփոխություններ են լինելու ԵԱՏՄ-ու՞մ՝ ՙդիտորդների՚ մասով: Վավերացման ներկայացված 2002-ի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ և երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018-ի նոյեմբերի 8-ին, Աստանայում, այսինքն՝ ՙՆոր Հայաստանն՚ է տվել է իր համաձայնությունը։ Ինչի՞ն: Առժամանակ մի կողմ դնենք երկրորդ արձանագրության բարոյական ու իրավական հետևանքները Հայաստանի համար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցի պատասխանը թող տան իրավապահները:


Ի՞նչ է նշանակելու Հայաստանի համար ՀԱՊԿ «դիտորդ» և «գործընկեր» կարգավիճակների հաստատումը: Տևական ժամանակ է, որ Մոսկվան փորձում է ՆԱՏՕ-ից կտրել Թուրքիային և որոշակի հաջողությունների է հասել՝ լարելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ս-400-ների պատմությունը սոսկ անվտանգության խնդիր չի լուծում՝ Թուրքիան Ս-400-ներով չի խփելու քրդերին: Ոչ էլ նրանցից պաշտպանվելու է: Անկարան փորձում էր Ս-400-ները գնելու պատմությամբ ԱՄՆ-ից պոկել ոչ միայն ՙՊետրիոտ՚ համակարգեր, այլև արտադրության տեխնոլոգիաներ, բայց Թրամփը խաղը չընդունեց ու Էրդողանը մնաց իր որոգայթում՝ նա ստիպված էր Ս-400-ները գնել, թեպետ կանխավճարը տրված էր ՙՊետրիոտների՚ համար: Ռուսներին մնում է խաղը շարունակել: Արևմտյան փորձագետների գնահատականով՝ Թուրքիան ընդամենն օգտագործում է ռուսական գործոնը և երբեք դուրս չի գա ՆԱՏՕ-ից, որովհետև միայնակ կամ Ռուսաստանի հետ չի կարող ապահովել իր անվտանգությունը: Եվ՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը միայն ռազմական նշանակություն չունի, այլև՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական: Հեռանալով ՆԱՏՕ-ից՝ Անկարան ևս մի հետքայլ է անելու ԵՄ-ից: Նրանց փաստարկները հիմնականում ճիշտ են, Էրդողանը կտրուկ քայլեր չի անի և վերջապես նա կձգի ժամանակը՝ մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները 2020-ին: Բայց նա չի ների ԱՄՆ-ին, որ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ «Ինջիրլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործվեց իր դեմ։ Այնտեղ ամերիկյան զորքն է։ Այն ժամանակ ՙԻնջիրլիքի՚ ռազմաբազային ինքնաթիռներ էին թռել, որ հարձակվեին հյուրանոցի վրա, որտեղ Էրդողանն էր: Իսկ հետո ԱՄՆ-ը Թուրքիային չհանձնեց Գյուլենին, ում Էրդողանը համարում է հեղաշրջման կազմակերպիչ: Ռուսաստանը խաղաց այս հակասությունների վրա և հիմա շարունակում է խաղը դիտորդի կարգավիճակ ապահովելով Անկարայի ու Բաքվի համար: Այս ամենը հայտնի էր և 2018-ի նոյեմբերի 8-ին, ու հարց է ծագում՝ ինչու՞ է Երևանը համաձայնել ու ի՞նչ երաշխիքներ է ստացել, որ տարածաշրջանում իր երկու հակառակորդները չեն հայտնվի ՀԱՊԿ-ում: Բացի Հայաստանից, ՀԱՊԿ մյուս պետությունները ուրախ կլինեին թե Անկարային, թե Բաքվին դաշնակից ունենալ: Ի՞նչ է դա նշանակում՝ Հայաստանը դու՞րս է գալու ՀԱՊԿ-ից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ռուս-թուրքական հարաբերությունները միայն առաջին հայացքից են ռազմավարական ու դաշնակցային: Իրականում նրանք բազում հակասություններ ունեն ոչ միայն Սիրիայում, որտեղ Էրդողանը չի ընդունում Բաշար Ասադին ու փորձում է մնալ Իդլիբում՝ այնտեղ պահելով նաև ահաբեկչական խմբավորումներ՝ ցանկացած պահին քրդերի դեմ հարձակման համար: Պարբերաբար Իդլիբից հարձակվում են նաև Հմեյնիմի վրա, որտեղ ռուսական ավիաբազան է:
Թուրքիան տարածաշրջանում ուզում է առաջին ջութակը նվագել՝ օգտագործելով Ռուսաստանին ու Իրանին: Ոչ ոք չի կարող ասել՝ բազմապլան այս խաղը ինչո՞վ կավարտվի: Բոլոր կողմերն էլ անում են դիվանագիտական իրական ու կեղծ քայլեր: Գուցե ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի սահմանումը այդ քայլերից մեկն է և Հայաստանին մնում է մեկ հակաքայլ՝ խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ՝ թե քարոզչական, թե իրական մակարդակում: Դե իսկ Բաքվի խաղը նույնն է մնում՝ ՀԱՊԿ անդամակցության դիմաց գինը Ղարաբաղի հարցի լուծումն է սուբստանցիոնալ տարբերակով: Ս-400-ները Անկարան Բաքվին չի տա, Բաքուն ունի սեփական Ս-300-ներ, որ նրան լիուլի հերիք են: Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի համար ի՞նչ անակնկալներ է նախապատրաստում՝ ՀԱՊԿ-ում, կերևա ժամանակի մեջ, բայց վաղուց արդեն հայտնի է, որ Մոսկվան բազմամյա ջանքեր է գործադրում սեփական խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու համար, իսկ խաղաղապահներ նշանակում է ռազմաբազա: Եվ 2020-ին Արցախի նախագահական ընտրություններին մասնակցության համար ստորագրություններ հավաքող Սամվել Բաբայանը այն տրոյական ձին է, որ Մոսկվան խաղարկելու է շախմատային այս պարտիայում: Պատահական չէր Շուշիի նախկին կալանավորը ամիսներ առաջ հիմնավորում, որ Ղարաբաղում ռուսական մանդատ պիտի հաստատվի:

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ