Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ կրկնակի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի 22-րդ գումարման Կնեսետի 120 հոգանոց կազմը, որից հետո կձևավորվի կառավարական կոալիցիա և կնշանակվի վարչապետ: Իսրայելի պատմության ընթացքում որևէ քաղաքական ուժ չի կարողացել խորհրդարանում 61 տեղ ունենալ, միշտ ձևավորվել է կառավարական կոալիցիա: Իսրայելում ընտրությունները կրկնվում են, քանի որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2019-ի ապրիլի 9-ի ընտրություններից հետո չկարողացավ օրենքով սահմանված 42 օրում կոալիցիայի համաձայնության գալ աջակողմյան և կրոնական կուսակցությունների հետ: Նրան հաջողվեց ստանալ 120 պատգամավորներից միայն 60-ի աջակցությունը և պատգամավորների երդման արարողությունից հետո՝ մայիսի 30-ին, նա նախաձեռնեց Կնեսետը ցրելու գործընթաց, նոր ընտրությունները նշանակվեցին սեպտեմբերի 17-ին: