«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ինչ են քեզ թողել նախնիներդ, ու հանուն ինչի պիտի պայքարես. Նաիրի Հոխիկյան

Ինչ են քեզ թողել նախնիներդ, ու հանուն ինչի պիտի պայքարես. Նաիրի Հոխիկյան
02.07.2022 | 10:38

Արցախի ամենաբարձր ու միաժամանակ ամենախորհրդավոր վայրերից մեկը Կաչաղակաբերդն է, որի գագաթին կանգնելու ձգտումը ինձ համար երազանքի նման մի բան էր դարձել։ Կանգնել հայրենիքի բարձունքներին ու հոգեպես վայելել այն, ինչ քոնն է, զգալ ու հասկանալ, թե ինչի համար ես պայքարում։


Կաչաղակաբերդը ծովի մակերևույթից մոտ 1915 մետր բարձրության վրա է։ Արցախի Քոլատակ գյուղի մոտ է։ Տեղացիներն այս բարձունքը նաև անվանում են «Սղսղան», քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ, չհասնելով պարսպին, սահել են լեռան գագաթից:
Մեր արշավախումբը ղեկավարում էր «Տրտու» ակումբի արդեն Մաղավուզցի Արտավազդ Բոյաջյանը, խումբն էլ հիմնականում արցախցիներից էր բաղկացած, որոնց հետ հետաքրքիր ճանապարհ անցանք՝ քայլելով ավելի քան 18կմ։ Արցախցի մեր ընկեր Սամվելի (Samvel Mirzakhanyan) բերած Հաթերքի մեղրն էլ Արցախին հատուկ լրացուցիչ էներգիա էր տալիս բարձունքը հաղթահարելու համար։


Կաչաղակաբերդն արաբական արշավանքների ժամանակ ժայռեղեն կղզուց կառուցապատվել և վերածվել է ամրոցի։ Մինչև 10-րդ դարը բերդը կոչվել է Խաչենի բերդ, ինչից էլ իր անվանումն է ստացել Խաչենի իշխանությունը: Պատմական որոշ աղբյուրներում այն դեռևս հիաշատակվում է Խաչենի ամրոց անունով։
Կուսական անտառներում արահետներով մի քանի ժամ քայլելուց ու Արցախի բնության հրաշքը վայելելուց հետո հայտնվում ենք այնպիսի բարձրության վրա, որտեղից կարծես ափի մեջ է հայտնվում ամբողջ տարածաշրջանը։ Այդ բարձրության վրա ավելի լավ ես գիտակցում, թե ինչ են քեզ թողել նախնիներդ, ու հանուն ինչի դու պիտի պայքարես ամեն գնով՝ չխնայելով ոչինչ, այդ թվում՝ թշնամուն։


Կաչաղակաբերդի գագաթը շրջապատված է 50-60 մ բարձրությամբ հարթ, ուղղաձիգ ժայռերով: Բերդի մուտքը հարավային կողմից է, սակայն դժվար է մտնել Կաչաղակաբերդ, քանի որ մուտքը փաստացի գրեթե չի պահպանվել: Առանց մագլցման հնարավոր չէ հասնել Կաչաղակաբերդ: Ճիշտ է, հնում բերդում եղել են բազմաթիվ գաղտնուղիներ, սրահներ, կացարաններ, բայց մեր ժամանակներում մենք պետք է միայն մագլցենք ժայռերի վրա։
Արդեն գագաթին այլ տեսարան է բացվում։ Վտանգավոր, բայց անկրկնելի վայր է Կաչաղակաբերդը, որին հասնելու համար կարելի է քայլել ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր կիլոմետրեր։ Այստեղից էլ մի քանի լեզվով ուղերձով դիմեցի հայերին և աշխարհին՝ այդ թվում նաև թշնամիներին։ Տեսանյութը հասանելի կլինի օրերս։


Հաճախ այցելեք Արցախ և անպայման բարձրացեք Կաչաղակաբերդ՝ վերարժևորելու մեր ունեցած ազգային հարստությունները։

Դիտվել է՝ 9295

Մեկնաբանություններ