Սեպտեմբերի 3-8-ին կայացան ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության առաջին երկու տուրերը։ Մինչ դրանց անդրադառնալը, մի երկու խոսք հավաքականների մասին՝ ըստ ունեցած լիգայական, ապա և խմբային բաժանումների, որպեսզի նախ թարմացնենք ֆուտբոլային այս խաղարկության մասին ունեցած մեր իմացությունը և ապա, ակնկալիքների առումով, ընթերցողին չգցենք հնարավոր չափազանցված պատկերացումների գիրկը։
Լիգաները 4-ն են՝ A, B, C, D: Առաջին երեքը մեկ ընդհանուր թվով միավորում է 48, յուրաքանչյուր լիգայի կտրվածքով՝ 16, մեկ խմբի հաշվարկով՝ 4 հավաքական։ A լիգան կազմածներն առավել ուժեղներն են։ B-ում եղածներն ուժեղ են C-ում ընդգրկվածներից, սակայն զիջում են A-ն ներկայացնողներին։ Բնականաբար ամենաթույլը D լիգան կազմածներն են, խմբային բաժանման մեջ էլ ընդհանուր կանոնից շեղումներ ունեն. առաջին խմբում 4 ընտրանի է, երկրորդում՝ երեք։
Քանի որ Հայաստանի ընտրանին ներկայացնում է C լիգան, հենց այստեղից էլ սկսենք՝ առաջնորդվելով այն պարզ տրամաբանությամբ, որ սեփական շապիկը սեփական մաշկին ավելի մոտ է։
Հյուսիսային Մակեդոնիայից առաջին տուրում կրած պարտությունը մեր տղաները հակակշռեցին Էստոնիայի ընտրանու հետ տնային խաղում տարած հաղթանակով (գոլերի հեղինակ են դարձել Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն (վերջինս հավաքականի կազմում խփել է իր առաջին գոլը)։ Սա, բնականաբար, լավ է ու լավ է մի շարք առումներով՝
ա. վիճակագրական,
բ. բարոյական,
գ. խմբային։
Չտանք ամեն մեկի առանձին մեկնաբանությունը, որովհետև եղածն ինչ-որ արտառոց բան չէ, որ դնենք ու մեզ կոտորենք։ Պարզապես ուրախանանք, որ հաղթել ենք՝ ապացուցելով, որ եթե մեզ կարողանում են երկու գոլ խփել (հիշենք հյուսիսմակեդոնացիների հետ հանդիպման ժամանակ գրանցված 2։1 հաշիվը), մե՛նք էլ նման բան անելու ունակ ուժ ենք։
Ընդ որում՝ ձեռքի հետ մեր դարպասը կուսական անաղարտության մեջ պահելով։
Բնականաբար, շնորհավորենք բոլորիս, այդ թվում և մեր տղաներին, հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին՝ մաղթելով այդ ոգով էլ շարունակել։
Խաղարկության հաջորդ երկու տուրը հոկտեմբերին է լինելու։ Վրացիներին ընդունելու ենք, Երևանում, ապա մեկնելու ենք Էստոնիա։
Եթե ուզում եք ճիշտը իմանալ, առանձնապես կարևորություն չեմ էլ ուզում տալ երեք միավորով խմբում մեր երրորդը լինելուն, ինչպես որ չեմ ուզում առանձնակի կարևորություն տալ մեզանից վեր գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի ու Վրաստանի ընտրանիների ունեցած չորս միավորին։ Իհարկե զիլ կլինի, որ Լիգայի այս խաղարկության արդյունքում կարողանանք C լիգայից փոքր-ինչ վերև նայել, բայց, ինչպես ասում են, սպասենք զարգացումներին։
Հիմա հարկավ կլինեն ընթերցողներ, որ կասեն` բա Հենրիխ Մխիթարյանի առումով հե՞չ ասելիք չկա։
Կա, ինչու չկա։
Աստված որ տա, ու մեր տղայի մոտ ամեն ինչ լավ լինի, իհարկե կգա, հավաքականների խաղերին կմասնակցի ու իր ավանդական լուման կներդնի հաղթանակներ ունենալու գործում։ Միայն թե կյանքի մոլորյալներին ո՞նց կարողանանք հասկացնե՛լ, ուղեղները մտցնե՛լ, որ ինչ-ինչ բաների մտավարժանքներ չանեն ու իրենց ծանծաղ գիտելիքներով, պատկերացումներով դասեր չտան մեկին, ով դրա կարիքը բնավ չունի, հայրենասիրությունից չբարբաջեն մեկի մոտ, ով իր ապրած կյանքով, գործով ոտքից գլուխ հայրենասիրություն ու նվիրում է։
Ես գուցե թե այս մասին չխոսեի, մեր նախորդ հրապարակումները նկատի ունենալով էլ թեման համարեի փակված, սակայն, արի ու տես մեր ազգի «մանկավարժները» շատ են, չե՛ն կարող ապրել առանց խորհուրդ տալու, մինչդեռ եթե իրենք հայտնված լինեին նման վիճակում, տրակտորով անցած կլինեին ամեն ինչի ու ամեն մեկի վրայով։ Բավարարվենք այսքանով ու թեման ավարտենք A լիգան կազմածներից փոքր-ինչ խոսելով։
Առաջին խմբում լիդերությունը չորս միավորով ստանձել է Իտալիայի ընտրանին՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով Նիդերլանդների հավաքականին։ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տոնած հաղթանակը՝ 2։1, առաջին միավորները բերեց Լեհաստանի ընտրանուն, որը երեք միավորով նախորդում է հոլանդացիներին։
Երկրորդ խմբում պարզապես փայլում է Բելգիայի ընտրանին։ Հերթական երեք միավորը իսլանդացիների հետ խաղում էր՝ 5։1։ Այստեղ երկրորդը չորս միավոր ունեցող անգլիացիներն են (գոլազուրկ հանդիպում են ունեցել դանիացիների հետ), ու ակնհայտից ակնհայտ է, որ բրիտանացիները բելգիացիների հետ այս խմբի երկրորդ հարվածային ուժն են։
Երրորդ խմբում փայլում են պորտուգալացիներն ու ֆրանսիացիները։ Քրիշտիանու Ռոնալդուի երկու գոլը նրա հայրենակիցների համար պահպանել է աղյուսակի առաջին հորիզոնականը։ Ասենք, որ դրանք եղել են հավաքականի կազմում տաղանդավոր այս ֆուտբոլիստի 100 ու 101-րդ գոլերը։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է եվրոպացի ֆուտբոլիստների մոտ։ Ինչ վերաբերում է Իրանի հավաքականի երբեմնի հարձակվող Ալի Դայեիի համաշխարհային ռեկորդը՝ 109 գոլ, անցյալի գիրկն ուղարկելուն, Ռոնալդուին մնացել է հեղինակել դարպասի ևս ինը գրավում։
Ֆրանսիացիները, եթե նկատի ունենանք աշխարհի վերջին առաջնությունում խորվաթների հետ ունեցած եզրափակիչը, կրկին «անցան» մրցակցի վրայով՝ հասնելով կամային հաղթանակի՝ 4։2։ Իսկ ընդհանրապես զգացողություն է, որ Ֆրանսիայի ընտրանին, երբ կամենա, առնվազն նույնչափ կավելացնի իր «շարժիչի» պտտման արագությունը։
Չորրորդ խումբն առայժմ ամենաինտրիգայինն է։ Երկրորդ խաղն անընդմեջ Գերմանիայի ընտրանին չի կարողանում պահպանել հանդիպման հաղթական հաշիվը։ Այս անգամ Լյովի սաներին նեղողը Շվեյցարիայի ընտրանին էր։ Սակայն եկեք առանձնապես խիստ չլինենք գերմանացիների առնչությամբ։ Մասնավորապես այս վերջին խաղում թիմի գլխավոր մարզիչը որոշել էր հանգիստ տալ «Բավարիան» ներկայացնող տղաներին, իսկ վերջինս այն ակումբն է, որը մրցաշրջանում ինչ հնարավոր տիտղոս կար, իրենով արեց։
Խմբում աղյուսակը չորս միավորով գլխավորում է Իսպանիայի ընտրանին։ Գերմանացիների հետ ունեցած ոչ-ոքիից հետո՝ 1։1, այն չորս անպատասխան գնդակ ուղարկեց երեք միավոր ունեցող ուկրաինացիների դարպասը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ