Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հանկարծահաս «Ծիրան»ները

Հանկարծահաս «Ծիրան»ները
22.07.2008 | 00:00

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ութօրյա գերլարված ընթացքն անմիջապես չհանդարտվեց «Լաթուր» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած փակման արարողությամբ։ Հաջորդ առավոտյան հայտնի դարձան Ոսկե և Արծաթե «Ծիրան»ների, հատուկ մրցանակների ու դիպլոմների արժանացած ֆիլմերի անունները։ Եվ, փառատոնային կինոպտույտում ակտիվորեն ներգրավվածներից շատերի զարմանքը հարուցելով, պահանջ առաջացրին վերստին գտնվելու «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Գուցե հաղթող ֆիլմերի ցուցադրություններին անմիջականորեն մասնակցելով հնարավոր լիներ տարորոշել նախորդ օրերի ցայտնոտում դրանց ի հայտ չեկած արժանիքները։
Կապույտ դահլիճում պտտեցվում է «Ֆիպրեսի» ժյուրիի մրցանակը և Էկումենիկի դիպլոմը շահած «Իմ Մառլոնն ու Բրանդոն» (Թուրքիա, ռեժիսոր՝ Հուսեյն Կարաբեյ) ժապավենը։ Խաղարկայինի ու վավերագրականի միաձուլմամբ երկարաշունչ մի կինոնկար, որ մեկուկես ժամ ամենայն մանրամասնությամբ նկարագրում է թուրք դերասանուհու դժվարին ուղևորությունը քուրդ սիրեցյալին հանդիպելու համար։ Միապաղաղ ընթացքում տարրալուծվում է կարեկցանքդ իրարից բռնի անջատված սիրող զույգի տառապանքի հանդեպ, մարմրում ընդվզումդ արյունահեղ պատերազմները սանձազերծողների դեմ։
«Արծաթե ծիրան» ստացած «Գաթա»-ն (Ռուսաստան, ռեժիսոր՝ Դիանա Մկրտչյան) ներկայացնում է հայտնի իրադարձություններից հետո մոսկովյան մի անշուք կայարանում ապաստան գտած բաքվեցի հայազգի փախստականների պրոզայիկ առօրյան։ Զավակների այցելությանը կարոտ ծերունու համառությունը՝ տարեդարձային գաթան չկտրելու, այդպես էլ հոգեբանորեն չի հիմնավորվում որպես քաղաքական թոհուբոհում իրար կորցրած կամ իրարից հեռացած հարազատների խորթացման ցավի խորհրդանիշ։ Տաղտկալի կենցաղագրական պատկերաշարում չի կարևորվում հայրենի տնից մնացած միակ հիշատակը՝ չորացած թզենու լուսանկարը։ Չնայած սիրողականության սպրդումներին, բանաստեղծական էլեգիական տրամադրություն է հարուցում «Հայկական համայնապատկերի» դիպլոմին արժանացած «Ջրառատ. մանրապատումներ» 17 րոպեանոց վավերաժապավենը։ Ամենագետ լրագրողներից մեկը փակման ասուլիսում այս կապակցությամբ թյուր կարծիք էր հայտնել, իբր, ֆիլմի հեղինակ Մարիամ Օհանյանը զուտ որպես «Կին» միջազգային կինոփառատոնի նախագահ է արժանացել նման պատվի։ Ի զարմանս ամենքիս, ո՛չ վավերագրական ժյուրիի անդամները, ո՛չ էլ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը որևէ փաստարկով չկարողացան պաշտպանել «մրցանակված» կինոգործչին։ Ավելին, բացեցին խոհանոցային խոսակցություն, որից հեղինակազրկվեց մրցանակաբաշխության ողջ համակարգը։ Պարզվեց, բոլոր գլխավոր մրցանակները վիճահարույց են եղել։ Ամենադժվարը, Դարիուշ Մեհրջուիի խոստովանությամբ, խաղարկային ժյուրիի կացությունն էր. ներկայացված բոլոր ֆիլմերն արդեն մրցանակներ շահել էին տարբեր միջազգային փառատոներում։
«Ոսկե ծիրան» շահած «Ջրահարսը» (Ռուսաստան, ռեժիսոր՝ Աննա Մելիքյան) հեքիաթի և իրականության սահմանագծին գտնվող Ալիսայի մասին գրական թերարժեք հիմք ունի։ Կերպարների բնութագրականության պակասը, ասելիքի պլակատայնությունը զգալիորեն լրացվում է Մաշա Շալաևայի, Եվգենի Ցիգանովի, Մարիա Սոկովայի և մյուս արտիստների աշխույժ դերակատարումներով։ Տրագիկոմիկական անցումներն անձանձիր են դարձնում այս կինոպատումը։ Այդուհանդերձ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է նախապատվությունը տրվել հենց «Ջրահարսին»։ Արդյո՞ք որպես կինոարժեք դրան զիջում են «Սկաֆանդրն ու թիթեռը» (Ֆրանսիա, ռեժիսոր՝ Ջ. Շնաբել), «Դուշկան» (Նիդեռլանդներ, ռեժիսոր՝ Յոս Ստելինգ կամ «Քողարկված դեմքերը» (Թուրքիա, ռեժիսոր՝ Հանդան Իփեկչի), համանման արվեստով արված էլի ուրիշ կինոժապավեններ։ Թեկուզ «Արծաթե ծիրան» շահած «Հրաշալի քաղաքը» (Թաիլանդ, ռեժիսոր՝ Ադիտյա Ասարաթ) ու «Կիտրոնի ծառը» (Իսրայել, ռեժիսոր՝ Էրան Ռիկլիս): «Հայկական համայնապատկերի» և Էկումենիկ գլխավոր մրցանակներին արժանացած «Կապույտ ժամը» (ԱՄՆ, ռեժիսոր՝ Էրիկ Նազարյան) նույն թաղամասում ապրող մարդկանց մասին չմիջնորդավորված պատմող չորս նովելների մեկտեղմամբ է արված։ Բեմադրիչի վերաբերմունքի բացակայությունը թուլացնում է դրամատիկ պատմությունների զգացական ընկալումը, միմյանցից առանձնացնելու և հոգեբանորեն խորացնելու, խմբագրելու, գույները խտացնելու ակնհայտ անհրաժեշտություն առաջացնում։
Վավերագրական մրցույթի «Ոսկե ծիրան»ակիր ֆիլմը՝ «Կանայք շատ բան են տեսնում» (Նիդերլանդներ, ռեժիսոր՝ Մեյրա Աշեր) քչերն էին տեսել, ուստի դժվար էր հաստատել կամ ժխտել դրա գերազանցությունը «Սեպտեմբերներ» (Իսպանիա, ռեժիսոր՝ Կառլես Բոշ), «Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը» (Սերբիա, ռեժիսորներ՝ Նատաշա Ստանկովիչ, Լուցիան Մունտյան) և ուրիշ շատ աշխատանքների համեմատ։
Կատրին Բրեյային (Ֆրանսիա) «Արվեստում և կյանքում խիզախության համար» մրցանակի շնորհումը չի ամրապնդվում նրա «Սիրավեպ» և «Հին սիրուհին» կինոնկարներից ստացած տպավորություններով։ Ակնածանք է առաջացնում, նրա օրինակով, արվեստի վերականգնող ու ապրեցնող զորությունը։ Եվ՝ միայն։
Համաշխարհային կինոյում, իսկապես, ծանրակշիռ է Վիմ Վենդերսի (Գերմանիա) և Դարիուշ Մեհրջուիի (Իրան) վաստակը՝ երևանյան ցուցադրություններով միանգամայն հավաստված։ Կարծում եմ՝ նրանց վարպետության դասերը, ի թիվս այլոց, օգտակար կլինեն մեր կինոգործիչներին։ «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակության բարձրացմամբ շահագրգռված ենք ամենքս, հատկապես՝ նրա իրադարձային նշանակության հանրաճանաչմանը նպաստող, մշակութային մնայուն արժեքները հաստատող ԶԼՄ-ների անխոնջ մշակներս։ ՈՒստի, պատահական չէ, որ անկեղծորեն մտահոգված ենք «Ծիրան»ների հանկարծահասությամբ։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5188

Մեկնաբանություններ