Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը զարմացրեց բոլորին

Պուտինը զարմացրեց բոլորին
17.01.2020 | 14:20

Սահմանադրական բարեփոխումների և Մեդվեդևի կառավարության անսպասելի հրաժարականի հայտարարությամբ Պուտինը սեփական էլիտայի քթից բռնած պտտեցրեց և ի դեմս Միխայիլ Միշուստինի բոլորին անհայտ տեխնոկրատին բարձրացրեց վարչապետի մակարդակի: Ու նա ուներ որոշակի պատճառներ՝ գրում է Պավել Լոկշինը Die Welt-ում: Դաշնային հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինի անունն անհայտ է ռուսաստանցիների մեծամասնությանը: Ռուսաստանում տարիներով գուշակում էին՝ ո՞վ կհաջորդի Մեդվեդևին ու ի՞նչ կփոխվի կառավարությամ քաղաքականության մեջ: 2008-2011-ին ՌԴ նախագահ. Դրանից առաջ ու հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացահայտորեն չէր վայելում ժողովրդի համակրանքը: Նրա հրաժարականով Պուտինը ներքին քաղաքականության մեջ միավորներ էր հավաքելու, ու դա պարզ էր շատ տարիներ առաջ: Ռուս փորձագետները կարծում էին, որ նրա իրավահաջորդը լինելու է ինչ-որ մեկը մերձավոր շրջապատից:

Ակտիվորեն շրջանառվում էր Անտոն Սիլուանովի անունը՝ նա ֆինանսների նախարարն է 2018-ից: Թվում էր՝ նրան է հատկացված շարքային ռուսաստանցիների համար քավության նոր նոխազի դերը: Կամ՝ Ալեքսեյ Կուդրինը՝ ֆինանսների նախկին նախարարն ու Հաշվիչ պալատի նախագահը: Լինելով պուտինամերձ էլիտաի առավել լիբերալ ներկայացուցիչներից մեկը՝ նա, ինչպես ոչ ոք, բարձրաձայն կառուցվածքային բարեփոխումներ է պահանջում: Ռուսների համար լավագույն ընտրություն կարող էր լինել ՊՆ նախագահ Սերգեյ Շոյգուն: Բայց Պուտինը գերազանցեց բոլորին: Արդյունքում հնարավոր թեկնածուներից ոչ մեկը խաղի մեջ մտնելու նվազագույն շանս չուներ: Ու դա լիովին Պուտինի շահերից է բխում: Վառ քաղաքական գործիչի, ինչպես Կուդրինն է, ինքնասածի վարչապետի փոխարեն, Պուտինին պետք է նոր դեմք, անբիծ մարդ, որ ավելի հայտնի է նրանով, որ իրականացնում է Պուտինի նշած նպատակները: Միշուստինին համարում են լոյալ տեխնոկրատ, որ, թեպետ և կապ ունի Պուտինի համակարգի մեջ ներգրավված լիբերալների հետ, ինչպես Կուդրինը, չունի նրանց ինքնասածությունը: Նրա գերատեսչությունը համարվում է առավել իննովացիոն պետական կառույց տեխնոլոգիաների իմաստով և առաջադեմ է համարվում նույնիսկ միջազգային ասպարեզում: Դա ձեռնտու է ոչ միայն ձեռնարկություններին, այլև շարքային քաղաքացիներին, որ արդեն մի քանի տարի կարող են հարկերը վճարել ինտերնետով:

Միշուստինին հաջողվեց նաև օպտիմալացնել հարկահանությունը՝ Ռուսաստանում հարկերից խուսափել դժվար է դարձել ոչ միայն ընկերությունների, այլև ֆիզիկական անձանց համար: Նշանակու՞մ է Միշուստինի նշանակումը, որ Պուտինն արդեն հիմա որոշել է իր իրավահաջորդին: Սակավ հավանական է: Մոսկվայի քաղաքական ինսայդերներին նրա թեկնածությունը հիշեցնում է Միխայիլ Ֆրադկովին, որ տեխնիկական վարչապետ էր՝ առանց քաղաքական դեմքի: 2004- 2007-ին նա Պուտինի համար պահում էր վարչապետի պաշտոնը՝ մինչև Պուտինը ինքը վարչապետ դարձավ: Ինչպես նախկինում Ֆրադկովը, Միշուստինն էլ վերահսկելու է քաղաքականությունն անցումային շրջանում, մինչև Պուտինը կորոշի՝ ո՞վ է լինելու նախագահը Ռուսաստանում:
Պավել Լոկշին, Die Welt


Հ.Գ. «Պուտինն ընդհանրապես իր ծրագրերի վրա լույս չսփռեց: Փոխարենը նա բացեց Պանդորայի արկղը՝ լի տարբերակներով: Ծագած անորոշությունը քաղաքական էլիտային հանում է հավասարակշռությունից, օգնելով Պուտինին կաղ բադիկ չդառնալ, այլ մնալ առանցք, որի շուրջ պտտվում է երկիրը»՝ գրել է New York Times-ը: «Ռուսաստանի քաղաքական կյանքի ներկա իրադարձությունները արդյունք են ոչ միայն մտածված, այլև սպասելի ռազմավարության»՝ գտնում է Լոնդոնի Կինգզ Քոլեջի Ռուսաստանի ինստիտուտի դոկտոր Սեմ Գրինը: «Բոլոր դեպքերում ենթադրվում էր, որ որոնվելու է իշխանության նոր ֆորմացիմա, որը թույլ կտա և ոչխարներին ողջ մնալ և գայլերին՝ կուշտ: Հավանաբար իշխանությունը կարիք ունի պահպանել ներկա նախագահի դերը, թեպետ սահմանադրորեն դա հնարավոր չէ անել: Իսկ դա նշանակում է փոփոխություններ»՝ գրում է Սեմ Գրինը: Իրականում ոչ ոք չի կարող ենթադրել՝ ինչով այս ամենը կավարտվի՝ գտնում է պրոֆեսորը: Չափազանց շատ հարցեր չեն պատասխանված՝ ինչպե՞ս են նշանակվելու վարչապետերը, ի՞նչ հարաբերություններ են ունենալու նախագահն ու Դաշնության խորհուրդը, նահանգապետերը, ի՞նչ դեր է ունենալու Պետական խորհուրդը: «Ինչ-որ իմաստով դա կարող է փորձ լինել՝ ուշադրությունը շեղել Պուտինի անձից ու բոլորին կենտրոնացնել իշխանական առավել կարևոր հարցերի լուծումների վրա: Բայց ես վստահ չեմ, որ դա կհաջողվի, որովհետև երբ քննարկեն Դումայի ու Պետխորհրդի դերը, միևնույն է, այդ դերը ձևելու են Վլադիմիր Պուտինի իշխանական վերնաշապիկի չափերով»՝ գտնում է Գրինը:
Իհարկե, նոր վարչապետի նշանակումը, իսկ նրա թեկնածությունը Պետդուման հաստատեց մի քանի ժամում, ու Պուտինն էլ երեկ արդեն հրամանագրեց, չի վերացնում Ռուսաստանի տնտեսական դժվարությունները: Որքան էլ Միխայիլ Միշուստինը քաղաքական կերպար չէ, նա բախվելու է քաղաքականությանը, եթե տեխնիկականից փորձի իրական վարչապետի վերածվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ