Նիկոլի պարը կբռնի կամրջի վրա` գարնանը
10.12.2019 | 00:25
Շատ իմաստուն լինել պետք չէ հասկանալու` նրան ամեն ինչ թույլատրված է: Արդարացի լինելու համար էլ պետք է ամբողջական փաստագրում կատարել. այդ ընտանիքին է ամեն բան թույլատրված: Ամեն անցնող օրը ապացույց է, թե որքան «գրագետ» է խաղում այդ ընտանիքը, և ամեն մի տարրը` շրջազգեստի, կիսաշրջազգեստի, գինու շշի, «ախրաննիկների» հոծ բազմությամբ զավակների զբոսանքի և մնացյալ` ընդհուպ Արցախի, արտքաղաքական (ներքաղաքական «չուք-չաք-չարաքին», կամ որ նույնն է` չարիքի մասին` ներքևում) հայտարարություններ, մշակված, կոկված-սոկված են:
Ինչը սակայն որևէ օրգանական կապ Հայաստանի ու Արցախի հետ չունի. աշխարհը բաժանող-վերադասավորողների մարշալ-պլանն է պարզապես իրականացվում: Արձանագրենք` «տղան» կես ճամփին է, նա, այո, անում է ամեն բան ոսկերչական ճշգրությամբ գուցե, քանզի ազգայինին պետականի, ինստիտուցիոնալի նկատմամբ ոչ մի արգելանք չունի, սակայն գլխավոր գործը դեռ առջևում է:
Եվ այն անվանվում է` Արցախ: Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ 2020-ին, որը մեկնարկելու է Մնացականյան… Ձգենք պաուզան և փաստենք` այն Մնացականյանի, որի անգլերենի տեքստը չի համընկնում հայերեն տեքստին (ներեցե՛ք, իսկ ինչու՞ չպահանջել նաև ռուսերեն տեքստը` հասկանալու, թե ինչեր են մտածում նաև այդ «գետնին» վրա սույն պատասխանատուները), ինչն ահավոր նշանային է` հասկանալու, թե բանակցային սեղանի շուրջ Հայաստանն ինչ վիճակում է:
Եվ ուրեմն` տարվա սկզբին կրկին տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպում: Ոզնուն էլ չէ՞ հասկանալի, որ սեղանին փաստաթուղթ կա, և փորձ է արվում որոշակի ընդհանուր տեսլական ամրակայել կողմերի մոտ: Ինչը աբսուրդի ժանրում է միակ պատճառով` Ադրբեջանի հայտնի մորատորիումի, որտեղ ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի` «փոխզիջումայնության, դոստումության, քիրվայության, խաղաղասիրողականության, մուղամամերձեցման» համար որևէ տեղ չկա:
Կա պրագմատիկ-կապիտուլյացիոն պահանջ, որն անչափ չարագուշակ է հնչում. սա է մեր պահանջը, եթե ոչ պատերազմի այս անգամ ոչ միայն թուրքական «նայոմնիկներին» թաքցնելով Թալիշի անտառներում, այլև օդային հարվածների, մեր ունեցած ողջ ռազմական արսենալի կիրառմամբ (գումարած Թուրքիայի` դեռ 2016-ին նախագծած` Նախիջևանի կողմից հարվածների):
Հասկանալի չէ՞, նյարդ են ստուգում ազերիները, որովհետև մերոնք էլ հնարավոր է հիշեն` Սերժ Սարգսյանի առած (նկատեք` ցայս գեթ մեկ միավոր զենք տնտեսական հեղափոխության առաջամարտիկ Փաշինյան Նիկոլը դեռ չի բերել), և ուրեմն` մերոնք էլ կարող են նույնական շանտաժով պատասխանել ադրբեջանական խելահեղությանը` հիշելով «Իսկանդերը», Սարսանգի ջրամբարը, սակայն դա խելագարության կանխավարկածի տիրույթում է, և այս ամենից, գոնե հռետորաբանության մասով, զերծ են մնում, որովհետև Արցախում նախագահական ու պառլամենտական ընտրություններ են մարտին, փետրվարին էլ Ադրբեջանում են պառլամենտական ընտրություններ, և տեսականորեն անհնար է թե պայմանագրի, թե կառավարվող բլիցկրիգի հնարավորությունը: Որովհետև, որպես օրինաչափություն, ընտրությունների ընթացքում կա «չգրված օրենք» չխանգարելու մասին: Ինչը չես ասի արդեն ընտրություններից հետո ժամանակահատվածի համար: ՈՒ «գարունը» սարերի հետևում չէ. մինչև գարուն մնացել է մի քանի ամիս, որին օրվա իշխողը կհասնի` շունչը կտրված, բավականին ցածր ռեյտինգով:
Ընդ որում, եթե կարողանա փրկվել Երևանի քաղաքապետի կազուսից ևս, որովհետև Կարգին Հայկոն այնքան կարգին է ընկել Փաշինյանի «գլխին»` բոլոր պարամետրերով` կոռուպցիոն, փաստաթղթերի կեղծման, արաբական աշխարհի հետ արտքաղաքական սկանդալի, ասում են` նույնիսկ քաղաքացիության հետ կապված, որ նույնիսկ իշխանությունները դժվար թե սիրտ ունենան պարելու Երևանի երբեմնի ամենաթանկ տոնածառի տակ:
Փաշինյանի անկում գրանցող ռեյտինգը չի փրկվելու անգամ Սերժ Սարգսյանի ձեբակալությամբ. նախ որ` երկու նախագահ բանտում պահելը թանկ «հաճույք» է. թե ՛ ներ, թե՛ արտքաղաքական առումներով: Քոչարյանին երկար պահել նույնպես անհնար է ՄԻԵԴ-ի և մնացյալ հանգամանքներով պայմանավորված (մանավանդ` Նիկոլի արդեն Ռուսաստանի հետ «չաշկա-լոշկայի» և գրպանում հարմարավետ տեղավորվելու առումով), բաց թողնելուց հետո էլ իր, այսպես ասած` «համակիրների» (գրական լեզվով` զոմբիների) բանակը նոր հիասթափություն կապրի Հիսուսի «հետևորդից»։ Ինչն էլ ռեյտինգային նոր անկման պատճառ կդառնա… Այնպես որ Սերժի սահմանադրական կոստյումը և ամառանոցը «կորզած», 55-միլիոնանոց ինքնաթիռով թռչող պերսոնի գործերն էլ կարծածի չափ լավ չեն այսօր, է՛լ ավելի վատ կլինեն առաջիկայում:
Էլ չենք ասում` գարնանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ