Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համահայկական «Ծիրան»օրհնեք

Համահայկական «Ծիրան»օրհնեք
15.07.2008 | 00:00

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ

ՄԻՆՉ ԾՆԾՂԱՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆՉԸ
«Ոսկե ծիրանի» գերհագեցած ծրագրի կենսագործումը, անշուշտ, թերի կմնար, եթե մեկնարկեր մայրամուտին, հոբելյանական զվարթ ձայների մարելուց հետո։ Եվ, բնական է, աշխատանքային ռիթմի պրկումը զգացնել տվեց մինչ ս. Սարգիս եկեղեցում կազմակերպված «Ծիրան»օրհնեքը, ծնծղաների երեկոյան տոնականչը «Մոսկվա» կինոթատրոնի երեք դահլիճներում և Տիկնիկայինի փոքր սրահում «Հրաշալի քաղաք», «Շանհայ տրանս», «Ինքնահաստատում» և «Սեպտեմբերներ» ֆիլմերի ցուցադրությամբ։ Միաժամանակ անցնելով ուշ գիշերվա ժամասահմանը։ Հետաքրքրված զանգվածային կինոսիրողը դյուրությամբ կարող է կողմնորոշվել «ծիրանային» ֆիլմավազքի խելահեղ ընթացքում աշխատառեժիմի նախապես տարածված մանրակրկիտ ուղեցույցներով. «Ոսկե ծիրան» օրաթերթով, բուկլետներով, պրոսպեկտներով, Երևանը հեղեղած ազդագրերով, հեռուստառադիոեթերից հնչող պարբերական գովազդներով։ Նաև՝ նախնական ցուցադրություններից մասնակի լրապաշար կուտակած լրագրողների գրավոր գնահատականներով։ Լիարժեք պատկերացում կազմելու տեսակետից դիտարժան են «Ծիրանի» հասունացումն ապահովելու նշանակություն ձեռք բերած բոլոր կինոժապավենները, իհարկե։ Կինոարժեքի հայտով ներկայանում են տարբեր ծրագրերում ներառված, իրենց ուրույն գեղագիտությամբ ու ձեռագրով համաշխարհային ֆիլմասպարեզում ճանաչում գտած վարպետներ Միքելանջելո Անտոնիոնիի, Վիմ Վենդերսի, Կատրին Բրիայի, Ռոման Բալայանի, Ատոմ Էգոյանի, Դարիուշ Մեհրջուի, Գորան Պասկալևիչի ու էլի շատերի ժապավենները։ Մեզ համար նորահայտ անունների գերակշռող մեծամասնության աշխատանքների գերքաղաքականացված հանցաէրոտիկ հիմնական բովանդակության առավելապես երկարաձգված, գեղարվեստական ընդհանրացման ակնհայտ թերարժեքության կնիքով մեկնաբանությունների ամբողջական դիտումը, կարծում եմ, զանգվածային կինոսիրողի համբերատարության յուրօրինակ բարոմետր է։ Շանցզուն Ցայի «Կարմիր կոմբայնը» (Չինաստան), Էդ Գաս-Դոնելի «Այս գեղեցիկ քաղաքը» (Կանադա), Կառլեն Բոշի «Սեպտեմբերները» (Իսպանիա), Աբոլֆազլ Սաֆարիի «Աշխարհի վերջը» (Իրան), Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամը» (ԱՄՆ)... Բոլորը մտադիր չեմ թվարկել, քանզի նույնիսկ հիշատակածներս եթե անգամ չեն կարող հավակնել կինոարվեստի գլուխգործոցների շարքին մոտենալուն, այնուամենայնիվ, որոշակի ճանաչողական ֆունկցիա են իրականացնում աշխարհի տարբեր ծագերում առօրյա կյանքին միջնորդավորված հաղորդակցվելու առումով։ Համոզված եմ, որ հինգերորդ «Ոսկե ծիրանի» հեղինակավոր ժյուրին հավատարիմ կմնա մրցութային ֆիլմերին իր իսկ ներկայացրած գնահատման չափանիշերին։ Եվ 53-ից կընտրվեն այն ֆիլմերը, որոնք առանձնանում են կինոարվեստի բարձր մակարդակով, ցուցադրում են երկրային կյանքն ուղղորդող, Ավետարանին համահունչ մարդկային պատմություններ, արգահատանք են հարուցում այլազան արատների հանդեպ, ավելորդ գունազարդմամբ չտարվելով՝ առկա մարդկային խաղաղ ու գեղեցիկ համակեցության հույսի շողեր են տարածում։ Ինչպես, ասենք, Անտոնիոնիի «Մասնագիտությունը՝ լրահավաք», «Գիշեր», «Ամպերից այն կողմ» և այլ կինոպատումներ։ Պարզունակությունից զերծ, խոր հոգեբանական, պոետիկ, խոհեր ու հույզեր արթնացնող։
ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ
Երևանյան կինոփառատոնի առաջին օրվա հերոսն էր իտալացի հանրահռչակ կինոբեմադրիչ Միքելանջելո Անտոնիոնին (1912-2007 թթ.)։ Մեկ անգամ միայն վայելած լինելով հայկական հողի հյուրընկալությունը՝ մեծանուն վարպետն իր պահապան հրեշտակին՝ Էնրիկային, այնպես էր վարակել հայասիրությամբ, փարաջանովյան կինոպոեմների հոգեհարազատությամբ, որ սիրով ու համաստեղծագործությամբ առանձնահատուկ 36 տարիների համատեղ կյանքը Անտոնիոնիի պաշտամունքով իմաստավորող Էնրիկան անցյալ հուլիսին նրան կորցնելով, կտրականապես մերժած հարյուրավոր հրավերների բախտին չարժանացրեց հայկական «Ծիրան»ինը։ Ավելին, կազմակերպիչների հետ մտահղացավ հարգանքի տուրքին արժանի բազմազան ծրագիր՝ հետահայաց կինոմիջոցառումներով ապահովելով երևելի արվեստագետի աներևույթ ներկայությունը երևանյան լայնամասշտաբ կինոտոնին։ Ովքեր ներկա էին կյանքի վերջին տարիների գունագծային մանրապատկերներով և Պիերո Մարսիլի Լիբելլիի գեղարվեստական լուսանկարներով ձևավորված ցուցահանդեսի ներկայացուցչական բացման արարողությանը Ազգային պատկերասրահում, անպայման կհաստատեն այդ զգացողությունը, որ ամրապնդվել էր Էնրիկայի «Միքելանջելոյի հետ» վավերաֆիլմի անմիջական տպավորությամբ։ Փառատոնային առաջին օրվա ուշ երեկոն «Նաիրի» կինոթատրոնում «Մասնագիտությունը՝ լրահավաք» հանրահայտ ֆիլմով Անտոնիոնիի հետ անուղղակի երկխոսության մեջ հայտնվածների համար, Ջեկ Նիքոլսոնի երբեմնի միանձնյա ժառանգության արգելափակումից ազատագրված բազմաշերտ կինոնկարով, միջանկյալ իրադարձության արժևորում կունենա «Ոսկե ծիրանի» հանդիսավոր բացման տոնաշուք արարողությունը։ Մուտքի բարեմաղթություններում, կինոպաստառին երևացող ամփոփիչ կադրերում, «Փարաջանովյան թալեր» հետմահու պատվո մրցանակը Էնրիկային հանձնելիս, «Դրախտի թռչուններ» խաղարկային ֆիլմի բեմադրիչ Ռոման Բալայանի ներածականում անգամ, ցուցադրությունից անմիջապես առաջ, ամենուր ասես կրկին ու կրկին խորանում էր մեծանուն կինովարպետի ոգու և շնչի առկայության զգացողությունը։ Եվ Միքելանջելո Անտոնիոնին, իսկապես, առանձնանում էր որպես փառատոնի առաջին օրվա հերոս։
«ԿԻՆՈՆ ԱՐՎԵՍՏ Է ԵՎ ԲԻԶՆԵՍ»
«Ոսկե ծիրանի» պաշտոնական բացման պատիվը հայազգի կինոբեմադրիչ Ռոման Բալայանը վաստակել է իր մեկուկես տասնյակ աշխատանքներով, իրեն ծնող ժողովրդի ճակատագրի հանդեպ ունեցած քաղաքացիական պարտքի սրված զգացողությամբ։ Մինչ վերջին ֆիլմի՝ «Դրախտի թռչունների» փառատոնային ցուցադրությունը, Բալայանը լիովին բացահայտում է խորհրդային իրականության 80-ականներին բնորոշ իր կինոպատումի նկարահանման շարժառիթները նախնական ծանոթությամբ այդ ժապավենից հակասական տպավորություններ ստացածներիս։ «Կինոն արվեստ է և բիզնես,- ասում է նա։- Երբևէ արգելված թեմաներով ֆիլմեր նկարելու մեր բնական պահանջն ուշացումով բավարարելուց հազվադեպ են լավ ֆիլմեր ծնվում։ Իմ համեստ ու խաղաղ ժապավենը փորձում է ժամանակի անմարդկային հոգու գաղտնարաններն այսօր բացել խորհրդային կյանքի կարոտախտով տառապողների համար»։ Ռուստամ Իբրահիմբեկովի սցենարում նրան գրավել է գրաքննադատության, քաղաքականության ու տոտալիտար գաղափարախոսության արգելափակումից ճնշված ստեղծագործող անհատականությունների դրամայի սուր շեշտադրումը։ Զարգացնելով մոտ 25 տարի առաջ «Թռիչքներ երազում և արթմնի» կինոնկարում արծարծված թեման՝ Բալայանը, այլաբանական-բանաստեղծական կինոմտածողությամբ, վարպետ հնարամտությամբ փորձում է խտացնել «երկաթե վարագույրի» խստաբարո պահապանների՝ ՊԱԿ-ի անհոգի գործակալների հետապնդումների անմեղ զոհերի՝ այլախոհ մտավորականների կործանման զգացական ներգործությունը։ Գերնպատակին հասնելու առաջնայնությամբ 30-ամյա հարուստ կենսափորձով կինոարվեստագետն ակնհայտորեն ծայրահեղության մեջ է ընկնում, տեղ-տեղ իսպառ կորցնում անցյալ դարի 80-ականների իրականության զգացողությունը։ Ներանձնական հարաբերությունների խոշորապլան կարևորումը թուլացնում է անվանի արտիստներ Օլեգ Յանկովսկու, Օքսաննա Ակինշինայի, Եգոր Պազենկոյի և Անդրեյ Կուզիչևի գլխավոր դերակատարումներով կենդանացող կենսապատրանքի համոզչականությունը։ Բանական մարդ արարածի ազատազրկման դեմ համարձակորեն պայքարող այլախոհ գրողներին «թռիչքի» (պարզունակ է, անշուշտ, դրա ուղղակի արտացոլումը) պատրաստելու Կատենկա-Ակինշինային վերագրված առաքելությունը՝ գայթակղել ու մարմնական սիրո պաթոսով լիարժեք օրգազմի հասցնել։ Հենց այսպես են դրախտային թռչունների վերածվում ամենատաղանդավորները՝ Կոլենկան, ապա՝ Սերգեյը։ Տարօրինա՞կ է թվում։ Ըստ ֆիլմի, կյանքի ձգողական դաշտից երևելիներին կտրելու, տիեզերական անսահմանության մեջ ազատ ճախրանքի հնարավորություն պարգևելու այլընտրանք չկա։ Կասկածելի բարոյական նկարագրերով ստվերվում է գլխավոր հերոսների մտավորական հզոր ներուժի կանխատեսումների բացառիկ նշանակությունը։ Ինչևէ։ Պոետիկ առանձին դրվագների, սիրո լուսափայլ առկայծումների գրավչությամբ, այդուհանդերձ, չի ձանձրացնում Բալայանի կինոժապավենի դիտումը, խորհրդային արգելված թեմաներին ժամկետանց սիրահարվածությունը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5877

Մեկնաբանություններ