Ինչ հանգուցալուծում է սպասվում
24.03.2020 | 01:31
Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին դեռ չորս ամիս կա, սակայն այն անցկացնելու-չանցկացնելու հարցը դեռևս վճռված չէ։ Տարբեր երկրների օլիմպիական կոմիտեներ, ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի ու լողի ֆեդերացիաները համառորեն պահանջում են հետաձգել խաղերը, որպեսզի մարզիկներին չենթարկեն կորոնավիրուսի հնարավոր փորձությանը։ Պիտի նկատի ունենալ և այն, որ մրցաշարերի զանգվածային չեղարկումների պատճառով աթլետները բոլոր դեպքերում չեն կարողանա որակյալ նախապատրաստվել օլիմպիադային, ինչը կարող է սպառնալ մարզիկների առողջությանը։ Խնդրահարույց հարցեր կան, որոնք երկու դեպքում էլ հավասարապես հիմնավոր պատասխան են պահանջում։
Ռեա՞լ է դառնում օլիմպիական խաղերը չեղարկելու վտանգը։ Համենայն դեպս տարվա մեկ այլ խոշորամասշտաբ միջոցառման՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը չանցկացնելու մասին որոշումն ընդունված է, խաղարկությունն էլ մեկ տարով հետաձգված։ Մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ի կայացրած այս որոշումից չորս օր անց նման լուծում-եզրահանգման եկան և հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու հարցում։ ՈՒրիշ այլ առաջնություններ էլ են հետաձգված՝ հատ-հատ չթվարկենք, իսկ այս երկուսը հիշատակում ենք դրանց առավել ծավալայնության առումով։ Եվ այսուհանդերձ Ճապոնիան, որ 2020-ի օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիրն է, դեռևս ակնկալում է, որ քառամյակի խոշորագույն մարզական միջոցառումը կհաջողվի անցկացնել նախանշված ժամանակահատվածում՝ այն է՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակային միջակայքում։
Միջազգային օլիմպիակամ կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ասելով՝ կազմակերպությունը դիտարկում է խաղերի անցկացման մի քանի տարբերակ, սակայն դրանցից ոչ մեկում քննության չի առնվում օլիմպիադան հետաձգելու սցենարը։ «Հետաձգումը չկա օրակարգում։ Մենք ձգտում ենք խաղերի հաջող անցկացմանը։ Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը։ Իհարկե, դիտարկում ենք տարբեր սցենարներ, սակայն մարզական շատ կազմակերպությունների ու պրոֆեսիոնալ լիգաների համեմատությամբ մեր տարբերությունն այն է, որ մինչև խաղերի մեկնարկը մենք ունենք չորսուկես ամիս», -New York Times-ին տված հարցազրույցում ասել է Բախը։
Նրան իր աջակցությունն է հայտնել Օլիմպիադա-2020-ի կազմկոմիտեի ղեկավար, Ճապոնիայի նախկին վարչապետ Եսիրո Մորին։ Նա հայտարարել է, որ կոմիտեն պատրաստվում է խաղերի անցկացմանը՝ NHK-ի եթերում հայտարարելով, որ «Տոկիոյում Միջազգային օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ մենք գործերը տանում ենք նրան, որ հուլիսին անցկացնենք անվտանգ ու հանգիստ մրցումներ»։
Ի լրումն Մորիի ասածի, հարկ է նշել, որ կազմակերպիչ քաղաքին օլիմպիական կրակի փոխանցման արարողությունը կայացել է մարտի 19-ին, Աթենքի քաղաքային մարզադաշտում։ Կորոնավիրուսի պատճառով արարողությունն անցել է առանց հանդիսատեսի ներկայության, հաջորդ օրը կրակը հասցվել է Ճապոնիա։
Չնայած մի կողմից, կազմակերպիչների մակարդակով, պատրաստվում են խաղերի անցկացմանը, մյուս կողմից էլ համալրվում է այն մարզական ֆեդերացիաների շարքը, որոնք հանդես են գալիս հօգուտ օլիմպիադայի չեղարկման։ Այդ ֆեդերացիաների համոզմամբ կորոնավիրուսի համավարակի պատճառով խաղերի անցկացումն անվտանգ չէ, հետաձգված մարզական միջոցառումների պատճառով մարզիկները չեն կարող պատրաստվածության պատշաճ մարզավիճակ ձեռք բերել, որ պահի դրությամբ գրեթե ամբողջապես չեղարկվել են պլանավորված բոլոր մրցումներն ու մրցաշարերը։ Կա խուճապի մատնող և ուրիշ բան՝ համաճարակի պատճառով մահացածների թիվն անցնում է տասնյակ հազարը։
Տեսեք, թե Միջազգային օլիմպիական կոմիտեին մասնավորապես ինչ բովանդակությամբ նամակ է հղել Նորվեգիայի օլիմպիական կոմիտեն. «Նկատի ունենալով բուն Նորվեգիայում և ամբողջության մեջ աշխարհում կորոնավիրուսին առնչվող իրավիճակի հանգուցալուծումից հեռու լինելը՝ աննպատակահարմար է ու անցանկալի նորվեգացի մարզիկներին Տոկիոյի օլիմպիական ու պարաօլիմպիական խաղերին ուղարկելը, քանի դեռ համաշխարհային հանրույթը չի լուծել այդ հիմնախնդիրը»։
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել և Բրազիլիայի օլիմպիական կոմիտեն։
«ՄՕԿ-ը հիմնախնդիրների է բախվել և նախկինում. չեղարկվել են 1916, 1940 ու 1944 թվականների խաղերը, բոյկոտվել են Մոսկվայի ու Լոս Անջելեսի օլիմպիադաները։ Կազմակերպությունն իմացել է ինչպես հաղթահարել արգելքները։ Ես վստահ եմ, որ այս դժվարին ժամանակներում Թոմաս Բախն ամբողջովին պատրաստ է իր հետևից տանելու մեզ։ Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է օլիմպիական խաղերին լավագույն պայմաններում մասնակցելը։ Պարզ է, որ որ այս տարում օլիմպիական խաղերի անցկացումը թույլ չի տա իրականություն դարձնել այդ երազանքը»,- հայտարարել է Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պաուլու Վանդերլեյ Թեյշեյրիան։
Այս նախաձեռնությունը պաշտպանել են Կոլումբիայի ու Սլովենիայի օլիմպիական կոմիտեները։
ԱՄՆ-ի լողի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Թիմ Խինչին ԱՄՆ-ի օլիմպիական ու պարաօլիմպիական կոմիտեներին ուղղված նամակում նշել է, որ ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակը խաղերը 2021 թվականին անցկացնելն է. «Օլիմպիական խաղերի անցկացումից ընդամենը մի քանի ամիս առաջ յուրաքանչյուրն աներևակայելի ցնցում է ապրել, ինչը բոլոր մարզիկների համար հավասար պայմանների ստեղծման գործոնը կասկածի տակ է դնում։ Մեր մարզիկները գտնվում են ահռելի ճնշման տակ, տագնապ ու ստրես են ապրում, իսկ նրանց հոգեկան առողջությունն ու լավ զգացողությունը պետք է լինեն գլխավոր գերակայությունների թվում»։
Համանման առաջարկով հանդես է եկել և ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի ֆեդերացիան։
Հարկ է նշել, որ Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամ, ձյուդոյից 1988-ի խաղերի բրոնզե մեդալակիր Կաորի Յամագուտին նույնպես վստահ է, որ օլիմպիադայի անցկացման ժամկետը փոխելն անհրաժեշտություն է։ Ըստ նրա, հակառակ դեպքում ՄՕԿ-ին կմեղադրեն նրանում, որ կոմիտեի համար խոշոր նշանակություն չունեն մարզիկների ֆիզիկական պատրաստականությունն ու առողջությունը։
Մարզիկների առողջության ռիսկի հետ կապված հարցերն են վեր հանված և հույն թեթևաթլետ Եկատերինի Ստեֆանիդիի հայտարարությունում։ «ՄՕԿ-ն ուզում է, որ մենք շարունակենք ռիսկի ենթարկել մեր, մեր ընտանիքների, շրջապատի առողջությունը։ Դուք մեզ վտանգի եք ենթարկում հենց հիմա ու ոչ թե չորս ամիս անց»,- գրել է մարզուհին Twitter-ում։
Ինչպես տեսնում ենք, փաստերի գերազանց մասը խոսում է խաղերի հետաձգման ու կարծես թե Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ այն նախանշված ժամկետներում անցկացնելու միակ կողմնակիցը Ճապոնիան է, որը, Աստված մի արասցե, եթե ինչ-որ բան հանկարծ ու այնպես չլինի, նույն ՄՕԿ-ի հետ ուսերին վերցնում է ահռելի պատասխանատվություն։
Եկեք փորձենք հասկանալ, թե մասնավորապես ինչում է Ճապոնիայի ընդգծված շահագրգռությունը։ Պատասխանը միակն է ու միանշանակը՝ այն չեղարկելը երկրի համար կնշանակի ֆինանսական կատաստրոֆա։ Եկեք չմոռանանք, որ այստեղ, ասենք ինչպես յուրաքանչյուր քիչ թե շատ լուրջ երկրում, կազմակերպությունում բնականաբար ծախսերի կողքին հաշվել են հնարավոր եկամուտները, որոնք ժամանակին տեղը դնելու խնդիր կա, որ մեխանիզմը շարունակի գործել անխափան։
Նշվում է, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն կոնկրետ հաշվարկներ ունի այն առնչությամբ, որ օլիմպիադան երկրի համար նշանակելու է զբոսաշրջային բում՝ սրա հետ փոխկապակցված մյուս գործոնների հստակ համագործակցությամբ, որը գալու է ոչ միայն փակի խաղերի նախապատրաստման վրա ծախսված 12,6 միլիարդ դոլարը (ոչ պաշտոնական անկախ աղբյուրները մատնանշում են բոլորովին այլ թիվ, որը գերազանցում է 25 միլիարդը)։
Ինչ՝ ինչ, կապիտալի աշխարհում հաշվելուն լավ են տիրապետում։ Խաղերի հետաձգումը զուտ ներդրողների մասով կկազմի երեք միլիարդ դոլարի կորուստ։ Օրինակի համար ամերիկյան NBC հեռարձակման ընկերությունը օլիմպիական եթերում գովազդ դնելու համար 970 միլիոնի գործարք է արդեն արել։ Սա փաստերից մեկն է, սակայն դրանք մեկը, անգամ մի քանիսը չեն։
Բնականաբար խնդրին իր ողջ ծավալի մեջ չես կարող ամբողջությամբ անդրադառնալ, թեպետ սույն նյութի շրջանակներում դրա հարկն էլ չենք տեսնում։ Սակայն, ամփոփելով, ուզում ենք նկատել, որ եթե ի դեմս Միջազգային օլիմպիական կոմիտեի ու Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի տեսքով Օլիմպիադա-2020-ի կազմկոմիտեի, երկու խոշոր շահ է համատեղվում օլիմպիադան ժամանակին անցկացնելու հարցում, կա և երրորդ կողմը, որը պակաս պատասխանատու չէ դեպքերի անցանկալի զարգացման դեպքում։ Խոսքը վերաբերում է Առողջության համաշխարհային կազմակերպությանը։ Այնպես որ նույն իրողությանը, որը տվյալ դեպքում կորոնավիրուսն է, ուղղված տարբեր ընկալումներ կան։ Ինչպիսին կլինի վերջնական հանգուցալուծումը, դժվար է ասել, թեպետ դրան պատասխանելու մի առանձնապես ժամանակ էլ չի մնացել։ Եթե այն չլինի մոտակա օրերս, հո ապրիլից այն կողմ էլ չի կարող ձգվել։ Այնպես որ՝ սպասենք լուծման։
Հ.Գ. Կորոնավիրուսի նոր տիպի բռնկումը, որ ստացել է COVID-19 անվանումը, առաջին անգամ արձանագրվեց անցած տարվա դեկտեմբերին, չինական Խուբեյ գավառի ՈՒհան քաղաքում։ Ներկա պահի դրությամբ այն տարածվել է բոլոր մայր ցամաքներով՝ բացառությամբ Անտարկտիդայի։ Ողջ աշխարհով մեկ գրանցվել է վարակի 308 հազար դեպք, մահացել է 13 հազարից ավելի մարդ։ Բուժվել է մոտ 96 հազարը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ