Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թրամփը Վաշինգտոնից կհեռանա Բայդենի պաշտոնակալությունից առաջ

Թրամփը Վաշինգտոնից կհեռանա Բայդենի պաշտոնակալությունից առաջ
17.01.2021 | 11:37

Պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփը ցանկանում է Վաշինգտոնից հեռանալ հունվարի 20-ի առավոտյան՝ մինչև Ջո Բայդենի պաշտոնակալությունը, որ մայրաքաղաքից չհեռանա որպես նախկին նախագահ և նոր նախագահին չդիմի նախագահական ինքնաթիռը տրամադրելու խնդրանքով՝ գրում են ԱՄՆ լրատվամիջոցները: Բայդենը երդվելու է հունվարի 20-ին, կեսօրըին (17:00՝ Գրինվիչի ժամանակով, 20:00՝ Մոսկվայի): Արարողության անվտանգության միջոցառումները նախկիններից շատ ավելի խիստ են լինելու: Երդմնակալությունը կկայանա Կապիտուլիումում, որ հունվարի 6-ին ավերեց Թրամփի կողմնակիցների ամբոխը: Այդ օրից Վաշինգտոնն ու Կոնգրեսի շենքը պաշտպանում են Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներ, Կապիտուլիումի շրջակա տարածքների մեծ մասը փակ է հանրության համար: Դոնալդ Թրամփը արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու է պաշտոնակալությանը, և դա առաջին դեպքն է 1869-ից հետո, երբ նախագահ Ուլիս Գրանտի պաշտոնակալությանը ներկա չէր Էնդրյու Ջոնսոնը (Թրամփը ընդհանրապես Ջոնսոնի հետ ընդհանրություններ շատ ունի՝ օրինակ՝ նա իմպիչմենտի ենթարկված առաջին նախագահն է): Նախագահական թիմի անդամները Թրամփին խորհուրդ են տվել ներկա լինել պաշտոնակալությանը, նա հրաժարվել է, որ քաղաքից չհեռանա իբրև նախկին նախագահ: Այդպիսով Թրամփն իր հետ կտանի միջուկային ուժերի ակտիվացման սարքը: Սի-Էն-Էն-ը պարզաբանել է, որ Բայդենին կհանձնեն նորը՝ անհապաղ փոխելով կոդերը: Թրամփը ցանկանում է հեռանալ Սպիտակ տան հարավային բացատից՝ ուղղաթիռով և հույս ունի, որ իրեն հրաժեշտ կտան պատիվներով: Ռեյտերի և Բլումբերգի աղբյուրները հաղորդել են, որ Թրամփը կուղևորվի իր Մար-ա-Լագոյի դաստակերտը Ֆլորիդայում:


Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության առաջին նախագահը, ում Համայնքների պալատը 2ւ անգամ իմպիչմենտ հայտարարեց (երկրի պատմության չորրորդ իմպիչմենտը): Սենատում մեղադրանքները կքննարկեն արդեն Ջո Բայդենի պաշտոնակալությունից հետո: Թրամփին մեղադրում են ապստամբություն հրահրելու մեջ: Առաջին իմպիչմենտից հետո 2020-ի սկզբին Սենատը Թրամփին արդարացրեց (այդպես են ավարտվել նախորդ 2 իմպիչմենտերը՝ Էնդրու Ջոնսոնի և Բիլ Քլինթոնի): Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում, որտեղ կատարվում էր Ջո Բայդենի օգտին ընտրիչների ձայների հաշվարկը: Գործընթացը մի քանի ժամով ընդհատվեց, հարձակվողներից չորսը և մեկ ոստիկան սպանվեցին:

BBC


Հ.Գ. Դոնալդ Թրամփի դարաշրջանն ավարտվեց, բայց պատմությունը այլ ընթացք կունենար, եթե չլիներ կորոնավարակը, որին սկզբում իրեն բնորոշ թեթևամտությամբ վերաբերվեց ԱՄՆ 45-րդ նախագահը: ԱՄՆ-ի համար Դոնալդ Թրամփը սկզբում հիանալի նախագահ էր, եթե հաշվի առնենք տնտեսական աճն ու գործազրկությունը պատմական նվազագույնի հասցնելը: Ամեն ինչ փոխեց կորոնավարակի պանդեմիան և լոկդաունը, որ նա հարկադրված էր հայտարարել՝ գործազրկության աճը, բարձր մահացությունը դարձան զանգվածային բողոքների ազդակներից մեկը: Թրամփի հիմնական սխալը արտաքին քաղաքականությունն էր՝ նա իշխանության եկավ «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսով, այդ կարգախոսի ինքնատիպ մեկնաբանությամբ: ԱՄՆ 45-րդ նախագահը համարում էր, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա աշխարհի բոլոր կոնֆլիկտներից ու ուժերը կենտրոնացնի ներքին զարգացումների վրա: Բացի այդ՝ նա ԱՄՆ-ը դուրս բերեց գրեթե բոլոր միջազգային պայմանագրերից՝ սկսած Իրանի հետ 2015-ի միջուկային համաձայնագիրը, ՌԴ-ի հետ 1987-ի միջուկային համաձայնագիրը, Փարիզում կնքված Կլիմայի միջազգային համաձայնագիրը, Բաց երկնքի համաձայնագիրը: Թրամփը առևտրային պատերազմներ սկսեց ոչ միայն Չինաստանի, այլև՝ ԵՄ-ի դեմ, կասկածի տակ դրեց ՆԱՏՕ-ի՝ Արևմուտքի անվտանգության երաշխավորի դերը… Փչացրեց հարաբերւթյունները Ֆրանսիայի, Գերմանիայի հետ, չբարելավեց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սկանդալային էր նրա ընտրությունը, սկանդալային կառավարումը, սկանդալային էլ ստացվեց հեռանալը, թեպետ 2020-ին նրան ավելի շատ ամերիկացիներ էին ձայն տվել, քան 2016-ին: Դոնալդ Թրամփը դարձավ ամերիկյան ընտրական համակարգի հերթական զոհերից մեկը: Բայց նրա իշխանության ամենամեծ սխալը ներքաղաքական բևեռացումն էր ու ամերիկացիների ներքին թշնամանքի ուժեղացումը, որ դեռ դեմոկրատ Բարաք Օբաման էր համարել իր նախագահության տարիներին չլուծված ամենակարևոր հարցը: Սևերի-սպիտակների պայքարը ԱՄՆ-ում Թրամփի օրոք հասավ ԱՄՆ պատմության վերանայմանը և արձանների հայտնի «կոտորածին»: Եվ բոլոր այդ խնդիրները հիմա ստանում են դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսը, ում հետ մեծ հույսեր են կապում դեմոկրատները: Ինչպիսին կլինի Ջո Բայդենի նախագահությունը, ցույց կտա ժամանակը:

Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը բացասական ազդեցություն ունեցավ աշխարհի վրա, այդ թվում՝ Մեծ Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի ու հատկապես՝ Հայաստանի: Փաստացի՝ Թրամփի իշխանության տարիներին դեմքը կորցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը, նրա «չեզոքության» պայմաններում ակտիվացավ Ռուսաստանը: Պատահական չէ, որ հենց Թրամփի նախագահության շրջանում Թուրքիան սկսեց Սիրիայում նվաճողական քաղաքականությունը ու կարողացավ ԱՄՆ-ին Սիրիայից դուրս մղել: Հարավային Կովկասում որևէ քաղաքականության բացակայությունը մղեցին Թուրքիային ու Ադրբեջանին միավորվել ու պատերազմը վերսկել Արցախի Հանրապետության դեմ՝ հենց Թրամփի ընտրարշավի ժամանակ: Անգամ այդ պահին Թրամփը չգիտակցեց պահի լրջությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլև՝ ամբողջ Արևմուտքի համար և արեց թեթևամիտ հայտարարություններ, որոնց կատարումը կամ ուժերից վեր էր, կամ՝ ջանքեր էր պահանջում, որ չգործադրվեցին: Իրականում միայն ԱՄՆ-ը կարող էր կանգնեցնել Թուրքիային, բայց Թրամփի ԱՄՆ-ը դա չարեց: Կոնգրեսում՝ Համայնքների պալատում ու Սենատում հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձավ ԱՄՆ պետական քաղաքականություն՝ Պետդեպարտամենտը չընդունեց և Թրամփը չստորագրեց օրինագիծը: ԱՄՆ-ը նաև չճանաչեց Արցախի Հանրապետությունը, հակառակ Թրամփի հայտարություններին ու Կոսովոյի նախադեպը հիշեցնելուն:

Թրամփը չխիզախեց, նա մնաց ամերիկյան պրագմատիկ քաղաքականության շրջանակներում, որ Թուրքիային համարում է ռազմավարական դաշնակից: Հայաստանի համար ԱՄՆ-ի 46-րդ նախագահի ընտրությունը շանս է իրավիճակը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը լուծելու՝ բանակցային ճանապարհով՝ բացառելով նոր պատերազմը: Եթե կատարվի համապատասխան դիվանագիտական աշխատանք, եթե Հայաստանի ինքնիշխանությունը բավարարի՝ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու: Ակնհայտ է նաև, որ ռազմագերիների հարցի լուծումը Վաշինգտոն-Անկարա բանակցությունների շրջանակում է, քանի դեռ Ռուսաստանը չի ցանկանում այդ հարցով խաթարել իր հարաբերություններն Անկարայի հետ՝ ստիպելով Բաքվին կատարել եռակողմ հայտարարության ԲՈԼՈՐ կետերը, և փաստացի Բաքվի միակ պարտավորությունը: Միայն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ջանքերի համատեղումը կարող է կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում՝ հավասարակշռություն ստեղծելով Բաքու-Անկարա-Մոսկվա տանդեմի հետ: Հունվարի 20-ից աշխարհաքաղաքական քարտեզին ի հայտ են գալու նոր գերակայություններ, մեր խնդիրն է դառնալ այդ գերակայություններից մեկը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ